ԵԿՀ կրոնի ուսուցիչների համաժողով
Հիսուս Քրիստոսի աշակերտներ ողջ կյանքում


34:34

Հիսուս Քրիստոսի աշակերտներ ողջ կյանքում

Կրոնի ուսուցիչների համաժողով. հոգևոր հավաք, 12 հունիսի 2025 թ․

Ներածություն. Եկեղեցին կարևորում է աշակերտությունը ողջ կյանքում զարգացնելու միտումը

Ես շատ շնորհակալ եմ ձեզ հետ լինելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Գային (Ստրատհերն) այդ լավ բացման աղոթքի համար, քույր Էլեն Ամատանջելոյին, ով միշտ կատարել է այդքան գեղեցիկ դաշնամուրային ստեղծագործություններ, և եղբայր Քևին Օվիաթին, ով օգնել է երաժշտության ժամանակ և օգնել է այս հրաշալի երգչախմբին։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորին մասնակցության համար։

Ես լսել եմ թարգմանիչների և այս հավաքը տարբեր լեզուներով թարգմանության մասին, այնպես որ չեմ կարողանում դիմադրել և կպատմեմ մի փոքրիկ հումորային պատմություն, որը կարող եք բաց թողնել վերահեռարձակումների ժամանակ, քանի որ այն դժվար է թարգմանել։ Ես տարիներ առաջ Թեմփիում էի (Արիզոնա) և այս համաժողովի՝ ցցի համաժողովի, հեռարձակումները թարգմանվում էին իսպաներենով մի թարգմանչի կողմից, որը, կարծում եմ, գտնվում էր մեկ այլ սենյակում՝ ականջակալներով։ Բայց նա ինձ համար մի գրություն էր թողել ամբիոնի վրա։ Երբ կանգնեցի, տեսա, որ այնտեղ գրված էր. «Խնդրում եմ, դանդաղ խոսեք։ Ձեզ թարգմանում են»։ [Ծիծաղ] Չաշխատեց։ Այնպես որ, այսօր երեկոյան հարկադրված եք լսել ինձ։

Թույլ տվեք սկսել՝ երախտագիտություն հայտնելով Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի, և իրականում ամբողջ Եկեղեցու անունից այն աշխատանքի համար, որը դուք կատարում եք մեր ուսանողների հետ ամբողջ աշխարհում։ Դուք գտնվում եք այս Եկեղեցու կողմից երկրի վրա Աստծո արքայության հիմքը դնելու և այն պաշտպանելու առաջնագծում՝ ապագայի համար։ Շնորհակալություն ձեր նվիրումի համար։ Ես խորապես համոզված եմ, որ ձեր ջանքերը շատ բան են փոխում ի բարին։

Եկեղեցու ղեկավարներն ընդգծել են Հիսուս Քրիստոսի աշակերտությունը ողջ կյանքում զարգացնելու կարևորությունը։ Եվ մենք սա կարևորում ենք, օրինակ, երբ ուսուցանում ենք միսիայի ղեկավարներին և մեր երիտասարդ տղամարդկանց ու կանանց տեղական ղեկավարներին ամբողջ Եկեղեցում։ Մենք սա շեշտում ենք այն թեմաներում, որոնց մասին խնդրում ենք Բարձրագույն Իշխանություններին և բարձրագույն պաշտոնյաներին խոսել տեղից տեղ ճամփորդելիս։

Ակնհայտ է, որ Փրկչի աշակերտներ դաստիարակելը ողջ կյանքի համար նույնպես պետք է լինի Եկեղեցու կրթության ուշադրության կենտրոնում։ ԵԿՀ «Կրոնական կրթության ամրապնդում» նյութի մեջ մենք սովորում ենք․

«Կրոնական կրթության նպատակն է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը ուսուցանել սուրբ գրություններից և ժամանակակից մարգարեների խոսքերից այնպես, որ օգնի մեր ուսանողներին.

  1. Զարգացնել հավատք և վկայություն Երկնային Հոր և Նրա «մեծ ծրագրի» հանդեպ, …

  2. Դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտներ ողջ կյանքում, որոնք կապում և պահում են ուխտերը, … [և]

  3. Ամրապնդել նրանց՝ պատասխաններ գտնելու, կասկածները փարատելու, հավատքով արձագանքելու և իրենց մեջ եղած հույսի համար պատճառ գտնելու ունակությունը՝ անկախ նրանց առջև ծառացած ցանկացած դժվարությունից»։1

Նմանապես, Սեմինարիաների և կրոնի ինստիտուտների նպատակի մեջ ասվում է․ «Մեր նպատակն է օգնել երիտասարդներին և չափահաս երիտասարդներին խորացնել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և Նրա վերականգնված ավետարանը, արժանի լինել տաճարային օրհնություններին, պատրաստվել և պատրաստել իրենց ընտանիքների անդամներին և ուրիշներին հավերժական կյանքին՝ իրենց Երկնային Հոր հետ»:

Ողջ կյանքի ընթացքում աշակերտ լինելը Քրիստոսի վարդապետության կարևոր բաղադրիչներից մեկն է: Քրիստոսի վարդապետությունը արտահայտում է, թե ինչպես ենք մենք մոտենում Քրիստոսին և ստանում Նրա քավիչ շնորհի պարգևը։ Մենք օգտագործում ենք մեր ազատ կամքը՝ հավատք ունենալու Նրա հանդեպ, ապաշխարելու, մկրտվելու և Սուրբ Հոգին ստանալու համար։ Սակայն, որպեսզի Քրիստոսի Քավությունն ունենա իր լիարժեք, փոխակերպող ազդեցությունը մեզ վրա, անհրաժեշտ է, որ մենք շարունակենք այս ուխտի ճանապարհով՝ աշակերտության ճանապարհով՝ մինչև մեր մահկանացու կյանքի վերջը։ Ինչպես ասել է Նեփին՝ «Եվ ես մի ձայն լսեցի Հորից, ասելիս. Այո՛, իմ Սիրելիի խոսքերը ճշմարիտ են և հավատարիմ: Ով որ համբերում է մինչև վերջ, նա կփրկվի: Եվ արդ, իմ սիրելի՛ եղբայրներ, այսպիսով ես գիտեմ, որ մինչև մարդ չհամբերի մինչև վերջ, հետևելով կենդանի Աստծո Որդու օրինակին, նա չի կարող փրկվել»:2

Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները պատրաստ են առանձնանալ, բարձրաձայնել և տարբերվել աշխարհի մարդկանցից։ Նրանք անվեհեր են, նվիրված և համարձակ»։3 Ինչպե՞ս է ձեռք բերվում այսպիսի աշակերտությունը։ Ի՞նչ է դա նշանակում մեզ՝ որպես կրոնի ուսուցիչների համար: Ինչպե՞ս կարող ենք ավելի արդյունավետ ուսուցանել այնպիսի եղանակով, որ մեր երիտասարդներն ու չափահաս երիտասարդները դառնան Հիսուս Քրիստոսի աշակերտներ ողջ կյանքում։

Այս երեկոն ես կսկսեմ քննարկումով, թե ինչպես է անձնական կամքի ազատության դրսևորումը խորացնում դարձը և հանգեցնում աշակերտությանը ողջ կյանքում։ Հաջորդիվ ես կհրավիրեմ մեզ մտածել, թե ինչպես պետք է այդ գաղափարները ազդեն մեր՝ որպես կրոնի ուսուցիչների ուսուցման վրա, կենտրոնանալով այն բանի վրա, թե Փրկիչն Ինքը ինչպես է ուսուցանել Իր աշակերտներին։ Այնուհետև ես կեզրափակեմ մեկնաբանություններով, թե ուսանողներին իրենց ուսման համար պատասխանատվություն ստանձնելու ավելի մեծ հնարավորություններ ընձեռելը ինչպես կօգնի նրանց արձագանքել նախագահ Նելսոնի կոչին՝ պատասխանատվություն ստանձնել իրենց վկայությունների համար։

Կամքի ազատության դերը աշակերտության մեջ

Կամքի ազատության դերը աշակերտության մեջ։ Աստծո կողմից Իր զավակներին տրված ամենակարևոր պարգևներից մեկը բարոյական կամքի ազատությունն էր։ Ւնքնուրույն գործելու այս զորությունը, արտոնությունն ու պատասխանատվությունը կարևոր են՝ որպես Աստծո զավակներ մեր ողջ ներուժը գիտակցելու համար։ Այն առանցքային դեր ունի ուխտի ճանապարհին մեր առաջընթացի մեջ։ Աստծո ծրագիրը, ինչպես դուք գիտեք, մեր փոխարեն ամեն ինչ անելը չէր, այլ որևէ կառույց ապահովելն էր, որը մեզ թույլ կտար կատարել մեր սեփական ընտրությունները՝ անհատապես աճելու համար։ Անցյալում կամքի ազատությունը մեր հոգիների զարգացման բանալին է եղել, այն նաև բանալին է այն բանի, թե ինչ կարող ենք դառնալ Աստծո երջանկության ծրագրի համաձայն՝ այժմ և հավիտյան։

Հակառակորդը գիտի սա և ձգտում է վտանգել մեր կամքի ազատությունը։ Մովսեսի գրքում կարդում ենք.

«Քանի որ Սատանան ապստամբեց իմ դեմ, և փնտրեց կործանել մարդու կամքի ազատությունը, որը ես՝ Տերս, տվել էի նրան, և նաև փնտրեց իմ զորությունը, որ ես պետք է տայի նրան. իմ Միածնի զորությամբ ես այնպես արեցի, որ նա ցած գցվեր.

Եվ նա դարձավ Սատանա, այո, այսինքն՝ դևը, բոլոր ստերի հայրը, որ խաբի և կուրացնի մարդկանց, և գերության տանի նրանց իր կամքով, նույնիսկ բոլոր նրանց, ովքեր չեն կամենա ականջ դնել իմ ձայնին»:4

Երկնքում մղված պատերազմը ընդհանուր առմամբ կարելի է դիտարկել որպես մարդու կամքի ազատությունը պահպանելու համար մղվող պայքար։ Եվ այդ պայքարը շարունակվում է այս մահկանացու աշխարհում։ Սատանան հարձակվում է կամքի ազատության վրա առնվազն երկու ճակատով։ Մի կողմից՝ նա ոգեշնչում է քաղաքական համոզմունքներ և իրադարձություններ, որոնք նվազեցնում են անձնական պատասխանատվությունը կամ կիրառում են հարկադրանք։ Տերը, օրինակ, նշում է, որ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը հաստատվել և պահպանվել է հիմնականում «ամեն մարմնի իրավունքների ու պաշպանության համար … Որ ամեն մարդ կարողանա գործել վարդապետությամբ և սկզբունքով … համաձայն բարոյական կամքի ազատության, որը տվել եմ նրան, որպեսզի դատաստանի օրն ամեն մարդ պատասխան տա իր իսկ մեղքերի համար»։5 Այնուհետև Նա մեջբերում է կամքի ազատության խախտման հատկապես ցայտուն օրինակ՝ հայտարարելով. «Հետևաբար, արդարացի չէ, որ մի մարդ մեկ ուրիշի գերության տակ լինի»։6 Լյուցիֆերի ծրագիրը միշտ եղել է ստրկացման այս կամ այն ձևը։

Կամքի ազատության դեմ հակառակորդի հարձակման մյուս կիզակետը հատուկ նշանակություն ունի մեզ համար՝ որպես ուսուցիչների։ Ինչպես նշված է վերը մեջբերված սուրբ գրությունում, սատանան՝ «բոլոր ստերի հայրը», գործում է, «որ խաբի և կուրացնի մարդկանց»։7 Կամքի ազատությունը դառնում է անիմաստ, եթե մենք չգիտենք, թե ինչն է ճշմարիտ և ինչը՝ ոչ, և, հետևաբար, չենք կարող կայացնել տեղեկացված, խելամիտ ընտրություններ։ Խաբեության հակաթույնը ճշմարտությունն է։ Ինչպես հայտարարել է Փրկիչը, «Եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»։8 Կարծում եմ՝ Նա նկատի ունի ազատ լինելը մեղքի և սխալի կապանքներից, բայց նաև ազատ լինելը մեր կամքի ազատությունը ըմբռնումով կիրառելու համար՝ ազատ և ունակ՝ իմաստուն ընտրություններ կատարելու համար։ Եվ ահա թե որտեղ ենք մենք հանդես գալիս որպես Աստծո խոսքի ուսուցիչներ։ Սատանան կարող է զորություն ունենալ միայն այն դեպքում, երբ մարդիկ «ականջ չանեն [Տիրոջ] ձայնին»։ Աստված ուղարկեց Իր Որդուն՝ լինելու «ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը»:9 Նա մեզ մարգարեներ է տալիս՝ ճշմարտությունն ուսուցանելու և դեպի ճշմարտությունն առաջնորդելու համար։ Նա տվել է Սուրբ Հոգու պարգևը՝ այդ ճշմարտությունը հաստատելու համար, և մեր դերն է օգնել ուսանողներին լսել և ընտրել ճշմարտությունն ընդունելը։

Սակայն կրոնական կրթության համատեքստում կամքի ազատությունը պահանջում է ավետարանի ճշմարտությունները տարածելուց անդին մեկ այլ քայլ։ Կարևոր է, որ մենք ուսուցանենք այնպես, որ ուսանողներին հրավիրենք գործադրել իրենց կամքի ազատությունը ուսումնական գործընթացում։ Մենք ցանկանում ենք օգնել նրանց դառնալ գործընթացի ակտիվ մասնակիցներ և պատասխանատվություն ստանձնել իրենց սեփական ուսումնառության համար։ Ուսանողների կամքի ազատության ակտիվացումը՝ ուսումնառության գործընթացում անձնական պատասխանատվություն ստանձնելու համար, հետևանքներ կունենա երկարատև հավատքի և վերջնական վկայության զարգացման համար: Հենց դա անելով է, որ նրանք կարող են դառնալ Հիսուս Քրիստոսի ակտիվ աշակերտներ ողջ կյանքում։ Ավելի ուշ կխոսեմ այս մասին, բայց թույլ տվեք այստեղ մի մեկնաբանություն ավելացնել ուխտերի վերաբերյալ։

Ինքնուրույն ընտրություն կատարելը պատճառներից մեկն է, որ նախագահ Նելսոնն այդքան կենտրոնացած է ուխտերի վրա։ Երբ մենք ընտրում ենք կապել և պահել ուխտերը, մենք կատարում ենք եզակի անձնական ընտրություններ՝ հետևելու մեր Փրկչին։ Նախագահ Նելսոնը բացատրում է․

«Այս կյանքի ընթացքում մենք պետք է ընտրենք, թե որ օրենքներին ենք պատրաստ հնազանդվել՝ սելեստիալ, թերեստրիալ, թե թելեստիալ արքայության օրենքներին, և, հետևաբար, փառքի որ արքայությունում կապրենք հավերժ: Յուրաքանչյուր արդար ընտրություն, որը դուք կկատարեք այստեղ, հսկայական օգուտ կտա ձեզ այս կյանքում։ Բայց մահկանացու կյանքում կատարած արդար ընտրությունները աներևակայելի օգուտ կտան հավերժական կյանքում։ Եթե դուք ընտրեք ուխտեր կապել Աստծո հետ և հավատարիմ մնալ այդ ուխտերին, դուք «[ձեր] գլխին փառք կավելացնեք հավիտյանս հավիտենից»:10

Ընտրությունների համար պատասխանատվություն ստանձնելը խորացնում է անձնական համոզմունքը։ Երբ մենք ինքնուրույն չենք գործում, կարող ենք ակամա հայտնաբերել, որ մեր հավատքին պակասում է կյանքի հարցերն ու մարտահրավերները հաղթահարելու և ողջ կյանքում Հիսուս Քրիստոսի աշակերտները լինելու համար անհրաժեշտ խորությունը։ Ինչպես ասել է Տերը,

«Քանզի նրանք, ովքեր իմաստուն են և ընդունել են ճշմարտությունը, և վերցրել են Սուրբ Հոգին որպես իրենց ուղեկից, և չեն խաբվել,– ճշմարիտ ասում եմ ձեզ, նրանք չպիտի կտրվեն և կրակի մեջ գցվեն, այլ պիտի մնան այդ օրը»:11

Ուսուցանել Փրկչի ձևով

Այժմ, մեր անձնական զարգացման մեջ կամքի ազատության այս հիմնարար դերը հետևանքներ ունի մեր՝ որպես կրոնի ուսուցիչների դասավանդման ձևի վրա։ Մենք խնդրում ենք միսիոներների ղեկավարներին հիշել սա, երբ նրանք իրենց միսիոներներին հնարավորություն են տալիս առաջնորդել և ուղղորդել միսիոներական աշխատանքը։ Մենք խնդրում ենք երիտասարդների ղեկավարներին երիտասարդներին հնարավորություն տալ առաջնորդության լուծը կրել իրենց չափահաս խորհրդատուների հետ միասին։ Եվ մենք խնդրում ենք ձեզ՝ մեր կրոնի ուսուցիչներին, դասավանդել այնպես, որ խրախուսվի անձնական ներգրավվածությունը և ուսուցման նկատմամբ պատասխանատվությունը։ Այս բոլոր դեպքերում իրական աճն առավել արդյունավետ է լինում, երբ երիտասարդներին հնարավորություն է տրվում գործելու, այլ ոչ թե լոկ ներգործվելու:

Ես ուրախությամբ եմ հիշում այն օրերը, երբ ծառայում էի որպես վաղ առավոտյան սեմինարիայի ուսուցիչ։ Ես սեփական փորձով սովորեցի, որ դա մի կոչում է, որին մարդ անպայման պետք է ձգտի։ Իմ սեմինարիայի ուսուցիչ լինելու տարիներից երկուսը համընկել են այն ժամանակի հետ, երբ ես իրավաբանական դպրոցի ուսանող էի։ Ցանկանալով, որ իմ ուսանողները փորձառություն ունենան և տեսնեն, թե ինչ է նշանակում հավատքով ապրելու քաջություն ունենալը, ես հրավիրեցի իմ դասընկերներից մեկին, ով Եկեղեցու անդամ չէր, բայց հավատավոր մարդ էր, մի առավոտ ելույթ ունենալ իմ դասարանի առջև։ Իմ ընկերը, Ռիչարդը, տեսողության լուրջ խնդիրներ ուներ, որոնք պահանջում էին պարբերական, ցավոտ բուժումներ, և որպեսզի պատկերացնեք, դրանք ներառում էին նրա ակնագնդիկները խոռոչներից հանելը բժշկական միջամտությունների համար։ Իրավաբանական դպրոցը պահանջում էր շատ ընթերցանություն, բայց նա բավականաչափ լավ չէր տեսնում կարդալու համար։ Ուստի, նա վարձել էր ուսանողների, որոնք դասից դուրս ամեն օր իր համար պետք է կարդային: Անկախ այս լուրջ մարտահրավերներից՝ նա բարի էր և սիրված իր համակուրսեցիների կողմից։ Մենք բոլորս ոգեշնչվեցինք նրա օրինակով։

Իմ սեմինարիայի դասի ժամանակ Ռիչարդը պատմեց իր պատմությունը, այդ թվում՝ Աստծո հանդեպ իր հավատի մասին, նաև, թե ինչպես էր զգում, որ Աստված պատասխանում է իր աղոթքներին։ Ուսանողները հնարավորություն ունեցան մոտիկից տեսնելու, լսելու, նաև հարցեր տալու նրան։ Դա բացեց նրանց աչքերը հավատքի իրական ուժի և այն բանի հանդեպ, թե ինչ կարող է դա նշանակել իրենց կյանքում։ Միևնույն ժամանակ, այս փորձառությունը ոչ ուղիղ իմաստով բացեց Ռիչարդի աչքերը իմ թանկագին սեմինարիայի ուսանողների բարության նկատմամբ։ (Նրան տպավորեց առավոտյան ժամը 6:00-ի դասարանում դեռահասներին տեսնելը):

Այժմ, խորհեք, թե ինչպես էր Փրկիչն ուսուցանում։ Հիսուսն Իր աշակերտներին պարզապես չասաց, թե ինչ պետք է անեն, և ոչ էլ ամեն ինչ արեց նրանց փոխարեն։ Նա ուսուցանում էր այնպես, որ նրանցից պահանջվում էր մտածել, մասնակցել, քննարկել և կիրառել Իր ուսմունքները։ Դրա շնորհիվ, երբ Փրկիչն այլևս անձամբ Իր աշակերտների հետ չէր, նրանք ավելի պատրաստ էին ինքնուրույն գործելով ընդունել և առաջնորդվել Սուրբ Հոգով։12 Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում կարդում ենք․ «Անշուշտ, ակնածանք էր ներշնչում, երբ հետևում էին Փրկչին՝ ջրի վրայով քայլելիս: Բայց դա բավարար չէր Պետրոսի համար: Նա ցանկանում էր [և կարիք ուներ] անել այն, ինչ Փրկիչն արեց, լինել այնտեղ, որտեղ Նա էր, և ինքն էլ ունենար նույն փորձառությունը»:13 Իհարկե, սա նաև նշանակում էր, որ Պետրոսը սխալներ կգործեր, բայց Փրկիչը բազմիցս Պետրոսին և մեզ բոլորին հնարավորություններ է տալիս գործելու և զորանալու իր ջանքերի, այդ թվում՝ իր ձախողումների միջոցով։14

Իր աշակերտների համար այսպիսի ուսումնական փորձառություններ ստեղծելու համար Փրկիչը գտավ եղանակներ՝ օգնելու նրանց պատասխանատվություն ստանձնել իրենց ուսումնառության համար։ Դիտարկեք ընդամենը երեք եղանակ, որոնցով Փրկիչը շփվեց Իր աշակերտների հետ՝ (1) առակների միջոցով, (2) ոգեշնչված հարցեր տալով և (3) անձնական հրավերներ հղելով։

Առակների միջոցով Մեկնաբանություն դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Նախ՝ առակներ։ Մտածեք Քրիստոսի առակների մասին։ Անմիջապես բացատրություն տալու կամ ուղղակի հայտարարելու փոխարեն՝ Փրկիչը հաճախ հրավիրում էր Իր հետևորդներին խորհել Իր ուսուցանածի ավելի խոր իմաստի շուրջ։ Դա նրանցից ջանք էր պահանջում։ Ես կարող եմ ասել, թե հնազանդության մասին իմ ըմբռնումն ինչպես է ամրապնդվել՝ սերմնացանի առակն ուսումնասիրելով։15 Ես ավելի լավ եմ հասկացել ներողամտությունը՝ ուսումնասիրելով անառակ որդու պատմությունը։16 Բոլորի հանդեպ գթություն ունենալու և ցուցաբերելու իմ ցանկությունը մեծացել է բարի սամարացու առակի միջոցով։17

Նմանապես, ես դարձել եմ ավելի լավ աշակերտ և առաջնորդ, քանի որ խորհել եմ տնտեսվարության մասին, ինչպես քննարկվում է տաղանդների առակում։18 Այս առակի շուրջ խորհելիս մտածում եմ, որ առաջին երկու ծառաները՝ մեկը, որը ստացել էր հինգ տաղանդ, իսկ մյուսը՝ երկու, և որոնցից յուրաքանչյուրը բազմապատկեց իր տաղանդները, ստացան նույն գովասանքն ու պարգևը, չնայած նրանց տաղանդների քանակը տարբեր էր։ Առաջինը, ով հինգ տաղանդ ուներ, կհիշեք, կրկնապատկեց՝ հասցնելով տասի, իսկ երկրորդը, ով սկսեց երկու տաղանդով, վերադարձրեց չորսը։ Սակայն երկուսն էլ նույն պատասխանը ստացան իրենց տիրոջից․ «Լավ, բարի ու հավատարիմ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտիր քո տիրոջ ուրախության մեջ»։19 Ես սա հասկանում եմ այնպես, որ մենք բոլորս պարտավոր չենք նույն մակարդակին հասնել և նույն ժամանակացույցով առաջադիմել՝ Տիրոջ օրհնությունը և, ի վերջո, հավերժական կյանքի պարգևը ստանալու համար։ Մենք պարզապես պետք է ջանասիրաբար օգտագործենք մեր ունեցած պարգևները, կարողությունները և հնարավորությունները։ Ես կարծում եմ, որ նույնիսկ մեկ տաղանդ ունեցող ծառան, եթե աշխատեր և ծառայեր երկրորդ տաղանդը ձեռք բերելու համար, այլ ոչ թե թաքցներ իր տաղանդը, կստանար նույն պարգևը, ինչ իր երկու ընկերները։ Ես ղեկավարներին և ուրիշներին ուսուցանում եմ, որ եթե նրանք պարզապես անեն ամեն բան իրենց ներուժի սահմաններում, Տերը կմեծացնի և կհատուցի նրանց ջանքերը, և ժամանակի ընթացքում նրանք կստանան Նրա օրհնությունների լրիվությունը։

Ոգեշնչված հարցեր տալով Ինչ վերաբերում է ոգեշնչված հարցեր տալուն, Փրկիչը նույնպես այդպես էր սովորեցնում։ Օրինակ, երբ Նա հարցրեց Իր աշակերտներին. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում իմ մասին. ո՞վ եմ»։ Նա հստակ գիտեր պատասխանը ավելի պարզությամբ և խորությամբ, քան Իր աշակերտները, բայց Նա Պետրոսին հնարավորություն տվեց մտորելու և այնուհետև անձամբ պատասխանելու հարցին։ Ես հավատում եմ, որ Պետրոսի խոսքը խորացրեց նրա սեփական վկայությունը, երբ նա հայտարարեց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։20 Իր Հարությունից հետո Փրկիչը երեք անգամ Պետրոսին տվեց մեկ այլ հարց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսն ամեն անգամ պատասխանում է. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Այս անգամ հարցը թույլ տվեց Փրկչին ուսուցանել Պետրոսին՝ ամեն անգամ պատասխանելով. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։21

Անձնական հրավերներ հղելով Վերջապես, հրավերներ հղելով։ Եղել են ժամանակներ, այլ ժամանակներ, երբ Փրկիչը պատասխանել է Իր տված հարցին, բայց այնպիսի ձևերով, որոնք ծառայել են որպես հրավեր։ Խոսելով Իր աշակերտների հետ արևմտյան կիսագնդում՝ Փրկիչը հարցրեց. «Ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել»։ Ապա Նա Ինքն է պատասխանում․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ ճիշտ ինչպես ես եմ»։22 Մենք կարող ենք մտածել Փրկչի այլ կարևոր հրավերների մասին։ Մտածեք Նրա հրավերի մասին՝ «Եկ, հետևիր ինձ»։ Երբեմն Նրա հրավերները տրվում էին ուղեկցող խոստումներով և նույնիսկ հիմա խոստումները առկա են։ Օրինակ՝ Վարդապետություն և Ուխտերում Տերը մեզ հրավիրում է․ «Մոտեցեք ինձ, և ես կմոտենամ ձեզ. փնտրեք ինձ ջանասիրաբար, և կգտնեք ինձ. խնդրեք, և կստանաք. թակեք, և ձեզ կբացվի»։23 Փրկչի բոլոր հրավերները Իր աշակերտներին հնարավորություն տվեցին գործելու, մտածելու և պատասխանատվություն ստանձնելու իրենց ուսման և աճի համար։

Կրոնական կրթության հետևանքները

Այս տարվա սկզբին երեց Քլարկ Գիլբերտը հրավիրեց մեր սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչներին՝ գտնելու եղանակներ, որոնք ուսանողներին միտումնավոր կերպով կտրամադրեն գործելու և իրենց ուսման համար պատասխանատվություն ստանձնելու հնարավորություններ։ Նա օգտվել էր Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկի «Ջանասիրաբար սովորելու կոչ արեք» բաժնից։24 Ես կարևոր եմ համարում, որ այս բաժնի վերնագիրը կենտրոնանում է սովորելու, այլ ոչ թե ուսուցանելու վրա։ Ինձ համար սա հիշեցում է, որ արդյունավետ ուսուցիչները հրավիրում են աշակերտներին պատասխանատվություն ստանձնել իրենց անձնական ուսուցման համար։ Երբ մենք ուսուցանում ենք այնպես, որ հրավիրում ենք միայն լսելու և անտեսում ենք ուսանողի ակտիվ ներգրավվածությունը, մենք ռիսկի ենք դիմում՝ ուսանողներին ազդանշան տալով, որ մենք մեր ուսուցումը նրանց սովորելուց վեր ենք գնահատում։

Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում մեզ հիշեցնում են, որ ջանասիրաբար սովորելու հրավերը պահանջում է, որ մենք օգնենք ուսանողներին դառնալ իրենց սեփական ուսումնական գործընթացի գործակալներ։ Սա կարող է տեղի ունենալ մի քանի եղանակով, բայց թույլ տվեք ընդգծել այդ ուսուցողական ռեսուրսից առնվազն երեքը.

  • Նախ, մենք կարող ենք ստեղծել ուսումնական փորձառություններ, որտեղ «հրավիրում ենք սովորողներին պատրաստվել դասին»։ Սա կարող է տեղի ունենալ առաջադրանքների նախնական ընթերցանության, ուսումնական հարցերի և անձնական հրավերների միջոցով։

  • Երկրորդ՝ մենք պետք է «խրախուսենք սովորողներին կիսվել իրենց սովորած ճշմարտություններով» (շեղագրերն ավելացված են): Դա անելու բազմաթիվ եղանակներ կան, և ձեզանից յուրաքանչյուրը կգտնի անհատականացված մոտեցումներ, որոնք կաշխատեն ձեզ և ձեր ուսանողների համար։ Երբ ես սովորում էի իրավաբանական ֆակուլտետում, հաճախ սովորում էի այսպես կոչված Սոկրատեսի մեթոդով, որտեղ ուսուցիչները օգնում էին ուսանողներին ուսումնասիրել իրավական գործը՝ խնդրելով դասարանին անդրադառնալ նյութին խորամտորեն մշակված հարցերի շարքի միջոցով։ Մենք պետք է դասի գայինք պատրաստված՝ արտահայտելու մեր սեփական մտքերը և լսելու ուրիշներին։ Ես տեսել եմ ինստիտուտի ուսուցիչների, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս կիսվել իրենց սովորածով լավ կառուցված դասարանային քննարկումների միջոցով, իսկ դրա համար անհրաժեշտ են լավ պատրաստված ուսուցիչներ, ովքեր լավ պատրաստված ուսանողների հետ ներգրավվում են հարցերի և երկխոսության ոգով։ Գիտեմ, որ ձեր դասընթացներում միշտ այդպես է լինում։ Բոլոր ուսանողները լավ պատրաստված են։ Բոլոր ուսուցիչները լավ պատրաստված են։ Բայց սա է հրավերը։

  • Եվ երրորդ՝ մենք պետք է «հրավիրենք սովորողներին ապրել համաձայն նրա, ինչ իրենք սովորում են» (շեղագիրն ավելացված է)։25 Մենք միշտ պետք է փնտրենք եղանակներ՝ հրավիրելու ուսանողներին կիրառել իրենց սովորածը իրենց կյանքում։ Սա կարող է իրականացվել անձնական հրավերների, խորհելու վարժությունների և մի շարք այլ ջանքերի միջոցով, որոնք կօգնեն ուսանողներին փոխվել և դառնալ ավելին Քրիստոսում։

Պատրաստվելու, կիսվելու և կիրառելու այս ջանքերը պահանջում են խորհրդածություն և երբեմն կարող են պահանջել ավելի շատ աշխատանք ուսուցչի կողմից։ Սա կարող է հատկապես ճիշտ լինել ուսանողներին օգնելու ձեր ջանքերում, որպեսզի նրանք կիսվեն և ուսուցանեն միմյանց։ Սա չի նշանակում, որ չկան հատուկ իրավիճակներ, որտեղ մենք խոսում ենք ուղղակիորեն և միակողմանիորեն, հատկապես, երբ շեշտը դնում ենք որևէ հիմնական ուղերձի վրա կամ սահմանում ենք որևէ հիմնարար սկզբունք։ Այսօրվա հանդիպումը հիմնարար ուղերձ սահմանելու այդպիսի օրինակներից մեկն է։ Սակայն այս ուղերձին հաջորդում են ավելի կանոնավոր հնարավորություններ, որպեսզի մենք բոլորս ներգրավվենք ուսումնական գործընթացում՝ կիսվելով մեր սովորածով և կիրառելով այդ գիտելիքները մեր սեփական ուսուցման մեջ։

Հուսով եմ՝ նկատեցիք այն նախապատրաստությունը, որը մենք ձեզ խնդրեցինք անել այս երեկոյից առաջ՝ նախապես տրամադրված ուսումնական հարցերով և ընթերցանության նյութերով։ Վաղը և առաջիկա շաբաթներին մենք կհրավիրենք ձեզ քննարկելու ձեր գործընկերների և հասակակիցների հետ այն, ինչ սովորում եք Փրկչի ձևով ուսուցանելու մասին։ Մենք նաև կխնդրենք ձեզ նշել այն ոլորտները, որտեղ կարող եք ամրապնդել ձեր սեփական ուսուցումը՝ հիմնվելով այսօրվա ուղերձի և այլ ուսուցողական ռեսուրսների վրա, որոնք վաղը կներկայացվեն։

Թույլ տվեք այստեղ կանգ առնել և առաջարկել մեկ այլ ուսուցողական ռեսուրս, որը արժե ուսումնասիրել, չնայած այն գրվել է այլ լսարանի համար։ Ես նկատի ունեմ Քարոզիր իմ ավետարանը միսիոներական ձեռնարկի 10-րդ գլուխը։ Այս գլխի վերնագիրն է՝ «Ուսուցանեք հավատք կառուցել Հիսուս Քրիստոսի հանդեպ»։ Միսիոներների ուսուցումը, իհարկե, մարդկանց օգնելու լավագույն միջոցն է ներգրավվելու և վերափոխելու իրենց կյանքը՝ կիրառելով իրենց բարոյական կամքի ազատությունը։ Նպատակը Սուրբ Հոգու և Քրիստոսի շնորհի ազդեցության միջոցով դարձի գալն է, որը օգնում է դառնալ աշակերտներ ողջ կյանքում։ Սա է, իհարկե, այն, ինչի մասին մենք խոսում ենք նաև Եկեղեցու կրթական համակարգում։ Ուստի ես ասում եմ, որ դուք կարող եք շատ ավելին իմանալ այս աղբյուրից, ինչպես նաև Ուսուցանել Փրկիչի ձևով գրքից։ Բնականաբար, երկու ձեռնարկների միջև կա զգալի համընկնում, բայց սկզբունքը կամ գաղափարը մի փոքր այլ կերպ արտահայտող որևէ բան կարդալը երբեմն կարող է նոր տեսանկյուն կամ ավելի խոր հասկացողություն բերել։ Որոշ հարցեր, որոնք տրվում են Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկի 10-րդ գլխում, հետևյալն են․ «Ինչպե՞ս կարող եմ ուսուցանել Հոգով»։ «Ինչպե՞ս կարող եմ ուսուցանել սուրբ գրություններից»: «Ուսուցանելիս ինչպե՞ս պետք է կիսվեմ իմ վկայությամբ»: «Ինչպե՞ս կարող եմ ծրագրել և հարմարեցնել իմ ուսուցումը մարդկանց կարիքները հոգալու համար» և «Ինչպե՞ս կարող եմ հարցերն ավելի լավ տալ և լինել ավելի լավ լսող»։ Ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես չեմ վճարվում այս աջակցության համար։

Օգնել ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց վկայությունների համար

Վերջապես՝ օգնելով ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց վկայությունների համար։ Ջանասիրաբար սովորելու կոչ անելը հիմնարար նշանակություն ունի Հիսուս Քրիստոսի աշակերտներ դառնալու համար ողջ կյանքում, քանի որ այն օգնում է սովորողներին պատասխանատվություն ստանձնել իրենց ուսումնառության համար, ինչպես որ մենք ասում էինք։ Միջոցներից մեկը, որով նախագահ Նելսոնը խրախուսում է մեր պատասխանատվությունը անձնական աճի համար, երիտասարդներին ուղղված նրա կոչն է՝ պատասխանատվություն ստանձնել իրենց վկայությունների համար։ 2022 թվականի համաշխարհային հոգևոր հավաքի ժամանակ չափահաս երիտասարդներին ուղղված իր ուղերձում նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է․

«Ես խնդրում եմ ձեզ, որ պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար։ Աշխատեք դրա համար: Պահպանեք այն։ Հոգ տարեք դրա մասին։ Զարգացրեք, որ այն աճի։ Սնուցեք այն ճշմարտությամբ։ Մի աղտոտեք այն` անհավատ տղամարդկանց և կանանց կեղծ փիլիսոփայություններով, իսկ հետո զարմացեք, թե ինչու է ձեր վկայությունը նվազում: Ամեն օր ջերմեռանդ ու խոնարհ աղոթեք: Սովորեք հնագույն և ժամանակակից մարգարեների խոսքերը: Խնդրեք, որ Տերն ուսուցանի ձեզ, թե ինչպես ավելի լավ լսեք Իրեն: Ավելի շատ ժամանակ անցկացրեք տաճարում և ավելի շատ ժամանակ հատկացրեք ընտանեկան պատմության աշխատանքին: Երբ ձեր վկայությունը դառնա ձեր առաջնահերթությունը, կտեսնեք, որ հրաշքներ են կատարվում ձեր կյանքում»:26

Նախագահ Նելսոնը կրկնեց այս կոչը ամբողջ Եկեղեցու համար 2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի իր՝ «Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել» ելույթում։27

Չափահաս երիտասարդներին դիմելիս՝ նախագահ Նելսոնը տվել է մի շարք հարցեր․ «Ցանկանո՞ւմ եք խաղաղություն զգալ այն մտահոգությունների առնչությամբ, որոնք այժմ տանջում են ձեզ: Ցանկանու՞մ եք ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին: Ցանկանու՞մ եք իմանալ, թե Նրա աստվածային զորությունը ինչպես կարող է բուժել ձեր վերքերը և թուլությունները: Ցանկանու՞մ եք ձեր կյանքում զգալ Հիսուս Քրիստոսի Քավության քաղցր, հանգստացնող զորությունը: Այս հարցերին պատասխանելու ձգտումը կպահանջի ջանքեր՝ մեծ ջանքեր»:28 Նա հաստատում է ուսանողների մտահոգությունները՝ ասելով. «Եթե հարցեր ունենաք, իսկ ես հուսով եմ, որ կունենաք, պատասխաններ փնտրեք՝ հավատալու մեծ ցանկությամբ: Ավետարանի մասին սովորեք այն ամենը, ինչ կարող եք, և չմոռանաք առաջնորդության համար դիմել ճշմարտությամբ լի աղբյուրներին»:

Ինձ համար ահա թե ինչ է նշանակում հրավիրել ջանասեր ուսումնառություն, և սա է մեզանից պահանջվելու՝ հրավիրել մեր ուսանողներին պատասխանատվություն ստանձնել իրենց վկայությունների համար։ Ուսումնառության նկատմամբ այդ պատասխանատվությունը պետք է աջակցվի մեր ուսուցման մեջ, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան ներգրավվելու՝ իսկական աշակերտություն զարգացնելու համար անհրաժեշտ խորությամբ և խստությամբ։ Կրկին մտածեք մարգարեի հրավերի շուրջ՝ «Աշխատեք դրա համար։ Պահպանեք այն։ Հոգ տարեք դրա մասին։ Զարգացրեք, որ այն աճի»։ Մեր դասարանները հրավիրո՞ւմ են այս տեսակի անհատական ներգրավվածություն՝ հետագայում վկայություն և աշակերտություն զարգացնելու համար։ Կա՞ն եղանակներ, որոնցով մենք կարող ենք բարելավել մեր ջանքերը՝ ջանասեր ուսումնառությունը խրախուսելու համար։

Եզրափակում

Այսօր երեկոյան ես սկսեցի Եկեղեցում կրոնական կրթության նպատակների վերանայումով՝ ընդգրկելով մեր ուսանողներին օգնելու անհրաժեշտությունը.

  1. «Զարգացնել հավատք և վկայություն Երկնային Հոր և Նրա «մեծ ծրագրի» հանդեպ, …

  2. Դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտները ողջ կյանքում, ովքեր կապում և պահում են ուխտերը, … [և]

  3. Ամրապնդել նրանց՝ պատասխաններ գտնելու, կասկածները փարատելու, հավատքով արձագանքելու և իրենց մեջ եղած հույսի համար պատճառ գտնելու ունակությունը՝ անկախ նրանց առջև ծառացած ցանկացած դժվարությունից»։29

Երբ մենք օգնենք ուսանողներին կիրառել իրենց իսկ կամքի ազատությունը, նրանց դարձը կխորանա այնպիսի ձևերով, որոնք կհանգեցնեն աշակերտությանը ողջ կյանքում։ Անցած հոկտեմբերին նախագահ Նելսոնը նշել է․ «Հիմա է ժամանակը, որ մենք մեր աշակերտությունը դարձնենք մեր ամենաբարձր առաջնահերթությունը:30 Նա ավելացրել է․ «Այժմ ոչ վաղ է, ոչ էլ ուշ, որ դուք դառնաք Հիսուս Քրիստոսի բարեպաշտ աշակերտը»:31 Եկեք հիմա գործենք ջանասիրաբար, քանի շատ ուշ չէ: Հիմա է ժամանակը, ինչպես նա ասել է։ Ավելի ու ավելի եմ հուզվում իմ եղբայր Պողոսի նախազգուշացումից՝ Եփեսոսի երեցներին ուղղված զգուշացնող խնդրանքից.

«Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզ համար և ամբողջ հոտի, որի վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց ձեզ, որպեսզի հովվեք Աստծու եկեղեցին, որ նա ձեռք բերեց իր արյունով։

Ես գիտեմ, որ իմ հեռանալուց հետո ձեր մեջ հափշտակող գայլեր կգան, որոնք հոտին չեն խնայի։

Իսկ ձեր միջից դուրս կգան մարդիկ, որոնք թյուր բաներ կխոսեն, որպեսզի աշակերտներին իրենց հետևից տանեն»։32

Աշակերտները, որոնց համար Պողոսի խոսքով, մենք «վերակացուներ» ենք, անսահման թանկագին են՝ գնված Փրկչի սեփական արյունով։ Մեզ հանձնարարված է ծառայել հավատարիմ օրինակ և կերակրել ու զորացնել նրանց ինչպես Պողոսն է ասում «հափշտակող գայլերի» դեմ, որոնց նրանք կարող են հանդիպել Եկեղեցուց դուրս և նույնիսկ Եկեղեցու ներսում կեղծիքներ խոսող, որ փորձում են նրանց իրենց աշակերտները դարձնել, այլ ոչ թե Տիրոջ աշակերտներ։ Մենք պետք է օգնենք նրանց սովորել ճշմարտությունը, կամքի ազատության իմաստուն գործածությունը և, ամենակարևորը՝ Հոր և Որդու հանդեպ խոր և անսասան սերը։

Ես վկայում եմ մեր սիրող և սիրելի Երկնային Հոր և Նրա փրկագնման ծրագրի մասին։ Ես վկայում եմ Նրա Միածին Որդու՝ Հիսուսի՝ հարություն առած Փրկչի իրական լինելու մասին, որը նստած է Հոր աջ կողմում, որտեղ Նա պահանջել է Իր ողորմածության իրավունքները՝ մարդկանց զավակների հանդեպ։33 Մորմոնի հետ ես դավանում եմ, որ Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ34 և ձգտում եմ լինել Քրիստոսի աշակերտը, քանի դեռ կենդանի եմ։ Թող մեզանից յուրաքանչյուրը զորանա մեր աշակերտության մեջ և մեր ջանքերում՝ օգնելու որքան հնարավոր է շատերին՝ դառնալ Հիսուս Քրիստոսի նվիրված աշակերտներ ողջ կյանքում։

Աստված օրհնի ձեզ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: