Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Ընդունեք պարգևը


10:30

Ընդունեք պարգևը

2025 թ․ Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր երեկո

7 դեկտեմբերի 2025 թ․, կիրակի

Սուրբ Ծննդյան տոներին մեր մտքերը բնականաբար ուղղվում են դեպի տուն՝ մեր երկրային տունը և մեր երկնային տունը։ Այնուամենայնիվ, իմ ամենահիշարժան Սուրբ Ծնունդներից մեկի ժամանակ ես այն առաջին անգամ տոնում էի տնից հեռու։

Ես համեմատաբար նոր լիաժամկետ միսիոներ էի Բրազիլիայում և դեռևս ընտելանում էի անծանոթ մշակույթին ու լեզվին։ Մի օր, երբ ես և զուգընկերս քայլում էինք մի համեստ favela-ում (թաղամաս), լսեցինք, թե ինչպես մեկը կանչեց. «Դուք սովորեցնում եք Հիսուսի մասի՞ն»։

Մենք շրջվեցինք և տեսանք մի կնոջ, որը մեզ հրավիրեց իր փոքրիկ, հողե հատակով տունը։ Մենք ծանոթացանք նրա տարեց մոր և յոթ երեխաների հետ․ նրանք բոլորը միասին ինչ-որ կերպ ապրում էին այդ փոքրիկ տարածքում։ Մենք սկսեցինք նրանց ուսուցանել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, և նրանք ոգևորությամբ սկսեցին սովորել։

Երբ Սուրբ Ծնունդը մոտենում էր, ընտանիքը մեզ հրավիրեց իրենց տուն՝ Սուրբ Ծննդյան ընթրիքի։ Խոստովանում եմ, որ ես ոգևորված չէի նրանց հրավերով։ Ես դժվարանում էի պատկերացնել, թե ինչպիսի Սուրբ Ծննդյան ընթրիք կարող էր առաջարկել այդ աղքատ ընտանիքը։ Նրանք նույնիսկ սեղան չունեին, որի շուրջը կարող էին նստել։ Իմ անկատար միտքը սևեռված էր ծխի ավելի ապահովված ընտանիքների վրա և մտածում էի, որ գուցե սպասենք նրանցից մեկի ավելի լավ առաջարկին։

Բարեբախտաբար, իմ ավագ զուգընկերն ինձանից իմաստուն էր, և նա արագ ընդունեց հրավերը։ Սուրբ Ծննդյան օրը մենք հյուրընկալվեցինք այս ընտանիքի համեստ տանը։

Ես պատրաստ չէի տեսնելու այն, ինչ տեսա։

Սենյակի կենտրոնում սեղան կար՝ լիքը ափսեներով, որոնցում կուտակված էին բրինձ, լոբի, միս, կարտոֆիլ, իսկ դրանց կողքին կար մեծ շշով գազավորված ըմպելիք։ Եվ կար ընդամենը երկու աթոռ՝ մեկը ինձ համար, մյուսը՝ ընկերոջս։

Ես խոսքեր չգտա ասելու և անչափ հուզված էի։ Նրանք այս Սուրբ Ծննդյան ընթրիքը պատրաստել էին միայն մեզ համար։ Դա, անկասկած, մեծ զոհողություն էր նրանց համար։ Եվ այնուամենայնիվ, երբ նստած էի սեղանի մոտ և նայում էի երեխաներին, որոնք նստած էին պատին հենված և դիտում էին, թե մենք ինչպես ենք ուտում, նրանց դեմքին ժպիտ տեսա։ Մեզ՝ օտարներիս համար զոհաբերություն անելը նրանց անկեղծ ուրախություն էր պարգևել։ Նրանք մեզ մի գեղեցիկ նվեր տվեցին, բայց սկզբում ես վարանում էի այն ընդունել։

Այդ Սուրբ Ծնունդը ընդմիշտ փոխեց իմ կյանքը։ Թեև անցել են շատ տարիներ, ես հաճախ եմ մտածում դրա մասին։ Այդ ընտանիքի ուրախալի զոհաբերության հիշողությունը իմ մտքերը ուղղում է դեպի Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը՝ Նրա փրկագնման և բժշկման սրբազան պարգևը։ Ի վերջո, Նրա պարգևի շնորհիվ է, որ մենք տոնում ենք Սուրբ Ծնունդը։

Ես մտածում եմ մեր Երկնային Հոր հարցի մասին՝ «Ո՞ւմ ուղարկեմ», և Որդու անվեհեր պատասխանի մասին՝ «Ահա ես. ինձ ուղարկիր»։

Ես մտածում եմ Հիսուսի խոնարհ ծննդյան և խոնարհ կյանքի մասին՝ Նրա պատրաստակամության մասին, որ «իջնի ներքև երկնքից՝ մարդկանց զավակների մեջ և … բնակվի կավե տաղավարում»։

Ես մտածում եմ Նրա տառապանքի մասին Գեթսեմանիում, որտեղ Նա տարավ «մեր ցավերը», «մեր վշտերը կրեց» և Իր վրա վերցրեց մեր մեղքերը։

«Ես տեսնում եմ Նրա գամված, արնոտ ձեռքերը, [որ հատուցում են մեր պարտքերը]»։

Ես մտածում եմ Նրա Հարության՝ մահվան հանդեպ Նրա փառահեղ հաղթանակի մասին։

Եվ այդ ժամանակ ես ինքս ինձ հարցնում եմ. «Արդյո՞ք ես ընդունում եմ այն պարգևը, որը Նա առաջարկում է մեծ ուրախությամբ»։ Բրազիլիայում անցկացրած Սուրբ Ծննդյան ընթրիքից ի վեր ես բազմիցս մտածել եմ այդ հարցի շուրջ։

Տարիներ անց ես վերադարձա Բրազիլիա` այս անգամ կնոջս հետ՝ որպես միսիայի ղեկավարներ ծառայելու։ Մեզ հետ ծառայած յուրաքանչյուր միսիոներից ես շատ բան սովորեցի։ Ես հիանում եմ Տիրոջը ընդունելի զոհաբերություն մատուցելու նրանց եռանդուն և անկեղծ ցանկությամբ։

Հիշում եմ, մասնավորապես, մի զրույց, որն ունեցա մի թանկագին քրոջ հետ, երբ նա ավարտում էր միսիան։ Նա ինձ խոստովանեց, որ վախենում էր տուն վերադառնալ։ Նա մտահոգված էր, որ զղջումով կհիշի իր միսիան՝ մտածելով, որ կարող էր ավելի լավ ծառայել և ավելին անել։ Փորձելով քաջալերել այդ հրաշալի միսիոներին՝ մենք զրուցում էինք միսիան և կյանքը այլ տեսանկյունից ընկալելու մասին։ Մեր նվիրվածությունը Հիսուս Քրիստոսին նման չէ դպրոցական նախագծի, որը հանձնում ենք՝ հուսալով ստանալ գերազանց գնահատական։ Հիսուս Քրիստոսը միակ կատարյալ անձն է, և Նրա կյանքը՝ միակ կատարյալ կյանքը։ Երբ մենք ձգտում ենք կատարելագործվել, դիմում ենք Նրան ոչ թե «Ես դա արեցի», «Ես արժանի եմ դրան» կամ «Ես հասա դրան» ոգով, այլ՝ «Ես ընդունում եմ» ոգով։

Իհարկե, մենք ուզում ենք ապրել Տիրոջ համար ընդունելի ձևով։ Մենք, բնականաբար, հույս ունենք, որ Նա կընդունի մեր զոհաբերությունը։ Բայց նույնքան կարևոր, կամ գուցե ավելի կարևոր է հետևյալ հարցը՝ «Արդյո՞ք ես ընդունում եմ Նրա զոհաբերությունը»։

Չեմ կարծում, որ Փրկչի պարգևը կարելի է ընդունել պասիվ կամ անտարբեր կերպով։ Ինձ համար ընդունել բառը ենթադրում է գիտակցված ընտրություն և կանխամտածված գործողություն։ Ինչպես մեզ համար Նրա զոհաբերությունն էր կամավոր, Նա ցանկանում է, որ մենք ևս այն կամավոր ընդունենք։ Ինչպես ցանկացած բարի նվիրատու, Տերը զգայուն է ոչ միայն մեր կարիքների, այլև մեր ցանկությունների հանդեպ։ Ինչպես ուսուցանել է Ալման. «Նա [տղամարդկանց և կանանց] շնորհում է ըստ իրենց ցանկության»։

Երբ Հիսուսը գնաց Բեթհեզդա ավազանի մոտ և տեսավ մի մարդու, որը 38 տարի չէր կարողանում քայլել, Նա հարցրեց՝ արդյոք նա ցանկանում է բուժվել։ Թվում է, թե ակնհայտ հարց է, բայց Բժշկողը մեզ չի բուժում մեր կամքին հակառակ։ Հրաշքը տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ տղամարդը արտահայտեց իր ցանկությունը։

Որո՞նք են ձեր ցանկությունները։ Ի՞նչ եք իսկապես ցանկանում զգալ և իրագործել այս կյանքում՝ այսօր, վաղը և հավիտյան։ Գուցե ձեզ պետք է մխիթարությո՞ւն։ Սփոփա՞նք։ Գուցե հուսով եք, որ կրկին խաղաղությո՞ւն կգտնեք։ Զորությո՞ւն Տիրոջից։ Ցանկանում եք բժշկվե՞լ։ Ներվե՞լ։ Փրկագնվե՞լ։ Իսկապե՞ս ուզում եք ավելի ու ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին՝ հավիտյան ապրել Նրա և մեր երկնային ծնողների հետ։

Եթե այո, ապա ընդունեք Հիսուս Քրիստոսի կողմից ձեզ առաջարկվող պարգևը։

«Քանզի ի՞նչ օգուտ մարդուն, եթե նրան պարգև է տրվում, և նա չի ընդունում այդ պարգևը: … Նա չի ուրախանում այն ամենով, ինչ տրված է իրեն, ոչ էլ ուրախանում է այդ պարգևը տվողով»։

Աստված բռնի կերպով չի մտնի մեր կյանք կամ չի պարտադրի մեզ Իր պարգևը։ Փոխարենը, Նա թույլ է տալիս մեզ ընտրել այն ընդունելը։ «Հետ դա[րձեք] դեպի ինձ»՝ ասում է Նա, և այդ ժամանակ դուք կհասկանաք, որ Նա ոչ միայն արդեն դարձել է դեպի ձեզ, այլև Նրա ողորմածության բազուկները միշտ մեկնված են։

Որպեսզի բացատրեմ, թե ինչ է նշանակում դառնալ դեպի Տերը, կցանկանայի կիսվել մի բանով, որ սովորեցի իմ թոռնուհի Բլեյքլիից, երբ նա ընդամենը երկու տարեկան էր։

Ամեն տարի Սուրբ Ծննդյան տոներին Բլեյքլին և մնացած թոռները գալիս են մեր տուն՝ մասնակցելու մեր սիրելի Սուրբ Ծննդյան ավանդույթներից մեկին՝ վայելելու Սուրբ Ծննդյան գեղեցիկ տեսարանները։ Ես ու կինս ունենք աշխարհի տարբեր ծայրերից բերված տեսարանների հավաքածու, և ամեն Սուրբ Ծնունդին մենք դրանք տեղադրում ենք տան տարբեր մասերում, որպեսզի թոռները գտնեն դրանք։

Նախագահ և քույր Ֆարնսը իրենց թոռնիկների հետ

Ահա մեր տեսարաններից մեկի նկարը։ Ինչպես տեսնում եք, մանուկ Հիսուսը մեջտեղում է, իսկ մյուս կերպարները՝ Մարիամը, Հովսեփը, հովիվները, մոգերը և այլք, դասավորված են մեկ գծով, որպեսզի բոլորը տեսանելի լինեն։ Դա, կարծես, Սուրբ Ծննդյան տեսարանը ներկայացնելու բավականին ստանդարտ ձև է։

Սուրբ Ծննդյան փայտե հավաքածու

Մի տարի ես մեր տեսարաններում տարօրինակ բան նկատեցի։ Ինչ-որ մեկը շրջել էր ամբողջ տնով և վերադասավորել դրանք։ Յուրաքանչյուր տեսարանի կերպարները շրջան էին կազմել՝ դեմքով դեպի մանուկ Հիսուսը։ Հետագայում ես պարզեցի, որ հենց Բլեյքլին էր այս հիանալի փոփոխությունը կատարել մեր Սուրբ Ծննդյան տեսարաններում։

Սուրբ Ծննդյան հավաքածու, որտեղ բոլոր կերպարներն ուղղված են դեպի Հիսուս Քրիստոսը
Սուրբ Ծննդյան հավաքածու, որտեղ բոլոր կերպարներն ուղղված են դեպի Հիսուս Քրիստոսը
Սուրբ Ծննդյան հավաքածու, որտեղ բոլոր կերպարներն ուղղված են դեպի Հիսուս Քրիստոսը

Այս պարզ արարքով Բլեյքլին ինձ մի խորիմաստ դաս ուսուցանեց. բավարար չէ պարզապես Փրկչի հետ նույն ընդհանուր տարածքում լինելը։ Բավարար չէ մի փոքր թեքված լինել Նրա ուղղությամբ կամ Նրան մոտ գտնվող մեկի կողքին լինել։ Քրիստոսի պարգևը լիովին ընդունելու համար մեզանից յուրաքանչյուրը պետք է լիովին դառնա դեպի Նա։

Այսպիսով, ինչպե՞ս ենք մենք անում դա։ Ինչպե՞ս կարող ենք լիովին դառնալ դեպի Փրկիչը։ Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ ընդունում ենք Նրա փրկագնման և բժշկման պարգևը։

Կարծում եմ, որ պատասխանը գտնվում է նախագահ Ռասսել Մ. Նելսոնի այս խորհրդի մեջ. մենք պետք է «բացահայտե[ն]ք ամենօրյա ապաշխարության ուրախությունը»։

Դա իսկապես շատ պարզ է։ Մենք ընդունում ենք Փրկչի պարգևը՝ ապաշխարելով, դեպի Նա դառնալով։ Նա Իր կյանքը զոհաբերեց, որպեսզի մենք կարողանանք փոխվել, կատարելագործվել, բժշկվել և փրկագնվել։ Այսպիսով, մենք ընդունում ենք այս առաջարկը՝ փոխվելով, կատարելագործվելով և ընդունելով Նրա բժշկող զորությունը մեր կյանքում։

Եվ մենք դա միայն մեկ անգամ չենք անում։ Մենք դա անում ենք ամեն օր, որովհետև մեզ դա անհրաժեշտ է ամեն օր։ Փրկչի պարգևն ընդունելը ողջ կյանքի պարտավորություն է։ Նրանն է իսկապես այն պարգևը, որը շարունակում է տրվել, մինչ մենք շարունակում ենք ընդունել՝ դառնալով դեպի Նա։

Երբեմն մենք խոսում ենք ամբողջ տարվա ընթացքում Սուրբ Ծնունդի ոգին մեզ հետ պահելու մասին։ Ես գիտեմ երեխաների, որոնք հաճախ ցանկանում են, որ ամեն օրը Սուրբ Ծնունդ լինի։ Իրականում մենք կարող ենք և պետք է տոնենք Սուրբ Ծնունդը ամեն օր՝ դառնալով դեպի Փրկիչը և երախտագիտությամբ ընդունելով Նրա պարգևը։ Երբ մենք ընդունենք ամենօրյա ապաշխարության ուրախությունը, կբացահայտենք, որ Սուրբ Ծննդյան օրհնությունները և Նրա պարգևի հրաշքը կարող են մշտապես մերը լինել։

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, կամավոր, սիրով և ուրախությամբ Իր կյանքը տվեց որպես թանկագին պարգև, որպեսզի ես և դուք կարողանանք բժշկվել, փրկագնվել և վեհանալ։ Ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը լիովին դառնա դեպի Հիսուս Քրիստոսը և ընդունի Նրա պարգևը այս Սուրբ Ծննդյան օրերին և մեր կյանքի յուրաքանչյուր օրը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Աբրահամ 3.27։

  2. Մոսիա 3․5։

  3. Եսայի 53․4:

  4. «Ես մնում եմ զարմացած», Hymns, no. 193։

  5. «Հավերժական կյանք ստանալու համար մենք պիտի «գանք Քրիստոսի մոտ» (Մորոնի 10․32)» (Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 1.1, Ավետարանի գրադարան)։

  6. Ալմա 29․4։

  7. Տես Հովհաննես 5․6։

  8. Վարդապետություն և Ուխտեր 88․33։

  9. Նեեմիա 1․9, Հելաման 13․11, տես նաև Հովել 2․13, Մոսիա 7․33, Դալլին Հ. Օուքս, «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 75–77, Պատրիկ Քիրոն, «Աստծո նպատակն է ձեզ տուն բերել», Լիահոնա, մայիս 2024, 87–89։

  10. Տես 2 Նեփի 28․32, 3 Նեփի 9․14։

  11. Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022, 98, շեշտադրումը բնօրինակով։

  12. «Մարդիկ, որոնք ունեն մեղքերի թողություն, և կանոնավոր մաքրվում են ամենօրյա ապաշխարությամբ և ուխտերի համաձայն ապրելով, որը կապում են հաղորդության արարողության միջոցով, որակավորվում են խոստումի համար, որ Սուրբ Հոգին՝ Տիրոջ Հոգին, «միշտ իրենց հետ ունենան» (Վարդապետություն և Ուխտեր 20․77)» (Դալլին Հ․ Օուքս, «Աստվածային օգնություն մահկանացու կյանքի համար» Լիահոնա, մայիս 2025, 105)։