«Եզեկիել 1–3, 33. «Ես քեզ դետ կարգեցի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Եզեկիել 1–3, 33. «Ես քեզ դետ կարգեցի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եզեկիել 1–3, 33–34, 36–37, 47․ Դաս 138
Եզեկիել 1–3, 33
«Ես քեզ դետ կարգեցի»
Ինչպե՞ս կարող ենք պաշտպանված լինել, երբ աշխարհում այդքան շատ հոգևոր վտանգներ կան: Տերը կանչում է մարգարեներին՝ ծառայելու որպես դետեր, որպեսզի նախազգուշացնեն և պաշտպանեն մեզ: Տերը կանչեց Եզեկիելին՝ ծառայելու որպես դետ իսրայելացիների համար, երբ նրանք բաբելոնյան գերության մեջ էին (տես Եզեկիել 3.16–17): Այս դասը կօգնի ուսանողներին Տիրոջ մարգարեների նախազգուշացումները լսելու ավելի մեծ ցանկություն զգալ:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ «Մարգարե» նյութը Սուրբ գրքերի ուղեցույցում կամ «Մարգարեներ» թեման Թեմաներ և հարցեր բաժնում Gospel Library հավելվածում։ Նրանք կարող են դիտարկել մարգարեների դերը և խորհել, թե ըստ իրենց, ինչպես են մարգարեները կատարում այդ դերը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Զգացմունքներ Տիրոջ մարգարեի նկատմամբ
Կարող եք սկսել դասը՝ առաջարկելով ուսանողներին խորհել այսօր Տիրոջ մարգարեի նկատմամբ ունեցած իրենց զգացմունքների մասին: Դա անելու եղանակներից մեկն է՝ ուսանողներին ցուցադրել Եկեղեցու նախագահի նկարը և առաջարկել նրանց երգել կամ լսել «Փառք քեզ Տե՛ր, մարգարեի համար» օրհներգը (Հիմներ, հ․ 19): Ապա կարող եք տրամադրել ստորև ներկայացված հրահանգները: Նշեք, որ ուսանողների զգացմունքները մարգարեի նկատմամբ կարող են տարբերվել միմյանցից, և դա լավ է: Խրախուսեք նրանց ազնվորեն պատասխանել:
Ձեր օրագրում ավարտեք հետևյալ արտահայտությունը մեկ կամ մի քանի պատասխանով.
Երբ տեսնում եմ մարգարեին, լսում եմ նրան կամ կարդում եմ նրա խոսքերը, ես զգում եմ …
Ուսանողներից մի քանիսին առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց գրածով: Կարող եք բացատրել, որ կիսվելիս և լսելիս Սուրբ Հոգին կարող է լուսավորել իրենց մտքերը և փափկացնել իրենց սրտերը, որպեսզի հետևեն Տիրոջ մարգարեին:
Տերը Եզեկիելին կանչում է որպես մարգարե
Եզեկիելը մյուս իսրայելացիների հետ գերևարվել և տարվել էր Բաբելոն։ Գերության ժամանակ նրան այցելեց Տերը և կանչեց՝ լինելու մարգարե (տես Եզեկիել 1–2): Երբ Եզեկիելը քարոզում էր ըմբոստ և կարծրասիրտ ժողովրդին, Տերը խոստացավ զորացնել նրան (տես Եզեկիել 3.7–9):
Եզեկիել 3․16–17հատվածները վարդապետության սերտման հատվածներ են։ Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել դրանք:
Կարդացեք Եզեկիել 3․10–11, 16–17 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է Տերը ուսուցանել Եզեկիելին՝ որպես մարգարե իր դերի մասին:
-
Ի՞նչ գտաք:
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ դետի պատկերը, ցուցադրեք այս դասում ներկայացված Կարկասոնի նկարը երեց Նիլ Լ. Անդերսենի այս ուղերձի հետ միասին:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենը բացատրել է.
Կարկասոնը պարսպապատ մի նշանավոր քաղաք է Ֆրանսիայում, որը կանգուն է մնացել միջնադարյան ժամանակներից: Բարձր աշտարակները վեր են խոյանում պաշտպանված պատերից, որոնք կառուցվել են պահակախմբի համար, որոնք գիշեր թե ցերեկ կանգնում էին այդ աշտարակներին՝ իրենց ուշադրությունը սևեռելով թշնամու վրա: Երբ դետը տեսնում էր, որ թշնամին մոտենում է, նրա նախազգուշացնող ձայնը պաշտպանում էր Կարկասոնի բնակիչներին մոտեցող վտանգից, որը նրանք չէին տեսնում։
Մարգարեն աշտարակի պահապանն է, որը մեզ պաշտպանում է հոգևոր վտանգներից, որոնք մենք, հնարավոր է, չտեսնենք։ («Աստծո մարգարեն», Լիահոնա, մայիս 2018, 25)
-
Ինչպե՞ս կարող եք ամփոփ ներկայացնել այն, ինչ Եզեկիել 3.16–17 հատվածները և երեց Անդերսենն են ուսուցանում մարգարեների մասին:
Ուսանողներին օգնեք նշել, որ Տերը կանչում է մարգարեներին, որոնք ծառայում են որպես դետ՝ նախազգուշացնելու մեզ հոգևոր վտանգների մասին։ Բացատրեք, որ Առաջին նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումն այսօր ծառայում են որպես Տիրոջ մարգարեներ: Եթե ուսանողները կատարել են ուսանողի նախապատրաստման վարժությունը, նրանք կարող են կիսվել իրենց սովորածով հաջորդ քննարկման ընթացքում:
-
Ինչո՞ւ է «դետեր» բառը լավ նկարագրում մարգարեների դերը:
Եզեկիել 33 գլխում Տերը կրկին ուսուցանել է Եզեկիելին իր պարտականությունը՝ ծառայել որպես դետ և կիսվել Աստծո ուղերձով Իսրայելի հետ (տես Եզեկիել 33.1–7):
Կարդացեք Եզեկիել 33․9–11 հատվածները՝ փնտրելով, թե ինչու է Տերը ցանկանում նախազգուշացնել Իր ժողովրդին:
-
Ի՞նչ կարող է հատված 11-ն ուսուցանել մեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը կիսվել է, թե ինչպես են մարգարեական նախազգուշացումները վկայում Աստծո սիրո մասին.
