«Եսայի 51–52. «Լսե՛ք ինձ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Եսայի 51–52. «Լսե՛ք ինձ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եսայի 50–57․ Դաս 123
Եսայի 51–52
«Լսե՛ք ինձ»
Եսայու միջոցով Տերը խոսել է Իր ուխի ժողովրդի հետ՝ ինչպես հին ժամանակներում, այնպես էլ այսօր: Նա գեղեցիկ բաներ էր խոստացել նրանց, եթե նրանք որոշեին լսել Իր սիրառատ հրավերները: Մեզ՝ որպես Իր ուխի ժողովրդի, Տերը տալիս է այդ նույն խոստումներն ու հրավերները: Այս դասը կօգնի ուսանողներին լսել Փրկչի հրավերները:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել այն դիպվածի շուրջ, երբ իրենք կամ իրենց ծանոթը հնազանդվել է Տիրոջ հրավերներին կամ պատվիրաններից մեկին և օրհնվել է: Այս դասը հնարավորություն կտա պատրաստակամ ուսանողներին կիսվել:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ո՞ւմ եք ցանկանում լսել
Կարող եք գրատախտակին գրել ստորև նշված մարդկանց անունները կամ նրանց անունները, ովքեր, ըստ ձեզ, ազդեցություն ունեն դեռահասների վրա:
Ծնող, ընկեր, ուսուցիչ, մարզիչ, սոցիալական ցանցերում ազդեցիկ մարդ, հայտնի մարդ
-
Ըստ ձեզ, դեռահասներն ո՞ւմ են ամենաշատը լսում և ո՞ւմ խորհուրդներին են հետևում: Ինչո՞ւ։
-
Ինչո՞ւ է կարևոր, թե ում ենք լսում և հետևում:
Երբ ուսանողները կարդան հետևյալ հատվածները, կարող եք նշել, որ սուրբ գրությունների հեղինակները հաճախ կրկնում էին հիմնական բառերն ու գաղափարները՝ կարևոր գաղափարներն ընդգծելու համար: Ձեր ուսանողները կարող են սովորել գտնել կրկնվող հիմնական բառերը և արտահայտությունները հետևյալ հատվածների օգնությամբ:
Կարդացեք Եսայի 51․1, 4, 7 հատվածները՝ փնտրելով, թե ում էր Տերը խորհուրդ տալիս, որ լսի և հետևի Իր ուխի ժողովուրդը: Կարող եք նշել այն, ինչ կգտնեք:
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով: Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան՝ հասկանալու լսել բառի իմաստը, կարող եք բացատրել, որ նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ լսել նշանակում է «լսել՝ ցանկանալով հնազանդվել» («Լսի՛ր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 89)։
-
Մարդն ինչո՞ւ կարող է ցանկանալ լսել և հետևել Փրկչի խորհրդին ավելի շատ, քան մեկ ուրիշին:
Խորհեք բոլոր դժվարությունների, անհանգստությունների կամ հարցերի շուրջ, որոնք կարող եք ունենալ ձեր կյանքում այս պահին: Մտածեք, թե Եսայի 51–52 գլուխներն ուսումնասիրելիս Փրկչի խորհրդին և հրավերներին ականջալուր լինելն ինչպես կարող է օգտակար լինել ձեզ համար։
«Լսե՛ք ինձ»
Կարդացեք Եսայի 51․1–2 հատվածները՝ փնտրելով պատկերներ և խորհրդանիշներ, որոնք Եսային օգտագործել է Տիրոջ հրավերը նկարագրելու համար:
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով և նրանով, թե, ըստ իրենց, ինչ են նշանակում այդ պատկերները:
Բացատրեք, որ «նայե՛ք այն վեմին, որից դուք կոփվել եք» և նայել Աբրահամին ու Սառային (Եսայի 51․1–2) արտահայտությունները վերաբերում են Տիրոջ հրավերին՝ հիշելու Աբրահամին և Սառային, որոնց հետ Աստված կապել էր Իր ուխտը (այն նաև կոչվում է Աբրահամի ուխտ): Սա ենթադրում է, որ մենք պետք է հիշենք Աստծո հետ կապած նույն ուխտը պահելու մասին:
Ուսանողներին առաջարկեք իրենց օրագրերում գրել հետևյալ անավարտ հայտարարությունը. Երբ մենք պահենք Տիրոջ հետ կապած մեր ուխտերը, Նա կկատարի ․․․
-
Ձեզ համար ի՞նչ է նշանակում պահել Տիրոջ հետ կապած մեր ուխտերը։
Կարդացեք Եսայի 51․3 հատվածը՝ փնտրելով այն օրհնությունները, որոնք Փրկիչը խոստանում է մեզ, եթե մենք լսենք Իրեն և պահենք մեր ուխտերը:
-
Ի՞նչ գտաք:
Ուսանողները կարող են լրացնել անավարտ արտահայտությունը հետևյալ կերպ․ … օրհնիր մեզ մխիթարությամբ, ուրախությամբ և ցնծությամբ։
-
Ըստ ձեզ, Տիրոջ հետ կապած մեր ուխտերը պահելն ինչպե՞ս է օգնում մեզ ստանալ Նրա մխիթարությունը, ուրախությունը կամ ցնծությունը:
Հրավերներ և օրհնություններ
Գրատախտակին ցուցադրեք հետևյալ աղյուսակը: Ուսանողները կարող են նաև արտագրել այն իրենց օրագրերում: Որպես մոդել, կարող եք ավելացնել այն, ինչ ուսանողները գտան Եսայի 51․1–3 հատվածներում։ Օրինակ՝ ձախ սյունակում կարող եք ավելացնել «պահենք Տիրոջ հետ կապած մեր ուխտերը», իսկ աջ սյունակում՝ «օրհնիր մեզ մխիթարությամբ, ուրախությամբ և ցնծությամբ»։
Եսային ներկայացրել է Տիրոջ բազմաթիվ հրավերներն ու խոստումները Եսայի 51–52 գլուխներում։ Ձեր օրագրում գրեք հրավերներն ու խոստումները, որոնք կգտնեք այս գլուխներն ուսումնասիրելիս։
|
Տիրոջ հրավերներն Իր ուխտյալ ժողովրդին |
Տիրոջ խոստումներն Իր ուխտի ժողովրդին |
|---|---|
Տիրոջ հրավերներն Իր ուխտյալ ժողովրդին | Տիրոջ խոստումներն Իր ուխտի ժողովրդին |
«Տիրոջ հրավերներն ու խոստումներն Իր ուխտի ժողովրդին» վերնագրով աշխատաթերթը կարող է օգնել ուսանողներին ճանաչել և հասկանալ մեզ ուղղված Տիրոջ հրավերներն ու օրհնությունները:
Եղանակներից մեկը, որով կարող եք օգնել ուսանողներին ուսումնասիրել աշխատաթերթը, նրանց փոքր խմբերի բաժանելն է: Յուրաքանչյուր խումբ կարող է ուսումնասիրելու համար ընտրել աշխատաթերթի մի հատված և պատրաստվել կիսվելու իրենց սովորածով: Բավարար ժամանակից հետո ուսանողներին բաժանեք նոր խմբերի այնպես, որ խմբի յուրաքանչյուր ուսանող ուսումնասիրած լինի տարբեր հատվածներ: Ապա յուրաքանչյուր ուսանող կարող է իր սովորածով կիսվել իր նոր խմբի հետ:
Երբ խմբերը քննարկում են իրենց գտածը, առաջարկեք նրանց ավելացնել դրանք գրատախտակի աղյուսակին: Կարող եք քննարկել որոշակի հրավերներ կամ օրհնություններ, որոնք իմաստալից էին ուսանողների համար: Հետևյալ հարցերը կարող են օգնել․
-
Ի՞նչ են ձեզ ուսուցանում այդ հրավերներն այն մասին, թե ինչ է նշանակում պահել ձեր ուխտերը:
-
Տիրոջ օրհնություններից ո՞րն եք իսկապես ցանկանում: Ինչո՞ւ։
-
Ըստ ձեզ, Տիրոջ հրավերներից ո՞րը կօգնի ձեզ ստանալ այն օրհնությունը, որը փնտրում եք:
Երբ ուսանողները պատասխանում են, ուշադիր լսեք և եղանակներ գտեք՝ քննարկմանն ավելի շատ ուսանող ներգրավելու համար: Երբ ուսուցիչներն ուսանողների յուրաքանչյուր մեկնաբանությանը և հարցին պատասխանելու փոխարեն առաջարկում են դասարանին պատասխանել, օգնում են ստեղծել մի մոդել, որտեղ ուսանողներն են պատասխանում միմյանց: Դա կօգնի ձեզ ձեր ուշադրությունը կենտրոնացնել ուսանողների վրա և ավելացնել նրանց մասնակցությունը:
Դա անելու եղանակներից մեկը՝ հետևյալ հարցերը տալն է․
-
Ձեր կիսված նյութին վերաբերող ի՞նչ փորձառություն ունեք:
-
Ի՞նչը տպավորեց ձեզ այդ մեկնաբանության մեջ։
(Յուրաքանչյուր մեկնաբանությանն ու հարցին պատասխանելու միտումին տուրք չտալու լրացուցիչ ուսուցման համար տես «Տուրք մի տվեք յուրաքանչյուր մեկնաբանությանը և հարցին պատասխանելու միտումին․ առաջարկեք դասարանին պատասխանել» վերնագրով դասընթացը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում)։
Լսեք Տիրոջը
Ուսանողներին առաջարկեք մտածել այն մասին, թե դասի ընթացքում ինչ սովորեցին իրենց Երկնային Հորից Սուրբ Հոգու միջոցով: Դա անելու եղանակներից մեկը ներկայացված է ստորև:
Խորհեք այսօրվա ձեր սովորածի և այն հրավերների կամ խորհուրդների շուրջ, որոնք, ըստ ձեզ, տվել են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը՝ Սուրբ Հոգու միջոցով: Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին.
-
Ըստ ձեզ, ի՞նչ է Տերը հրավիրում ձեզ անել, որպեսզի ստանաք Իր օգնությունը՝ ձեր դժվարությունները, մտահոգությունները հաղթահարելու կամ հարցերը լուծելու համար: