«Ա Թագավորների 15. Ձգտենք պահել Աստծո բոլոր պատվիրանները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ա Թագավորների 15. Ձգտենք պահել Աստծո բոլոր պատվիրանները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ա Թագավորների 8–10, 13, 15–16․ Դաս 72
Ա Թագավորների 15
Ձգտենք պահել Աստծո բոլոր պատվիրանները
Թեև Աստված պատվիրաններ է տալիս՝ մեզ առաջնորդելու և ուրախություն պարգևելու համար, մենք կարող ենք գայթակղություն զգալ՝ արձագանքելու Նրա պատվիրաններին Սավուղի նման: Աստված Սամուել մարգարեի միջոցով Սավուղին և նրա բանակին հատուկ հրահանգներ տվեց՝ ամաղեկացիների հետ նրանց հակասության վերաբերյալ։ Սավուղը և նրա բանակը հետևեցին Աստծո որոշ պատվիրաններին, բայց արդարացի էին համարում չհնազանդվել մյուսներին։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Աստծո բոլոր պատվիրաններին հնազանդվելու ձգտման կարևորությունը:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել այն պատճառների մասին, որոնք մարդիկ կարող են ունենալ՝ ընտրելու չհնազանդվել Աստծո պատվիրաններին: Ուսանողները կարող են գրել իրենց ցանկն իրենց հեռախոսի նոթատետրում կամ թերթիկի վրա: Առաջարկեք նրանց իրենց գրած ցանկը բերել դասարան:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ճաշարանային մոտեցում
Կարող եք սկսել դասը՝ հակադրելով իրավիճակները, երբ մեր ընտրությունը համապատասխանում է նրան, ինչը մեզ դուր է գալիս` այն իրավիճակներին, երբ դա այդպես չէ: Կարող եք ցուցադրել մի քանի տեսակի սննդամթերք կամ մի քանի տեսակի սննդամթերքի նկարներ: Ուսանողներին առաջարկեք պատկերացնել, որ այս ամբողջ սնունդը հասանելի է նրանց՝ ուտելու համար:
-
Ո՞ր մթերքները կընտրեք՝ ուտելու համար: Ո՞րը կնախընտրեք չուտել: Ինչո՞ւ։
Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի այս խոսքերը՝ փնտրելով, թե ինչպես պետք է տարբերվի Աստծո պատվիրաններին հնազանդվելու մեր մոտեցումը նրանից, թե մենք ինչպես ենք ընտրում մեր սնունդը.
[Ունեցեք] հավատք՝ պահելու Աստծո բոլոր պատվիրանները, իմանալով որ դրանք տրված են Նրա զավակներին օրհնելու և նրանց ուրախություն բերելու համար: [Դուք] կհանդիպեք մարդկանց, որոնք ընտրում են, թե որ պատվիրաններն իրենք պետք է պահեն և անտեսում են մյուսները, որոնք նախընտրում են խախտել: Ես դա կոչում եմ հնազանդության ճաշարանային մոտեցում: Զանազանելու և ընտրելու այդ սովորույթն արդյունք չի բերի: Այն կտանի դեպի թշվառություն: Որպեսզի մարդը նախապատրաստվի հանդիպել Աստծուն, պետք է պահի Նրա բոլոր պատվիրանները: Դրանց հնազանդվելու համար հավատք է պահանջվում, իսկ Նրա պատվիրանները պահելը կուժեղացնի այդ հավատքը: («Հավատքով դեմ առ դեմ կանգնեք ապագային», Լիահոնա, նոյեմբեր 2011, 34)
Ուսանողներին առաջարկեք ամփոփել այն, ինչ նախագահ Նելսոնն ուսուցանել է Աստծո բոլոր պատվիրանները պահելու մասին ճշմարտության դրույթում: Օգտագործելով ուսանողների բառերը, օգնեք նրանց բացահայտել հետևյալ ճշմարտությունը․ Աստծո բոլոր պատվիրանները պահելու ձգտումը տանում է դեպի ուրախություն կամ՝ զանազանելն ու ընտրելը, թե Աստծո պատվիրաններից որը պահել, տանում է դեպի թշվառություն։
-
Ինչո՞ւ մարդ կարող է ընտրել չպահել Աստծո որոշ պատվիրաններ:
Մտածեք Աստծո պատվիրաններին հնազանդվելու ձեր անձնական մոտեցման մասին՝ լուռ խորհելով հետևյալ հարցերի շուրջ.
-
Ինչպե՞ս եք արձագանքում, երբ լսում եք մի պատվիրան կամ չափանիշ, որը վստահ չեք, որ ցանկանում եք պահել:
-
Ձեզ համար որքանո՞վ է կարևոր Աստծո բոլոր պատվիրաններին հնազանդվելու ձգտումը:
Այսօրվա ուսումնասիրության ընթացքում խնդրեք Հոգու օգնությունը՝ հասկանալու Աստծո բոլոր պատվիրաններին հնազանդվելու ձգտման կարևորությունը:
Սավուղ թագավորի ընտրությունները
Կարող եք ամփոփել կամ կարդալ հետևյալ պարբերությունը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ Ա Թագավորների 15 բաժինը։
Երբ Տերը Սամուելին ասաց, որ թույլ տա իսրայելացիներին թագավոր ունենալ, Նա պատվիրեց Սամուելին օծել Սավուղ անունով մի երիտասարդի՝ որպես թագավոր (տես Ա Թագավորների 8–10)։ Փղշտացիների հարձակման վտանգի ժամանակ Սավուղը չհնազանդվեց Տիրոջը՝ մատուցելով զոհաբերություն, որն անելու իրավունք չուներ (տես Ա Թագավորների 13․8–9)։ Ապա Սամուելն ուսուցանեց Սավուղին նրա անհնազանդության հետևանքների մասին (տես Ա Թագավորների 13․10–14)։ Գլուխ 15-ում մենք տեսնում ենք նմանատիպ մի օրինակ, երբ Սավուղը ճշգրտորեն չի հետևում Տիրոջ հրահանգներին:
Կարդացեք Ա Թագավորների 15․1–3, 7–9 հատվածները, որտեղ նկարագրված է, որ Տերը Սավուղին և նրա բանակին հատուկ պատվիրաններ է տվել: Կարդալիս ուշադրություն դարձրեք, թե Սավուղն ու նրա բանակը Տիրոջ որ պատվիրանին ընտրեցին հնազանդվել և որին՝ չհնազանդվել:
Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ մենք չգիտենք բոլոր պատճառները, թե Աստված ինչու պատվիրեց Սավուղին և նրա բանակին ոչնչացնել ամաղեկացիներին և նրանց կենդանիներին: Բայց մենք գիտենք, որ Աստված կատարյալ է և սիրում է Իր բոլոր զավակներին, և մենք դեռ կարող ենք արժեքավոր դասեր քաղել Աստծո պատվիրանի վերաբերյալ Սավուղի արձագանքից:
-
Ինչպե՞ս կարող էր նախագահ Նելսոնի ուսուցանած ճշմարտությունն օգնել Սավուղին և նրա բանակին:
Մոտեցումներ և հիմնավորումներ
Հետևյալ ուսումնական վարժությունը կարող է օգնել ուսանողներին հասկանալ այն մոտեցումները և արդարացումները, որոնք կարող են տանել դեպի անհնազանդություն Աստծուն: Ուսանողները կարող են կատարել վարժությունը խմբերով կամ անհատապես:
Ամաղեկացիների հետ պատերազմից հետո Սամուելը խոսեց Սավուղի հետ նրա և նրա բանակի անհնազանդության մասին։
Կարդացեք Ա Թագավորների 15․13–24 հատվածները՝ փնտրելով մոտեցումներ և արդարացումներ, որոնք ազդել են Աստծո պատվիրաններին չհնազանդվելու Սավուղի ընտրության վրա:
Ուսանողները կարող են գրատախտակին գրել այն, ինչ գտել են։ Նրանք կարող են նշել, որ Սավուղը.
-
Սուտ է խոսել իր հնազանդության մասին (հատվածներ 13, 20)։
-
Փորձել է արդարացնել իր անհնազանդությունը (հատվածներ 15, 21)։
-
Մեղադրել է ուրիշներին իր գործողությունների համար (հատվածներ 15, 21)։
-
Հպարտացել է (հատված 17)։
-
Առաջնահերթություն չի տվել ամենակարևոր բանին (հատված 22)։
-
Ուրիշների կարծիքն ավելի վեր է դասել Աստծուն հնազանդվելուց (հատված 24)։
Կարող եք առաջարկել ուսանողներին Մատթեոս 26․36–39 հատվածներում համեմատել Սավուղի մոտեցումներն ու արդարացումները Փրկչի մոտեցումների և գործողությունների հետ։ Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե ինչ սովորեցին հնազանդության մասին Փրկչի օրինակից:
Ապա ուսանողներին բաժանեք խմբերի: Խնդրեք նրանց ստեղծել հետևյալ ցանկը։
Գրեք այն պատվիրանները, որոնց վրա մարդիկ այսօր իրենց նախընտրությամբ կարող են ուշադրություն չդարձնել կամ որոնք կարող են անտեսել:
Խնդրեք յուրաքանչյուր խմբի ընտրել իրենց ցանկում գրված պատվիրաններից մեկը: Հանձնարարեք նրանց ստեղծել մի սցենար, որտեղ դեռահասը կարող է պատվիրանին չհնազանդվելու գայթակղություն ունենալ՝ ընդունելով այն մոտեցումները կամ հիմնավորումները, որոնք ուսանողները բացահայտեցին Ա Թագավորների 15 գլխում։ Կամ կարող եք դիտել «Հավատքով դեմ առ դեմ կանգնեք ապագային» (4:46) ChurchofJesusChrist.org կայքում։ Դադարեցրեք տեսանյութը 1:27-ից և ուսանողներին առաջարկեք օգտագործել երիտասարդ կնոջ իրավիճակը սցենարում: (Ցուցադրեք տեսանյութի մնացած մասը, երբ ուսանողները պատասխանեն հետևյալ հարցերին։)
Օգտագործելով ուսանողների սցենարները՝ նրանց առաջարկեք իրենց խմբի հետ քննարկել հետևյալ հարցերը:
-
Ինչպե՞ս կարող է այդ իրավիճակում հայտնված մարդը գայթակղություն զգալ՝ օգտագործելու այն մոտեցումները կամ հիմնավորումները, որոնք օգտագործում էր Սավուղը:
-
Այս պատվիրանին հնազանդվելու կամ չհնազանդվելու ընտրությունն ի վերջո ինչպե՞ս կարող է տանել դեպի ուրախություն կամ թշվառություն:
-
Ավետարանի հետ կապված ո՞ր ուսմունքները կօգնեին մեզ ընտրել հնազանդվել Աստծուն, եթե մենք լինեինք այդ իրավիճակում:
Աստծո սերը
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն օգնել է մեզ հասկանալ, թե ինչու են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը տալիս մեզ օրենքներ՝ ակնկալելով, որ մենք պետք է հնազանդվենք դրանց.