Մեր Երկնային Հայրը և մեր Փրկիչը ոչ միայն չեն ձգտում դատապարտել մեզ, այլև ցանկանում են մեզ երջանկացնել և աղերսում են մեզ ապաշխարել՝ լավ իմանալով, որ «ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել [և երբեք չի լինի]» [Ալմա 41.10]: Այսպիսով, Եզեկիելը և նրանից առաջ և հետո յուրաքանչյուր մարգարե, ասելով Աստծո խոսքն ամբողջ սրտով, զգուշացրել են բոլոր նրանց, ովքեր կամենում են հեռանալ սատանայից՝ իրենց հոգիների թշնամուց, և «ընտրել են ազատությունն ու հավերժական կյանքը՝ բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով» [2 Նեփի 2.27]: («Նախազգուշացնող ձայնը», Լիահոնա, մայիս 2017, 108)
-
Տիրոջ կողմից Իր մարգարեներին որպես դետ կանչելու մասին իմացությունն ինչպե՞ս կարող է ազդել նրանց հետևելու մեր ցանկության վրա:
Նախազգուշացումներ դետերի կողմից
Հետևյալ վարժության նպատակն է օգնել ուսանողներին տեսնել այն նախազգուշացումները, որոնք Տերը տվել է Իր մարգարեների միջոցով: Ուսանողներին առաջարկեք ընտրել ուսումնասիրության հետևյալ տարբերակներից մեկը.
-
Առաջին նախագահության կամ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամների վերջին ելույթները
-
Այս վարդապետության սերտման սուրբգրային հատվածները կամ այլ հատվածներ՝ ձեր ընտրությամբ. Եսայի 5.20, Ա Կորնթացիներին 6.19–20 (տես նաև հատված 18), 2 Նեփի 2.27, 2 Նեփի 32.8–9, Ալմա 41.10 և Վարդապետություն և Ուխտեր 64.9–11
Երբ ուսանողներն ընտրեն սովորելու տարբերակը, ցուցադրեք հետևյալ հրահանգները.
Ուսումնասիրեք Տիրոջ մարգարեների ուսմունքները և պատրաստվեք կիսվելու հետևյալով.
-
Նախազգուշացումներ, որոնք Տերը տվել է Իր մարգարեների միջոցով:
-
Օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ կամ դժվարություններ, որոնցից կարող ենք խուսափել՝ ուշադրություն դարձնելով այս նախազգուշացումներին: Դրանք կարող են լինել ձեր ուսումնասիրություններից կամ ձեր մտքերից ու փորձառություններից:
-
Այն, թե ինչպես եք դուք ընկալում այս նախազգուշացումը, վկայում է մեր հանդեպ Աստծո սիրո կամ Նրա ցանկության մասին, որ մենք երջանիկ լինենք:
Յուրաքանչյուր ուսանողի առաջարկեք ընտրել մեկ մարգարեական նախազգուշացում, որը նրանք գտել են իրենց ուսումնասիրության 1-ին քայլի ընթացքում և գրել այն գրատախտակին: Որպես մեկ այլ տարբերակ, ուսանողները կարող են նախազգուշացումը գրել թղթի վրա և փակցնել դասասենյակում: Ուսանողներին առաջարկեք կարդալ այլ ուսանողների գրած նախազգուշացումները: Ապա դասարանը կարող է ընտրել դրանցից մի քանիսը՝ ավելի մանրամասն քննարկելու համար: Խնդրեք այն ուսանողներին, որոնք գրել են ընտրված նախազգուշացումները, կիսվել իրենց ուսումնասիրության 2-րդ կամ 3-րդ քայլերի ընթացքում տված պատասխաններով:
Երբ ուսանողները լսում են և մասնակցում են քննարկմանը, առաջարկեք նրանց խորհել իրենց անձնական հանգամանքների և կարիքների մասին: Խրախուսեք նրանց մտածել, թե արդյոք Տերը հատուկ նախազգուշացումներ կամ ուղերձներ ունի իրենց համար:
Հետևել մարգարեին
Մտածեք այն մտքերի և զգացմունքների մասին, որոնք Սուրբ Հոգին կարող էր փոխանցել ձեզ` Տիրոջ և Նրա մարգարեների մասին դասն ուսումնասիրելու ընթացքում: Ձեր օրագրում ավելացրեք հետևյալ արտահայտություններից մեկը կամ երկուսը և ավարտեք դրանք ձեր մտքերով կամ զգացմունքներով.
Այն, ինչ ես ուզում եմ հիշել Տիրոջ և Նրա մարգարեների մասին, հետևյալն է․ …
Ես ցանկանում եմ հետևել մարգարեին, քանի որ …
Եզրափակեք՝ խնդրելով մի քանի ուսանողի կիսվել իրենց գրածով: Կարող եք նաև կիսվել այն զգացումներով, որոնք ունեցել եք Տիրոջ և Նրա մարգարեների մասին, երբ պատրաստում և ուսուցանում էիք դասը:
Մտապահել
Օգնեք ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Եզեկիել 3․16–17 հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունն է՝ «Մարգարեն «Իսրայելի տան դետն է»»։ Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: