«Բ Մնացորդաց 17–20. Գտնել սկզբունքները սուրբ գրություններում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Բ Մնացորդաց 17–20. Գտնել սկզբունքները սուրբ գրություններում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Բ Մնացորդաց 14–20, 26, 30․ Դաս 91
Բ Մնացորդաց 17–20
Գտնել սկզբունքները սուրբ գրություններում
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ կարող եք անել Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու համար: Հին Կտակարանի Հովսափատ թագավորը դա անելու հիանալի օրինակ է: Նրա ժողովուրդը հեռացել էր Աստծուց և զբաղվում էր կռապաշտությամբ։ Հովսափատը որոշեց հետևել Եհովային և օգնեց իր ժողովրդին անել նույնը։ Այս դասը կօգնի ուսանողներին սովորել բացահայտել ավետարանի սկզբունքները սուրբ գրություններում:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ են իրենք սովորում սուրբ գրությունների իրենց անհատական և ընտանեկան ուսումնասիրության ժամանակ: Նրանք կարող են գալ դասարան՝ պատրաստ լինելով կիսվել իրենց գտած սկզբունքով և բացատրությամբ, թե ինչպես է այն օգնում իրենց:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Անվտանգության խարիսխներ
Ցուցադրեք հետևյալ նկարը․ մարդը մագլցում է ժայռն ի վեր:
-
Եթե դուք մագլցեք ժայռն ի վեր, ի՞նչ սարքավորումներ ձեզ անհրաժեշտ կլինեն:
-
Ինչո՞ւ է անհրաժեշտ այդ սարքավորումը:
-
Եթե համեմատենք մեր կյանքը ժայռն ի վեր մագլցելու հետ, ի՞նչ է տվել ձեզ Տերը, որպեսզի օգնի անվտանգ բարձրանալ։
Ուսանողները կարող են տալ տարբեր պատասխաններ: Երբ ուսանողները պատասխանեն, շնորհակալություն հայտնեք նրանց պատասխանների համար և հարցրեք, թե ինչու են այդ բաները օգնում: Հետևյալ պատասխանն այս դասի համար առանցքային է:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռիչարդ Գ. Սքոթն (1928–2015) ուսուցանել է.
Դուք և ես կարող ենք վստահ լինել, որ կհասնենք կյանքի արժանի նպատակների՝ հասկանալով և հետևողականորեն հետևելով ճիշտ սկզբունքներին, որոնք արմատավորված են բացահայտված ճշմարտության վրա:
Սկզբունքները անվտանգության խարիսխներն են: Նրանք նման են պողպատե խարիսխների, որոնք լեռնագնացներն օգտագործում են անառիկ ժայռերը նվաճելու համար: Նրանք կօգնեն ձեզ վստահություն ունենալ նոր և անծանոթ հանգամանքներում: Նրանք ձեզ պաշտպանություն կտան կյանքի դժվարությունների փոթորիկների ժամանակ: («The Power of Correct Principles», Լիահոնա, մայիս 1993, 32)
Եղանակներից մեկը, որով Երկնային Հայրը սիրով մեզ տվել է ճշմարիտ սկզբունքները, սուրբ գրությունների միջոցով է։ Երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, ձգտում ենք բացահայտել այդ սկզբունքները կամ ճշմարտություն պարունակող արտահայտությունները, որոնք կարող են օգնել մեզ մեր կյանքում:
Ուսանողների համար օգտակար կլինի խորհել սուրբ գրությունների սկզբունքները բացահայտելու իրենց ներկայիս ունակության մասին: Ստորև բերված է դա անելու մի եղանակ։
Մի քանի րոպե տրամադրեք և խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Որքանո՞վ եմ ես վստահ սկզբունքները բացահայտելու իմ ունակության մեջ:
-
Որքանո՞վ եմ ես հասկանում, թե ինչպես կարող են սկզբունքներն օգնել ինձ իմ կյանքում:
Հովսափատի կյանքի վերաբերյալ այս դասն ուսումնասիրելիս խնդրեք Սուրբ Հոգու օգնությունը՝ բացահայտելու ճշմարիտ սկզբունքները, որոնք կարող են օգնել ձեզ:
Սկզբունքներ Հովսափատի կյանքից
Հոր մահից հետո Հովսափատը դարձավ Հուդայի թագավոր։ Եվ Իսրայելը, և Հուդան հեռացել էին Տեր Հիսուս Քրիստոսից: Նրանք երկրպագում էին կեղծ աստվածներին։
Կարդացեք Բ Մնացորդաց 17․3–4; 19․4 հատվածները և նշեք, թե ինչ եք սովորում Հովսափատի մասին։ (Նշում. Բաաղիմ նշանակում է կեղծ աստվածներ:)
-
Ի՞նչն է ձեզ առավել տպավորում Հովսափատի մասին պատմության մեջ։
Երբ Հովսափատը եկավ իշխանության, նրա ժողովուրդը ուրացության մեջ էր։ Հովսափատն իր թագավորության ընթացքում շատ ջանքեր գործադրեց՝ օգնելու իր ժողովրդին հետևել Եհովային (Հիսուս Քրիստոսին)։ Այդ ընթացքում Հովսափատի թշնամիները դուրս եկան պատերազմի նրա ժողովրդի դեմ։ Այն, ինչ տեղի ունեցավ այդ հանգամանքներում, ցուցադրում է մի շարք սկզբունքներ:
Կարող եք բացատրել ուսումնասիրության հետևյալ հմտությունը՝ սկզբունքները բացահայտելու համար:
Սկզբունքը բացահայտելու եղանակներից մեկը փնտրելն է, թե ինչպես են երկու բան կապված իրար հետ: Օրինակ՝ Ա-ի հետևանքով տեղի է ունենում Բ-ն: Կամ քանի որ մարդը անում է Ա-ն, Տերը խոստանում կամ տալիս է Բ-ն:
Դասարանով կարդացեք հետևյալ հատվածները, որպեսզի ուսանողներին հնարավորություն տրվի վարժվելու կիրառել հմտությունը:
Կարդացեք Բ Մնացորդաց 17․6 և 19․3 հատվածները՝ փնտրելով սկզբունքները Հովսափատի կյանքում։ (Նշում․ բարձրադիր վայրերն ու պուրակները կեղծ աստվածներին երկրպագելու վայրեր էին։)
Ահա որոշ սկզբունքներ, որ ուսանողները կարող են բացահայտել․
-
Երբ մենք կենտրոնացնում ենք մեր կյանքը Աստծո վրա, մենք ավելի հեշտ կարող ենք հեռացնել չարը մեր կյանքից (տես Բ Մնացորդաց 17․6)։
-
Երբ մենք հեռացնում ենք չարը մեր կյանքից, մենք ավելի պատրաստ ենք լինում փնտրելու Աստծուն (տես Բ Մնացորդաց 19․3)։
-
Ինչո՞ւ են այս սկզբունքներն օգտակար:
Նախորդ հատվածների սկզբունքները դասարանով բացահայտելուց հետո առաջարկեք ուսանողներին փորձել բացահայտել սկզբունքները փոքր խմբերով կամ ինքնուրույն: Հանձնարարեք նրանց օգտագործել հետևյալ հատվածները։
Կարդացեք Բ Մնացորդաց 20․1–9, 14–17, 20–22 հատվածները՝ փնտրելով այլ ճշմարիտ սկզբունքներ:
Ահա որոշ սկզբունքներ, որ ուսանողները կարող են բացահայտել․
-
Եթե մենք ծոմ պահենք և աղոթենք փրկության համար, Տերը մեզ հետ կլինի մեր դժվարությունների ժամանակ (տես Բ Մնացորդաց 20․1–4, 14–17)։
-
Եթե մենք խնդրենք Տիրոջը Նրա տաճարում, Նա կլսի և կօգնի մեզ (տես Բ Մնացորդաց 20․9)։
-
Եթե մենք հավատանք Տիրոջը և նրա մարգարեներին, մենք կբարգավաճենք (տես Բ Մնացորդաց 20․20)։
-
Եթե մենք փառաբանենք Տիրոջը երաժշտության միջոցով, Նա կօրհնի մեզ (տես Բ Մնացորդաց 20․21–22)։
Եթե ուսանողները դժվարանան բացահայտել սկզբունքները, կարող եք գրատախտակին գրել վերը նշված սկզբունքներից մի քանիսը կամ բոլորը: Առաջարկեք ուսանողներին գտնել, թե իրենց ուսումնասիրած հատվածներից որն է ուսուցանում այս սկզբունքներից յուրաքանչյուրը:
Հասկանալ սկզբունքները
Հետևյալ վարժության համար ուսանողները կարող են օգտագործել վերը նշված սկզբունքներից որևէ մեկը, կամ կարող են օգտագործել մի սկզբունք, որը վերջերս իմացել են իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ:
Ընտրեք մի սկզբունք, որի մասին կցանկանայիք ավելին իմանալ: Պատրաստեք երկու րոպեանոց ելույթ այդ ճշմարտության վերաբերյալ, որը կներառի հետևյալը.
-
Հատված կամ հատվածներ տվյալ սկզբունքի մասին, որ դուք կարդացել եք Բ Մնացորդաց գրքում, և այն, թե ինչու եք ընտրել այդ հատվածը (հատվածները)
-
Այլ սուրբ գրություններ կամ մարգարեների խոսքեր, որոնք օգնում են ձեզ հասկանալ տվյալ սկզբունքը
-
Դեպք, երբ Փրկիչը կամ մեկ ուրիշը սուրբ գրություններում կամ Եկեղեցու պատմության մեջ այդ սկզբունքի օրինակ է հանդիսացել, (դրսևորել է այդ սկզբունքը)
-
Այն, թե ձեր կարծիքով ինչպես կարող է Տիրոջ այս սկզբունքն օգնել մեզ կամ պաշտպանել մեզ
-
Փորձառություն, երբ դուք կամ ձեր ծանոթներից մեկը գործել եք այս սկզբունքի համաձայն, և այն օրհնությունները, որոնք ստացել եք Տիրոջ կողմից
Ուսանողները կարող են կիսվել իրենց ելույթներով դասընկերոջ կամ փոքր խմբի հետ: Կամ մի քանի պատրաստակամ ուսանողի, որոնք ուսումնասիրել են տարբեր սկզբունքներ, կարող եք առաջարկել կիսվել իրենց ելույթներով դասարանի հետ: Յուրաքանչյուր ուսանողի ելույթից հետո կարող եք առաջարկել դասարանին կիսվել իրենց մեկնաբանություններով կամ հարցերով ուսանողի նշած սկզբունքի վերաբերյալ:
Բավարար ժամանակ տրամադրեք ուսանողներին՝ պատրաստվելու և կիսվելու իրենց երկու րոպեանոց ելույթներով:
-
Ինչո՞ւ է օգտակար ձգտել այսօրվա սովորածից գտնել այն սկզբունքները, որոնք Տերը տվել է մեզ սուրբ գրություններում:
-
Ինչպե՞ս կարող եք օգտագործել այն, ինչ այսօր սովորեցիք, ձեր ընտանեկան և անհատական ուսումնասիրության մեջ:
Խրախուսեք ուսանողներին ավելի լավ ճանաչել Փրկչին՝ սուրբ գրությունները կապելով իրենց կյանքի հետ: Նախորդ հարցը ուսանողներին խրախուսելու օրինակ է՝ կապել այն, ինչ իրենք սովորում են սեմինարիայում և այն, ինչ ուսումնասիում են իրենց տանը: Կարող եք դա անելու այլ եղանակներ փնտրել: Կարող եք նաև հարցնել, թե ինչպես է այն, ինչ իրենք սովորում են տանը, կապվում սեմինարիայում իրենց սովորածի հետ։ (Այս մասին լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Կազմեք և տվեք հարցեր, որոնք կօգնեն սովորողներին իրենց անձնական և ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության ընթացքում սովորածը կապել դասարանի փորձառության հետ» նյութը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ։)