Հոր և Որդու սերն անհատույց տրվել է մեզ, սակայն այն ներառում է նաև հույսեր և ակնկալիքներ։ … [Մ]եջբերեմ նախագահ Նելսոնի խոսքերը․ «Աստծո օրենքներն ամբողջովին ստեղծված են մեր հանդեպ Նրա անսահման սիրուց և նրա ցանկությունից, որ մենք դառնանք այն, ինչ կարող ենք դառնալ»։
Քանի որ Նրանք սիրում են ձեզ, Նրանք չեն ուզում թողնել ձեզ «այնպիսին, ինչպիսին կաք»։ Քանի որ Նրանք սիրում են ձեզ, Նրանք ուզում են, որ դուք ուրախություն և հաջողություն ունենաք։ Քանի որ Նրանք սիրում են ձեզ, Նրանք ուզում են, որ դուք ապաշխարեք, քանի որ դա է երջանկության ուղին։ Սակայն դա ձեր ընտրությունն է․ Նրանք հարգում են ազատ ընտրության ձեր իրավունքը։ Դուք պետք է որոշեք՝ սիրել Նրանց, ծառայել Նրանց, պահել Նրանց պատվիրանները։ Ապա Նրանք կարող են առատորեն օրհնել ձեզ, ինչպես նաև սիրել ձեզ։ («Աստծո սերը», Լիահոնա, նոյեմբեր 2021, 18)
-
Այս խոսքերի ո՞ր հատվածով կկիսվեք այն մարդու հետ, որը կարծում է, որ Աստծո պատվիրաններն այնքան էլ կարևոր չեն:
-
Աստծո հատուկ պատվիրանը պահելն ինչպե՞ս է օգնել ձեզ «ուրախություն և հաջողություն ունենալ»:
Ընտրեք հնազանդվել Աստծո բոլոր պատվիրաններին
Կարող եք ուսանողներին ասել, որ Աստծո խորհուրդը մերժելու Սավուղի ընտրությունը հանգեցրեց նրան, որ Աստված Սամուելին հրահանգեց գտնել մեկ այլ թագավոր՝ Սավուղի տեղը զբաղեցնելու համար (տես Ա Թագավորների 13․14, 15․28)։
Որպեսզի օգնեք ուսանողներին ցուցաբերել Աստծո պատվիրաններին հնազանդվելու կարևորության մասին իրենց հասկացողությունը, ցուցադրեք հետևյալ հրահանգները:
Ձեր օրագրում կատարեք հետևյալ վարժություններից մեկը․
-
Պատկերացրեք, որ դուք ունեք ընկերներ, որոնք Վերջին Օրերի Սրբեր են և արդարացնում են որոշ պատվիրաններ խախտումը: Նրանք ճնշում են գործադրում ձեզ վրա, որպեսզի դուք էլ անեք նույն բանը: Գրեք, թե ինչ կցանկանաք հիշել այս դասից, որը կօգնի ձեզ հետևել Աստծո պատվիրաններին:
-
Լրացրեք անավարտ պնդումը. Ես ուզում եմ հնազանդվել Աստծո պատվիրաններին, որովհետև ։ Այն, ինչ ես ուզում եմ հիշել այսօրվա իմ զգացածից կամ սովորածից, հետևյալն է ։
Կիսվեք ձեր վկայությամբ այն օրհնությունների մասին, որոնք գալիս են Աստծո բոլոր պատվիրաններին հնազանդվելու ձգտումից: