Հավիտենական Լույսը
2025 թ․ Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր երեկո
7 դեկտեմբերի 2025թ․, կիրակի
Ես խորապես երախտապարտ եմ, որ այս Սուրբ Ծննդյան տոներին հավաքվել ենք միասին՝ հիշելու և ցնծալու Հիսուս Քրիստոսի՝ Աստծո Որդու, ողջ մարդկության Փրկչի ծնունդով։
Սուրբ Ծննդյան գիշերը տարվա իմ սիրելի գիշերն է։ Երբ արևը մայր է մտնում, մեր մտքերը փոխակերպվում են հանդարտ խորհրդածության՝ աշխարհի Փրկչի ծննդյան շուրջ։ Հիշում եմ՝ ամեն տարի, Սուրբ Ծննդյան նախօրեին, մենք հավաքվում էինք ընտանիքով, բացում Նոր Կտակարանը և կարդում Ղուկասի 2-րդ գլխի ծանոթ խոսքերը.
«Հովսեփն էլ Գալիլեայից՝ Նազարեթ քաղաքից , գնաց Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում. … որպեսզի այնտեղ արձանագրվեր իր նշանածի՝ Մարիամի հետ, որ հղի էր»։
Մտածենք երիտասարդ կնոջ՝ Մարիամի մասին, որն իր հոգատար ամուսնու՝ Հովսեփի հետ ուղևորվել էր Բեթլեհեմ փոշոտ ճանապարհով՝ չիմանալով, թե որտեղ են հանգրվանելու կամ երբ է ծնվելու իր Որդին։
Այժմ այս մտքին ավելացրեք այդ ժամանակահատվածում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ Ամերիկյան մայրցամաքի Զարահեմլա երկրում հավատացյալների մի խումբ վշտացած է՝ «աննկուն սպասելով» Փրկչի ծննդյան նշանին, որը, ինչպես մարգարեացել էր Սամուել Լամանացին, լինելու էր մեկ ցերեկ, մեկ գիշեր և ևս մեկ ցերեկ առանց խավարի, քանի որ եթե նշանը չտրվեր, բոլոր հավատացյալները կսպանվեին։
Նեփին՝ նրանց մարգարեն, «վար խոնարհվեց գետնին և ուժգնորեն աղաղակեց առ Աստված իր ժողովրդի համար։ … Եվ եղավ այնպես, որ … Տիրոջ ձայնը եկավ նրան՝ ասելով. Բարձրացրու գլուխդ և ուրախացիր. քանզի ահա, ժամանակը մոտ է, և այս գիշեր նշանը պիտի տրվի, և էգուց ես գալիս եմ աշխարհ»։
Ամեն անգամ, երբ կարդում եմ այս տողերը, կանգ եմ առնում և զարմանում։
Ես զարմանում եմ, որ Հիսուս Քրիստոսը, որը ստեղծեց երկիրը Հոր ղեկավարությամբ, որը պատմության ընթացքում խոսել և ոգեշնչել է մարգարեներին և Աստծո արդար որդիներին ու դուստրերին, շուտով պիտի բարեհաճեր երկիր գալ որպես մանուկ։
Ես նաև զարմանում եմ, որ Նա՝ ողջ մարդկության Փրկիչը, ծնվեց Բեթլեհեմում ճիշտ ժամանակին, որ տրվեր նշանը, որը փրկեց Զարահեմլայի նեփիացի հավատացյալներին։ Սուրբ գրությունն ասում է. «Քանզի ահա, արևի մայր մտնելուց խավար չեղավ»։
Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում հավատացյալների համար՝ նրանց համար, ովքեր սպասել, հուսացել և աղոթել են այս մարգարեության կատարման համար։ Անշուշտ, նրանք ցնծացել են։ Ի՜նչ հզոր վկայություն է, որ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր՝ փրկելու բոլոր նրանց, ովքեր կհավատան Իր անվանը։ Արևը մայր էր մտել, բայց երկինքը լցված էր լույսով։
Փրկչի մասին մարգարե Աբինադին վկայել է. «Նա է լույսն ու կյանքն աշխարհի. այո, լույս, որն անվերջ է, որը երբեք չի կարող խավարեցվել»։ Հիսուս Քրիստոսը հայտարարել է․ «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից գա, նա խավարի մեջ չի քայլի, այլ կյանքի լույսը կընդունի»։
Մեր կյանքի ընթացքում կլինեն ժամանակներ, երբ արևը գուցե մայր մտնի մեր հույսերի ու երազանքների վրա։ Արևը կարող է մայր մտնել, երբ մենք կորուստ կամ ֆիզիկական և հուզական դժվարություններ ենք ունենում։ Բայց քանի որ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր և մահանալուց հետո երրորդ օրը հարություն առավ՝ հաղթելով մեղքին և մահին, արևի մայր մտնելուց մշտական խավար չի լինի։ Մենք կարող ենք փնտրել և գտնել Նրա կենսատու լույսը։
Խոնարհ հովիվների գլխավերևում գիշերային երկինքը լցվեց լույսով, երբ «Տիրոջ հրեշտակը նրանց առաջ կանգնեց»՝ հայտարարելով ուրախ լուրը. «Որովհետև ․․․ այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը»։ Երբեմն մենք կարող ենք հետևել Փրկչի լույսին և արագ գտնել Նրան, ինչպես հովիվները, երբ երկնային առաջնորդությանը հետևեցին «շտապելով», և անձամբ ճանաչեցին Նրա աստվածությունը։ Ապա մենք նույնպես կարող ենք գնալ մեր ճանապարհով՝ «Աստծուն փառաբանելով և օրհնելով այն ամենի համար, որ լսե[լ] ու տեսե[լ] [ենք]»։
Երբեմն էլ մենք կարող ենք մեզ մոգերի նման զգալ, և Նրան գտնելու մեր ճանապարհորդությունը գուցե տևի շաբաթներ, ամիսներ կամ նույնիսկ տարիներ։ Բայց եթե շարունակենք հետևել Նրա առաջնորդող աստղի լույսին, անկախ նրանից, թե որքան թույլ է այն առկայծում, յուրաքանչյուր քայլով ավելի կմոտենանք Նրան։ Եվ ապա, մոգերի նման կարող ենք ցնծալ մեծ ուրախությամբ, խոնարհվել երկրպագության համար՝ մեր երախտագիտության և սիրո պարգևները մատուցելով։
Ինձ հետ միասին եկեք տեղափոխվենք 2010 թվականի Սուրբ Ծննդյան նախօրե և ես կկիսվեմ ձեզ հետ, թե ինչպես Աստծո լույսն ու սերը ցրեցին խավարը իմ ընտանիքի համար այդ սրբազան գիշերներից երկուսի ժամանակ։
Ես հիվանդանոցում էի՝ տնից ավելի քան 2000 մղոն հեռու, և հսկում էի ամուսնուս՝ Բրյուսին, որը հաջող վիրահատությունից հետո պայքարում էր կյանքի համար։ Նրա առողջությունը վատթարանում էր, և նրան խնամող բժիշկների թիմը չէր կարողանում հասկանալ պատճառը։ Երկրի տարբեր ծայրերում գտնվող ընտանիքիս անդամների հետ աղոթքով և ծոմապահությամբ միավորվելուց հետո, ես գնացի տուն՝ մի քիչ քնելու։ Գիշերվա կեսին Բրյուսի դռան մոտով անցնող բուժաշխատողը լսել էր նրա հազի ձայնը։ Նրա մոտ միտք էր ծագել անսովոր մի շնչառական հիվանդության համար թեստ կատարել։ Թեստը հաստատել էր նրա միտքը, և բուժումը սկսելուց մի քանի ժամ անց ամուսնուս առողջությունը սկսեց բարելավվել: Մենք գիտեինք, որ Քրիստոսի Լույսը իջել էր այդ բուժաշխատողի վրա՝ ցույց տալով նրան այն ճանապարհը, որը կվերականգներ Բրյուսի առողջությունը։ Մեր ապրած խավարը փոխարինվեց լույսով և հույսով։
Վեց տարի անց, 2016 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին, Բրյուսը կրկին հիվանդանոցում էր, որտեղ երկու լուրջ հիվանդություններից նրա ապաքինումը ընդհատվեց ևս մեկ կտրուկ վատթարացմամբ։ 48 ժամվա ընթացքում բժիշկները կարողացան ախտորոշել պատճառը։ Նրանք մեզ հետ կիսվեցին մի ծրագրով, որը կարող էր օգնել Բրյուսին հաղթահարել իր երրորդ հիվանդությունը։ Երբ զրույցն ավարտվեց, Բրյուսը քաղաքավարի կերպով խնդրեց նրանց մեզ մենակ թողնել, որպեսզի կարողանայինք խոսել։ Նա ինձ ասաց, որ Հոգին հստակ շշնջացել էր իրեն, որ բժիշկները ոչինչ չէին կարող անել, ինչը կփրկեր իր կյանքը։ Նա հանգիստ էր խոսում՝ Հոգով լցված։ Երկու օր անց նա խաղաղությամբ մահացավ տանը՝ շրջապատված ընտանիքով։
Չնայած բոլոր Սուրբ Ծննդյան նախօրեները տարբեր են եղել, դրանցից յուրաքանչյուրը սրբազան է մեզ համար։ Եղե՞լ է, որ արցունքներ են թափվել, խոր վիշտ ենք զգացել, կորստի և միայնության հետ առնչվել։ Այո՛: Եվ զգացե՞լ ենք արդյոք Աստծո սիրո լույսը։ Այո՛: Կյանքի այն պահերին, երբ զգացել ենք, որ մեր արևը մայր է մտնում, Նա մեզ լույս և հասկացողություն է տվել։
Երբ մեր ուշադրությունը կենտրոնացած պահենք աշխարհի Փրկչի վրա, Նա կլուսավորի մեր ճանապարհը դեպի հույս և բժշկում։ Զարահեմլայի հավատացյալների փորձառության նման, մեղքի և մահվան նկատմամբ Փրկչի հաղթանակի շնորհիվ, երբ գիշերները գան, մշտական խավար չի լինի։
Ես սիրում եմ «Օ, Բեթլեհեմ, փոքրիկ քաղաք» (“O Little Town of Bethlehem”) օրհներգի այս խոսքերի խորը իմաստը. «Քո մութ փողոցներում փայլում է հավիտենական Լույսը։ Այս գիշեր Քո շնորհիվ կունենանք տարիների սպասումն ու հույսը»։
Եղբայրնե՝ր և քույրե՝ր, Տերը մեր հավիտենական լույսն է։ Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր՝ ուրախություն և հույս բերելու․ Նա լուսավորում է մեր տունդարձի ճանապարհը։ Ես սիրում եմ Նրան: Ես երկրպագում եմ Նրան։ «Փա՛ռք Աստծուն Իր սուրբ Որդու անզուգական պարգևի համար»։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: