Սուրբ ծննդյան տոնակատարություն
2024 թվականի Առաջին նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո
Կիրակի, 8 դեկտեմբերի, 2024 թ․
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, մենք առատորեն օրհնվեցինք, լսելով քույր Ռունիայի, երեց Փալմերի և երեց Քուքի հրաշալի ուղերձները: Ինձ համար արտոնություն է՝ ուսուցանել որոշ բաներ, որոնք նրանք արդեն բացատրել են:
Սուրբ Ծնունդը տարվա հրաշալի ժամանակ է։ Երբ մենք նշում ենք մեր Փրկչի ծնունդը, մեր սրտերը ներդաշնակվում են նրա հետ, ինչն ամենակարևորն է մեր կյանքում։ Սուրբ Ծնունդը մեզ դարձնում է ավելի գիտակից և ավելի երախտապարտ այն զոհաբերությունների համար, որոնք արվել են մեզ համար:
I.
Սուրբ Ծնունդը հիշեցնում է մեզ մտածել միմյանց մասին։ Մենք ավելի շատ ենք գնահատում մեր ընտանիքները։ Մենք վերականգնում ենք կապերը հին ընկերների հետ։ Մենք վեր ենք բարձրանում այն խոչընդոտներից, որոնք բաժանում են մեզ տարվա մյուս ժամանակներում։ Անծանոթները ողջույններ են փոխանակում առանց ամաչելու։ Բարությունը և ուշադրությունը վերադառնում են։ Սուրբ Ծննդյան ոգին դրսևորում է մեր մեջ լավագույնը։
Սուրբ Ծննդյան ջերմությունն ու լույսը Քրիստոսի Լույսն է։ Ինչպես կարդում ենք ժամանակակից սուրբ գրություններում, Փրկիչը «ճշմարիտ լույսն է, որը լուսավորում է ամեն մարդու, ով գալիս է աշխարհ»։ Բոլոր նրանք, ովքեր տոնում են Քրիստոսի ծնունդը, բոլորը, ովքեր ունեն, ինչպես մենք ենք կոչում, «Սուրբ Ծննդյան Հոգին, ունեն այդ լույսից մի մաս»։
Ավելի քան մեկ միլիարդ մարդ այս Սուրբ Ծննդյան օրերին կնշեն Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Ամբողջ աշխարհը պետք է նշի այն։ Նույնիսկ աշխարհիկ առումով, Հիսուս Նազովրեցին ամենակարևոր մարդն է, ով երբևէ ապրել է: Նա ավելի քան 6000 տարի մարգարեների և բանաստեղծների հիմնական թեման է: Նա է աշխարհի երաժշտության և արվեստի մեծագույն թեման: Նա երբևէ ապրած մեծագույն ուսուցիչն է: Ամենակարևորը՝ Նա է Հավերժական Հոր Միածին Որդին: Նա է Աստվածը, որի առաջ ամեն ծունկ կծալվի և ամեն լեզու կխոստովանի, որ Նա է մեր Արարիչը և Քավիչը, Փրկիչը և Աստվածը այս աշխարհի:
«Խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն» խոսքերը Սուրբ Ծննդյան ուղերձն է։ Սա բանաստեղծների և երգահանների գերիշխող թեման է, ովքեր տվել են մեզ Սուրբ Ծննդյան փառահեղ երաժշտությունը։ Մենք սիրում ենք երգերը, որոնք արձագանքում են այդ թեմային:
Հեռու, հեռու դաշտերում Հուդայի
Ավետաբեր մի լուր եկավ հովիվներին․
Փառք Քեզ, մեր Տեր, Փառք Քեզ, մեր Տեր,
Փառք Քեզ, մեր միակ Բարձրյալ Տեր։
Խաղաղություն աշխարհին, բարգավաճում ամենքին,
Մեր տոնական միջոցառումների ժամանակ երգված այսպիսի անթիվ խոսքերը մեզ հիշեցնում են, որ Սուրբ Ծննդյան տոնակատարության և երգերի մեջ ոչ մի նոր բան չկա։ Ուղերձը հնադարյան է և ծանոթ: Այն ուսուցանվել էր Ադամին: Այն քարոզվել էր Իսրայելի զավակներին: Այն քարոզվել էր հայր Լեքիի հետնորդներին: Կրկին ու կրկին մարգարեները հայտարարել են Հիսուս Քրիստոսի ուսմունքների և քավության առանցքային ճշմարտությունները: Կրկին ու կրկին նրանք հայտարարել են Նրա պատվիրանի մասին, որ մենք պետք է սիրենք ու ծառայենք Նրան և սիրենք ու ծառայենք միմյանց: Նա ավելացրել է. «Եթե ինձ սիրում եք, պահե՛ք իմ պատվիրանները»: Դարեր շարունակ կրկնվող այս հայտարարությունները ամենակարևոր ուղերձն են ողջ հավերժության մեջ: Դրանք մեզ համար են, մեր օգտի համար:
Ամենակարևոր բաները կյանքում կրկնվող են։ Մենք երբեք չենք հոգնում մեր Փրկչի սրբազան անունը լսելուց: Մենք երբեք չենք հոգնում մեր սիրելիների ընկերակցությունից։ Մենք երեբեք չենք հոգնում լսելուց. «Ես սիրում եմ քեզ»:
Այսպիսով, Սուրբ Ծննդյան կրկնվող ուղերձը վերանայվելու ուղերձ չէ, այլ նորացվելու ուղերձ՝ մեր կյանքում։
II.
Մեր մանկությունից ի վեր մեզանից յուրաքանչյուրը գիտի, որ Սուրբ Ծնունդը ընտանիքներում և ընկերներին նվերներ տալու ժամանակ է։ Այն առանձնահատուկ բարության դրսևորման շրջան է նրանց հանդեպ, ում մենք սիրում ենք: Բայց Սուրբ Ծննդյան նվիրատվության Հոգին պետք է տարածվի մեր ընտանիքի և ընկերների շրջանակից դուրս: Այսօր մեր երիտասարդներից շատերը հիշարժան փորձառություններ են ունենում, երբ քվորումներն ու դասարանները և Եկեղեցու այլ խմբեր այցելում և նվերներ են տանում նրանց, ովքեր կարիք ունեն հիշվելու Սուրբ Ծննդյան տոներին՝ հիվանդանոցներում և ծերանոցներում, անկողնային հիվանդներին և շատ ուրիշների։ Սուրբ Ծննդյան անհամար նախօրեներին բարի տղամարդիկ և կանայք, իմանալով խեղճ վշտահար ծնողների ծանր վիճակի մասին, գալիս են այցի խաղալիքներով, ուտելիքներով և քաղցրավենիքով, որպեսզի լայն բացված աչքերով, վստահող երեխաները զգան Սուրբ Ծննդյան առավոտյան հիշված լինելու բերկրանքը: Հազարավոր հիանալի տղամարդիկ և կանայք միավորում են իրենց ջանքերը Սուրբ Ծննդյան բարեգործություններում՝ կերակրելու սովածներին, հագցնելու ցնցոտիավորներին, անօթևաններին տուն տալու, հիվանդներին և մոռացվածներին այցելելու և երեխաներին ուրախություն պարգևելու համար։ Աստված օրհնի այդ օգնող ձեռքերը։ Բոլորս պետք է աջակցենք նրանց: Նրանք, ովքեր ծառայում են սիրով և անեսասիրաբար, Խաղաղության Իշխանի ճշմարիտ ծառաներն են։
III.
Ո՞րն է «երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն» բառերի նշանակությունը։ Փրկիչն առաջինը ուսուցանեց․ «Պիտի սիրես … քո մերձավորին, ինչպես քո անձը»։ Նա նաև ուսուցանել է, որ մենք պետք է «սիրենք [մեր] թշնամիներին, օրհնենք [մեզ] անիծողներին, բարիք անենք [մեզ] ատողներին. և աղոթենք [մեզ] չարչարողների ու հալածողների համար»:
Երբ մենք աշխատում ենք այդ ուսմունքներում արտահայտված նպատակի համար, Սուրբ Ծնունդը պետք է լինի ներելու ժամանակ, ժամանակ՝ հին վերքերը բուժելու և խաթարված հարաբերությունները վերականգնելու համար:
Մեջբերում․ «Ուստի, ես ասում եմ ձեզ, որ դուք պետք է ներեք միմյանց. քանզի, ով իր եղբորը չի ներում նրա զանցանքները, դատապարտված կանգնած է Տիրոջ առաջ. քանզի նրա մեջ ավելի մեծ մեղք է մնում:
Ես՝ Տերս, կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց»:
Սուրբ Ծնունդը մեր մեջ արթնացնում է սիրո և բարեկամության մեր սովորական կապերը ավելի ընդլայնելու ցանկություն: «Խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն» բառերը ուղղակի խոսքեր չեն նրանց համար, ում հանդեպ մենք արդեն սիրո և քնքշանքի զգացմունքներ ենք տածում, ինչպես օրինակ՝ մեր Եկեղեցու կամ ազգի, մեր քաղաքի կամ շրջակայքի համաքաղաքացիների հանդեպ կամ նույն մշակույթի մարդկանց հանդեպ։ Երկնային զորքերը հռչակեցին հաճություն բոլոր մարդկանց՝ պատահական ընկերների, անծանոթների, նույնիսկ թշնամիների հանդեպ։ Սուրբ Ծնունդը հիշելու ժամանակ է, որ մենք բոլորս Երկնային Հոր զավակներն ենք, ով տվել է Իր Միածին Որդուն, որպեսզի բոլորը փրկագնվեն մահից: Մեր Երկնային Հայրը նաև փրկության և վեհացման օրհնություններ է առաջարկել ողջ մարդկությանը՝ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի, ապաշխարության, մկրտության և ավետարանի օրենքներին ու արարողություններին հնազանդվելու պատրաստակամության նույն պայմաններով:
IV.
Սուրբ Ծննդյան Հոգին խրախուսում է մեզ օգտագործել այս ժամանակաշրջանը՝ հաղթահարելու խոչընդոտները և խթանելու փոխըմբռնում և սեր բոլոր ռասաների, դավանանքների և ազգային ծագում ունեցող մարդկանց միջև։ Անկախ նրանից, թե վերջին օրերի սրբերը մեծամասնություն են կազմում, ինչպես մենք Յուտայում ենք, թե փոքրամասնություն՝ ինչպես այլ տեղերում, մենք պետք է օգնության հասնենք Աստծո բոլոր որդիներին և դուստրերին։ Մենք պետք է անկեղծ ընկերակցության ձեռք մեկնենք բոլոր մարդկանց, ինչպես մեր հավատքից, այնպես էլ նրանց, ովքեր մեր հավատքից չեն: Մենք պետք է հետևենք պատվիրանին, որն Աստված Մովսեսի միջոցով տվել էր Իսրայելի զավակներին։
«Եթե մի օտարական ձեր երկրում, ձեզ մոտ պանդխտանալու լինի, չնեղեք նրան։ Ձեզ մոտ պանդխտության եկած օտարականը ձեր երկրի տեղաբնակի պես թող լինի ձեզ համար։ Նրան սիրիր քո անձի պես»:
Մենք պետք է սովորեցնենք մեր երեխաներին բարի և ուշադիր լինել բոլորի հանդեպ: Ես տխրում եմ, երբ լսում եմ այս համայնքում ոչ Վերջին օրերի սուրբ ծնողների վշտի մասին, որովհետև նրանք կարծում են, որ իրենց որդիներն ու դուստրերը հեռացվել կամ օտարվել են եկեղեցու մեր անդամ երեխաների կամ երիտասարդների կողմից: Հուսով եմ՝ այդպիսի դեպքերը հազվադեպ են և նվազում են։ Որպես Քրիստոսի հետևորդներ, մենք պետք է ամենուրեք լինենք բոլոր մարդկանցից ամենաընկերասերը և ամենաուշադիրը։
Մենք, իհարկե, պետք է խուսափենք այնպիսի շփումներից և միջոցառումներից, որոնք վտանգում են մեր վարքը կամ թուլացնում մեր հավատքն ու երկրպագության ոգին։ Բայց նման բացառիկությունը չի արդարացնում ուրիշների հանդեպ մեր անուշադրությունը։ Ոչ էլ այն պետք է մեկուսացնի մեզ այն բազմաթիվ շփումներից, որոնք ներգրավում են համագործակցային ջանքեր՝ ընդհանուր հետաքրքրությունների լայն ոլորտում, որն ընդգրկում է բոլոր մարդկանց։
Ոգին, որով մենք պետք է ընդունենք «խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն» ուղերձը, դա ինքնանվեր ուրիշներին ծառայելու ոգին է։ Ճիտ ինչպես Սուրբ Ծնունդն է տոնում Նրա ծնունդը, ով Իր կյանքը տվեց մեզ բոլորիս համար, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրը պետք է օգտագործի Սուրբ Ծնունդը որպես ժամանակ՝ բարելավելու այն ուղիները, որոնցով օգնություն ենք ցույց տալիս մեր մերձավորներին:
Երբ մենք այդպես ենք անում, երբ Սուրբ Ծննդյան Հոգին ներթափանցում է մեր մտքերի և գործողությունների մեջ, մեզանից յուրաքանչյուրը կանի իր սեփական ներդրումը «երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն» հավերժական նպատակի համար։ Ժամանակն է, որ բոլորս այդպես անենք, քանի որ ամեն օր մենք մեկ օրով ավելի ենք մոտենում Տիրոջ գալուստին։ Ինչպես Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ուսուցանել մեզ անցած հոկտեմբերի համաժողովում․ «Լավագույնը դեռ առջևում է, քանի որ Տերն արագացնում է Իր աշխատանքը: Լավագույնը դեռ առջևում է, քանի որ մեր սիրտն ու կյանքը մենք ամբողջովին դարձնում ենք դեպի Հիսուս Քրիստոսը»:
Այժմ ես մեջբերում եմ «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» նյութից։ Այստեղ ասվում է (մեջբերում)․
«Նշելով երկու հազարամյակ առաջ տեղի ունեցած Հիսուս Քրիստոսի ծնունդը, մենք բերում ենք մեր վկայությունը Նրա անզուգական կյանքի իրականության և Նրա մեծ քավող զոհաբերության անսահման զորության մասին: Ոչ ոք չի ունեցել այդպիսի խորը ազդեցություն բոլորի վրա, ովքեր ապրել են և ովքեր դեռ ապրելու են երկրի վրա»:
Շարունակում եմ մեջբերումը․ «Մենք հանդիսավորությամբ վկայում ենք, որ Նրա կյանքը, որն առանցքային է ողջ մարդկության պատմության մեջ, ոչ սկսվեց Բեթլեհեմում, ոչ էլ ավարտվեց Գողգոթայում։ Նա Հոր Առաջնեկն էր՝ Միածին Որդին մարմնում, աշխարհի Քավիչը։…
Մենք հանդիսավոր հայտարարում ենք, որ Նրա քահանյությունը և Նրա Եկեղեցին վերականգնվել է Երկրի վրա՝ «առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Հիսուս Քրիստոսն է»։
Շարունակենք մեջբերումը․ «Մենք վկայում ենք, որ Նա մի օր կվերադառնա երկիր։ Եվ պիտի հայտնվի Տիրոջ փառքը, և ամեն մարմին միասին պիտի տեսնեն»: Մեջբերման ավարտ։ «Նա կղեկավարի որպես Թագավորների Թագավոր և կկառավարի՝ որպես Տերերի Տեր, և ամեն ծունկ պիտի ծալվի ու ամեն լեզու խոստովանի Նրա առաջ երկրպագելով։ …
Որպես Նրա պատշաճորեն կարգված Առաքյալներ, մենք վկայում ենք, որ Հիսուսը կենդանի Քրիստոսն է, Աստծո անմահ Որդին։ Նա է մեծ Թագավոր Էմմանուելը, ով կանգնած է այսօր Իր Հոր աջ կողմում»։ Ես նորից մեջբերում եմ․ «Նա է լույսը, կյանքը և հույսն աշխարհի։ Նրա ճանապարհն այն արահետն է, որ տանում է դեպի երջանկություն այս կյանքում և հավիտենական կյանք գալիք աշխարհում։ Փա՛ռք Աստծուն Իր սուրբ Որդու անզուգական պարգևի համար»:
Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: