Սեմինարիա
Հոբ 1–3, 12–13. «Ես իրեն եմ հուսալու»


«Հոբ 1–3, 12–13. «Ես իրեն եմ հուսալու»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Հոբ 1–3, 12–13. «Ես իրեն եմ հուսալու»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42․ Դաս 97

Հոբ 1–3, 12–13

«Ես իրեն եմ հուսալու»

The Old Testament prophet Job depicted kneeling on the ground looking up to the light of the Lord. His friends are in the background of the painting. Job has one hand stretched toward the light. (Job 42:1-8)

Դժվար ժամանակներում երբևէ դժվարացե՞լ եք Աստծուն հավատարիմ մնալ: Հոբը հավատարիմ մարդ էր, ով վայելում էր օրհնված կյանք։ Անսպասելիորեն Հոբը կորցրեց իր ունեցվածքը, երեխաներին և առողջությունը։ Սակայն, Հոբը չկորցրեց իր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Այս դասը կօգնի ուսանողներին զգալ փորձությունների ժամանակ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին վստահելու ավելի մեծ ցանկություն:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչպես են իրենք արձագանքել իրենց փորձություններին: Առաջարկեք նրանց դասի գալ պատրաստ՝ քննարկելու իրենց փորձառությունները:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այսօրվա դասը սկսելուց առաջ ուսանողներին օգտակար կլինի ասել, որ հաջորդ մի քանի գրքերը (Հոբ-Երգ Երգոց) հայտնի են որպես բանաստեղծական գրքեր կամ Հին Կտակարանի փիլիսոփայա-բանաստեղծական գրքեր։ Այս գրքերը գրված են բանաստեղծական ձևով և նախատեսված չեն պատմությունը փոխանցելու համար: Ինչպես մյուս սուրբ գրությունները, այս գրքերը կարող են ուղղել մեզ դեպի Հիսուս Քրիստոս և օգնել հետևել Նրան: (Նշում. Ջոզեֆ Սմիթը Երգ Երգոցի վերաբերյալ գրել է, որ այն «ոգեշնչված գրություն չէ» [Joseph Smith Translation, note on Song of Solomon]։)

Ինչպես ենք մենք արձագանքում փորձություններին

Կարող եք սկսել դասը՝ գրատախտակին գրելով «Անձ Ա» և «Անձ Բ»: Առաջարկեք ուսանողներին յուրաքանչյուր անձի համար ստեղծել սցենար, որոնցից մեկը նկարագրում է երկարաժամկետ փորձություն, իսկ մյուսը՝ կարճաժամկետ փորձություն: Հետևյալ հուշումները կարող են օգտակար լինել.

  1. Անձ Ա-ն մանկությունից ի վեր ստիպված է եղել գործ ունենալ …

  2. Ներկայումս Անձ Բ-ի իրավիճակը գնալով վատանում է։ Ամեն ինչ սկսվեց …

Երբ ուսանողները ստեղծեն երկու սցենար, առաջարկեք նրանց քննարկել «Անձ Ա»-ի և «Անձ Բ»-ի վերաբերյալ հետևյալ հարցերը: Նրանք կարող են դա անել զույգերով կամ փոքր խմբերով:

  • Ի՞նչ կաներ այս անձը, եթե այս փորձությանը վատ արձագանքեր:

  • Ի՞նչ կաներ այս անձը, եթե այս փորձությանը լավ արձագանքեր:

  • Ի՞նչ կաներ այս անձը, եթե Երկնային Հոր հանդեպ վստահությամբ արձագանքեր այս փորձությանը:

Ուսանողներին բավարար ժամանակ տվեք քննարկելու համար և օգնեք մտածել, թե ինչպես են իրենք արձագանքում իրենց փորձություններին: Դա անելու եղանակներից մեկը ներկայացված է ստորև:

1-5 բալանոց սանդղակով (1-ը՝ բոլորովին ճիշտ չէ, իսկ 5-ը՝ շատ ճիշտ է) մտածեք, թե որքանով են ճիշտ ձեր մասին հետևյալ արտահայտությունները.

  • Ես լավ եմ արձագանքում փորձություններին։

  • Փորձությունների ժամանակ ես ուժ եմ գտնում Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից:

Բաց եղեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի վերաբերյալ այնպիսի ճշմարտություններ զգալու կամ սովորելու համար, որոնք կօգնեն ձեզ դիմակայել ձեր փորձություններին՝ Նրանց հանդեպ մեծ վստահությամբ:

Հոբի կյանքը

Կարդացեք Հոբ 1.1–3 հատվածները` ուշադրություն դարձնելով, թե ինչ եք սովորում Հոբի մասին։ (Նշում. կատարյալ բառը թարգմանվում է որպես «ամբողջական, լրիվ, շիտակություն ունեցող»:)

  • Ի՞նչ գտաք:

Ուսանողների պատասխանները կարող եք գրել գրատախտակին: Նախքան Հոբի պատմությունը շարունակելը, կարող եք կարդալ կամ ամփոփ ներկայացնել հետևյալը։

Կարևոր է հասկանալ, որ Հոբը իրական մարդ էր (տես Վարդապետություն և Ուխտեր 121.10), բայց Հոբի կյանքի մասին պատմվում է՝ օգտագործելով բանաստեղծական տարրեր: Օրինակ` երբ սկսվում է Հոբի մասին պատմությունը, Տերն ու սատանան նկարագրվում են որպես երկու խոսակցություն վարող: Դրանք իրական փոխգործակցություններ չեն Տիրոջ և սատանայի միջև, այլ ցույց են տալիս սատանայի դերը՝ որպես մեր հակառակորդ կամ թշնամի: Դա բանաստեղծական միջոց է՝ ընթերցողին նախապատրաստելու այն ամենին, ինչ լինելու է Հոբի հետագա կյանքում՝ նրա տառապանքներին, գայթակղություններին և աշխարհիկ բարիքների կորստին:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ առաջին խոսակցությունը, երեք պատրաստակամ ուսանողի խնդրեք կարդալ այն: Առաջին ուսանողը կարող է կարդալ պատմողի խոսքերը, երկրորդը՝ Տիրոջ խոսքերը և երրորդը՝ սատանայի խոսքերը։ Խնդրեք ուսանողներին կարդալ այդ խոսքերը՝ առանց դրանց որևէ դրամատիկ երանգ տալու: Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը, որպեսզի ուսանողները լսելիս մտածեն դրանց շուրջ:

Կարդացեք Հոբ 1․6–12 հատվածները՝ փնտրելով պատասխաններ հետևյալ հարցերին․

  • Ի՞նչ էր պնդում սատանան Հոբի արդարակեցության մասին։

  • Ի՞նչ էր սատանան ուզում, որ տեղի ունենա Հոբի հետ։

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու իրենց պատասխաններով: Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ, որ սատանան պնդում էր, որ Հոբը արդար էր միայն այն պատճառով, որ Տերն օրհնել էր նրան: Սատանան ուզում էր, որ Հոբի օրհնությունները վերանան, որպեսզի ապացուցի այդ պնդումը։

Հոբի օրինակը

Հոբի պատմության հաջորդ մասի համար գրատախտակին կարող եք գծել հետևյալ աղյուսակը։ Այնուհետև ուսանողներին կարող եք բաժանել զույգերի կամ փոքր խմբերի` աղյուսակը լրացնելու համար: Այնուհետև առաջարկեք ուսանողներին քննարկել լրացուցիչ հարցերը: Օգտակար կլինի շրջել դասարանում՝ ուսանողներին օգնելու և խրախուսելու համար: (Նշում․ թարախապալարները մաշկի ցավոտ վերքեր են։ Հոբը «պատառոտեց» կամ պատռեց հագուստը և սափրեց գլուխը՝ ի նշան սգի)։

Ի՞նչն էր տառապանք պատճառում Հոբին։

Ինչպե՞ս արձագանքեց Հոբը։

Ի՞նչն էր տառապանք պատճառում Հոբին։

Կարդացեք Հոբ 1․13–19, 2․7։

Ինչպե՞ս արձագանքեց Հոբը։

Կարդացեք Հոբ 1․20–22, 2․9–10, 13․15, 23․10։

  • Հոբի արձագանքի մեջ ի՞նչն է առավել կարևոր ձեզ համար։

  • Ի՞նչ էր հասկանում Հոբն Աստծո մասին՝ այդպես արձագանքելու համար։

    Ուսանողները կարող են նշել, որ Հոբն ընդունում էր, որ իր օրհնությունները եկել են Աստծուց (տես Հոբ 1.21), հասկանում էր, որ փորձություններն Աստծո ծրագրի մի մասն են (տես Հոբ 2.10) և գիտեր, որ Աստված տեղյակ է իր մասին, և որ իր փորձությունները պետք է կատարելագործեն իրեն (տես Հոբ 23․10):

    Երբ ուսանողներն ավարտեն վարժությունը, օգնեք նրանց բացահայտել ճշմարտությունը՝ տալով հետևյալ հարցը:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Հոբի օրինակից, որը կարող է օգնել մեզ փորձությունների ժամանակ։

Ի թիվս այլ պատասխանների, ուսանողները կարող են բացահայտել հետևյալը. մենք կարող ենք որոշել վստահել Աստծուն մեր փորձությունների ժամանակ:

Կարող եք առաջարկել ուսանողներին գտնել և նշել, թե որտեղ են տեսնում այս ճշմարտությունը Հոբ 13.15 հատվածում:

Օրինակներ սուրբ գրություններում

Մտածեք եղանակներ, որոնցով կարող եք օգնել ուսանողներին մեծացնել իրենց վստահությունը Երկնային Հոր հանդեպ իրենց փորձությունների ժամանակ: Եղանակներից մեկն այն է, որ ուսանողները փնտրեն սուրբ գրություններ, որտեղ մարդիկ բացատրում են փորձության ժամանակ Աստծուն վստահելու իրենց պատճառները: Ուսանողները կարող են կատարել հետևյալ վարժությունը։

  1. Սուրբ գրություններում գտեք օրինակ, երբ որևէ մեկը որոշել է վստահել Աստծուն իր փորձությունների ժամանակ:

  2. Նշեք բառեր կամ արտահայտություններ, որոնք բացատրում են, թե ինչու էր այդ մարդը վստահում Աստծուն:

  3. Պատրաստվեք բացատրելու, թե ինչպես են ձեր նշած հասկացությունները օգնել կամ կարող են օգնել ձեզ վստահել Աստծուն:

Եթե ուսանողներն օգնության կարիք ունեն սուրբ գրությունների պատմություններ գտնելու հարցում, կարող եք առաջարկել նրանց որոնել Ավետարանի գրադարանում՝ «վստահություն» հարցումով։ Կամ կարող եք բերել հետևյալ օրինակները.

Դանիել 2․19–23.Դանիելը ստացավ Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանն այն մասին, որ թագավորության բոլոր իմաստունները (այդ թվում՝ Դանիելը) կսպանվեն, եթե ոչ ոք չկարողանա մեկնաբանել իր երազը։

2 Նեփի 4․17–23.Նեփին վշտանում էր իր սեփական թուլությունների համար և իրեն ոչ լիարժեք էր զգում:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք խմբերի կամ դասարանի հետ կիսվել իրենց գտածով։ Կարող եք նաև ուսանողներին ցուցադրել «Mountains to Climb» տեսանյութը (5:05), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Առաջարկեք նրանց փնտրել, թե ինչով է կիսվել նախագահ Այրինգը, որը կարող է մեծացնել իրենց վստահությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ փորձությունների ժամանակ:

5:5

Եզրափակում

Կարող եք ավարտել դասը՝ առաջարկելով, որ իրենք իրենց համար գրություն գրեն կամ իրենք իրենց ուղարկեն հաղորդագրություն՝ պատասխանելով հետևյալ հարցին: Եթե գրություն են գրում, առաջարկեք ծալել այն և դնել իրենց գրպանը կամ որևէ տեղ, որտեղ կտեսնեն այդ գրությունն օրվա ընթացքում: Դուք կարող եք միացնել մեղմ գործիքային երաժշտություն, երբ ուսանողները գրում են:

  • Ի՞նչ զգացիք այսօր, որն օգնեց ձեզ ցանկանալ վստահել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին փորձությունների ժամանակ: