«Դ Թագավորների 21–23. Հովսիա թագավորը և օրենքի գիրքը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Դ Թագավորների 21–23. Հովսիա թագավորը և օրենքի գիրքը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դ Թագավորների 16–25․ Դաս 87
Դ Թագավորների 21–23
Հովսիա թագավորը և օրենքի գիրքը
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին կարող էր լինել ձեր կյանքը, եթե չունենայիք սուրբ գրությունները: Երբ Հուդայի թագավորությունը հեռացավ Աստծուց, «օրենքի գիրքն» (Դ Թագավորներ 22․8, 11) անտեսվեց և, ի վերջո, կորսվեց տաճարում։ Հովսիայի կողմից տաճարի վերանորոգման ժամանակ Քեղկիա քահանայապետը գտավ օրենքի գիրքը, որը Հովսիան կարդաց ժողովրդի համար։ Սուրբ գրություններն օգնեցին Հովսիային և նրա ժողովրդին կրկին դառնալ դեպի Տերը: Այս դասը կօգնի ուսանողներին դառնալ դեպի Տերը՝ սուրբ գրություններն անձամբ ուսումնասիրելու միջոցով:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք վերանայել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց անձնական նպատակները և Հին Կտակարանից հանձնարարված գլուխները կարդալու իրենց ջանքերը: Խրախուսեք նրանց շարունակել աշխատել իրենց նպատակների վրա կամ աղոթքով կատարել անհրաժեշտ փոփոխությունները՝ հաջողության հասնելու համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Կյանքն առանց սուրբ գրությունների
Դասից առաջ կարող եք Աստվածաշնչում էջանշան դնել Դ Թագավորների 22․8 հատվածի վրա։ Աստվածաշունչը պահեք դասարանում, որպեսզի այն օգտագործեք ավելի ուշ՝ դասի ընթացքում:
Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ հարցը.
-
Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց ։
Յուրաքանչյուր ուսանողի տվեք մեկական թերթիկ։ Առաջարկեք նրանց գրել սովորական իրի անվանում կամ գործողություն, որի օգնությամբ կարող են ավարտել հարցը: Օրինակ՝ նրանք կարող են գրել հետևյալ բառերը․ կոշիկներ, ատամի խոզանակներ, դպրոց կամ սպորտ։ Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի։ Առաջարկեք նրանց քննարկել, թե ինչպես կպատասխանեին հարցին, եթե այն ավարտված լիներ իրենց գրած բառերով: Երբ ուսանողները կիսվեն, ժամանակ տրամադրեք նրանց՝ լուռ մտածելու հետևյալի մասին.
Մտածեք ձեր անձնական փորձառությունների մասին՝ խորհելով հետևյալ հարցերի շուրջ.
-
Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց սուրբ գրությունների:
-
Սուրբ գրությունների ձեր վերջին ուսումնասիրությունն ինչպե՞ս է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:
Մի քանի պատրաստակամ ուսանողի խնդրեք կիսվել իրենց պատասխաններով: Ի հավելումն այս քննարկմանը՝ կարող եք ցուցադրել հետևյալ խոսքերը։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ.Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է մեր կյանքում սուրբ գրությունների անհրաժեշտության մասին:
Նրանք, ովքեր չունեն կամ անտեսում են Աստծո գրված խոսքը, ի վերջո դադարում են հավատալ Նրան և մոռանում իրենց գոյության նպատակի մասին: («The Blessing of Scripture», Լիահոնա, նոյ․ 2010, 33)
Դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան բացահայտել և կիսվել սուրբ գրությունների հատվածներով և խորհել իրենց անձնական ուսումնասիրության նպատակների շուրջ: Կարող եք հարմարեցնել այս դասի հատվածները, որպեսզի բավարար ժամանակ տրամադրեք «Ուսանողների՝ կիսվելու վարժություն» և «Սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակներ» բաժինների ուսումնասիրությանը:
Սուրբ գրությունների ազդեցությունը
Ժամանակի ընթացքում սուրբ գրությունները կորսվեցին, և Հուդայի թագավորությունը հեռացավ Տիրոջից: Մանասե և Ամոն թագավորների ժամանակ ժողովուրդը զբաղված էր կռապաշտությամբ և այլ ամբարիշտ սովորություններով, ներառյալ երեխաների զոհաբերությունները (տես Դ Թագավորների 21)։ Ամոնի մահից հետո նրա որդին՝ Հովսիան, ութ տարեկանում դարձավ թագավոր։ Հովսիան արդար էր։ Իր թագավորության 18-րդ տարում Հովսիան կազմակերպեց Երուսաղեմի տաճարը վերանորոգնող աշխատողների վճարումը (տես Դ Թագավորների 22․1–7)։
Եթե դասից առաջ դասասենյակում պահել եք Աստվածաշունչը, ուսանողներին բացատրեք, որ դասասենյակում ինչ-որ տեղ կորսված սուրբ գրություններ կան: Ուսանողներին առաջարկեք գտնել դրանք: Աստվածաշունչը գտած ուսանողին խնդրեք գտնել էջանշանը: Ապա տրամադրեք հետևյալ հրահանգները․
Կարդացեք Դ Թագավորների 22․8–13 հատվածները՝ փնտրելով, թե ինչ պատահեց տաճարի վերանորոգման ժամանակ։
-
Ի՞նչ գտավ Քեղկիա քահանայապետը։
-
Ինչպե՞ս արձագանքեց Հովսիա թագավորը գրքի կամ սուրբ գրությունների խոսքերը լսելուց հետո։
Հովսիան որոշեց գիրքը կարդալ Երուսաղեմի բոլոր մարդկանց համար (տես Դ Թագավորների 22․14–20, 23․1–2)։
Օգնեք ուսանողներին պատկերացնել կարդացածը՝ դիտելով «Josiah and the Book of the Law» (12:25) տեսանյութը 7:02-8:37։ Այդ տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:
Կարդացեք Դ Թագավորների 23․1–3 հատվածները՝ փնտրելով սուրբ գրությունների ընթերցանության ազդեցությունը Հովսիայի և նրա ժողովրդի վրա: Կարող եք նշել ձեր գտածը:
-
Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ազդեցության մասին մեր կյանքում:
Ի թիվս իրենց կիսված գաղափարների, ուսանողները կարող են բացահայտել, որ սուրբ գրությունների ուսումնասիրությունը կարող է օգնել մեզ դառնալ դեպի Տերը մեր ամբողջ սրտով։ Սա կարելի է գրել գրատախտակին և անդրադառնալ դրան դասի մնացած հատվածում:
Այս սկզբունքն ավելի լավ հասկանալու համար ուսանողները կարող են կատարել հետևյալն իրենց զուգընկերների հետ: Յուրաքանչյուր ուսանող կարող է ուսումնասիրել հատվածների մեկական հավաքածու: Ապա զուգընկերները կարող են կիսվել միմյանց հետ իրենց սովորածով և քննարկել ուղեկցող հարցերը:
Երբ Հովսիան և նրա ժողովուրդը սովորեցին սուրբ գրությունները և դարձան դեպի Տերը, նրանք ոգեշնչվեցին փոփոխություններ կատարել իրենց կյանքում: Կարդացեք ձեզ հանձնարարված հատվածները՝ փնտրելով նրանց կատարած փոփոխությունները:
Ուսանող 1
Դ Թագավորների 23․4, 24։
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ էր մարդկանց անհրաժեշտ հրաժարվել իրենց բոլոր կուռքերից, որպեսզի կարողանան ամբողջ սրտով դառնալ դեպի Տերը:
-
Ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների ուսումնասիրությունն օգնել մեզ չենթարկվել չար ազդեցություններին մեր կյանքում:
Ուսանող 2
Դ Թագավորների 23․21–22։
-
Ի՞նչ կրոնական սովորության հետևեցին Հովսիան և նրա ժողովուրդը սուրբ գրությունները կարդալուց հետո։
-
Ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների ուսումնասիրությունն օգնել մեզ հիշել Փրկչին և ապրել Նրա ավետարանով:
Կարող եք ավարտել Հովսիայի պատմությունը՝ դիտելով «Josiah and the Book of the Law» տեսանյութը 08:37-10:20։
Ուսանողների վարժություն՝ կիսվելու համար
Դասի այս հատվածը նախատեսված է անձնական մտորումների և կիսվելու համար: Ուսանողները կարող են կիսվել, թե ինչպես են սուրբ գրություններն օգնել (կամ կարող են օգնել) իրենց դառնալ դեպի Տերը:
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն (1895–1985) ուսուցանել է սուրբ գրությունների ուսումնասիրության ազդեցության մասին իր կյանքում.
Կարծում եմ, որ երբ թերանում եմ Աստծո հետ իմ հարաբերություններում, և երբ թվում է, որ ոչ մի աստվածային ականջ չի լսում և ոչ մի աստվածային ձայն չի խոսում, նշանակում է, որ ես շատ, շատ հեռու եմ: Երբ ես խորասուզվում եմ սուրբ գրություններում, հեռավորությունը կրճատվում է, և հոգևորը վերադառնում է։ (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 67)
Նշեք սուրբ գրության մի հատված, որն օգնել է (կամ կարող է օգնել) ձեզ դառնալ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: Դա կարող է լինել սուրբ գրությունների ձեր անձնական կամ ընտանեկան ուսումնասիրությունից կամ մի հատված սեմինարիայի նախորդ դասից կամ կարող է լինել վարդապետության սերտման հատվածը: Պատրաստվեք կիսվել հետևյալով.
-
Ինչպե՞ս է այս հատվածն օգնել (կամ ինչպե՞ս կարող է օգնել) ձեզ ամբողջ սրտով դառնալ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:
Երբ ուսանողները պատրաստ լինեն կիսվելու, նրանցից յուրաքանչյուրին առաջարկեք գրել իրենց հատվածները գրատախտակին այն ճշմարտության շուրջ, որը նշել են ավելի վաղ: Մի քանի պատրաստակամ ուսանողի խնդրեք կարդալ իրենց հատվածը և կիսվել իրենց գաղափարներով կամ փորձառություններով: Անհրաժեշտության դեպքում կարող եք նաև կիսվել հատվածներով, որոնք օգնել են ձեզ դառնալ դեպի Տերը:
Կարող եք նշել գրատախտակին գրված հատվածները, որոնցով նրանք դեռ չեն կիսվել: Հարցրեք, թե արդյոք այն ուսանողները, որոնք գրել են դրանք, կցանկանան կիսվել: Կամ կարող եք առաջարկել ամբողջ դասարանով կարդալ հատվածը և քննարկել, թե ինչպես դա կարող է օգնել մեզ դառնալ դեպի Տերը:
Երբ ուսանողները կիսվեն, կարող եք լրացուցիչ հարցեր տալ՝ դասարանում քննարկումը խրախուսելու համար: Օրինակ՝ կարող եք հարցնել. «Որևէ մեկն ունի՞ փորձառություն՝ կապված այդ հատվածի հետ: Պատրա՞ստ եք արդյոք կիսվել» կամ «Ի՞նչ մտքեր և զգացմունքներ ունեցաք, երբ լսում էիք միմյանց»:
Սուրբ գրությունների ուսումնասիրության նպատակները
Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն մասին, որ ձեր ուսանողները կարող են ունենալ նույն փորձառությունը, որն ունեցել է Հովսիան՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները (տես Դ Թագավորների 23․25)։ Ուսանողներին առաջարկեք վերհիշել սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության իրենց նպատակները և Հին Կտակարանից հանձնարարված գլուխները կարդալու իրենց առաջընթացը: Նրանց ժամանակ տրամադրեք՝ հետևյալ հարցերի շուրջ մտածելու համար.
-
Արդյո՞ք կարծում եք, որ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր ներկայիս նպատակն է՝ օգնել ձեզ լիովին դառնալ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը: Եթե այո, ապա ինչպե՞ս եք դա նկատել: Եթե ոչ, ապա ի՞նչ փոփոխություններ կանեք:
-
Ի՞նչ նշանակալից փորձառություններ եք ունեցել՝ Հին Կտակարանից հանձնարարված գլուխները կարդալիս: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի համոզված լինեք, որ կատարել եք հանձնարարված ընթերցումները:
Խրախուսեք ուսանողներին շարունակել ամեն օր ջանասիրաբար ուսումնասիրել սուրբ գրությունները։