Սուրբ ծննդյան հոգևոր երեկոներ
Սուրբ Ծննդյան տոներին ես տանը կլինեմ


8:49

Սուրբ Ծննդյան տոներին ես տանը կլինեմ

2025 թ․ Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր երեկո

7 դեկտեմբերի 2025թ․, կիրակի

Շատ տարիներ առաջ ես երիտասարդ հայր էի, որը ցանկանում էր օգնել իր սիրելի կնոջը պատրաստվել մեր առաջնեկի՝ որդու ծնունդին։ Ես այնքան էի նյարդայնացած, որ գրեթե խելագարվում էի։ Փեթը պատմել է, որ երբ վերջապես ծննդաբերության նշանները սկսվեցին, ես վերցրի բարձը, որի վրա քնած էի, և ուղղվեցի դեպի դուռը՝ թողնելով նրան հետևում, և առանց վերնաշապիկի ու տաբատի, որոնք պետք է հագնեի գիշերանոցի փոխարեն։

Հնարավոր է՝ նրա գրավիչ բնավորությունն էր, որ խանգարեց ինձ մոտենալ դռանը։ Ո՞վ գիտե։ Գուցե նրա սիրառատ պաշտպանությունն էր, որ դեռ մի քանի ժամ տաք ու հարմարավետ պահեց այդ երեխային իր փոքրիկ տանը։

Ամեն դեպքում, Սուրբ Ծնունդը տարվա այն օրն է, երբ մենք ամենաշատն ենք ցանկանում տանը լինել։ Այս տոնի ամենատարածված Սուրբ Ծննդյան երգերից մեկը «Սուրբ Ծննդյան տոներին ես տանը կլինեմ» երգն է։ Եվ եթե չենք կարող այնտեղ լինել, մեր կոկորդում մի փոքր լարվածություն է առաջանում հուզմունքից, նույնիսկ եթե մեծացել ենք և անցել ենք մանկության խաղալիքների ու փայլազարդերի տարիքից։

Խոսելիս կարող ենք նշել, որ մոտ 85000 միսիոներներ ծառայում են աշխարհի ինչ-որ վայրում, սովորաբար իրենց տնից հեռու։

Տնից հեռու սովորող ուսանողների մեծ մասը տուն կվերադառնա Սուրբ Ծննդյանը, բայց ոչ բոլորը, քանի որ, հավանաբար, ոմանք չեն կարող վճարել ուղևորության համար։

Աշխարհում շատ ողբերգական պատերազմներ են տեղի ունենում, ուստի դժվար է հաշվել, թե այդ զինծառայողներից քանիսը տնից կբացակայեն այս Սուրբ Ծննդյանը։ Բայց նրանց թիվը կկազմի հարյուր հազարավորներ։

Հիսուսը, Մարիամը և Հովսեփը գիտեին, թե ինչ է նշանակում լինել միայնակ՝ տնից հեռու, այս առանձնահատուկ գիշերը։ Երկու հազարամյակ անց մենք դեռ երգում ենք․ «Նրա ապաստանը ախոռ էր, իսկ օրորոցը՝ մսուր. Մեր սուրբ Փրկիչը ապրեց աղքատների, հեզերի և խոնարհների հետ երկրի վրա»։

Մի քանի տարի անց այդ մանուկը կրկին մենակ էր՝ հայտարարելով, որ Ինքը «մենակ [է] կոխ տվել հնձանը,… և ոչ ոք չկար [Նրա] հետ», վախենալով Իր խոր տառապանքի մեջ, որ Ինքն ամբողջովին լքված էր, նույնիսկ Իր Երկնային Հոր կողմից։ Սակայն այդ հարցի ըմբռնումը եկավ ավելի ուշ՝ Սուրբ Ծննդյան գիշերը վերածելով ուրախության և խոստումների, հրեշտակների, աստղերի և փրկության գիշերվա, սիրելիների հետ լինելու գիշերվա, եթե մենք կարողանանք անել դա։

Այս Սուրբ Ծնունդին թույլ տվեք հրավիրել ձեզանից յուրաքանչյուրին՝ թեկուզ կարճ ժամանակով, ընտանիք լինել նրանց համար, ովքեր միայնակ են։ Մենակությունը սարսափելի ցավոտ զգացում է։ Գիտեմ, որ շատերն ինձանից ավելի միայնակ են եղել, բայց վերջին երեք Սուրբ Ծնունդներն ինձ համար շատ ցավոտ են եղել առանց այն կատարյալ մայրիկի ընկերակցության, որի մասին ավելի վաղ խոսեցի։

Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածը եղել է փրկագնող ինձ համար։ Սա ավելի շատ խորհրդածության, ավելի շատ խոնարհության և ավելի շատ գնահատանք ցուցաբերելու ժամանակ է եղել։ Գուցե այս Սուրբ Ծնունդին մենք կարողանանք օրհնել այն մարդու կյանքը, որը դեռևս ժամանակավորապես միայնակ է՝ այնպես, որ թեկուզ մի պահի, ճաշին կամ կեսօրին զգա, որ կարողացել է տուն վերադառնալ՝ Սուրբ Ծնունդը նշելու։

Սուրբ Ծննդյան տոներին տնից հեռու լինելու մի քանի դեպքերից մեկը, ինչպես նախագահ Ֆարնսի դեպքում, լիաժամկետ միսիոներական ծառայության ընթացքում էր, որ երբեմն միայնակ էի զգում, բայց այդ ծառայությունը միշտ շատ օգտակար և հատուցվող էր։

Ահա մեկ այլ անձի կողմից գրված մի խոհուն և նուրբ բնույթի գրառում, որը բացահայտում է կարոտի չափազանց հասուն դրսևորում։ Սա այն նամակն է, որը մենք բոլորս կցանկանայինք գրել մեկից ավելի անգամներ։

«Սիրելի՛ հայրիկ, Սա իմ ողջ կյանքի ընթացքում առաջին անգամն է, երբ Սուրբ Ծնունդը ընտանիքում չեմ անցկացնում։ Ես նստած եմ հյուրատան բուխարու առջև՝ դիտելով, թե ինչպես են բոցերը բարձրանում ծխնելույզով՝ [իրենց հետ տանելով] Սուրբ Ծննդյան անցյալ օրերի հիշողությունները։ Հիշում եմ այն առավոտը, երբ մենք, գիշերանոց հագած, շտապեցինք ներքև իջնել։ [Ապա, մեծ ոգևորությամբ] վազեցինք վերև… որպեսզի ցույց տանք [ձեզ] մեր բոլոր [նվերները՝ խնձորներ, նարինջներ և տնական կոնֆետներ]: Դու և մայրիկն [ինչ-ինչ պատճառներով շատ հոգնած տեսք ունեիք], սակայն խաղում էիք մեզ հետ և համբուրում մեզ, ապա լուսաբացից առաջ ուղարկեցիք մեզ քնելու։ Օրվա ընթացքում դու մեզ փողոցով վեր ու վար էիր տանում նոր սահնակով, [որը մենք ավելի վաղ չէինք գտել] և մենք կարծում էինք, որ դու աշխարհի ամենամեծ, ամենաուժեղ մարդն ես։ … Երեկ գիշերը ես կարոտում էի Ձմեռ պապի [գալստյան հուզումնալից պահը։ Նա] այսօր առավոտյան նույնպես չեկավ։ Ես կարոտում եմ քեզ[, հայրիկ։ Սակայն մեր միջև այս նոր] հեռավորության պայմաններում ես սկսում եմ քո կյանքում տեսնել Սուրբ Ծննդյան [իրական] ոգին։ … Աստված օրհնի քեզ, հայրի՛կ, և ես միշտ սիրով ու երախտագիտությամբ կհիշեմ քեզ։ Սիրով՝ Գորդոն»։ Մեր Գորդոն Բիթներ Հինքլի։

Շնորհավոր Սուրբ Ծնունդ մեր Երկնային Հոր կողմից, ով երբեք չի տատանվում և չի ձախողվում, և Նրա Միածին Որդուց, Նրա մանուկից՝ այդ մանուկից և մեր Եղբորից, որը մեծացավ՝ «մեր ցավերը [վերցնելու], մեր վշտերը [կրելու], [և] մեր անօրենությունների համար [հալածվելու]»։ Մենք շնորհակալ ենք մեր Երկնային Հորը՝ խոստացված Մեսիայի համար, որը Սուրբ Ծննդյան տոնի մեծագույն պարգևն է։ Նրա անունով՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. “Once in Royal David’s City,” Hymns, no. 205.

  2. Վարդապետություն և Ուխտեր 133․50։

  3. Gordon B. Hinckley to Bryant S. Hinckley, 25 Dec 1933, quoted in Sheri L. Dew, Go Forward with Faith: The Biography of Gordon B. Hinckley (Salt Lake City: Deseret Book, 1966), 76.

  4. Եսայի 53.4–5: