«Ա Թագավորների 25. Փրկիչը օգնում է մեզ ներել», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ա Թագավորների 25. Փրկիչը օգնում է մեզ ներել», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ա Թագավորների 17–18, 24–26, Բ Թագավորների 5–7․ Դաս 75
Ա Թագավորների 25
Փրկիչը օգնում է մեզ ներել
Մեր կյանքի ընթացքում այլ մարդիկ, հավանաբար, կարող են վիրավորել կամ ցավ պատճառել մեզ: Դավթին վիրավորեց Նաբաղ անունով մի մարդ։ Նաբաղի կին Աբիգեան՝ որպես Հիսուս Քրիստոսի նախատիպ, միջամտեց և օգնեց Դավթին ներել Նաբաղին։ Մենք կարող ենք ավելին իմանալ Հիսուս Քրիստոսի մասին և այն օգնության մասին, որը Նա տալիս է մեզ՝ համեմատելով Աբիգեային Նրա հետ: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե Հիսուս Քրիստոսը ինչպես կարող է օգնել իրենց ներել մարդկանց:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ, դիտել կամ լսել քույր Քրիստին Մ. Յիի «Դափնեպսակ՝ մոխրի փոխարեն. Ներման բժշկող ճանապարհը» ելույթը (Լիահոնա, նոյ. 2022, 36–38)։ Նրանք կարող են ուսումնասիրել ձեր նախապես ընտրած ելույթն ամբողջությամբ կամ դրա հատվածները: Ուսանողներին առաջարկեք գալ դասարան՝ պատրաստ լինելով կիսվել այն գաղափարմերով, որոնք իրենք ձեռք են բերել մարդկանց ներելու համար Փրկչի օգնությունը ստանալու մասին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հիսուս Քրիստոսի Քավությունը
Ցուցադրեք դասի սկզբում պատկերված Հիսուս Քրիստոսի նկարը: Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ պնդումը։ Ուսանողներին առաջարկեք օգտագործել իրենց օրագրերը՝ թվարկելու մի քանի եղանակ, որոնցով իրենք կարող են լրացնել այդ պնդումը: Մինչ ուսանողները մտածում և գրում են, կարող եք հաճելի երաժշտություն նվագարկել:
Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես կարող եմ …
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչպես են իրենք լրացրել պնդումը: Նրանք կարող են նաև արտահայտել իրենց զգացմունքները կամ համոզմունքները իրենց կիսված նյութի վերաբերյալ: Ցուցադրեք հետևյալ պնդումը՝ ուսանողների գրածին աջակցելու կամ դրանցում լրացումներ կատարելու համար:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկարագրել է մի բան, որը մենք բոլորս կարող ենք անել Հիսուս Քրիստոսի շնորհիվ.
[Փրկչի] անսահման Քավության շնորհիվ դուք կարող եք ներել նրանց, ովքեր վիրավորել են ձեզ և ովքեր երբեք պատասխանատվություն չեն կրի ձեր հանդեպ կատարած դաժանության համար։ …
Հաճախ հեշտ է ներել այն մարդուն, որն անկեղծորեն և խոնարհաբար հայցում է ձեր ներողամտությունը: Սակայն, Փրկիչը ձեզ կշնորհի այն մարդկանց ներելու ունակությունը, որոնք որևէ կերպ վատ են վերաբերվել ձեզ։ Ապա, նրանց վնասակար արարքներն այլևս չեն կարող թունավորել ձեր հոգին։ («Չորս պարգև, որոնք Հիսուս Քրիստոսն առաջարկում է ձեզ» [Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր երեկո, դեկտեմբերի 2, 2018], Gospel Library)
-
Հիսուս Քրիստոսը ի՞նչն է հնարավոր դարձնում Իր Քավության միջոցով։
Լրացրեք գրատախտակին գրված պնդումը հետևյալ ճշմարտությամբ. Հիսուս Քրիստոսի շնորհիվ ես կարող եմ ներել մարդկանց, որոնք վիրավորել են ինձ: Կարող եք առաջարկել ուսանողներին ավելացնել այս ճշմարտությունն իրենց օրագրերում, եթե իրենք դա նախկինում չեն գրել:
Դավիթը և Նաբաղը
Ա Թագավորների 25 գլխում ներկայացված է մի պատմություն, որտեղ Նաբաղի կնոջ՝ Աբիգեայի գործողությունները կարելի է համեմատել Հիսուս Քրիստոսի հետ։ Այդ համեմատությունն օգնում է մեզ ավելին իմանալ Նրա մասին: Նման համեմատությունները երբեմն կոչվում են Հիսուս Քրիստոսի նախատիպեր: Խրախուսեք ուսանողներին հրավիրել Սուրբ Հոգուն՝ օգնելու իրենց ընկալել Քրիստոսի նախատիպն այս գլխում: Օգտակար կլինի նախքան ուսանողների ուսումնասիրելն ամփոփ ներկայացնել ամբողջ պատմությունը, որպեսզի նրանք ավելի լավ կենտրոնանան՝ գտնելով, թե այս պատմությունն ինչ է ուսուցանում Քրիստոսի մասին:
Երբ Դավիթն ու իր մարդիկ ճամփորդում էին անապատում, նրանք հանդիպեցին Նաբաղ անունով մի մարդու ծառաներին։ Մարտի ժամանակ հոգնած զինվորները հաճախ խախտում էին օրենքը՝ ստանալու համար այն, ինչ իրենց անհրաժեշտ էր: Դավիթն ու նրա մարդիկ օգնության և աջակցության կարիք ունեին։ Նաբաղը հարուստ մարդ էր և ուներ բազմաթիվ հոտեր ու նախիրներ։ Նաբաղի ծառաների հետ դաժանորեն վերաբերվելու և իրենց անհրաժեշտ բաները վերցնելու փոխարեն Դավիթը և նրա զինվորները բարի գտնվեցին այդ ծառաների նկատմամբ և ոչինչ չվերցրին նրանցից (տես Ա Թագավորների 25․7, 15–16)։ Դավիթն իր ծառաներից 10-ին ուղարկեց՝ Նաբաղից խաղաղությամբ խնդրելու իրենց համար այդքան անհրաժեշտ ուտելիք և պաշարներ (տես Ա Թագավորների 25․5–9)։ Նաբաղը վիրավորեց Դավթին և հրաժարվեց օգնել նրան և նրա բանակին (տես Ա Թագավորների 25․10–11)։
Գրատախտակին գրված պնդման տակ կարող եք երկու դեմք նկարել: Մեկին անվանելով Դավիթ, իսկ մյուսին՝ Նաբաղ։ Երկու նկարների միջև տարածություն թողեք՝ դասի ընթացքում երրորդ դեմքը նկարելու համար: Դավթին ներկայացնող դեմքի նկարի տակ կարող եք գրել. Բարի էր Նաբաղի ծառաների հանդեպ, Նաբաղից օգնություն խնդրեց։ Նաբաղին ներկայացնող դեմքի նկարի տակ կարող եք գրել. Վիրավորեց Դավթին, Հրաժարվեց օգնել։ Կարող եք առաջարկել ուսանողներին հետևյալ հատվածները կարդալիս փոխել պատկերված դեմքի արտահայտությունը:
Դասարանի մի կեսին առաջարկեք կարդալ Նաբաղի մասին, իսկ մյուս կեսին՝ Դավթի մասին: Անհրաժեշտության դեպքում ուսանողներին հորդորեք օգտվել ծանոթագրություններից՝ ավելի լավ հասկանալու համար:
-
Կարդացեք Ա Թագավորների 25․3, 14, 17, 25 հատվածները՝ փնտրելով Նաբաղի հատկանիշները։
-
Կարդացեք Ա Թագավորների 25․13, 21–22 հատվածները՝ փնտրելով Դավթի արձագանքը Նաբաղի վիրավորանքներին և նրան, որ Նաբաղը հրաժարվեց օգնել իրեն:
Յուրաքանչյուր խմբից մեկ պատրաստակամ ուսանողի խնդրեք գրել գրատախտակին, թե ինչ սովորեցին իրենց հանձնարարված անձի մասին ուսումնասիրությունից: Օրինակ՝ Նաբաղի դեպքում նրանք կարող են գրել Կոպիտ, Չար, Աննրբանկատ։ Դավթի դեպքում նրանք կարող են գրել Զայրացած, Վիրավորված, Լի վրեժխնդրությամբ։ Ուսանողները կարող են փոխել պատկերված յուրաքանչյուր դեմքի արտահայտությունը՝ արտացոլելու իրենց սովորածը:
Ուսանողներին հնարավորություն տվեք մտածել իրենց անձնական հանգամանքների մասին: Վստահեցրեք նրանց, որ իրենք կարող են չկիսվել այս ինքնագնահատման իրենց պատասխաններով:
Մտածեք հետևյալ հարցերի պատասխանների մասին.
-
Ե՞րբ է որևէ մեկը վատ վերաբերվել ձեզ:
-
Ինչպիսի՞ ջանքեր եք գործադրել, ինչ հաջողությունների եք հասել կամ ինչպես եք պայքարել կամ ներել այդ մարդուն՝ իր վատ վերաբերմունքի համար:
Աբիգեան՝ որպես Քրիստոսի նախատիպ
Նախապատրաստեք ուսանողներին ուսումնասիրել Աբիգեայի մասին՝ ներկայացնելով Քրիստոսի նախատիպը գտնելու ուսումնասիրության հմտությունը: Բացատրեք, որ ուսանողները կարող են փնտրել բաներ, որոնք ասում կամ անում է Աբիգեան, որոնք հիշեցնում են իրենց Հիսուս Քրիստոսի, Նրա դերերի և Երկնային Հոր ծրագրում Նրա առաքելության մասին:
Նաբաղի ծառան իր տիրոջ և Դավթի միջև հակասության ականատեսն էր։ Ծառան տեղեկացրեց Աբիգեային՝ Նաբաղի կնոջը (տես Ա Թագավորների 25․14–17)։ Երբ Աբիգեան իմացավ այս հակասության մասին, նա միջամտեց Նաբաղի անունից և խնդրեց Դավթին ներել Նաբաղին (տես Ա Թագավորների 25․18–20, 23–28)։ Աբիգեային կարելի դիտարկել որպես Քրիստոսի նախատիպ։ Կարող ենք գտնել Քրիստոսի նախատիպերը՝ ուսումնասիրելով սուրբ գրությունները և փնտրելով, թե ինչպես են մարդիկ, առարկաները կամ նույնիսկ իրադարձություններն օգնում մեզ մտածել Քրիստոսի մասին:
Գրատախտակին Դավթի և Նաբաղի դեմքերի նկարների միջև նկարեք երրորդ մարդու դեմքի նկարը: Նշեք այն՝ Աբիգեա։ Ուսանողներին բավարար ժամանակ տրամադրեք՝ անհատապես կամ փոքր խմբերով հետևյալն ուսումնասիրելու համար.
Կարդացեք Ա Թագավորների 25․18–19, 23–28, 31 հատվածները՝ փնտրելով, թե ինչ ասաց կամ արեց Աբիգեան, որը նման է նրան, ինչ ասել կամ արել է Հիսուս Քրիստոսը: Կարող եք նշել ձեր գտածը:
Աբիգեային ներկայացնող դեմքի նկարի տակ գրեք ուսանողների գտածը: Հնարավոր պատասխանները կարող են նման լինել հետևյալին. Տրամադրեց լիառատ աջակցություն (հատված 18), Նաբաղի սխալներն իր վրա վերցրեց (հատված 24), Խնդրեց Դավթին ներել Նաբաղին իր սխալների համար (հատված 28), Աշխատեց Դավթի սրտից հեռացնել վիշտն ու վիրավորանքը (հատված 31)։
-
Ինչպե՞ս է Աբիգեան համարվում Հիսուս Քրիստոսի նախատիպը:
Սփոփող միության գերագույն նախագահությունից քույր Քրիստին Մ. Յին կիսվել է Փրկչի կարողության մասին՝ օգնելու մեզ ներել:
Այս պատմության մեջ Աբիգեային կարելի է դիտարկել որպես Հիսուս Քրիստոսի զորեղ կերպար կամ խորհրդանիշ։ Իր քավիչ զոհաբերության միջոցով Նա կարող է ազատել մեզ զայրույթի և ատելության զգացումների բեռից և ապահովել մեզ անհրաժեշտ աջակցություն։
Ճիշտ այնպես, ինչպես Աբիգեան պատրաստ էր իր վրա վերցնել Նաբաղի մեղքը, Փրկիչը, անըմբռնելիորեն, Իր վրա վերցրեց մեր և նրանց մեղքերը, ովքեր վնասել կամ վիրավորել են մեզ: …
Աբիգեայի կողմից առատությամբ սնունդ և պաշար բերելը կարող է մեզ ուսուցանել, որ նրանց, ովքեր վիրավորվել և վնասվել են, Փրկիչն առաջարկում է այն սնունդն ու օգնությունը, որն անհրաժեշտ է մեզ՝ բժշկվելու և առողջանալու համար։ …
Ճիշտ այնպես, ինչպես Աբիգեան օգնեց Դավթին, որ նա «սրտի համար խղճի խայթ» չունենար [Ա Թագավորների 25․31] և ստանար այն օգնությունը, որն անհրաժեշտ էր, այնպես էլ Փրկիչը ձեզ կօգնի: («Դափնեպսակ՝ մոխրի փոխարեն. Ներման բժշկող ճանապարհը», Լիահոնա, նոյ. 2022, 36– 37)
Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե քույր Յիի խոսքերից ինչն էր կարևոր իրենց համար։ Երբ ուսանողները կիսվեն, կարող եք փոխարինել Աբիգեային ներկայացնող դեմքի նկարը Հիսուս Քրիստոսի պատկերով, որը ցուցադրել եք դասի ժամանակ՝ Փրկչի պատկերը դնելով Նաբաղի և Դավթի դեմքերի նկարների միջև:
-
Փրկիչը ինչպե՞ս է օգնում մեզ ներել մարդկանց։
Կարդացեք Ա Թագավորների 25․32–35 հատվածները՝ փնտրելով, թե Աբիգեայի գործողություններն ինչպես ազդեցին Դավթի վրա:
-
Ի՞ն նմանատիպ զգացողություն կարող ենք ունենալ, երբ ստանանք Փրկչի օգնությունը՝ ներելու մարդկանց:
Հասկացողություն ցուցաբերեք
Ուսանողներին հնարավորություն տվեք արտահայտելու այն, ինչ իրենք հասկանում են Փրկչի կարողության մասին՝ օգնելու իրենց ներել մարդկանց: Դա անելու եղանակներից մեկը հետևյալն է:
Ձեր օրագրում լրացրեք հետևյալը․
-
Նկարեք դեմք, որը ներկայացնում է ձեր զգացմունքները, երբ մարդ վիրավորել կամ ցավ է պատճառել ձեզ:
-
Այդ նկարի կողքին նկարեք դեմք, որը ներկայացնում է այն մարդուն, որը կարող է վիրավորել ձեզ:
-
Երկու նկարների միջև գրեք, թե ինչ եք հասկանում Փրկչի մասին, որը կարող է օգնել ձեզ ներել մարդկանց:
Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ են գրել Փրկչի մասին։ Կարող եք նաև խրախուսել նրանց կիսվել իրենց սովորածով դասարանից դուրս՝ ուրիշների հետ: Դրան ավելացրեք ձեր վկայությունն այն օգնության մասին, որն առաջարկում է մեզ Փրկիչը, երբ մենք ձգտում ենք ներել մարդկանց: