Ծառայություն. «Ինչ-որ բանի փոխարեն», թե՞ «ինչ-որ բանի համար»։
Մի օր ես հաղորդագրություն ստացա մի միսիոներից, որի մայրենի լեզուն անգլերենն էր: «Ողջու՛յն: Կարո՞ղ եք ծառայություն մատուցել և մի բան անել իմ փոխարեն», - հարցնում էր նա: Ես անմիջապես հիշեցի մանկական մուլտֆիլմից մասեր, որտեղ կախարդական արկղից երկու հեքիաթային հերոսներ կատարում էին տիրոջ բոլոր պատվերները և նույնիսկ նրա փոխարեն թխվածքաբլիթներ ուտում: Բայց հետո հասկացա, որ ամբողջ իմաստը ռուսերեն նախդիրների մեջ է՝ «փոխարեն» և «համար», որոնք անգլերենում ներկայացված են մեկ բառով: Այնուհետև, ես առաջին անգամ մտածեցի, թե իրականում ինչ տարբերություն կա «արա ինձ համար» և «արա իմ փոխարեն» արտահայտությունների միջև, և ո՞րն է ավելի շատ համապատասխանում ծառայություն հասկացությանը:
Հիսուսը ծառայում էր բոլոր մարդկանց: Նա մանկուց օգնում էր Մարիամին և Հովսեփին, տիրապետում էր ատաղձագործությանը, «զարգանում էր իմաստութիւնով եւ հասակով» (Ղուկաս 2.52), և եթե ցանկանում ենք նմանվել Նրան, ապա պետք է ծառայենք Նրա օրինակով: Դա անելու համար մենք պետք է ինքներս պատասխանենք մի քանի հարցի:
Ո՞ւմ էր օգնում Հիսուսը: Աստված աչառ չէ, և ոչ էլ Որդին: Հիսուսն օգնում էր ոչ միայն պալատականներին և այն մարդկանց, ովքեր բարի էին Իր հանդեպ, ոչ միայն կրթված ուսուցիչներին, այլ նաև հասարակության կողմից մերժածներին՝ մաքսավորներին, պոռնիկներին, բորոտներին և հաշմանդամներին: Նա գիտեր մարդկանց մտքերը, գիտեր նրանց հավերժական ներուժը և, ամենակարևորը, սիրում էր նրանց: Տերը խնդրում է մեզ հետևել Իր օրինակին. «Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք» (Հովհաննես 13.34–35): Սերը դրսևորվում է գործով, և բարության լուռ արարքը հաճախ «սիրո» ավելի մեծ զգացում է բերում, քան գեղեցիկ սիրային բանաստեղծությունը, որը չի աջակցվում ոչնչով:
Հեշտ է սիրել նրանց, ովքեր սիրում են մեզ: Հիսուսը աղոթեց նրանց համար, ովքեր խաչեցին Իրեն: Մենք ինքներս հաճախ «չգիտենք, թե ինչ ենք անում» և, հետևաբար, պետք է ներողամտությամբ վերաբերվենք ուրիշների սխալներին՝ առանց դատապարտելու: Թագավոր Բենիամինն ասել է, որ երբ կարծում ենք, որ «[օգնություն խնդրող անձի պատիժներն] արդար են» (Մոսիա 4.16-19), մենք իրականում մեղք ենք գործում:
Ե՞րբ էր օգնում Հիսուսը: Երբ մկրտվում ենք, մենք խոստանում ենք «կրելու մեկ[ս] մյուսի բեռը» (Մոսիա 18.8): Հիսուսը միշտ գիտեր, թե Իր օգնությունն իսկապես երբ է պետք, և այն չէր պարտադրում: Նա տեսնում էր մարդկային սրտերի ցանկությունները, Նա չէր բժշկում Իրեն հանդիպած բոլոր հաշմանդամ, կույր անհատներին, քանի որ գիտեր՝ նրանք իսկապե՞ս ցանկանում էին բժշկվել, թե՞ ոչ: Նա իրականում ընկալեց կույր մարդու՝ իր տեսողությունը վերագտնելու ցանկության փաստը, որը սովոր էր մուրացկանություն անել իր ծնունդից սկսած: Նա գիտեր՝ արդյոք այդ մարդն իսկապես ցանկանում էր իր կյանքի փոփոխությունը: Հիսուսը չէր որոշում մարդկանց փոխարեն, նա սպասում էր նրանց օգնության խնդրանքին, բայց միշտ պատրաստ էր օգնել: Պատահական չէ, որ «խնդրիր և կստանաս» կոչը այդքան հաճախ է հնչում սուրբ գրություններում: Նրանք, ովքեր գալիս էին Նրա մոտ, օգնություն և բժշկում էին ստանում, իսկ ովքեր դեմ էին Նրան, Նա ոչինչ չէր պարտադրում: Հիսուսը ցանկանում է, որ մենք սովորենք՝ ինչպես օգնություն խնդրել: «Սպասավորել նրանց, ովքեր ֆինանսական դժվարություններ ունեն» հոդվածում (Լիահոնա, 2021 թ. փետրվար) կարդում ենք. «Եղի՛ր զգայուն և մի՛ անցիր սահմանները՝ փորձելով պարտադրել քո օգնությունը ուրիշներին, որքան էլ բարի լինեն նպատակներդ»:
Հիսուսը ծառայում էր նույնիսկ այն ժամանակ, երբ Նրա ուժը սպառվում էր: Երբ Նա գնաց լեռները՝ վերականգնվելու և Հոր աջակցությունը ստանալու և ճանապարհին հանդիպեց տառապող մարդկանց, Նա մոռացավ Իր մասին և օգնեց նրանց, իսկ հետո շարունակեց ճանապարհը, ինչպես սամարացին Իր առակից, որը թողեց իր բոլոր գործերը և օգնեց վիրավոր մարդուն: Ինձ դուր է գալիս Եկեղեցու ղեկավարներից մեկի հայտարարությունը. «Երբ մենք օգնում ենք մարդկանց լուծել իրենց խնդիրները, Աստված լուծում է մեր խնդիրները»: Դա այնքան ճշմարիտ է:
Ինչպե՞ս էր օգնում Հիսուսը: Ինչպե՞ս կարող ենք ծառայել: Հիսուսը բժշկեց, աջակցեց և մխիթարեց: Սպասավորության վերաբերյալ նույն հոդվածում մենք գտնում ենք հետևյալ բառերը. «Փող տալը յուրաքանչյուր ֆինանսական խնդրի պատասխանը չէ: Հաճախ ժամանակը, սերը կամ ծառայության այլ գործողությունները ավելի իմաստալի լուծումներ են: Օրինակ՝ երեխաներին հետևելու կամ բակում աշխատելու հարցում օգնելու առաջարկը կարող է խնայել երեխաների խնամքի կամ բակի խնամքի ծախսերը: Բացի այդ, անձնական կապը ևս կարող է աջակցող ու ամոքիչ լինել» (Լիահոնա, 2021 թ. փետրվար): Այս խոսքերը ինձ ստիպեցին մտածել. իսկ ինչ, եթե ես պարզապես «վճարեմ» կարիքավորներին՝ նրանց անձամբ աջակցելու և սիրելու փոխարեն:
Երբ տեղին էր և հնարավոր, Հիսուսը միայնակ էր օգնում: Այլ դեպքերում Նա խնդրում էր Իր աշակերտներին ծառայել մարդկանց: Եթե մենք տեսնում ենք, որ ինչ-որ մեկը օգնության կարիք ունի, և մենք ի վիճակի ենք օգնել, այդ հնարավորությունը չպիտի թողնենք ղեկավարների կամ այլ մարդկանց վրա, քանի որ մենք բոլորս «Տիրոջ ձեռքերն» ենք, և ոչ միայն «Տիրոջ բերանը»:
Հիսուսն օգնում էր պատրաստակամորեն և «[չէր ձանձրանում] բարին գործելուց», (Վարդապետություն և Ուխտեր 64.33): Երկու որդիների առակում մի որդին խոստացավ օգնել հորը և չգնաց, իսկ երկրորդը սկզբում հրաժարվեց, բայց հետո օգնեց: Վարդապետություն և Ուխտեր գրքում կարդում ենք. «Ահա, Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը. և պատրաստակամն ու հնազանդը կճաշակեն Սիոնի հողի բարիքն այս վերջին օրերին» (Վարդապետություն և Ուխտեր 64.34):
Երբ սովորում ենք Հիսուսի սպասավորության մասին, մենք կարող ենք սովորել լավ ծառայել: Մեր ծառայության միջոցով մենք կարող ենք սփոփել, մխիթարել և Աստծո սերն ու մեր սերը հասցնել նրանց, ում ծառայում ենք: Ծառայությունն օգնում է մեզ աճել և կատարելագործվել Աստծուն հաճելի ձևով: Եվ, անկասկած, ժամանակի և ջանքերի ցանկացած զոհաբերություն արժանի է դրան: