2021
Սպասավորության օրհնությունը ծառայության միջոցով
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


Սպասավորության օրհնությունը ծառայության միջոցով

Երբ միսիոներները հեռանում են տնից և ընտանիքից, նրանք պատկերացնում են, թե իրենց ծառայությունը ինչպես կփոխի ուրիշների կյանքը: Իսկ վերադառնալիս նրանք հաճախ են պատմում, թե միսիան ինչպես է փոխել իրենց կյանքը, ինչ են իրենք սովորել, որքան շատ են մոտեցել Երկնային Հորը՝ սովորելով ավելի լավ լսել Նրան և տարբերակել Սուրբ Հոգու ազդեցությունը:

Սա ուրիշներին սպասավորելու անհավատալի ուժն ու հրաշքն է: «Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17): Եվ Աստծուն ծառայելով՝ մենք թույլ ենք տալիս, որ Նա բարեփոխի մեզ, և մենք ավելի նմանվենք մեր Փրկիչին: Երկնային Հոր մեծ իմաստությունը կա ծառայության միջոցով կատարվող սպասավորության մեջ: Միայն սովորելով հոգ տանել Նրա զավակների՝ մեր եղբայրների և քույրերի մասին, մենք կարող ենք ավելի լավ հասկանալ Նրա ծրագիրն ու Նրա պատվիրանները և գտնել այնպիսի սեր, ինչպիսին Նրա սերն է մեր հանդեպ: Երբ սկսում ենք սիրել ուրիշներին, մենք գիտակցում ենք Նրա սիրո խորությունը: Առանց մերձավորի հանդեպ սիրո անհնար է զգալ Ավետարանի իրական ուրախությունը:

Մորոնի 7.46-47-ում մենք կարդում ենք. «Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ, եթե դուք չունեք գթություն, դուք ոչինչ եք, քանզի գթությունը երբեք չի խափանվում: Ուստի, հարե՛ք գթությանը, որը բոլորից մեծ է, քանզի բոլոր բաները պիտի խափանվեն, Բայց գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, և այն տևում է հավերժ. և ով որ օժտված լինի դրանով վերջին օրը, նրա համար լավ կլինի»: Ծառայելով մարդկանց՝ մենք կարող ենք զգալ Քրիստոսի մաքրամաքուր սերը: Թանկագին Մարգարիտ սուրբ գրության Մովսեսի գրքում մենք կարդում ենք մի հիանալի ժողովրդի մասին, ովքեր այնքան արդար էին, որ Աստված վերցրեց [նրանց] իր ծոցը» (Մովսես 7.69): Ինչո՞ւ նրանք այդքան մոտեցան Աստծուն: Գուցե պատասխանը կարելի է գտնել յոթերորդ գլխի 18-րդ հատվածում. «Որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ»:

Դուք կարող եք նման սեր, ողորմություն և ծառայություն զարգացնել ձեր մերձավորի հանդեպ՝ սպասավորելով ծառայության միջոցով: Երկնային Հայրը ուսուցանում է այս հավերժական սկզբունքները՝ մեզ հնարավորություն տալով կատարել մեր ծխերի և ճյուղերի եղբայրներին ու քույրերին ծառայելու Իր հանձնարարականը: Սպասավորելով ծառայության միջոցով՝ մենք կարող ենք դառնալ «մեկ սրտի և մեկ մտքի», մենք կարող ենք կառուցել Սիոնը՝ ձեռք բերելով Քրիստոսի մաքուր սերը, հոգալով միմյանց մասին, ծառայելով և պարզապես պահպանելով անկեղծ բարեկամություն: Մենք կարող ենք սեր զարգացնել մեր բոլոր մերձավորների հանդեպ, ոչ միայն մեր ընկերների, այլև առաջին հերթին Եկեղեցու այն անդամների հանդեպ, ովքեր, գուցե, ծանոթ չեն մեզ:

Սպասավորությունը շատ նման է միսիոներական ծառայությանը: Ծառայելով ուրիշներին՝ մենք կարծում ենք, որ ինչ-որ լավ բան ենք անում որևէ մեկի համար, բայց հետո հասկանում ենք, որ այդ ծառայության միջոցով Աստված ուսուցանում և փոխում է մեզ, օրհնում է մեզ սիրո և ողորմության պարգևով, մեզ մոտեցնում է Փրկիչին և ցույց տալիս, թե ինչ է Սիոնը, որտեղ բոլորը «մեկ սրտի և մեկ մտքի» են: Մենք կարող ենք աղոթել և ծոմ պահել նրանց համար, ում սպասավորում ենք: Նույն կերպ, Երկնային Հայրը կառաջնորդի մեզ՝ տեսնելով մեր հավատքն ու հնազանդությունը:

Սպասավորությունը Քրիստոսանման ծառայություն է: Երբ Քրիստոսը հայտնվեց Ամերիկա մայրցամաքի բնակիչներին, հրավիրեց բոլորին «շոշափել բևեռների նշաններն [իր] ձեռքերի ու [իր] ոտքերի վրա» (3 Նեփի 11.14): Նա անձամբ սպասավորեց նրանցից յուրաքանչյուրին այս կերպ. «Եվ դա նրանք արեցին, առաջ գալով մեկ առ մեկ, մինչև որ նրանք բոլորն առաջ եկան և տեսան իրենց իսկ աչքով, և շոշափեցին իրենց ձեռքերով, և իմացան անկասկած ու վկայեցին, որ այդ նա էր, որի մասին գրվել էր մարգարեների կողմից, որ պիտի գար» (3 Նեփի 11.15): Իր սպասավորության միջոցով Քրիստոսը կարող է նաև անձամբ ծառայել բոլորին, երբ մենք սովորենք հետևել Նրա առաջնորդությանը՝ ցույց տալով Նրա մաքուր սերը և անկեղծ հոգատարությունը ուրիշների հանդեպ:

Սպասավորության շնորհիվ փոխվեց նաև իմ կյանքը, ապա փոխվեց Քրիստոսի մաքուր սիրո և ողորմության մասին իմ հասկացողությունը: Ես ավելի շատ մոտեցա Իմ Երկնային Հորը այն աղոթքների շնորհիվ, որոնք ես ուղղում էին այն քույրերի անունից, ում ծառայում էի, և այն մարդկանց անունից, ում շարունակում եմ ծառայել: Ես հիմա ավելի լավ եմ հասկանում Նրա սերը յուրաքանչյուր քրոջ հանդեպ և զգում եմ, թե Նա ինչպես է հոգ տանում մեզանից յուրաքանչյուրի մասին, որքան լավ է Նա ճանաչում մեզանից յուրաքանչյուրին և ինչպես է սովորեցնում մեզ սիրել այնպես, ինչպես Ինքն է սիրում: