«Առակների ներածություն. «Տերն է տալիս իմաստությունը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Առակների ներածություն․ «Տերն է տալիս իմաստությունը»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Առակներ 1–4, 15–16, 22, 31, Ժողովող 1–3, 11–12․ Դաս 109
Առակների ներածություն
«Տերն է տալիս իմաստությունը»
Ինչպե՞ս են վստահելի և սիրելի մարդկանց իմաստուն խորհուրդներն օրհնել ձեր կյանքը: Առակների գրքի ուսումնասիրությունը նման է հոգատար ընկերոջից, ընտանիքի անդամից և Տիրոջից իմաստություն փնտրելուն: Մեր կյանքում Նրա իմաստությունը կիրառելը կարող է մեզ պահել ուխտի նեղ ու անձուկ արահետում: Այս դասը կօգնի ուսանողներին բացահայտել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց գնալ Տիրոջ արահետով:
Ուսանողի նախապատրաստում․ Առաջարկեք ուսանողներին ընտրել մի արժեքավոր խորհուրդ կամ օգտակար խրատ, որ իրենք ստացել են ծնողներից, ղեկավարներից և վստահելի ընկերներից: Առաջարկեք ուսանողներին պատրաստվել կիսվելու այդ խորհրդով և ասելու, թե ինչպես է այն օրհնել իրենց կյանքը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վստահելի խորհուրդ
Կարող եք սկսել դասը` ուսանողներին փոքրիկ թղթեր տրամադրելով: Խնդրեք նրանց գրել իրենց տրված արժեքավոր խորհուրդը կամ խրատը: Թղթերը հավաքելուց հետո կարող եք կարդալ պատասխաններից մի քանիսը: Պատասխանը գրած ուսանողին առաջարկեք կիսվել, թե ինչպես է այդ խորհուրդն օգնել իրեն: Մնացած թղթերը ուսանողները կարող են փոխանցել ամբողջ դասարանով՝ կարդալով մյուս դասընկերների խորհուրդները: Ապա ուսանողներին առաջարկեք քննարկել հետևյալ հարցերը:
-
Ի՞նչն է ձեզ համար նշանակալից դարձնում որևէ մեկի խորհուրդը:
-
Ինչպե՞ս եք որոշում, թե ում խորհուրդներին կարող եք վստահել:
Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, կարող եք առաջարկել նրանց աղոթքով խորհել հաջորդ հարցերի շուրջ:
-
Որքա՞ն հաճախ եք հետևում ուրիշների իմաստուն խորհրդին:
-
Որքա՞ն հաճախ եք Տիրոջից խորհուրդ խնդրում և հետևում դրանց:
Առակների իմաստությունը
Առակների գիրքը բազմաթիվ բանաստեղծական իմաստությունների մի ժողովածու է, որը գրվել է իսրայելացիների համար: Առակներում որոշ հատվածներ վերագրվում են Սողոմոն թագավորին (տես Առակներ 1․1, 10․1, 25․1, տես նաև Գ Թագավորների 4․32), մինչդեռ մյուս հեղինակները անհայտ են: Առակներն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Սուրբ Հոգին վկայում ճշմարտության մասին, երբ դուք բացահայտում եք այն ուղղորդումը, որ Տերը կցանկանար, որ դուք կիրառեք ձեր կյանքում:
Կարող եք ուսանողներին հիշեցնել, որ Առակները (օրինակ՝ Հոբը և Ժողովողը) օգտագործում են եբրայական բանաստեղծության տարրեր, որոնք կարող են դժվար ընկալելի լինել ընթերցողների համար: Անհրաժեշտության դեպքում կիսվեք, որ թեև շատ Առակներ խորապես հոգևոր են, որոշ առակներ պարզապես աշխարհիկ խորհուրդներ են:
Կարդացեք Առակներ 1․1–7-ը՝ փնտրելով առակների նպատակները։
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով: Եթե օգտակար լինի, կարող եք հարցնել, թե ինչու է կարևոր իմաստություն սովորել այսօր:
Կարող եք բացատրել, որ «Տիրոջ վախը» (հատված 7) նշանակում է Նրա հանդեպ ակնածանք և հարգանք զգալ և դրսևորել: Ուսանողները կարող են գրել այս բացատրությունը իրենց սուրբ գրություններում։
-
Ձեր կարծիքով, Տիրոջը պատվելը կամ ակնածանքով վերաբերվելը ինչո՞ւ կարող է լինել «գիտության սկիզբը» (հատված 7)։
Կարդացեք Առակներ 2․6–9 հատվածները՝ փնտրելով ճշմարիտ իմաստության աղբյուրը: (Նշում․ բակլերը շարժական վահան է)։ Խաչաձև հղում կատարեք կամ կապեք այս հատվածները Մոսիա 4.9 հատվածի հետ։
-
Ճշմարտության մեկ արտահայտությամբ ինչպե՞ս կամփոփեք ձեր սովորածը:
Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը․ Տերը տալիս է մեզ իմաստություն, որպեսզի օգնի մեզ գնալ Իր արահետով։ Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այս ճշմարտությունը իրենց նշումներում, սուրբ գրություններում կամ ուսումնական օրագրերում, իսկ դուք գրեք այն գրատախտակին: Ուսանողները կարող են կիսվել այն դեպքերով, երբ Տիրոջ իմաստությունն օգնել է իրենց: Նրանք կարող են քննարկել, թե ինչպես կարող է Նրա իմաստությունը տարբերվել աշխարհի իմաստությունից: Օրինակ՝ ուսանողները կարող են նշել, թե ինչպես է տասանորդ վճարելը բերում Տիրոջ օրհնությունները (Մաղաքիա 3․10) կամ Փրկչի՝ առողջության օրենքին հետևելը մեզ ֆիզիկական և հոգևոր օրհնություններ բերում (Վարդապետություն և Ուխտեր 89.18–21):
-
Տիրոջ իմաստուն խորհրդին հետևելն ինչպե՞ս է օգնել ձեզ մնալ Նրա արահետում:
-
Որո՞նք են այն օրինակները, երբ Փրկիչն իմաստություն փնտրեց Իր Հորից, այլ ոչ ուրիշ աղբյուրներից:
Եթե ուսանողները լրացուցիչ օգնության կարիք ունենան՝ հիշելու այն դեպքերը, երբ Փրկիչը հետևեց Իր Հոր իմաստությանը, կարող եք կիսվել հետևյալ օրինակներով․ Մատթեոս 14․23, 26․36–39։ Ուսանողները կարող են ուսանելի փորձառություն ունենալ, երբ մտածեն, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը օրինակ ծառայում իրենց բացահայտած ճշմարտությունների համար: (Լրացուցիչ ուսուցման համար, թե ինչպես օգնել ուսանողներին տեսնել, որ Փրկիչն այս սկզբունքի օրինակ է, տես «Կարևորեք Հիսուս Քրիստոսի օրինակը» բաժինը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում):
Տիրոջ իմաստությունը կարող է օգնել մեզ հետևել Նրա օրինակին
Օգնեք ուսանողներին բացահայտել ճշմարտությունները, որոնք հրավիրում են իրենց հետևել Փրկչին և ավելի նմանվել Նրան: Դա անելու համար կարող եք տրամադրել Առակներ գրքի հետևյալ հղումներից մի քանիսը կամ բոլորը: Կարող եք գրել ձեր ընտրած հղումները թերթիկների վրա: Յուրաքանչյուր ուսանողի տվեք մի թերթիկ։ Առաջարկեք նրանց կարդալ հղումը և կատարել ստորև նշված երկու քայլերը: Այնուհետև ուսանողները կարող են իրենց թղթերը փոխանցել մեկ այլ ուսանողի և կրկնել երկու քայլերը: Կրկնեք թղթերի փոխանակումը, մինչև ուսանողները ուսումնասիրեն մի քանի հատված:
Նշում․ Դաս 110․ «Առակներ 3»-ը կենտրոնանում է այդ բաժնում տեղ գտած ճշմարտությունների վրա:
Ուսումնասիրեք Առակներ գրքի հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը և կատարեք հետևյալը.
-
Ճշմարտության արտահայտության տեսքով գրեք այն, ինչ սովորեցիք։
-
Գրեք հակիրճ նկարագրություն, թե ինչպես կարող է այս իմաստությունն օգնել մարդուն հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին կամ ավելի նմանվել Նրան:
Առակներ 1․8
Առակներ 4.14–15
Առակներ 4.26
Առակներ 6․23
Առակներ 11․17
Առակներ 15․1
Առակներ 16․16
Առակներ 16.18–19
Առակներ 17․22
Առակներ 23․17
Առակներ 28․13
Առակներ 29․18
Առակներ 30․5
Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին կիրառել այն, ինչ իրենք սովորեցին Առակների ուսումնասիրության ընթացքում։ Ուսանողները կարող են կատարել այս վարժությունը անհատապես, կամ կարող եք նրանց բաժանել խմբերի: Պաստառ պատրաստելու համար կարող եք թուղթ և նկարչական պարագաներ տրամադրել, կամ ուսանողները կարող են որևէ բան ստեղծել իրենց հեռախոսների միջոցով: Ուսանողներին օգնելու համար ցուցադրեք ստորև ներկայացված հրահանգները։
Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են ստեղծել մի պատկեր, որը ներկայացնում է Առակների հատվածներից մեկը՝ օգնելու դեռահասներին ավելի նմանվել Փրկչին: Ընտրեք մի առակ և ստեղծեք Երիտասարդներին զորացնելու համար ամսագրում տեղադրված պաստառի նման մի պաստառ: Ձեր ստեղծած պատկերը կարող է պարունակել հետևյալը․
-
Որևէ պարզ ստեղծագործական նկար, որը կարող է գրավել դեռահասի ուշադրությունը
-
Առակների հղումը և ճշմարտությունը, որը այն ուսուցանում է
-
Բացատրություն, թե Առակների այդ հատվածը ինչպես կարող է օգնել դեռահասին հետևել Փրկչի օրինակին կամ ավելի նմանվել Նրան
Կիսվեք Առակների իմաստությամբ
Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց ստեղծած պատկերով կամ ցուցադրել այն։ Եթե ուսանողներն այս վարժությունը կատարել են խմբերով, նրանք կարող են ընտրել մի ուսանողի, որը կներկայացնի իրենց ստեղծած պատկերը դասարանին: Կարող եք պաստառները ցուցադրել սենյակում, և ուսանողները կարող են դիտել իրենց դասընկերների աշխատանքը: Դասը ավարտելու համար կարող եք առաջարկել ուսանողներին քննարկել հետևյալ հարցերը կամ պատասխանել դրանց իրենց ուսումնական օրագրերում:
Դադար առեք և մտածեք այն տպավորությունների մասին, որոնք դուք, հնարավոր է, ունեցել եք այսօրվա դասի ընթացքում: Այնուհետև ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.
-
Այսօր ձեր ուսումնասիրած ճշմարտությունները ինչպե՞ս են ազդել Տիրոջը հետևելու ձեր ցանկության վրա:
-
Ի՞նչ եք ոգեշնչվել անել՝ Փրկչին ավելի նմանվելու համար: