Սեմինարիա
Սաղմոս 119․ «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար»


«Սաղմոս 119․ «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Սաղմոս 119․ «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Սաղմոսներ 102–3, 110, 116–19, 127–28, 135–39, 146–50․ Դաս 107

Սաղմոս 119

«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս՝ իմ ճանապարհի համար»

Oil Lamp lit

Զգո՞ւմ եք արդյոք, որ սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը հանգեցնում է Տիրոջ առաջնորդությանը: Սաղմոս 119-ը երախտագիտություն է հայտնում Աստծո խոսքի համար և վկայում նրա զորության մասին: Այս դասը կօգնի ուսանողներին ծրագիր կազմել՝ Աստծո խոսքը ուսումնասիրելու համար:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին անհատապես ուսումնասիրել սուրբ գրությունները մինչև հաջորդ դասը: Խնդրեք նրանց խորհել, թե արդյոք իրենք զգում են Տիրոջ ուղղորդումը սուրբ գրությունների իրենց ուսումնասիրության ժամանակ: Եթե այո, կարո՞ղ են բերել օրինակներ։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Առաջնորդությունը և սուրբ գրությունները

Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ուսումնասիրել սուրբ գրությունները, առաջարկեք նրանց խորհել, թե ինչու տարբեր մարդիկ տարբեր վերաբերմունք ունեն սուրբ գրությունների նկատմամբ: Խնդրեք ուսանողներին մտածել, թե տարբեր մարդիկ ինչպես կարող են ավարտել հետևյալ արտահայտությունը: Կարող եք նաև օգտագործել այս վարժությունը որպես ուսանողի նախապատրաստում: Կարող եք կիսվել այս արտահայտությամբ նախքան դասը և առաջարկել ուսանողներին իրենց հետ դասարան բերել մի առարկա, որը կօգնի ավարտել արտահայտությունը:

Սուրբ գրությունները նման են , որովհետև ։

Եթե ​​ուսանողներին օրինակ անհրաժեշտ լինի, կարող եք ասել. «Սուրբ գրությունները նման են քարտեզի կամ Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS), քանի որ դրանք ուղղորդում և առաջնորդում են ինձ»:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց մտքերով: Կարող եք հարցնել, թե ինչու որոշ մարդիկ սիրում են ուսումնասիրել սուրբ գրությունները, իսկ մյուսները՝ ոչ:

Առաջարկեք ուսանողներին խորհել, թե իրենք ինչպես կարող են ավարտել արտահայտությունը, որպեսզի արտահայտեն իրենց վերաբերմունքը սուրբ գրությունների նկատմամբ:

Դասի վերջում դուք կգնահատեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր նպատակը կամ կստեղծեք նոր նպատակ: Լուռ աղոթքով խնդրեք Երկնային Հորը, որ առաջնորդի ձեզ այսօր՝ Սաղմոս 119-ը ուսումնասիրելիս։ Ոգեշնչում խնդրեք՝ նպատակ դնելու համար, որը լավագույնս կօգնի ձեզ:

Աստծո խոսքը նման է …

Սաղմոս 119-ը գրողը խորհրդանիշներ է օգտագործել՝ Աստծո խոսքը նկարագրելու համար։ Այս խորհրդանիշներն ընդգծում են սաղմոսերգուի սերը Աստծո խոսքի և օրհնությունների հանդեպ, որոնք գալիս են ջանասիրաբար Նրա խոսքերը ուսումնասիրելու և հնազանդվելու միջոցով:

Օրինակ` կարդացեք Սաղմոս 119.105–106 հատվածները՝ տեսնելով, թե սաղմոսերգուն ինչը համեմատեց Աստծո խոսքի հետ:

Կարող եք սենյակի լույսերը թուլացնել կամ անջատել և ճրագ կամ լապտեր միացնել։ Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց գտածով։

  • Աստծո խոսքն ինչո՞վ է նման ճրագի լույսի:

    Եթե ​​ուսանողները կիսվեն հետևյալ սկզբունքի նման մի մտքով, գրեք այն գրատախտակին. Երբ մենք ուսումնասիրում ենք Աստծո խոսքը, Նա օրհնում է մեզ առաջնորդությամբ:

    Եթե ​​ուսանողներին ավելի շատ օգնություն անհրաժեշտ լինի՝ բացահայտելու այս սկզբունքը, կարող եք հարցնել. «Ինչո՞վ է տարբերվում լույսի ներքո քայլելը մթության մեջ քայլելուց» կամ «Ինչպե՞ս կարող են սուրբ գրություններն օգնել մեզ քայլել լույսի ներքո»: Կամ կարող եք գրել սկզբունքը և հարցնել. «Ինչպե՞ս են այս հատվածները ցույց տալիս գրատախտակին գրված սկզբունքը»:

    Կրկին միացրեք սենյակի լույսերը: Կարող եք առաջարկել ուսանողներին խաչաձև հղում կատարել կամ կապել Սաղմոս 119․105 հատվածը 2 Նեփի 32.3 հատվածի հետ։ Առաջարկեք ուսանողներին նշել, թե ինչո՞ւ են այս հատվածները նման: Կամ դիտեք «Ինչպես եմ ես հետևում #ԼսիրՆրան կոչին. երեց Դեյվիդ Ա. Բեդնար» (1:15), Gospel Library։

    1:16

    Կարդացեք կամ ցուցադրեք հետևյալ հարցերը և առաջարկեք մի քանի ուսանողների առանձին ընտրել մի հարց և պատասխանել դրան.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Աստված ցանկանում առաջնորդել մեզ:

  • Իմացությունը, որ Աստված կարող է առաջնորդել մեզ սուրբ գրությունների միջոցով, ինչպե՞ս կարող է մոտիվացնել մարդուն ուսումնասիրել սուրբ գրությունները:

  • Ե՞րբ է Աստծո խոսքը ճրագ կամ լույս եղել ձեզ համար կամ ձեզ ծանոթ մարդու համար։

Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, կարող եք հարցնել, թե ինչպես են այս գաղափարներն ու փորձառությունները ազդել Աստծո հետ իրենց հարաբերությունների վրա:

Այլ խորհրդանիշներ

Սաղմոսերգուն այլ համեմատություններ է արել։ (Նշում․ սաղմոսերգուն Աստծո խոսքը նշել է տարբեր եզրույթների միջոցով, օրինակ՝ վկայություններ, կանոններ, օրենք, հրահանգներ, պատվիրաններ և եղանակներ)։

Որպեսզի օգնեք ուսանողներին ուսումնասիրել Սաղմոս 119-ը, գրատախտակին գրեք հետևյալ հղումները․

Սաղմոս 119․14–16, 72, 127

Սաղմոս 119․22–24

Սաղմոս 119․33–35

Սաղմոս 119․50–52, 54

Սաղմոս 119․102–104

Դասարանը բաժանեք հինգ խմբի և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք գրատախտակին գրված հղումներից մեկը։ Ցուցադրեք հետևյալ առարկաները կամ դրանց նկարները․ օրհներգերի ժողովածու, մետաղադրամներ (կամ հարստություն խորհրդանշող որևէ բան), մեղր (կամ որևէ քաղցր բան), արահետի նկար և խորհրդականի նկար (օրինակ՝ Եկեղեցու Առաջին Նախագահության խորհրդականի կամ դպրոցի խորհրդականի):

Ցուցադրեք ստորև ներկայացվող հրահանգները.

  1. Կարդացեք ձեզ հանձնարարված սուրբգրային հատվածը՝ փնտրելով, թե սաղմոսերգուն ինչը համեմատեց Աստծո խոսքի հետ:

  2. Վերցրեք այն առարկան կամ նկարը, որը համապատասխանում է ձեզ հանձնարարված սուրբգրային հատվածին:

  3. Քննարկեք, թե ինչպես կարող է առարկան կամ նկարը օգնել որևէ մեկին հասկանալ Աստծո խոսքի կարևորությունը:

  4. Կիսվեք օրինակներով կամ փորձառություններով ձեր կյանքից, ուրիշների կյանքից կամ սուրբ գրություններից, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է առարկան կամ նկարը նման Աստծո խոսքին:

Առաջարկեք ուսանողներին ավարտել հետևյալ սկզբունքը՝ իրենց ուսումնասիրածի հիման վրա. Երբ մենք ուսումնասիրում ենք Աստծո խոսքը, Նա օրհնում է մեզ հետևյալով․ …

Հնարավոր պատասխաններից են ուրախությունը (տես հատվածներ 14, 16, 35, 103), մխիթարությունը (տես հատվածներ 50, 52), խորհուրդը (տես հատված 24) և հասկացողությունը (տես հատված 104):

  • Ինչպե՞ս կարող է ձեր գտած սկզբունքն օգնել որևէ մեկին Աստծո խոսքն ուսումնասիրելու ցանկության զգալ։

  • Ինչպե՞ս է Աստված օրհնել ձեզ կամ ձեզ ծանոթ մարդկանց ուրախությամբ, մխիթարությամբ, խորհրդով կամ հասկացողությամբ, երբ դուք կամ ձեր ծանոթներն ուսումնասիրել եք Նրա խոսքը:

Երբ ուսանողները կիսվեն նախորդ հարցի իրենց պատասխաններով, կարող եք հարցնել, թե ինչպես են այս փորձառությունները ազդել Աստծո հետ իրենց հարաբերությունների վրա:

Ձեր նպատակը

Հրավիրեք Հոգուն՝ սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության մասին խորհելիս: Եթե ​​դուք արդեն ունեք սուրբ գրությունների ուսումնասիրության սահմանված նպատակ, գրեք ձեր ուսումնասիրության օրագրում, թե ինչն է հաջողվել անել և ինչը կուզենայիք շարունակել կատարել: Կարող եք գրել, թե ինչու եք ընտրել այդ նպատակը և ինչպես է այն օգնում ձեզ ավելի մոտ զգալ Տիրոջը: Աղոթքով հարցրեք Երկնային Հորը, արդյոք Նա կցանկանար, որ դուք որևէ ճշգրտում կատարեիք ձեր նպատակում:

Եթե ​​չունեք սուրբ գրությունների ուսումնասիրության սահմանված նպատակ, խնդրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, երբ սահմանեք այդպիսի նպատակ: Այն կարող է ներառել հետևյալը․

  • Ժամանակը, որի ընթացքում պետք է ուսումնասիրեք

  • Որքան հաճախ եք ուսումնասիրելու (եթե հնարավոր է, աշխատեք ուսումնասիրել ամեն օր)

  • Ի՞նչ պետք է անեք՝ ձեր ուսումնասիրության ընթացքում Տիրոջ օգնությունը հայցելու համար (օրինակ՝ աղոթեք նախքան ուսումնասիրությունը կամ հայտնություն խնդրեք ձեր ուսումնասիրածի մասին)

  • Ինչպես կարող եք հիշել ձեր սովորածը, խորհրդածել սովորածի շուրջ կամ կիրառել այն (օրինակ՝ օրագիր վարել այն մասին, թե ինչ եք սովորում սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում, գրանցել, թե ինչն եք փորձում կիրառել կամ շաբաթը մեկ քննարկել որևէ մեկի հետ ձեր սովորածը)

Առաջարկեք պատրաստակամ ուսանողներին կիսվել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց նպատակով, ինչպես նաև այն մտահոգություններով, որ իրենք գուցե ունեն։ Եթե ​​ուսանողները կիսվեն իրենց մտահոգություններով, առաջարկեք դասարանին կիսվել այն սուրբ գրություններով, Եկեղեցու ղեկավարների այնպիսի խոսքերով կամ իրենց անձնական փորձառություններով, որոնք կարող են օգնել:

Ասեք ուսանողներին, որ «Գնահատեք ձեր գիտելիքները 7»-ում իրենք հնարավորություն կունենան գրել իրենց նպատակների մասին: Նրանք կկիսվեն, թե ինչպես է ընթանում իրենց սուրբ գրությունների ուսումնասիրությունը և ինչ օրհնություններ են զգում, որ Տերը տալիս է իրենց ուսումնասիրության շնորհիվ:

Եթե ​​դասաժամից դեռ ժամանակ մնա, առաջարկեք ուսանողներին լուռ ուսումնասիրել սուրբ գրությունները: Առաջարկեք նրանց փնտրել ճշմարտություններ, որոնք Աստված տալիս է մեզ, և որոնք կարող են առաջնորդել իրենց այսօրվա կյանքում: Խնդրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց գրածով:

Կիսվեք ձեր վկայությամբ այն սկզբունքների վերաբերյալ, որոնք ուսուցանվում են այս դասում: