Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
«Բարության պարգևը»


12:31

«Բարության պարգևը»

2025 թ․ Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր երեկո

7 դեկտեմբերի 2025թ․, կիրակի

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեծ պատիվ է դիմել ձեզ՝ անկախ նրանից, թե որտեղ եք հավաքված, Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան այս հոգևոր երեկոյի առիթով։ Երբ մենք խորհում ենք Հիսուս Քրիստոսի հրաշալի ծննդյան, Նրա երկրային ծառայության, Նրա փառահեղ Քավության և Հարության մասին, ավելի ենք մոտենում Նրան։ Մենք զգում ենք Նրա բարությունը, վեհությունը և սերը։ Ես ջերմեռանդորեն աղոթել եմ, որ այս երեկոյի իմ ուղերձը, թեկուզ փոքր չափով, օգնի ձեզանից յուրաքանչյուրին ավելի լիարժեք զգալ Նրա անսասան սերը Սուրբ Ծննդյան այս սրբազան տոնաշրջանում։

Սուրբ ծնունդը լի է ավանդույթներով։ Չնայած այս ավանդույթները տարբերվում են իրենց ծավալով և չափով՝ կախված ընտանիքից, մշակույթից և վայրից, ավանդույթները մեզ միավորում են, երբ մենք միասնաբար նշում ենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը։

Հիշում եմ մի ավանդույթ, երբ ես՝ երիտասարդ մի հայր, հաց էի թխում իմ երկու դուստրերի հետ։ Երբ նրանք վերադառնում էին դպրոցից, ես արդեն խոհանոցում պատրաստ էի՝ ամբողջահատիկ ցորենի հաց թխելու անհրաժեշտ բաղադրիչներով։ Աղջիկներն օգնում էին խառնել և հունցել խմորը։ Ապա, մինչ նրանք սպասում էին, որ խմորը բարձրանա ու թխվի, ես նախապես կտրված հացի փոքրիկ փայտե տախտակի վրա տառեր էի փորագրում՝ նվեր պատրաստելու նպատակով։ Յուրաքանչյուր տախտակի վրա ես փորագրում էի J’Aime et J’Espere բառերը, որը ֆրանսերեն նշանակում է՝ «Ես սիրում եմ և հույս ունեմ»։ Երբ թարմ թխված հացը հանում էինք ջեռոցից, հացը և տախտակը տանում էինք մեր որևէ ընկերոջը կամ հարևանին, որն առողջական խնդրի կամ վշտի փորձության էր բախվել։

Այս ավանդույթի շուրջ մտորելիս միտքս շրջվեց դեպի փայտե հացի տախտակը, որի վրա փորագրված էին «Ես սիրում եմ և հույս ունեմ» բառերը։ Որպես Հիսուս Քրիստոսի ապրող վկա, ես խոստանում եմ ձեզ, որ Նրա շնորհիվ մենք միշտ կարող ենք զգալ Նրա սերը և հույս գտնել Նրանում՝ անկախ կյանքի լավ կամ վատ հանգամանքներից։

Փրկչի՝ «բոլոր բաներից ցած [իջնելու]» պատրաստակամության շնորհիվ, որպես Իր անսահման քավության պահանջ, Հիսուս Քրիստոսն առաջարկեց սիրո և հույսի կատարյալ պարգևը և դրսևորումը։ «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար»։ Եվ մեր սիրառատ Երկնային Հայրը, թույլ տալով Իր Միածին Որդուն նման զոհաբերություն կատարել, մեզ ընձեռեց Իր սիրո բարձրագույն դրսևորումը՝ որպես Իր պարգև՝ Իր մնացած զավակներին։

Երբ խորհում ենք Հոր և Որդու կողմից մեզ ընծայված այդ հավերժական պարգևների շուրջ, գուցե ինքներս մեզ հարց տանք, թե ինչպես կարող են այս Սուրբ Ծննդյան տոնաշրջանում մեր կողմից բաժանվող նվերները պատշաճ կերպով արտացոլել Նրանց հանդեպ մեր նվիրվածությունն ու երախտագիտությունը։ Ես խոնարհաբար հայտարարում եմ, որ այս արժանի ջանքերն իրականացնելու թերևս ամենաիմաստալից միջոցը մեր սիրելիներին բարության պարզ պարգևներ տալն է։ Երբ մենք բարություն ենք ցուցաբերում և ծառայում ենք միմյանց այնպես, ինչպես Փրկիչը կծառայեր, անգամ ամենափոքր ձևերով, մենք կարող ենք դառնալ Աստծո շնորհի մի ուղի՝ օգնելու մեր ազդեցության շրջանակում գտնվողներին զգալ Փրկչի սերն ու հույսը՝J’Aime et J’Espere բառերը։

Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը շարունակաբար ուսումնասիրելիս ես հիացել եմ Նրա անզուգական բարության օրինակով։ Եկեք միասին խորհենք սուրբ գրություններից մի քանի հուզիչ պատմությունների և ծանոթ խոսքերի շուրջ.

  • «Երբ այդ տեղը եկավ, Հիսուսը վեր նայեց ու նրան ասաց. «Զակքեո՛ս, շտապի՛ր, իջի՛ր, որովհետև այսօր պետք է քո տանը մնամ»։

  • «Հիսուսը նրան ասաց. «Ոչ էլ ես եմ քեզ դատապարտում. գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր»։

  • «Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։

  • «Ունե՞ք ձեր մեջ այնպիսիք, որ հիվանդ են: ․․․ Բերե՛ք նրանց այստեղ, և ես կբժշկեմ նրանց, քանզի ես կարեկցանք ունեմ ձեզ վրա. իմ սիրտը լցված է ողորմությամբ»:

  • «Եվ նա վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և օրհնեց նրանց, և նրանց համար աղոթեց Հորը»:

Երբ մեզանից յուրաքանչյուրը հետևում է Փրկչի բարության օրինակին այս հատուկ տոնաշրջանում, դա կարող է արվել բազմաթիվ ձևերով՝ ծառայությամբ, բարեգործությամբ, սիրով, կարեկցանքով և ներողամտությամբ։ Նախագահ Հովարդ Վ. Հանթերը սա այսպես է սահմանել. «Այս Սուրբ ծննդին լուծեք վեճը։ Փնտրեք մոռացված մի ընկերոջ։ Հեռացրեք կասկածները և փոխարինեք դրանք վստահությամբ։ Նամակ գրեք։ Մեղմ պատասխանեք։ Քաջալերեք երիտասարդներին։ Ձեր նվիրվածությունը դրսևորեք խոսքով և գործով։ Կատարեք խոստումը։ Հրաժարվեք վրդովմունքից։ Ներեք թշնամուն։ Ներողություն խնդրեք։ Փորձեք հասկանալ։ Քննեք ձեր պահանջները ուրիշների նկատմամբ։ Մտածեք նախ ուրիշի մասին։ … Եղեք նրբանկատ։ Մի փոքր ավելի շատ ծիծաղեք։ Արտահայտեք ձեր երախտագիտությունը։ Ողջունեք անծանոթին։ Ուրախացրեք երեխայի սիրտը։ Վայելեք երկրի գեղեցկությունն ու հրաշքները։ Արտահայտեք ձեր սերը, ապա նորից արտահայտեք այն»։

Ես գիտեմ, որ Հոգին կարող է մեզանից յուրաքանչյուրին առաջնորդել բազմաթիվ պարզ ձևերով, որպեսզի սեր, հավատ և ուրախություն փոխանցենք մեր շրջապատի մարդկանց ցնծության այս տոնաշրջանում։

Սուրբ Ծննդյան տոներին, երբ դեռ փոքր տղա էի, ընտանիքիս հետ հավաքվում էինք մեր Winkler դաշնամուրի շուրջը, որն այդժամ ավելի քան հարյուր տարեկան կլիներ։ Ծնողներս աղքատություն էին տեսել, ուստի խնայող էին։ Սուրբ Ծննդյան նվերները, որոնք մենք ստանում էինք, համեստ էին։ Բայց մայրս հարուստ սոպրանո ձայն ուներ։ Նա դաշնամուր էր նվագում՝ ուսուցանելով մեզ երգել ծանոթ երգերն և սրբազան օրհներգերը։

Ես չգիտեմ՝ արդյոք նա հասկանում էր, որ մեզ հրավիրում էր կիսվելու մի մնայուն պարգևով։ Բայց նույնիսկ պատանի լինելով՝ ես անբացատրելի ուրախություն էի զգում այդ երգերը երգելիս։ Երաժշտությունը մեր փոքրիկ տունը լցնում էր խաղաղության ոգով։ Ես զգում էի ոչ միայն մորս, հորս և երկու եղբայրներիս սերը, այլև իմ Երկնային Հոր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սերը։

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, այս Սուրբ Ծննդյան տոնաշրջանում մեզանից յուրաքանչյուրի առջև հնարավորություններ են բացվում՝ ձեռք մեկնելու, քրիստոսանման սիրով ու կարեկցանքով բարություն դրսևորելու և դրական փոփոխություն բերելու աշխարհում։ Ես խոստանում եմ, որ երբ մենք աղոթենք և բացենք մեր սրտերն ու մտքերը Սուրբ Հոգու շշուկների համար, Տերը կուղղորդի մեզ գտնել մեկին, ում Նա կատարելապես սիրում է, ով մեր բարության կարիքն ունի այս տոնաշրջանում։ Մեր ցուցաբերած բարությունը կարող է պարզ թվալ և ոչ մի արտառոց բան չպարունակել, սակայն այն կարող է, և շատ դեպքերում կունենա երկարատև ազդեցություն մարդու կյանքում։

Թույլ տվեք եզրափակել Երեխաների միության իմ սիրելի օրհներգերից մեկի խոսքերով.

«Սի-րեք մի-մյանց, ինչ-պես Նա է սի-րում:

Բա-րի ե-ղեք ձեր բո-լոր գոր-ծե-րում:

Սի-րող ե-ղեք ձեր գոր-ծում և ձեր մըտ-քում.

Քանզի սա էր Հիսուսն ուսուցանում

Մուտք գործելով Սուրբ Ծննդյան այս հրաշալի տոնաշրջանը, ես ձեզ եմ թողնում իմ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը սեր և հույս է՝J’Aime et J’Espere։ Մենք նույնպես կարող ենք գործընկեր լինել Նրա հետ և կիսվել Նրա սիրով ու հույսով ուրիշների հետ՝ անձնուրաց բարության արարքների միջոցով։

Այս բաների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Հղումներ

  1. Վարդապետություն և Ուխտեր 88․6, տես նաև 122․8։

  2. Հովհաննես 15.13:

  3. Ղուկաս 19․5:

  4. Հովհաննես 8.11:

  5. Ղուկաս 23.34:

  6. 3 Նեփի 17․7:

  7. 3 Նեփի 17.21:

  8. Հովարդ Վ․ Հանթեր «Սուրբ ծննդյան պարգևը», (Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր երեկո, 4 դեկ․ 1994)Ensign-ում, դեկտ․ 2002, Ավետարանի գրադարան։

  9. Տես Հուդա 1․22։

  10. «I’m Trying to Be Like Jesus», Children’s Songbook of the Church of Jesus Christ of Latter-day Saints, 78։