«Մովսես 7.22–47. Ենովքի տեսիլքը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Մովսես 7.22–47․ Ենովքի տեսիլքը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Մովսես 7. Դաս 17
Մովսես 7․22–47
Ենովքի տեսիլքը
Ե՞րբ եք զգացել Աստծո ողորմածությունը ձեր կյանքում: Տերը Ենովքին ցույց տվեց երկրի պատմության տեսիլքը՝ իր օրերից մինչև Հազարամյակ: Ենովքը խորապես ընկալեց Իր զավակների հանդեպ Երկնային Հոր անհատական սերը: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Աստծո ողորմածությունն ու սերն Իր բոլոր զավակների հանդեպ:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել փորձառությունների և սուրբ գրությունների մասին, որոնք օգնում են իրենց իմանալ, թե ինչպիսին է Երկնային Հայրը: Նրանք կարող են նաև խնդրել ծնողներին, վստահելի ղեկավարներին կամ ընկերներին իրենց հետ կիսվել փորձառություններով կամ սուրբ գրություններով: Ուսանողներին առաջարկեք պատրաստված գալ՝ գաղափարներով կիսվելու համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Փորձեք զգալ Աստծո ողորմածությունն ու սերը
Որպեսզի նախապատրաստեք ուսանողներին ավելին իմանալու Աստծո և Նրա էության մասին, կարդացեք կամ ցուցադրեք հետևյալ սցենարները.
Կալեբը մտածում է՝ արդյոք Աստված հոգ է տանում միայն այն մարդկանց մասին, որոնք անում են այն, ինչ ճիշտ է։
Զոյեն անհանգստանում է, որ Աստված կզայրանա իր մտերիմ մարդու կատարած ընտրության համար: Նա անհանգստանում է, որ Նա կցանկանա պատժել նրան:
Օլիվիան չի կարծում, որ երբևէ զգացել է Աստծո սերը:
-
Այդ մարդիկ ինչո՞ւ կարող են այդպես մտածել։
Ընտրեք այդ սցենարներից մեկը, որպեսզի խորհեք դրա շուրջ այս դասի ընթացքում:
Որպեսզի օգնեք ուսանողներին ընկալել Սուրբ Հոգու ազդեցությունն այս դասի ընթացքում, խրախուսեք նրանց խորհել հետևյալ հարցերի շուրջ.
-
Ի՞նչ գիտեք Երկնային Հոր մասին, որը կարող է օգնել ձեզ, եթե նմանատիպ մտահոգություններ ունենաք:
-
Ի՞նչ հարցեր ունեք Երկնային Հոր մասին։
Օգնություն փնտրեք Տիրոջից, որպեսզի իմանաք և զգաք Նրա սերը ձեր և Իր բոլոր զավակների հանդեպ:
Ենովքի տեսիլքը նրանց մասին, ովքեր երկինք չեն վերցվել
Կարող եք ամփոփել հետևյալը ձեր բառերով.
Հիշեք, որ Տիրոջ օգնությամբ և առաջնորդությամբ Ենովքը հիմնեց Սիոն քաղաքը: Սիոնի ժողովուրդը միասնական էր Տիրոջով, նրանք ապրում էին արդարությամբ և հոգ էին տանում միմյանց մասին (տես Մովսես 7.16–19): Տեսիլքում Տերը ցույց տվեց Ենովքին, որ Սիոնի ժողովրդին կվերցնի երկինք՝ նրանց հավատքի և արդարության շնորհիվ (տես Մովսես 7.20–21): Ենովքը նաև «տեսավ մնացած մարդկանց» (Մովսես 7.22) արտահայտությունը վերաբերում է նրանց, ովքեր մնացել էին երկրի վրա, քանի որ չէին հետևել Փրկչին:
Կարդացեք Մովսես 7.23–26 հատվածները՝ փնտրելով, թե ինչ տեսավ Ենովքը:
-
Ի՞նչ եք սովորեցիք սատանայի մասին։
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է կարևոր իմանալ այդ բաները սատանայի մասին։
Ենովքը տեսնում է, թե ինչպես է Աստված արձագանքում ամբարշտությանը
Այնուհետև Ենովքը գորովագութ փորձառություն ունեցավ՝ տեսնելով, թե Աստված ինչպես է նայում այն մարդկանց, որոնք որոշել էին չհնազանդվել Իրեն:
Կարող եք բացատրել, որ Ենովքը տեսավ Եհովային կամ Հիսուս Քրիստոսին։ Ադամի Անկումից ի վեր Եհովան հայտնվում և խոսում է մարգարեների հետ։ Այս դեպքերում Նա հաճախ այնպես է խոսում, կարծես Նա էր Հայրը: Հոր և Որդու միասնությունն այնպիսին է, որ Փրկչի և Հոր զգացմունքները մեկտեղված են: Հետևաբար, Ենովքի և Եհովայի այս տեսիլքի մասին ուսումնասիրությունը կօգնի ուսանողներին իմանալ նաև Երկնային Հոր մասին:
Հետևյալ հատվածները կարդալիս խրախուսեք ուսանողներին կարդալ դանդաղ, դադարներով, որպեսզի խորհեն իրենց կարդացածի մասին և, անհրաժեշտության դեպքում, կարդան այդ հատվածները մի քանի անգամ: Այս եղանակով կարդալը կօգնի ուսանողներին հրավիրել Հոգուն՝ իրենց Երկնային Հոր մասին ավելին ուսուցանելու համար:
Կարդացեք Մովսես 7.28–33 հատվածները և նշեք բառեր կամ արտահայտություններ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ ճանաչել և հասկանալ Երկնային Հորը:
-
Ի՞նչ սովորեցիք Աստծո մասին այս հատվածներից:
Կարող եք գրատախտակին գրել «Աստված …» անավարտ նախադասությունը և խնդրեք ուսանողներին ավարտել այն ըստ իրենց սովորածի: Խրախուսեք նրանց ներկայացնել տարբեր պատասխաններ: Որոշ պատասխաններ կարող են ներառել.
-
խորապես սիրում է մեզ (հատվածներ 28–33):
-
ստեղծել է տիեզերքը, որն այնուամենայնիվ, հասանելի է մեզ (հատված 30):
-
արդար է, ողորմած և բարի (հատված 30):
-
տվել է մեզ կամքի ազատություն (հատված 32):
-
ցանկանում է, որ մենք սիրենք միմյանց (հատված 33):
-
ցանկանում է, որ մենք ընտրենք Իրեն (հատված 33):
Երբ ուսանողները կիսվեն իրենց գտած նյութով, տվեք հետևյալ լրացուցիչ հարցերը.
-
Երկնային Հոր մասին այդ ճշմարտությունն ինչո՞ւ է իմաստալից ձեզ համար:
-
Այդ ճշմարտության իմացությունն ինչպե՞ս կօգնի ձեր ընտրած իրավիճակում հայտնված մարդուն: Ինչպե՞ս կարող է դա օգնել ձեզ։
Օգտագործելով Ենովքի փորձառությունը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է, որ Փրկիչը ցույց է տալիս մեզ, թե ինչպիսին է Երկնային Հայրը և որքան է Նա սիրում մեզ: Նա կիսվել է Երկնային Հոր մասին հետևյալ գաղափարներով.
Մարդկությանը հայտնի մեծագույն տեսիլքներից մեկում, երբ Ենովքին տրվեց տեսնելու մահկանացու կյանքի թե օրհնությունները և թե մարտահրավերները, նա իր հայացքը սևեռեց Հորը և ցնցվեց, երբ տեսավ Նրան արտասվելիս։ Նա զարմացած ու հիացած հարցնում է տիեզերքի ամենազոր Էակին․ «Ինչպե՞ս է, որ դու արտասվում ես»: …
Լոկ այդ գրավիչ տեսարանն ավելին է ուսուցանում Աստծո ճշմարիտ էության մասին, քան որևէ աստվածաբանական քննախոսություն երբևէ կարող է հաղորդել։ …
Ինչպիսի անմոռանալի փաստ, որ Աստված ներգրավված է մեր կյանքում։ Ինչպիսի տառապանք ծնողի համար, երբ Նրա զավակները չեն ընտրում Իրեն, ոչ էլ «Աստծո ավետարանը», որը Նա ուղարկել է։ [Հռովմեացիներին 1․1] Որքան հեշտ է սիրել մեկին, ով այդքան շատ է սիրում մեզ։ …
Այս օրը ես վկայում եմ անձնական և ապրող Աստծո մասին, ով գիտի մեր անունները, լսում և պատասխանում է աղոթքներին և հավերժ փայփայում է մեզ՝ Իր ոգու զավակներին: («The Grandeur of God», Լիահոնա, նոյ. 2003, 72)
Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե նախագահ Հոլլանդի խոսքերից ինչը տպավորեց իրենց։
Կարող եք գրատախտակին գրել հետևյալ հարցերը։ Ուսանողներին առաջարկեք քննարկել հետևյալ հարցերը փոքր խմբերով։ Նրանց առաջարկեք նաև քննարկել, թե այս գաղափարներն ինչպես կարող են կիրառել դասի սկզբում ընտրված սցենարների համար: Երբ ուսանողները պատասխանեն, շրջեք սենյակով և լսեք նրանց պատասխաններից մի քանիսը:
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է Երկնային Հայրն արտասվում, երբ մենք չենք սիրում միմյանց:
-
Նա ինչո՞ւ է արտասվում, երբ մենք չենք ընտրում հետևել և սիրել Իրեն:
-
Սատանան ո՞ր ստերին կցանկանար, որ մենք հավատայինք մեր հանդեպ Աստծո զգացմունքների վերաբերյալ:
Երբ ուսանողները քննարկեն այս հարցերը, կարող եք հարցնել, թե դրանց վերաբերյալ ինչ են իրենք լսել մեկ այլ ուսանողից, որն օգտակար կլինի կիսվել ամբողջ դասարանի հետ: Դա թույլ կտա ուսանողներին վերանայել պատասխանները՝ նաև գովելով միմյանց իրենց պատասխանների համար: Կարող եք նաև նշել ձեր լսած օգտակար պատասխանները:
Ենովքը տեսնում է Փրկչի կյանքն ու առաքելությունը
Այնուհետև Տերը ցույց տվեց Ենովքին, որ երկրի վրա մնացած մարդիկ, որոնք չեն ապաշխարել, կկործանվեն ջրհեղեղից (տես Մովսես 7.34–44): Ի պատասխան, Ենովքն արտասվեց։ Այնուհետև Տերը մխիթարեց Ենովքին՝ ասելով. «Բարձրացրու սիրտդ և ուրախացիր. և նայիր» (Մովսես 7.44):
Կարդացեք Մովսես 7.44–47 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչ ցույց տվեց Ենովքին՝ նրան մխիթարելու համար: Օգտակար կլինի իմանալ, որ «Արդարը» (հատվածներ 45 և 47) տիտղոս է Հիսուս Քրիստոսի համար:
-
Ըստ ձեզ, այս բաները տեսնելով, Ենովքի հոգին ինչո՞ւ պետք է ուրախանար (հատված 47):
-
Ուղարկելով Հիսուս Քրիստոսին՝ Հայրն ինչպե՞ս է ցույց տալիս Իր ողորմածությունն ու սերը:
Եթե օգտակար լինի, կարող եք քննարկել, թե Փրկիչն ինչպես է օգնելու Աստծո բոլոր զավակներին, նույնիսկ այն մարդկանց, որոնք ամբարիշտ էին և կործանվեցին ջրհեղեղի ժամանակ: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ թեև ամբարիշտները կործանվեցին ջրհեղեղի ժամանակ և պետք է տառապեն իրենց մեղքերի համար հոգիների աշխարհում, իրենք դեռ կարող են ապաշխարել Փրկչի միջոցով (տես Մովսես 7.38–39, Ա Պետրոս 3.18–20):
Զգացեք Աստծո սերը
Դասի ավարտին ուսանողներին առաջարկեք փնտրել Սուրբ Հոգու օգնությունը՝ հետևյալ վարժությունները կատարելիս: Որպես այլընտրանք, ուսանողները կարող են գրել իրենց ծանոթ մարդուն, որին անհրաժեշտ է զգալ Երկնային Հոր ողորմածությունն ու սերը:
Նամակ գրեք՝ օգնելու դասի սկզբում ձեր ընտրած սցենարի մարդուն: Ձեր նամակում ներառեք հետևյալը.
-
Այն, ինչ սովորեցիք Մովսես 7 գլխից Երկնային Հոր ողորմածության և սիրո մասին: Ներառեք հատուկ արտահայտություններ կամ հատվածներ, որոնք, ըստ ձեզ, հատկապես կարևոր կլինեն նրա համար:
-
Այլ սուրբ գրություններ կամ փորձառություններ, որոնք օգնել են ձեզ զգալ Աստծո ողորմածությունն ու սերը:
-
Այն լրացուցիչ գաղափարները, որոնք, ըստ ձեզ, կարող են օգնել այդ մարդուն զգալ Աստծո սերը:
Ավարտեք՝ առաջարկելով ուսանողներին կիսվել իրենց մտքերով, փորձառություններով և զգացմունքներով: Կարող եք ավելացնել Աստծո սիրո մասին ձեր վկայությունը: