«Մովսես 7․1–21․«Տերը Իր ժողովրդին կոչեց Սիոն», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Մովսես 7․1–21․ «Տերը Իր ժողովրդին կոչեց Սիոն», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Մովսես 7. Դաս 16
Մովսես 7.1–21
«Տերը Իր ժողովրդին կոչեց Սիոն»
Աստված Ենովքին կանչեց որպես մարգարե, որպեսզի նա քարոզի ավետարանի ուղերձը: Մարդիկ, որոնք որոշեցին հետևել Ենովքին, հավաքվեցին միասին, և Տերը պաշտպանեց նրանց իրենց շրջապատող ամբարշտությունից: Նրանք ի վերջո ստեղծեցին երջանիկ և սուրբ քաղաք, որը Տերը կոչեց «Սիոն» (Մովսես 7.18): Այս դասը կօգնի ուսանողներին զարգացնել քրիստոսանման հատկանիշներ, որ ունեին Ենովքը և նրա ժողովուրդը:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել իրենց նախորդ օրվա մասին և այն մասին, թե իրենց գործողություններն ինչպես կարող են ազդել այլ մարդկանց վրա։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Զորություն՝ փոխկապակցված արմատների միջոցով
Կարող եք դասը սկսել՝ օգնելով ուսանողներին ճանաչել այն զորությունը, որը կարող է գալ ուրիշների հետ միասնությունից: Դա անելու եղանակներից մեկը ներկայացված է ստորև:
-
Ըստ ձեզ, ինչպիսի՞ բարձրության կարող է հասնել ամենաբարձր ծառատեսակը:
Աշխարհի ամենաբարձր ծառերը կարմրափայտ ծառերն են: Դրանք կարող են հասնել մինչև ավելի քան 300 ֆուտ (92 մ) բարձրության։
-
Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինեն կարմրափայտ ծառի արմատները, որպեսզի սնուցեն այդպիսի բարձրահասակ ծառը։
Զարմանալի է, սակայն կարմրափայտ ծառի արմատներն ընդամենը 3–6 ֆուտ (1–2 մ) խորություն ունեն։ Այնուամենայնիվ այդ արմատները տարածվում են մի քանի հարյուր ֆուտ տարածքի վրա (ավելի քան 100 մետր) և միահյուսվում են այլ ծառերի արմատներին: Այս փոխկապակցումը հնարավորություն է տալիս կարմրափայտ ծառերին հարյուրամյակներ ամուր կանգնել քամիների և ջրհեղեղների դեմ (տես Ռիչարդ Հ. Վինքել, «Web of Friendship», New Era, օգոստոս 2003 թ․, 10–11)։
-
Ըստ ձեզ, ի՞նչ կարող ենք սովորել կարմրափայտ ծառից, որը կարող է ազդել մեր ընտանիքների, դպրոցների և ծխերի կամ ճյուղերի վրա:
-
Ըստ ձեզ, ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք զորություն գտնենք ոչ միայն Իր մեջ, այլ նաև մեզ շրջապատող մարդկանց մեջ:
Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել, թե որքան լավ են կապված իրենք շրջապատող մարդկանց հետ, առաջարկեք նրանց պատասխանել հետևյալ հարցերին իրենց օրագրերում.
-
Ինչպե՞ս են ուրիշներն օգնում և աջակցում ձեզ, հատկապես Փրկչին ավելի շատ մոտենալու ձեր ջանքերում: (Դա կարող է լինել ձեր ընտանիքում, ծխում կամ ճյուղում, ընկերների շրջապատում, համայնքում և այլն:)
-
Ինչպե՞ս եք փորձում աջակցել ուրիշներին և օգնել նրանց ավելի շատ մոտենալ Փրկչին:
Երբ ուսանողներն ուսումնասիրեն այս դասը, առաջարկեք նրանց ուշադիր լինել Սուրբ Հոգուց ստացած տպավորությունների հանդեպ: Սուրբ Հոգին կարող է ուսուցանել նրանց, թե ինչպես կարող են մեծացնել իրենց զորությունն Աստծո և իրենց շրջապատող մարդկանց հետ միասին:
Զորությունը Սիոնում
Տեսիլքում Տերը կանչեց Ենովք մարգարեին՝ մի քանի քաղաքներում ապաշխարություն և մկրտություն քարոզելու համար: Մարդիկ, որոնք հետևեցին Ենովքին, հավաքվեցին միասին։
Կարդացեք Մովսես 7.13, 16–17 հատվածները՝ փնտրելով հակադրություններ Տիրոջը հետևել ձգտող մարդկանց և նրանց դեմ պայքարող մարդկանց միջև։
-
Ի՞նչ տպավորություններ ունեցաք այն օրհնություններից, որոնք Տերը տվել էր այն մարդկանց, որոնք ջանում էին հետևել Իրեն:
Որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչով էր առանձնանում Տիրոջ ժողովրդը, կարդացեք Մովսես 7.18–21 հատվածները։ (Օգտակար կլինի նշել, որ լինել անիծված նշանակում է զրկվել օրհնություններից՝ ոչ արդար լինելու պատճառով: Տես նաև «Անեծք, անեծքներ» Սուրբ գրքերի ուղեցույցում:)
Մովսես 7.18 հատվածը վարդապետության սերտման հատված է: Առաջարկեք ուսանողներին նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել:
Օգնեք ուսանողներին հասկանալ, իրենց սովորածը: Դա անելու համար կարող եք առաջարկել նրանց իրենց օրագրերում նկարել հատված 18-ում իրենց սովորածի պարզ պատկերը։ Այնուհետև ուսանողները կարող իրենց դասընկերների, փոքր խմբերի կամ դասարանի հետ կիսվել, թե ինչ են նկարել և ինչու են դա նկարել:
-
Ի՞նչ սովորեցիք Տիրոջ ժողովրդի մասին հատված 18-ում:
-
Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում «մեկ սիրտ և մեկ միտք ունենալ»:
Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը՝ Տիրոջ ժողովրդը ձգտում է միասնական լինել, արդար ապրել և հոգ տանել իրենց մեջ գտնվող աղքատների մասին։ Կարող եք նշել, որ դրանք նաև Փրկչի հատկանիշներն են: Դառնալ Տիրոջ ժողովուրդը նշանակում է ավելի շատ նմանվել Նրան:
Դառնալ Տիրոջ ժողովուրդը
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես լինել միասնական, արդար ապրել և հոգ տանել կարիքի մեջ գտնվող մարդկանց մասին, խնդրեք նրանց փոքր խմբերով աշխատել հետևյալ աշխատաթերթի վրա: Նրանք կարող են օգնել և աջակցել միմյանց վարժությունը կատարելու ողջ ընթացքում: Ստորև բերված են աշխատաթերթն օգտագործելու երկու եղանակ.
-
Ուսանողներին առաջարկեք բաժանել աշխատաթերթի հատվածներն իրենց խմբի անդամների միջև, որպեսզի յուրաքանչյուր ուսանող ինքնուրույն ուսումնասիրի իր հատվածը: Իրենց հատվածի ուսումնասիրությունն ավարտելուց հետո ուսանողները կարող են կիսվել իրենց սովորածով:
-
Աշխատաթերթի հատվածների պատճենները փակցրեք պատերին և առաջարկեք փոքր խմբերով շրջել սենյակով՝ միասին ուսումնասիրելով յուրաքանչյուր հատված:
Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց սովորածով և ուսումնասիրածով, որը կարևոր էր իրենց համար: Կարող եք նաև հարցնել, թե խմբերով աշխատելն ինչպես է մեծացնում ուսանողների հասկացողությունը:
-
Փրկիչն ինչպե՞ս Սիոնի հատկանիշների օրինակ հանդիսացավ Իր կյանքի ընթացքում։
Սիոնի քրիստոսանման հատկանիշների օրինակ ցուցադրելու համար կարող եք կիսվել «Charity: An Example of the Believers» (4:50) տեսանյութով, որը հասանելի է Gospel Library հավելվածում: Կարող եք առաջարկել ուսանողներին փնտրել, թե ինչպես այդ երիտասարդ կանայք Սիոնի օրինակ հանդիսացան:
Ծրագիր կազմեք
Ուսանողներին առաջարկեք մտածել այն տպավորությունների մասին, որ ունեցան դասի ընթացքում և գրել հետևյալ հարցերի պատասխաններն իրենց օրագրերում.
-
Ըստ ձեզ, Սիոնի ո՞ր քրիստոսանման հատկանիշը կարող եք զարգացնել ձեր կյանքում: (Դա կարող է լինել տանը, եկեղեցում կամ այլ մարդկանց հետ:)
-
Ի՞նչ եք անելու այս շաբաթ, որպեսզի ամրապնդեք քրիստոսանման այդ հատկանիշը: (Դա կարող է Երեխաների և երիտասարդների զարգացման ծրագրում ձեր մասնակցության և նպատակների մաս կազմել:)
Մտապահեք
Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում մտապահել վարդապետության սերտման հղումը և սուրբգրային հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: «Մովսես 7.18» հատվածի սուրբգրային հիմնական արտահայտությունն է՝ «Տերը իր ժողովրդին կոչեց Սիոն, որովհետև նրանք մեկ սիրտ և մեկ միտք ունեին»: Մտապահելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: