Պատրաստված լինել հանդիպելու Փրկչին
2024 թվականի Առաջին նախագահության Սուրբ ծննդյան հոգևոր երեկո
Կիրակի, 8 դեկտեմբերի, 2024 թ․
Սուրբ Ծննդյան ժամանակաշրջանը մուտք գործելիս մտքերս ուղղվեցին նրանց կողմ, ովքեր տնից հեռու են, ներառյալ մեծաքանակ թվով միսիոներների, ովքեր այժմ ծառայում են։
Իմ առաջին տնից հեռու Սուրբ Ծնունդն ունեցել եմ 1960 թվականի դեկտեմբերին, որպես միսիոներ։ Ես ծառայում էի Սվինդոնում, Անգլիա:
Միսիոներական աշխատանքի համար Սվինդոնը բացվել էր դրանից 90 օր առաջ։ Կիրակնօրյա ժողովների համար մենք մի սենյակ էինք վարձակալում։ Ճյուղը բացելուց հետո մեզ միացան մի քանի նորադարձ։
Սուրբ Ծննդյան նախօրեին ես և իմ զուգընկերը՝ երեց Նոել Լուկը, որոշեցինք ողջունել մարդկանց իրենց տներում՝ այն տարածքում, որտեղ մենք ծառայում էինք, և Սուրբ Ծննդյան փոքր ուղերձ ու օրհնություն թողնել նրանց։ Դա մի գեղեցիկ երեկո էր, և ամպերով լեցուն երկինքը լուսավորվում էր պայծառ լուսնով, ստեղծելով երկնային զգացողություն։ Հանկարծ հասկացանք, որ հարևանությունում բոլորը հեռուստացույցով դիտում են սիրելի մի կոմիկ և երգիչ Հարրի Սեքոմբեին։ Նա երգեց «Օրհնիր այս տունը» անգին երգը։ Նա հուզիչ կերպով արտասանեց սուրբ խոսքերը, որոնք մեջբերում եմ․
Օրհնիր ներսում գտնվող մարդկանց։
Պահիր նրանց ջինջ ու մեղքից զանց։
Օրհնիր մեզ՝ բոլորիս, որ լինենք
Նրա արտասանությունը արցունքներ բերեց մեր աչքերին։ Երգը, որ հնչում էր գրեթե յուրաքանչյուր տնից արձագանքեց ամպերից։ Երեց Լուկը և ես մի մեծ զգացողություն ունեցանք, որ իրոք մենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատվիրակներ ենք, ովքեր փորձում են ծառայել և օրհնել մեր Երկնային Հոր զավակներին։
Որպես միսիոներ ես հասկացա, որ ապրելով այս երկրի վրա մենք բոլորս հեռու ենք տնից՝ մեր երկնային տնից։ Այդ տան հանգստությունը զգալու ուղին մեր Փրկչին ծառայելու միջոցով է։
Վերջին տարիներին Եկեղեցին մեզ քաջալերել է շեշտը դնել այն լույսի վրա, որը Փրկիչն է տալիս ողջ աշխարհին, հատկապես Սուրբ Ծննդյան այս ժամանակաշրջանում։ Եկեղեցին ապշեցուցիչ Լուսավորիր աշխարհը կոչվող ջանքեր ունի, որպեսզի բոլորի մտքերը շրջի դեպի Փրկիչը։ Սա ուղեկցվում է կարիքի մեջ գտնվողներին օգնելու և քրիստոսանման ծառայություն մատուցելու ջանքերով։
Անցյալ տարի Եկեղեցին սկսեց Լուսավորիր աշխարհը կոչվող նախաձեռնությունը՝ օգտագործելով Նյու Յորք քաղաքի Թայմս Սքուեր հրապարակի հսկայական թվային ցուցատախտակները։
Մերին և ես ներկա էինք, երբ Փրկչի ծննդյան հուզառատ նկարագրությունը պատկերվեց այդ ահռելի մեծ թվային ցուցատախտակների վրա։ Դա հոգևոր խորը փորձառություն էր։ Այս տարի Թայմ Սքուեր հրապարակի փորձը կրկնօրինակվել է ամբողջ աշխարհում՝ շատ քաղաքներում։
Երբ Նյու Յորք քաղաքում էինք և մասնակցում էինք Լուսավորիր աշխարհը միջոցառմանը, ես նկատեցի հանրախանութների ցուցափեղկերում մեծ էկրաններ ունենալու ջանքերը:
Հիշում եմ Նյու Յորք Թայմս ամսագրի կիրակնօրյա մի համար, որի մի ամբողջ էջ զբաղեցրած հոդվածը վերնագրված էր․ «Տոնական ցուցափեղկերը վերադառնում են։ Գնորդները նույնպես»։ Հոդվածը պատմում էր մի ավանդույթի մասին, որտեղ շքեղ ցուցափեղկերը զարդարում էին Նյու Յորքի Հինգերորդ պողոտայի հանրախանութների պատուհաները: Որքան, որ ես կարողացա պարզել հոդվածից և իմ վերջին այցից, այդ ցուցափեղկերից և ոչ մեկում չգտա Սուրբ Ծննդյան տեսարաններ կամ Քրիստոս մանուկին:
Հոդվածը կարդալիս հիշեցի, որ երբ երիտասարդ էի, Սոլթ Լեյք Սիթիի հանրախանութների Սուրբ Ծննդյան ցուցափեղկերի վրա պատկերված էր Քրիստոս մանուկը: Ես նաև հիշեցի այդ ժամանակաշրջանից մի պատմություն Միջին Արևմուտքում գտնվող մի առևտրի կենտրոնի մասին, որը ցանկանում էր ընդգծել Սուրբ Ծննդյան թեման՝ և՛ Սուրբ Ծննդյան զգացողություն ստեղծելու, և՛ գնորդներին գրավելու համար: Նրանք գովազդային մի մեծ վահանակ էին փակցրել, որի վրա գրված էր, «Եթե Քրիստոսն այս երեկո գա, ո՞ւմ մոտ Նա կգա»։ Ցուցանակի տակ խանութի ցուցափեղկերում ցուցադրված էին մի քանի տեսարաններ: Եթե ճիշտ եմ հիշում այդ տեսարանները, ապա․
-
Մի տեսարանում անկողնում պառկած մի տարեց կին էր, ում բուժքույրն էր այցելել։ Նա շատ հիվանդ էր երևում։
-
Երկրորդը՝ նորածին երեխայի հետ մի երիտասարդ մայր էր։ Ուրախություն էր ճառագում նրա դեմքից:
-
Երրորդ տեսարանը ցուցադրում էր լացող երեխաներով մի ընտանիքի։ Պարզ էր, որ բավարար ուտելիք չկար, և Սուրբ Ծննդյան քիչ նվերներ կային։
-
Չորրորդ տեսարանը ցուցադրում էր անհամար նվերներ բացող հարուստ երևացող մի ընտանիքի։
-
Հինգերորդ տեսարանը մի անուշիկ, բայց շատ երեխաներ ունեցող մի խոնարհ ընտանիք էր, որը երջանիկ երգում էր միասին։
Մինչ խորհում եմ այդ հինգ տեսարանների ու գովազդային վահանակի մասին․ «Եթե Քրիստոսն այս երեկո գա, ո՞ւմ մոտ Նա կգա», երկու միտք է ծագում գլխումս։
Առաջինը, մենք գիտենք, որ երբ Փրկիչը երկրորդ անգամ գա, մենք չենք իմանա օրը կամ ժամը։
Երկրորդը, երբ Հիսուս Քրիստոսը գա, ինչպես նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է ուսուցանել վերջին գերագույն համաժողովի ժամանակ․ «[Նա] կվերադառնա երկիր՝ որպես հազարամյակի Մեսիա»։ Որպեսզի պատրաստ լինենք, նախագահ Նելսոնը հորդորում է մեզ «վերանվիրաբերել [մեր] կյանքը Հիսուս Քրիստոսին»։ Համապատասխանաբար, գովազդային վահանակի վրա ավելի ճիշտ կարող էր գրվել․ «Եթե Քրիստոսն այս երեկո գա, ո՞վ կլինի պատրաստ՝ Նրան դիմավորելու»։
Երբ ես վերանայեցի ցուցափեղկերի տեսարանները, ես հասկացա, որ այն ամենը, ինչ նրանք ասում են մեզ, պատմում է մարդկանց ֆիզիկական և ֆինանսական վիճակին, բայց նրանց հոգևոր վիճակի մասին՝ ոչինչ: Ցուցափեղկերը նկարագրում էին ինչպես ծեր և հիվանդ, այնպես էլ հարուստ և նորածին մարդկանց։ Կային նաև հարուստն ու աղքատը։ Բայց տարիքը, առողջությունը, ֆինանսական կարգավիճակը մեզ չեն ասում, թե իրականում ինչն է կարևոր, որը և նրանց հոգիների վիճակն է։
Վարդապետություն եվ Ուխտեր գրքում կարդում ենք Քրիստոսի Եկեղեցում մկրտվելու որակավորումների մասին։ Չափանիշները հիմնականում հիմնված են մեզ խոնարհեցնելու վրա, ունենալով «կոտրված սիրտ և փշրված հոգի, ապաշխարել, և ծառայել [Հիսուս Քրիստոսին] մինչև վերջ»։ Նպատակն է դառնալ «Հիսուս Քրիստոսի բարեպաշտ աշակերտը» և առաջադիմել ուխտի արահետով, որը մեզ պատրաստում է Նրա քավության օրհնություններին։
Քրիստոսն օրինակն է բոլոր բաներում։ Նա հայտարարել է․ «Ահա, ե՛ս եմ լույսը. ես օրինակ եմ ծառայում ձեզ համար»: Մեր հոգիների վիճակը քննելիս՝ մենք պետք է քննենք Նրա կատարյալ օրինակը։ Փրկիչը մեզ ցույց տվեց՝ այս կյանքում և հավերժության մեջ երջանկություն, իմաստ և ուրախություն գտնելու ճանապարհը։ Երջանկությունն ու ուրախությունը սահմանում են Սուրբ Ծննդյան ոգին։
Հովհաննես 19․5 հատվածում մենք կարդում ենք, որ Պիղատոսը Հիսուսին բերեց նրանց առաջ, ովքեր ցանկանում էին, որ Նա խաչվի: Նա դրել էր «փշե պսակ գլխին և ծիրանին հագին։ Եվ Պիղատոսը նրանց ասաց. «Ահա այդ մարդը»»։
Սուրբ Ծննդյան այս ժամանակաշրջանում եկեք մի փոքր նայենք այդ Մարդուն, ով Քրիստոսն է, և այն պարգևներին, որոնք Նա տվել է։
Առաջինը, եկեք խորհենք Նրա հրաշալի ծնունդը։
Մենք գիտենք, որ այս անգին փոքրիկը, ում մենք մեծարում ենք այս Սուրբ Ծննդյան ժամանակաշրջանում, Հոր Միածին Որդին էր։ Իր Հորից Նա ժառանգել էր հավերժական կյանքի զորությունը՝ ապրելու զորությունը։ Իսկ Իր մահկանացու մորից Նա ժառանգել էր մեռնելու զորությունը։ Իր սրբազան առաքելության համար Նա ընտրված էր ի սկզբանե։
Մատթեոս 1․23-ում ասվում է․ «Ահա կույսը կհղիանա և որդի կծնի,և նրան կկոչեն Էմմանուել, որ նշանակում է «Աստված մեզ հետ»։
Երկրորդը, խորհենք Նրա կատարյալ և անմեղ կյանքի ու օրինակի մասին։ Թեպետ նա ցավեր, չարչարանքներ, և ամեն տեսակի փորձություններ կրեց, Նա հաջողությամբ ավարտեց Իր առաքելությունը։ Նա մեր օրինակն է և հարթեց ուղին, որին պիտի հետևենք։ Նա Իր կյանքը նվիրաբերեց աղքատներին, կարիքավորներին, հիվանդներին և չարչարվածներին, և հավերժական ծրագրի հաջողված ավարտին, որի համար միայն Նա էր որակավորված։
Երրորդը, խորհենք նրա մահվան, հարության և քավության մասին։
Քավության վերաբերյալ Քարոզիր Իմ ավետարանը ձեռնարկում գեղեցիկ և պարզ ասվում է․ «Փրկչի քավությունը ներառում էր Նրա տառապանքը Գեթսեմանիում, Նրա տառապանքն ու մահը խաչի վրա և Նրա Հարությունը: Նա անտանելի տանջվեց, այնքան, որ Նա արյունահոսում էր ամեն մի ծակոտիից:
Վարդապետություն և Ուխտեր 76.41-ում կարդում ենք․ «Որ նա եկավ աշխարհ, այսինքն՝ Հիսուսը, աշխարհի համար խաչվելու, և աշխարհի մեղքերը կրելու, և աշխարհը սրբագործելու, և այն անիրավությունից մաքրելու համար»։
Հիսուս Քրիստոսի քավությունը մեծագույն իրադարձությունն ու պարգևն է, որը երբևէ տեղի է ունեցել մարդկության պատմության մեջ։ Մենք բոլորս մեղանչում ենք, և միայն Հիսուս Քրիստոսի քավության միջոցով է, որ մենք կարող ենք ողորմածություն ստանալ և ապրել Աստծո հետ։
Չորրորդը, պատրաստվեnք Նրա Երկրորդ Գալուստին։
Հին Կտակարանում, Հոբը ուսուցանեց. «Նա ի վերջո երկրի վրա կկանգնի»։ Ինչպես նախագահ Ռասսել Մ. Նելսոնն այդքան գեղեցիկ ուսուցանեց․ «[Քրիստոսը] կղեկավարի Իր Եկեղեցու գործերը և հին Երուսաղեմից, և Նոր Երուսաղեմից»։ Այժմ է ժամանակը՝ այս իրադարձությանը պատրաստվելու համար։ Սուրբ գրություններն ասում են․ «Պատրաստվեք Տիրոջ մեծ օրվա համար»։
Իմ վերջին խորհուրդը Տիրոջը սիրել և ծառայելն է։ Մինչ մենք խորհում ենք մեր հոգևոր վիճակի և Փրկչին դիմավորելու մեր պատրաստվածության մասին, մենք պետք է առաջինը հետևենք այս կոչին․ «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով»։ Եվ երկրորդը․ «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»:
Աստծո և մեր ընկերոջ հանդեպ ունեցած մեր սերը մեր հոգու վիճակի վերջնական ստուգումն է։ Եթե մենք սիրում ենք Աստծուն, կպահենք Նրա պատվիրանները: Եվ, եթե մենք սիրում ենք մեր ընկերոջը, ապա մենք կծառայենք նրանց և, իրապես, կլինենք Փրկչի ձեռքերը։
Վարդապետություն և Ուխտեր գրքում Տերն օգտագործում է այս բառերը․ «Այո՛, ես կբացեմ մարդկանց սրտերը, ․․․ նրանք կընդունեն քեզ: Եվ ես մի եկեղեցի կհաստատեմ քո ձեռքով»։
Հիմնական միջոցը, որով մենք կարող ենք մեր երախտագիտությունը ցույց տալ Փրկչին այս Սուրբ Ծննդյան ժամանակաշրջանում, Նրա ծառան լինելն՝ իրականում լինել Նրա ձեռքերը այս երկրի վրա:
Այս գեղեցիկ օրերին, երբ նշում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը, ես ձեզ վկայում եմ, որ Նա ապրում է։ Նա մեր Օրինակն է, Հոր առաջ մեր Բարեխոսը, և Հոր և Որդու մոտ վերադառնալու համար Նա կատարեց ամեն անհրաժեշտ բան։ Մենք խելամիտ կլինենք, եթե հետևենք Հիսուս Քրիստոսին և ստանանք այն պարգևները, որոնք Նա տվել է։
Թող, որ դուք Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնացած փառավոր Սուրբ Ծնունդ ունենաք։
Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: