2021
Ի՞նչ է սպասավորությունը
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


Ի՞նչ է սպասավորությունը

Հիսուս Քրիստոսի Եկեղեցում քահանայություն կրողները սպասավորում են անդամներին՝ զանգահարելով կամ այցելելով նրանց, հետաքրքրվելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի կարիքներով, հարցնելով՝ արդյոք հիվանդ են, իսկ հետո նրանց անհրաժեշտ օգնություն ցույց տալով:

Ինչպե՞ս են մեր ճյուղի անդամները սպասավորում միմյանց

Վերջերս պատերազմ է տեղի ունեցել, և եկեղեցիները ժամանակավորապես փակ են, բայց մենք դեռևս քահանայության ծառայություն ենք մատուցում բոլոր անդամներին: Քահանայության յուրաքանչյուր կրողի նշանակվում է մի զուգընկեր, և նրանք միասին սպասավորում են մի խումբ ընտանիքների, որոնց համար իրենք են պատասխանատու: Նրանք պարբերաբար կապ են հաստատում այդ ընտանիքների հետ, և քանի որ ներկայումս վիրուսի պատճառով դժվարանում է անձնական շփումը, նրանք դա հաճախ իրականացնում են հեռախոսազանգի միջոցով: Ապա ճյուղի նախագահին հայտնում են ընտանիքների խնդիրների և կարիքների մասին: Մենք փորձում ենք սպասավորող զույգ նշանակել բոլոր անդամներին: Սպասավորողները նաև փորձում են օգնել իրենց հանձնարարված ընտանիքներին ստանալ հաղորդություն, եթե տանը քահանայություն կրող չկա: Սպասավորողները փորձում են հիշել ընտանիքի անդամների անունները, ծննդյան օրերը: Նրանք միշտ պետք է տեղյակ լինեն նրանց աշխատանքային իրավիճակի մասին, քանի որ այս օրերին շատ մարդիկ գործազուրկ են: Կորոնավիրուսը շատ բան փոխեց և շատ բան դժվարացրեց անդամների կյանքում: Մեր անդամներից մեկը լրջորեն տուժեց վիրուսից, և մեր ճյուղի անդամները ծոմ պահեցին նրա համար: Դրանից հետո նա ապաքինվեց:

Ինչպե՞ս է իմ ընտանիքը սպասավորում ուրիշներին։

Որպես ճյուղի նախագահ, ես անձամբ ամեն օր փորձում եմ այցելել կամ զանգահարել որևէ ընտանիքի:

Սակայն սպասավորությունը չի վերաբերում միայն անդամներին: Դուստրս՝ Ստեֆանին, դպրոցում մի ընկեր ունի, որի ընտանիքը շատ աղքատ է: Մենք չէինք ճանաչում այդ ընտանիքին, բայց Ստեֆանին մեզ պատմեց նրանց վիճակի մասին. նրանք չափազանց աղքատ էին և ոչինչ չունեին Սուրբ ծնունդը և Նոր տարին դիմավորելու համար: Ստեֆանին հարցրեց՝ կարո՞ղ ենք նրանց հրավիրել մեր տուն՝ մեզ հետ նշելու Սուրբ ծնունդը և Նոր տարին: Նրանք եկան, և մենք միասին հիանալի ժամանակ անցկացրինք: Նրանք զարմացան, որ մենք ալկոհոլային խմիչք չօգտագործեցինք: Նրանք մեծ բավականություն ստացան այցելությունից, և դա հրաշալի ու անմոռանալի Ամանոր էր:

Ինչպե՞ս է եկեղեցին սպասավորում համայնքին:

Պատերազմի օրերին եկեղեցին սնունդ և հագուստ էր տրամադրում այն ընտանիքներին, ովքեր գաղթել էին Արցախից՝ պատերազմական գոտուց:

Մեր համայնքի մարդիկ երբեմն բացասական կարծիք ունեն մեր և մեր Եկեղեցու մասին, բայց երբ նրանք տեսնում են, թե մենք ինչպես ենք ծառայում միմյանց, նրանց կարծիքները հաճախ փոխվում են:

Դժվար պահերին Սփոփող միության քույրերը կանգնած են Եկեղեցու և համայնքի կողքին՝ ծառայություն և օգնություն տրամադրելու համար: