«Դ Թագավորների 17, 24–25. Իսրայելի ցրումը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Դ Թագավորների 17, 24–25. Իսրայելի ցրումը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դ Թագավորների 16–25․ Դաս 88
Դ Թագավորների 17, 24–25
Իսրայելի ցրումը
Մարգարեները և այլ մարդիկ հաճախ են խոսում Իսրայելի հավաքման մասին: Հասկանալու համար հավաքման իմաստը, անհրաժեշտ է սկզբից հասկանալ, թե ինչու Իսրայելը ցրվեց: Այս դասը կօգնի ուսանողներին օգտագործել Իսրայելի ցրումը՝ բացահայտելու Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հատկանիշները:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք կարդալ Մտքեր հիշելու համար. «Հիսուսը կասի ողջ Իսրայելին. «Եկ տուն»» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար, Հին Կտակարան 2026։ Խնդրեք նրանց պատրաստված գալ՝ կիսվելու Իսրայելի ցրման մասին մտքերով կամ հարցերով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Իսրայելի ցրումը
Դասից առաջ կարող եք բաժանել դասասենյակը մի քանի մասի և անվանել դրանք՝ Հյուսիսային թագավորություն (Իսրայել), Հարավային թագավորություն (Հուդա), Ասորեստան, Ամերիկա աշխարհամաս և Բաբելոն/Պարսկաստան։
-
Ինչպե՞ս և ե՞րբ կարող է ծնողի կողմից երեխային խրատելը սիրո դրսևորում հանդիսանալ:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 95.1 հատվածը՝ փնտրելով, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը վերաբերվում այն մարդկանց, որոնց Նրանք պետք է ուղղեն կամ խրատեն:
Հին Կտակարանում մի քանի անգամ նկարագրված է, որ Իսրայելն ապստամբել է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի դեմ և ուղղման կարիք ունի: Դա հանգեցրեց, այսպես կոչված, Իսրայելի ցրմանը: Իսրայելի ցրումն ուսումնասիրելիս փնտրեք, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես ցույց տվեցին Իրենց սերը:
Դասի հաջորդ երկու հատվածների ընթացքում ուսանողները կարող են տեղաշարժվել դասասենյակում՝ հասկանալու, թե ինչպես է Իսրայելը ցրվել:
Ուսանողներին բաժանեք երկու հավասար խմբի: Մի խմբին առաջարկեք շարժվել դեպի դասասենյակի Հյուսիսային թագավորություն (Իսրայել) մասը, իսկ մյուս խմբին՝ դեպի Հարավային թագավորության (Հուդա) մասը։
Դասասենյակում ուսանողների տեղաշարժվելու փոխարեն կարող եք նրանց ցուցադրել «The Kingdoms of Israel and Judah at a Glance» գծապատկերը։ Ուսանողները կարող են կարդալ դասի համար նախատեսված հատվածները և քննարկել հարցերը՝ պարզապես հետևելով այս գծապատկերին:
Իսրայելի Հյուսիսային թագավորություն
Մ․ թ․ ա․ մոտ 975 թվականին, Սողոմոնի մահից հետո, թագավոր դարձավ նրա որդին՝ Ռոբովամը։ Ռոբովամը մեծ բեռ դրեց մարդկանց ուսերին։ Տասը ցեղ ապստամբեցին Ռոբովամի դեմ և հետևեցին Հերոբովամին (տես Գ Թագավորների 12․6–11, 19–20)։ Արդյունքում ստեղծվեցին Հյուսիսային և Հարավային թագավորությունները:
Կարդացեք Դ Թագավորների 17․7–18, 22–23 հատվածները՝ փնտրելով, թե ինչ պատահեց Իսրայելի Հյուսիսային թագավորության հետ:
-
Ի՞նչ պատահեց թագավորության հետ և ինչո՞ւ դա տեղի ունեցավ:
Բացատրեք, որ Ասորեստանի կողմից Իսրայելի Հյուսիսային թագավորության նվաճումով և իսրայելացիներից շատերին Ասորեստան վերադարձնելով սկսվեց Իսրայելի ցրումը: Դասասենյակի Հյուսիսային թագավորություն (Իսրայել) մասից ուսանողների մեծ մասին խնդրեք տեղափոխվել դեպի դասասենյակի մյուս մասը՝ Ասորեստան։ Նշեք, որ մենք հաճախ այդ ցեղերին անվանում ենք Իսրայելի կորած ցեղեր: Կարող եք դասասենյակի Ասորեստան տեղափոխված ուսանողներին անվանել Կորած ցեղեր։ Կարող եք դասասենյակի Իսրայել մասում մնացած ուսանողներին անվանել Սամարացիներ։ Բացատրեք, որ սամարացիների մի մասն իսրայելացիներ էին, մի մասը՝ հեթանոսներ (տես «Սամարացիներ» բաժինը Սուրբ գրքերի ուղեցույցից, Gospel Library հավելվածում)։
-
Ինչպե՞ս կարող եք ամփոփ ներկայացնել, թե ինչու Իսրայելը ցրվեց:
Ուսանողները կարող են նշել նմանատիպ մի ճշմարտություն. Քանի որ Իսրայելը մերժեց մարգարեներին և խախտեց Տիրոջ հետ կապած իր ուխտը, Տերը ցրեց նրանց ազգերի մեջ:
Հուդայի Հարավային թագավորություն
-
Ի՞նչ սովորեցիք Հուդայի Հարավային թագավորության, այդ թվում այնտեղ թագավորած թագավորների մասին:
Ուսանողներին առաջարկեք կիսվել ցանկացած պատմությամբ, որն իրենք հիշում են։ Օրինակ՝ նրանք կարող են նշել Եզեկիա կամ Հովսիա թագավորներին։ Եթե նրանք նշեն թագավորներին, կարող եք պաստառի վրա գրել յուրաքանչյուր թագավորի անունը և խնդրել ուսանողներին պահել դրանք: Խրախուսեք ուսանողներին կիսվել, թե ինչպես է Տերը օրհնել այդ թագավորներին և մարդկանց՝ Իր հանդեպ ունեցած հավատքի համար: Այդ երկու արդար թագավորը թագավորեցին այն բանից հետո, երբ Ասորեստանը գրավեց Իսրայելի թագավորությունը։
Ուսանողները կարող են նաև նշել Լեքիին և նրա ընտանիքին: Եթե նրանք նշեն դա, առաջարկեք նրանց կիսվել իրենց իմացածով: Եթե նրանք չնշեն՝ կարող եք նրանց խնդրել անել հետևյալը։ Կարող եք պաստառներից մեկի վրա գրել Լեքին և նրա ընտանիքը, որպեսզի ուսանողներից մի քանիսը պահեն դա:
Կարդացեք 1 Նեփի 1․4 հատվածը՝ փնտրելով, թե ուրիշ ով է ապրել Հուդայի թագավորությունում:
Կարդացեք 1 Նեփի 2․1–4, 18․22–23 հատվածները՝ փնտրելով, թե ինչ պատահեց այդ ընտանիքի հետ:
-
Ի՞նչ օրհնություններ մենք ստացանք Երկնային Հորից, երբ Տերը Լեքիին և նրա ընտանիքին հեռացրեց Երուսաղեմից ցրման ժամանակ:
Խնդրեք ուսանողներին, որոնք պահում են Լեքին և նրա ընտանիքը պաստառը, տեղափոխվել դասասենյակի Հուդայի թագավորություն հատվածից դեպի դասասենյակի Ամերիկա աշխարհամաս հատվածը։
Կարդացեք Բ Մնացորդաց 36․17–20 հատվածները՝ փնտրելով, թե ինչ արեց Նաբուգոդոնոսորը՝ Բաբելոնի թագավորը, Երուսաղեմի բնակիչների հետ, Լեքիի և նրա ընտանիքի հեռանալուց անմիջապես հետո:
Խնդրեք դասասենյակի Հուդայի թագավորություն մասում մնացած ուսանողներին տեղափոխվել դասասենյակի Բաբելոն/Պարսկաստան մաս։ Մ.թ.ա. մոտավորապես 605-587 թվականներին բաբելոնացիները բազմաթիվ հրեաների գերևարեցին և տարան Բաբելոն, պաշարեցին և, ի վերջո, ավերեցին Երուսաղեմը (տես Դ Թագավորների 24․8–16, 25․1–12, 21, Երեմիա 52)։
Խնդրեք ուսանողներին նշել մի քանի մարդու, որոնք հայտնվել են Բաբելոնում: Եթե նրանք օգնության կարիք ունենան, կարող եք մի քանի ուսանողի հանձնարարել պատրաստել Դանիել, Սեդրակ, Միսաք, Աբեդնագով (տես Դանիել 1․1–7) և Եզեկիել անուններով պաստառներ (տես Սուրբ գրքերի ուղեցույցի «Եզեկիել» բաժինը Gospel Library հավելվածում)։
Կարդացեք հետևյալ ամփոփումը։ Բացատրեք, որ հրեաներից մի քանիսը մնացին Պարսկաստանում (տես Եսթեր 2․5–7)։ Դասասենյակի Բաբելոնի/Պարսկաստան մասում գտնվող մի քանի ուսանողի խնդրեք վերադառնալ դասասենյակի Հուդայի թագավորություն մաս։ Կարող եք ստեղծել Եզրաս և Նեեմիա անուններով պաստառներ և տալ ուսանողներից մի զույգին, որոնք պետք է պահեն դրանք դասասենյակի Հուդայի թագավորություն մաս տեղափողվելիս։ Ուսանողներն ավելի ուշ կիմանան Եզրասի և Նեեմիայի մասին:
Կյուրոս թագավորի օրոք պարսիկները գրավեցին Բաբելոնը։ Մ.թ.ա. մոտավորապես 537 թվականին Տերը ոգեշնչեց Պարսկաստանի Կյուրոս թագավորին թույլ տալ հրեաներին վերադառնալ Երուսաղեմ և վերակառուցել տաճարը (տես Բ Մնացորդաց 36․22–23, Երեմիա 29․10–14; Եզրաս 1․1–3)։ Հետագա տարիների ընթացքում Եզրասը, Նեեմիան և մյուս մարդիկ վերադարձան Երուսաղեմ՝ օգնելու վերակառուցել քաղաքը և ավարտել տաճարի կառուցումը (տես Եզրաս 7․6–8, Նեեմիա 2․1–11)։
Երկնային Հոր զավակները երբեք չեն կորչում Նրա համար
Կարող եք նշել, որ ցրված մարդկանց շատ խմբեր չգիտեին, թե ինչ է կատարվում այլ խմբերի հետ: Ըստ նրանց, մյուս խմբերը կորած էին։
Կարդացեք 3 Նեփի 17․4 հատվածը՝ փնտրելով, թե Փրկիչն ինչով է կիսվել նեփիացիների հետ՝ նրանց մեջ Իր ծառայության ընթացքում:
-
Այդ հատվածի մեջ ի՞նչն է ավելի տպավորիչ ձեզ համար։
Կարող եք նշել, որ թեև Իսրայելը ցրված էր, Տերը օգտագործեց Իր ուխտի ժողովրդի ցրումը՝ օրհնելու այն ազգերին, որոնց մեջ նրանք ցրված էին (տես «Իսրայելի ցրումը» նյութը Սուրբ գրքերի ուղեցույցի «Իսրայել» բաժնում, Gospel Library հավելվածում)։ Կարող եք նշել, որ Եսայի 54․8 հատվածում «բարություն» բառը հեսեդ բառի թարգմանությունն է։ Հեսեդ բառի նշանակության մասին ավելին իմանալու համար տես նախագահ Նելսոնի «Հավիտենական ուխտը» հոդվածը Լիահոնա ամսագրի հոկտ. 2022, 5–6 համարներում։
Կարդացեք Բ Օրենք 4․27–31 և Եսայի 54․7–10 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է Տերը խոստացել անել ցրված Իսրայելի համար:
-
Ի՞նչ հատկանիշներ եք տեսնում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մեջ՝ Իսրայելի ցրման մասին սովորելիս։
Կարող եք կիսվել ձեր վկայությամբ Երկնային Հոր սիրո մասին Իր բոլոր զավակների հանդեպ և ցրված Իսրայելը հավաքելու Նրա խոստման մասին: