«Ելք 15, 17. Բացահայտեք Աստծո կողմից տրված ճշմարտությունները սուրբ գրություններում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ելք 15, 17. Բացահայտեք Աստծո կողմից տրված ճշմարտությունները սուրբ գրություններում», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ելք 14–18․ Դաս 46
Ելք 15, 17
Բացահայտեք Աստծո կողմից տրված ճշմարտությունները սուրբ գրություններում
Աստված հաճախ օգտագործում է ֆիզիկական փորձառություններ՝ կարևոր հոգևոր դասեր ուսուցանելու համար: Օրինակ՝ Աստված օգտագործեց իսրայելացիների՝ ջրի և մարտում օգնություն ստանալու կարիքները՝ նրանց և մեզ ուսուցանելու համար։ Վարժություններ կատարելու և Հոգով առաջնորդվելու միջոցով մենք կարող ենք սովորել բացահայտել և կիրառել սուրբգրային պատմությունների հոգևոր ճշմարտությունները մեր կյանքում: Այս դասը կօգնի ուսանողներին սովորել բացահայտել Աստծո կողմից տրված ճշմարտությունները սուրբգրային պատմություններում և կապել այդ ճշմարտություններն իրենց կյանքի հետ:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել այն պատմությունների մասին, որոնք սովորել են Հին Կտակարանից և Թանկագին Մարգարիտից այս կիսամյակի ընթացքում։ Խնդրեք նրանց գալ դասի՝ պատրաստ լինելով կիսվել, թե իրենք ինչպես կարող են ավարտել հետևյալ նախադասությունը. «Ինձ դուր է գալիս այս պատմությունը, քանի որ այն ուսուցանում է ինձ »։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Բացահայտեք ավետարանի ճշմարտությունները սուրբ գրություններում
Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան գտնել և կիսվել ավետարանի տարբեր ճշմարտություններով: Օգտակար կլինի հիշեցնել ուսանողներին, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ավետարանի բոլոր ճշմարտությունների աղբյուրն են: Բացատրեք, որ ավետարանի ճշմարտությունները գտնելու և դրանք կիրառելու ունակությունը, կօգնի մեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:
Դասը սկսեք՝ հարցնելով ուսանողներին, թե իրենք ինչպես կլրացնեն հետևյալ նախադասության մեջ բաց թողնված տեղերը: Եթե օգտակար կլինի տեսողական եղանակով հիշեցնել ձեր ուսումնասիրած պատմություններից մի քանիսը, ցուցադրեք ստորև բերված նկարները: Կամ ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Հին Կտակարանի նկարները Ավետարանի պատկերագիրքում [2009], որը կարելի է գտնել Gospel Library հավելվածի «Տեսանյութեր և նկարներ» բաժնում:
Լրացրեք հետևյալ նախադասությունը՝ օգտագործելով սուրբգրային պատմություններ ձեր ընտրությամբ․
«Ինձ դուր է գալիս այդ պատմությունը, քանի որ այն ուսուցանում է ինձ, որ »:
Երբ պատրաստակամ ուսանողները կիսվեն դասարանի հետ, նրանք կարող են նաև գրատախտակին գրել իրենց բացահայտած ճշմարտությունները: Ճշմարտությունները, որոնցով նրանք կիսվում են, կարող են շարադրվել որպես վարդապետություն, օրինակ՝ «Մենք Աստծո զավակներն ենք» (տես Մովսես 1.1–7): Կամ դրանք կարող են շարադրվել որպես սկզբունքներ՝ կիրառելու համար, օրինակ՝ «Եթե մենք ցանկանանք առաջնորդվել Աստծո կողմից, Նա կմեծացնի Իր աշխատանքը կատարելու մեր կարողությունը» (տես Մովսես 6.31–36): Այն ուսանողներին, որոնք կիսվում են, խնդրեք բացատրել, թե ինչու է իրենց գրած ճշմարտությունը կարևոր իրենց կյանքում:
Որպես ուսուցիչ, աշխատեք ուսանողների յուրաքանչյուր մեկնաբանության վերաբերյալ չարտահայտել ձեր անձնական արձագանքը: Օգտակար կլինի ուսանողներին խնդրել կիսվել, թե ինչ սովորեցին մեկ այլ ուսանողի մեկնաբանությունից: Դա կարող է օգնել ուսանողներին բացահայտել իրենց անձնական մտքերն ու զգացմունքները Սուրբ Հոգու ազդեցության միջոցով: Դրա մասին լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Օգնեք սովորողներին պատասխանատու լինել իրենց ուսման համար» վերնագրով դասընթացը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ [2022] ձեռնարկում։
Երբ ուսանողները կիսվեն, կարող եք նշել, որ կարևոր տարբերություն կա սուրբգրային պատմությունը հավանելու և այդ պատմության մեջ Աստծո կողմից տրված համապատասխան ճշմարտությունները գտնելու միջև: Բացատրեք, որ եթե իրենք սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ աղոթքով փնտրեն Հոգու առաջնորդությունը, Երկնային Հայրը կօգնի գտնել իրենց համար առավել կարևոր ճշմարտությունները:
Երբ ուսանողները կիսվեն, առաջարկեք նրանց խորհել սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության ժամանակ ճշմարտություններ բացահայտելու իրենց ջանքերի մասին: Կարող եք օգտագործել հետևյալ հուշումները։
Հետևյալ հարցերի ձեր պատասխանները գրեք ձեր օրագրում:
-
Սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունն օգնո՞ւմ է ձեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։
-
Որքա՞ն հաճախ եք դուք դադար առնում սուրբ գրությունների ձեր ուսումնասիրության ընթացքում՝ բացահայտելու այն ճշմարտությունները, որոնց վրա, ըստ ձեզ, Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք կենտրոնանաք:
-
Ձգտո՞ւմ եք արդյոք հասկանալ, թե ինչպես են սուրբգրային պատմությունները կիրառելի ձեր կյանքում:
Այսօր Ելք 15 և 17 գլուխներում ներկայացված պատմություններն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք Հոգու ոգեշնչված մտքերին և զգացմունքներին: Փնտրեք տպավորություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի շատ օգուտ ստանալ սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունից:
Ավետարանի ճշմարտությունների բացահայտում Ելք 15, 17 գլուխներում
Դասի այս հատվածում ուսանողները հնարավորություն կունենան բացահայտել և գտնել համապատասխան ճշմարտություններ այն պատմության մեջ, որտեղ նկարագրված է, թե Տերը ինչպես է հոգ տանում անապատում գտնվող իսրայելացիների մասին:
Ուսանողներին բաժանեք զույգերի: Աշխատաթերթի յուրաքանչյուր պատմություն հանձնարարեք ուսումնասիրել նույն թվով զույգերի: Սուրբ գրություններն ուսումնասիրելու ավելի քիչ փորձ ունեցող ուսանողներին հանձնարարեք աշխատել ավելի մեծ փորձ ունեցող ուսանողների հետ:
Համոզվեք, որ քննարկելու և պատրաստվելու համար զույգերին բավականաչափ ժամանակ եք տրամադրել: Կարող եք շրջել դասասենյակով և օգնել ուսանողներին, որոնց կարող է անհաժեշտ լինել մի փոքր լրացուցիչ ուղղորդում տալ:
Ուսումնասիրելու, քննարկելու և նախապատրաստվելու համար բավարար ժամանակ տրամադրելուց հետո զույգերին հնարավորություն տվեք կիսվել իրենց սովորածով: Կախված առկա ժամանակից՝ ուսանողները կարող են կիսվել հետևյալ եղանակներով․
-
Յուրաքանչյուր զույգ կարող է կիսվել այն զույգի հետ, որն ուսումնասիրել է մեկ այլ պատմություն: Այնուհետև նրանք կարող են ևս մեկ անգամ հերթականությամբ կիսվել այն զույգերի հետ, որոնք ուսումնասիրել են մնացած պատմությունները:
-
Զույգերը սկզբում կարող են միասին հավաքվել և կիսվել այն մարդկանց հետ, որոնք ուսումնասիրել են նույն պատմությունը: (Դա կարող է ուսանողներին լրացուցիչ գաղափարներ տալ իրենց պատմության վերաբերյալ:) Այնուհետև ուսանողները կարող են միասին հավաքվել և բաժանվել վեց հոգանոց խմբերի, որոնցից յուրաքանչյուրը պետք է տարբեր պատմություններ ուսումնասիրի:
-
Զույգերը կարող են ամբողջ դասարանին հերթով ներկայացնել այն, ինչ նախապատրաստել են:
Անհատականացրեք դասը
Դասի ավարտին կարող եք օգտագործել հետևյալ հուշումները՝ օգնելու ուսանողներին անհատականացնել իրենց սովորածը:
Հետևյալի վերաբերյալ ձեր մտքերը գրեք ձեր օրագրում.
-
Ըստ ձեզ, Երկնային Հայրը ի՞նչ կցանկանար, որ դուք հիշեիք այս դասից: Ինչո՞ւ։
-
Ինչպե՞ս կարող եք օգտագործել սուրբգրային պատմություններից ճշմարտությունները բացահայտելու հմտությունը սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրության մեջ: Ինչպե՞ս կարող է այս հմտության օգտագործումն ազդել սուրբ գրությունների հետ կապված ձեր փորձառության վրա:
Պատրաստակամ ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց օրագրերում գրածի մի մասով:
Նաև կարող եք հաջորդ դասերի ընթացքում հնարավորություններ փնտրել՝ առաջարկելու ուսանողներին կիսվել ճշմարտություններով, որոնք սովորել են սուրբ գրությունների իրենց անձնական ուսումնասիրությունից: