ԵԿՀ կրոնի ուսուցիչների համաժողով
Մեր նպատակը` ողջ կյանքում աշակերտ լինելն է


15:7

Մեր նպատակը` ողջ կյանքում աշակերտ լինելն է

Ավետարանի լավ ուսուցանման ազդեցությունը

Կրոնի ուսուցիչների համաժողով. հոգևոր հավաք, 12 հունիսի 2025 թ․

Ես Թենեսիից եմ՝ «Աստվածաշնչյան գոտու ճարմանդ» համարվող տեղանքից, և երբ ես ավագ դպրոցում էի, անդամակցում էի մի կազմակերպության, որը կոչվում էր «Քրիստոնյա մարզիկների միություն»։ Հիմա ինձ նայելով՝ չեք ասի, բայց ժամանակին ես լավ մարզիկ էի` ֆիզիկական լավ պատրաստվածությամբ։ Մի քանի տարի առաջ մայրս կնոջս ուղարկեց իմ նկարը ավագ դպրոցի տարիներից … երբ գլխիս խիտ մազեր կային և մարմնիս վրա՝ որոշ մկաններ։ Նկարի հետ մայրս կնոջս ուղարկել էր մխիթարական մի երկտող, որտեղ ասվում էր. «Սա այն կերպարն է, որին դու կտեսնես Հարության ժամանակ»։

Պետք է ասել, որ Քրիստոնյա մարզիկների միությունը մեծ առաքելություն ունեցող կազմակերպություն էր և այժմ էլ այդպիսին է։ Դա տարբեր դավանանքների մարզիկների համայնք էր, Հիսուս Քրիստոսի հանդեպ ընդհանուր հավատքով։ Առաջին ուսումնական տարվա վերջում ես ընտրվեցի որպես ավագ դպրոցի մեր խմբի նախագահ, հաջորդ՝ ավարտական տարվա համար։

Իմ անունը, ինչպես նաև իմ եկեղեցական պատկանելությունը, ներկայացվեց նահանգի գլխավոր վարչությանը՝ որպես խմբի նոր նախագահ։ Քիչ անց մեր ֆակուլտետի հովանավորին հաղորդագրություն եկավ, որ անհրաժեշտ է նոր անուն ներկայացնել։ Մեր հովանավորն ինձ ասաց, որ իրեն ասել են, որ ես չեմ կարող նախագահ լինել, քանի որ իրենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներին քրիստոնյա չեն համարում։ Իմ հավատքը երբեք այդպես չէր փորձվել։

Ընտրվեց նոր նախագահ, բայց մի քանի ամիս անց ես լուր ստացա, որ Եկեղեցու որոշ ներկայացուցիչներ խոսել են Քրիստոնյա մարզիկների միության հետ, և խնդիրը լուծվել է։ Ես շարունակեցի ակտիվ լինել խմբում՝ շնորհիվ այն իսկապես լավ մարդկանց, որոնք դրա մասն էին կազմում։

Ամեն ուսումնական տարվա վերջում ավագ դպրոցի յուրաքանչյուր խումբ քվեարկում է տարվա լավագույն մարզիկի համար և ավագ դպրոցն ավարտելուց իմ հասակակիցներն ընտրեցին՝ ինձ որպես «Քրիստոնյա մարզիկների միության տարվա մարզիկ»։ Այդ պահին, անկեղծ ասած, ես զգացի, որ մի տեսակ քաղցր արդարություն տեղի ունեցավ։ Մեկ տարի առաջ ես նույնիսկ որպես քրիստոնյա չէի ճանաչվում, այժմ՝ ստանում էի նրանց մրցանակը։

Եվ իմ անունը, ինչպես նաև իմ եկեղեցական պատկանելությունը, ներկայացվեց նահանգի գլխավոր վարչությանը՝ որպես ավագ դպրոցի տարվա մարզիկ։ Բայց մեր ֆակուլտետի հովանավորին կրկին ծանուցում եկավ, որ նոր անուն պետք է ներկայացվի։ Ըստ երևույթին, խնդիրը չէր լուծվել։

Մեր հովանավորը, որը իմ ֆուտբոլի և ըմբշամարտի մարզիչն էր, ասաց ինձ, որ պահանջել է, որ նահանգային գրասենյակից մեկը գա, հանդիպի ինձ հետ մեր ավագ դպրոցում և բացատրի այդ որոշումը, որի հետ ինքը համաձայն չէ։

Շատ հաճելի, բարյացակամ մի մարդ եկավ ինձ հետ հանդիպման։ Մենք հանդիպեցինք իմ մարզչի դասարանում՝ նրա ազատ ժամերից մեկի ժամանակ։ Այդ մարդը բացատրեց, որ ուզում է, որ ես հասկանամ, թե ինչու մեր Եկեղեցու անդամները չեն համարվում քրիստոնյաներ։

Նա պայուսակից մի թուղթ հանեց։ Այդ թղթի վրա մեր վարդապետությունից տաս կետ կար, որոնք, նրա խոսքով, անհամատեղելի էին քրիստոնեության իրենց սահմանման հետ։ Դուք ծանոթ կլինեք այդ կետերին՝ մեր համոզմունքը, որ Աստվածագլխի անդամները առանձին էակներ են, որ Աստվածաշնչից բացի կան այլ սուրբ գրություններ և այլն:

Այդ կետերը շարադրելիս նա շատ բարի էր, ես նույնիսկ կասեի՝ քրիստոնյա։ Նա լավ մարդ էր, պարզապես մոլորված էր։ Նա բացեց պայուսակը, տեղավորեց թուղթը և անկեղծորեն հարցրեց՝ արդյո՞ք հարցեր ունեմ։

Ես ասացի՝ «Այո, ունեմ։ Ես ասացի․ «Դա Աստվածաշո՞ւնչ էր, որ տեսա Ձեր պայուսակում»։

Եվ նա պատասխանեց. «Այո՛»։

Ես ասացի. «Կարո՞ղ ենք այնտեղ որոշ սուրբգրային հատվածներ նայել»։

Հիմա պետք է ասեմ ձեզ, որ ես իսկապես սեմինարիայի լավ ուսուցիչներ եմ ունեցել։ Եվ մենք իսկապես հմուտ էինք սուրբ գրություններում հատվածների որոնման հարցում։ Այդ ժամանակ մենք ամեն տարի սուրբ գրություններից շուրջ 40 սերտման հատվածներ էինք անցնում։ Ամեն ուրբաթ մենք բքաբլիթներ էինք ուտում և սուրբ գրություններում հատվածներ փնտրում։ Այդ մրցումներում ես միշտ ձգտում էի լավագույնը լինել։ Ես ոչ միայն կարմիրով նշել էի սուրբ գրությունների սերտման հատվածները, այլև մտածել էի (ամաչում եմ ասել), որ եթե էջերը ճմռթեի, ավելի հեշտ կլիներ սուրբ գրությունների սերտման հատվածները արագ բացելը։ Հետո, սուրբգրային հատվածներ գտնելու մեր ցցի մրցաշարից անմիջապես առաջ, ես մանկական ցանափոշի էի ցանում այդ էջերի վրա։ Եթե ես բավականաչափ մոտենայի իմ սուրբ գրություններին, ապա մատներիս կտտոցից անգամ կբացվեին սերտման հատվածների էջերից որևէ մեկը։

Այդ պարոնը շատ բարի գտնվեց՝ ինձ տալով իր Աստվածաշունչը, որն ի դեպ, նշումներ չուներ սուրբգրային հատվածները գտնելու համար։ Մենք բացեցինք Մատթեոսի 3-րդ գլուխը, Գործք Առաքելոց 7-ը, Ա Մնացորդաց 29, և այդպես շարունակ։ Ի պատիվ իրեն՝ պետք է ասեմ, որ նա բարեհաճորեն լսում էր։ Որոշումը չփոխվեց, բայց ես փոխվեցի։

Ինչ-որ կերպ, այդ սուրբգրային հատվածները վերանայելիս, ես դրանց ճշմարտությունն ավելի խորությամբ զգացի, քան նախկինում։ Երբեմն վկայությունը գալիս է փորձվելուց հետո։1 Իմ վկայությունը, իմ դարձը չեկան այդ փորձառության շնորհիվ։ Մենանգամյա իրադարձությունների շնորհիվ հազվադեպ է երկարատև հավատք ծնվում։ Բայց դա մեկն էր այն իրադարձություններից, որն այնպիսի վկայություն տվեց, որը ժամանակի ընթացքում աճեց։

Ես շատ շնորհակալ եմ իմ վաղ առավոտյան սեմինարիայի ուսուցիչներին, որոնք օգնեցին ինձ հիմք դնել՝ կառուցելու համար։ Որքան էլ որ նրանք ցանկանում էին, որ մեր ծուխը հաղթեր սուրբգրային հատվածներ գտնելու ցցի մրցաշարում, նրանք շատ ավելի մտահոգված էին, որ օգնեն մեզ՝ դառնալ Քրիստոսի աշակերտներ ողջ կյանքում։ Նրանք փոխեցին իմ կյանքը։ Հուսով եմ, որ ձեր մտորումների լուռ պահերին, երբ մտածում եք այն մասին, թե ինչպես եք ուսուցանում, դուք կհասկանաք այն նշանակալից ազդեցությունը, որն ունեք ձեր ուսանողների կյանքի վրա։

Այս աճող սերունդը հրաշալի է։ Այս վերջին գերագույն համաժողովում նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասաց. «Աճող սերունդը կանգնում է որպես Հիսուս Քրիստոսի հաստատակամ հետևորդներ»։2 Մեկ այլ առիթով նա նրանց ասել է. «Դուք ունեք ավելի խելացի ու իմաստուն լինելու և աշխարհի վրա ավելի մեծ ազդեցություն ունենալու կարողություն, քան նախորդ սերունդներից որևէ մեկը»։ 3 Այդ կարողությանը հասնելու համար նրանց, ի թիվս այլ բաների, անհրաժեշտ են ավետարանի լավ ուսուցիչներ։

Նրանք լի են հավատքով, բայց «հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից»:4 Իսկ ինչպե՞ս կարող են լսել առանց քարոզչի։ 5 Նրանք շատ ավելի լավ են հասկանում ավետարանը, քան իրենցից առաջ եղած սերունդները, բայց «ինչպե՞ս կկարողանան [նրանք հասկանալ], եթե մեկը [նրանց] չուղղորդի»։6

Պողոսը գրել է կորնթացիներին. «Նրանց, որոնց Աստված եկեղեցում կարգեց, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, հետո՝ հրաշագործներին»։77 Այսպիսով, դուք հայտնվում եք առաքյալների, մարգարեների և հրաշագործների ուղիղ մեջտեղում՝ կարևոր դեր ունենալով այս պահի վեհության և Տիրոջ գործի արագացման գործում։88

Նպատակը` ողջ կյանքում աշակերտ լինելն է

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը երեկվա իր ելույթի ժամանակ սկսեց և եզրափակեց իր խոսքը՝ դիտարկելով Եկեղեցու կրոնական կրթության նպատակները: Ինձ ապշեցրեց, որ նա կրկնեց ու շեշտեց ուսանողներին օգնելու կարևորությունը՝ դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտներ ողջ կյանքում։ Նա, կարծես, մտադիր էր մեզ հիշեցնել, թե դասավանդելիս մենք ինչ նպատակի հույս ունենք։

Տասներկու Առաքյալների Քվորում կանչվելուց ընդամենը վեց ամիս անց, այն ժամանակ երեց Ռասսել Մ. Նելսոնը կիրակնօրյա հոգևոր հավաքի ժամանակ ելույթ ունեցավ այս համալսարանում: Նրա ուղերձը ոգեշնչող էր և գաղափարներով լի, բայց ես ուզում եմ շեշտել նրա ելույթի վերնագիրը։ Նա այն ներկայացրեց, ասելով. «Ես վերնագրել եմ իմ խոսքն այսպես՝ «Սկսեք՝ իմանալով վերջը»։ Ապա նա բացատրեց. «Ենթադրում եմ, որ սա որոշ չափով պայմանավորված է իմ վիրաբուժական փորձով։ Ընտրովի կտրվածքը երբեք չի կատարվում առանց այն փակելու պլանավորման: Թերևս նույն սկզբունքն ընդհանուր առմամբ կիրառելի է բոլոր ոլորտներում։ Մրցարշավի աստղերը մրցավազքը չեն սկսում՝ չիմանալով վերջնագծի տեղը։99

Վերջնակետը մտքում պահելը՝ իմանալ, թե որտեղ է վերջնագիծը և հասկանալ վերջնական նպատակը, միշտ կարևոր է, բայց հատկապես կարևոր է ավետարանի ուսուցման գործում։ Երբ մենք կենտրոնանում ենք այդ աստվածային նպատակի վրա, շատ ավելի մեծ հավանականություն կա դրան հասնելու։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ընդգծել է. «Ավետարանն ուսուցանելու նպատակը … դասարանի անդամների ուղեղների մեջ տեղեկություն լցնելը չէ: Նպատակն է՝ ոգեշնչել անձին մտածել ավետարանի սկզբունքների մասին, զգալ դրանք, ապա որոշ քայլեր անել՝ դրանցով ապրելու համար»:10

Ինչպես նշված է Ընդհանուր ձեռնարկում․ «Մենք ուսուցանում ենք ավետարանը՝ օգնելու մարդկանց ամրապնդել իրենց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Մենք ձգտում ենք օգնել մարդկանց ավելի նմանվել Փրկչին, ստանալ Նրա զորությունը իրենց կյանքում և, ի վերջո, ձեռք բերել հավերժական կյանք»։11

Դուք արդեն դա անում եք մի ուշագրավ ձևով։ Մենք տեսնում ենք ձեր ազդեցությունը աճող սերնդի կյանքի վրա։ Ավելի շատերն են մասնակցում սեմինարիային և ինստիտուտին, ավելի շատերն են գնում միսիաների, ավելի շատերն են ծառայում տաճարներում, ավելի շատերն են դառնում Հիսուս Քրիստոսի աշակերտներ ողջ կյանքում։

Իմ այսօրվա հրավերը պարզ է՝ նպատակային ուսուցանեք աշակերտ լինելու կարևորությունը ողջ կյանքում։ Այդ ոսպնյակի միջով նայեք այն ամենին, ինչ դուք անում եք։ Պարբերաբար վերանայեք, թե ինչ եք ուսուցանում, ինչպես եք դա անում և նույնիսկ՝ ինչ ստուգարք եք անցկացնում։ Վերանայեք ոչ միայն այն, թե ինչ եք օգնում նրանց իմանալ, այլև այն, ինչ դուք նրանց ոգեշնչում եք անել և դառնալ։ Ուսուցանեք նրանց օգնելու մտադրությամբ՝ դառնալ «նոր ստեղծված»12 Քրիստոսում։

Դիտարկեք որոշ հարցեր․ «Իմ ուսուցումը և ուսուցման եղանակը ի՞նչ ազդեցություն ունեն այն բանի վրա, թե ինչ են զգում իմ ուսանողները տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցերի վերաբերյալ: Արդյո՞ք իմ ուսուցումը հավատ է կառուցում Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու հանդեպ։ Արդյո՞ք դա ամրապնդում է Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման և ապրող մարգարեների ու առաքյալների մասին վկայությունը։ Արդյո՞ք դա ամրապնդում է ուսանողների վճռականությունը՝ պահելու պատվիրանները և ամեն օր ապաշխարելու։

Հրավիրեք ջանասեր ուսումնառություն

Եթե մեր նպատակը ողջ կյանքում աշակերտ լինելն է, ապա մենք պետք է, ինչպես հրավիրել է երեց Քրիստոֆերսոնը, «մտածենք, թե ինչպես է Փրկիչը ուսուցանել»։ Կարևոր է, թե մենք ինչպես ենք ուսուցանում։

Դուք գուցե հիշեք գոտու համաժողովներում այն ժամանակ միսիայի նախագահ Բոյդ Ք. Փաքերի ուսուցումը «սովորեցնելու եղանակի» մասին։ Քույր Փաքերը երեք հարկանի տորթ էր թխել, որը գեղեցիկ զարդարված էր ջնարակի գունագեղ շերտերով։ Վերևի հատվածում նա գրել էր «Ավետարան» բառը։

Երբ միսիոներները հավաքվեցին, տորթը ներս բերվեց որոշակի հանդիսավորությամբ։ Նախագահ Փաքերը նշեց, որ տորթը ներկայացնում է ավետարանը։ Ապա նա հարցրեց. «Ո՞վ կցանկանա մի կտոր ուտել»։

Դժվար չէ գտնել մի միսիոների, որն ուզում է տորթ ուտել։ Հրավիրեցին մի անտեղյակ կամավորի։ Նախագահ Փաքերը բռնեց նրա ձեռքը, խրեց տորթի վերևի մասի մեջ և պոկեց մի մեծ կտոր։ Նա սեղմեց իր բռունցքն այնպես, որ ջնարակը ծորաց մատների արանքով։ Ապա նա տորթի կտորը նետեց զարմացած երեցի վրա, և ջնարակը ցողվեց նրա բաճկոնի վրա։

Մի պահ դադար վերցնելով՝ նա դիմեց մյուս միսիոներներին և հարցրեց՝ արդյոք կա՞ն ուրիշ տորթ ցանկացողներ։ Նա ասաց. «Ինչ-ինչ պատճառներով, ցանկացողներ չկային»։

Ապա նա հանեց բյուրեղապակյա ափսե, արծաթե պատառաքաղ, վուշե անձեռոցիկ և մատուցման գեղեցիկ արծաթե դանակ։ Նա շրջեց տորթը։ Ապա մեծ արժանապատվությամբ զգուշորեն կտրեց մի կտոր մյուս կողմից, նրբորեն դրեց բյուրեղապակյա ափսեի վրա և հարցրեց. «Ցանկացող կա՞ մի կտոր տորթ»։

Նախագահ Փաքերը բացատրեց. «Դասն ակնհայտ էր։ Երկու դեպքում էլ նույն տորթն էր՝ նույն համը, նույն սննդարարությունը։ Մատուցման ձևը այն կա՛մ դարձնում էր հրավիրող, նույնիսկ գայթակղիչ, կա՛մ՝ անհրապույր, նույնիսկ զզվելի»։ Նա հիշեցրեց միսիոներներին, որ տորթը ներկայացնում է ավետարանը և հարցրեց նրանց, թե ինչպես են իրենք մատուցում այն։13

Ավետարանը մատուցելու եղանակը կարևոր է, երբ մեր ուսանողների մտքերի մեջ տեղեկատվություն լցնելու փոխարեն ոգեշնչում ենք նրանց լինել ջանասեր սովորողներ, որոնք փոխում են իրենց սրտերը, տեսակետները, գործողությունները և բնույթը՝ դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտներ ողջ կյանքում։14

Որպեսզի ուսուցանենք այնպես, ինչպես Փրկիչն էր ուսուցանում, մենք սիրում ենք մեր ուսանողներին, ուսուցանում ենք Հոգով և ուսուցանում ենք վարդապետությունը։15 Որպես ուսուցիչներ մենք այդպես ենք վարվում։

Իսկ ի՞նչ կասեք ուսանողների մասին։ Ո՞րն է նրանց դերը։ Նրանց դերն է՝ ջանասիրաբար սովորել, պատասխանատվություն ստանձնել սեփական ուսման համար, գործել և կիրառել ավետարանի սկզբունքներն իրենց առօրյա կյանքում։

Երեց Քրիստոֆերսոնը երեկ երեկոյան խնդրեց մեզ ջանասիրաբար սովորելու կոչ անել։ Նա մեզ ուսուցանեց, թե ինչպես է Փրկիչը ջանասիրաբար սովորելու կոչ արել։ Նա ասաց. «Նա սովորեցնում էր այնպես, որ [Իր աշակերտներից] պահանջվում էր մտածել, մասնակցել, քննարկել և կիրառել Իր ուսմունքները»։ Մենք նույնպես պետք է այդպես վարվենք։

Եզրափակում

Ամփոփելով՝ շնորհակալություն եմ հայտնում ձեզ այն ամենի համար, ինչ դուք անում եք՝ ձեր ուսանողների համար և ինչ դուք անում եք Աստծո արքայության համար։ Մեր ուսուցման նպատակն է՝ պատրաստել Հիսուս Քրիստոսի աշակերտներ ողջ կյանքում։ Թող որ դուք առաջնորդվեք «ավետարանին ծառայելիս» և դա անեք այնպիսի եղանակով, որը հրավիրում է ջանասեր ուսումնառություն։

Ես բերում եմ իմ վկայությունը Մեծ Ուսուցչի՝ Հիսուս Քրիստոսի՝ մեր Բարեխոսի, «մեր հավատքի հեղինակի և կատարողի»16 և «գալիք բաների քահանայապետի մասին»։17

Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Տես Եթեր 12․7։

  2. Ռասսել Մ. Նելսոն․ «Վստահություն Աստծո ներկայության մեջ», Լիահոնա, մայիս 2026։

  3. Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» (երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, 3 հունիսի, 2018թ.), Ավետարանի գրադարան։

  4. Հռոմեացիներին 10.17։

  5. Հռոմեացիներին 10․14:

  6. Գործք Առաքելոց 8․30-31։

  7. Sես Ա Կորնթացիներին 12.28:

  8. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Տեր Հիսուս Քրիստոսը կրկին կգա», Լիահոնա, հոկտ․ 2024։

  9. Տես Russell M. Nelson, “Begin with the End in Mind” (Brigham Young University fireside, Sept. 30, 1984), 2, speeches.byu.edu:

  10. Thomas S. Monson, in Conference Report, Oct. 1970, 107; italics in original.

  11. Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 17, Ավետարանի գրադարան։

  12. Բ Կորնթացիներին 5.17։

  13. Boyd K. Packer, Teach Ye Diligently, rev. ed. (Deseret Book, 1991), 270–271.

  14. Տես «Դարձը մեր նպատակն է», Եկ, հետևիր ինձ․ Տան և եկեղեցու համար․ Վարդապետություն և Ուխտեր 2025»։

  15. Տես «Ուսուցանեք Հոգով», Ուսուցանել Փրկչի ձևով. բոլոր նրանց համար, ովքեր ուսուցանում են տանը և եկեղեցում (2022)

  16. Եբրայեցիներին 12.2։

  17. Եբրայեցիներին 9.11: