Անգին պարգևներ
2024 թվականի Առաջին Նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր հավաք
Կիրակի, 8 դեկտեմբերի, 2024 թ․
Այսօր ես նույնպես խոսում եմ ուրախությամբ և զարմանքով Սուրբ Ծննդյան սրբազան կարևորության մասին։ Աշխարհում ոչ մի պատմություն չի ունեցել ավելի մեծ ազդեցություն, քան Հիսուս Նազովրեցու առաքելությունը ավելի քան երկու հազար տարի առաջ։ Ողջ ժամանակակից աշխարհում ժամանակը չափվում է այս հրաշափառ իրադարձությամբ։
Տիրոջ ծնունդը տոնվում է շատ տարբեր եղանակներով ողջ աշխարհով մեկ, բայց կա Սուրբ Ծննդյան մի ավանդույթ, որը թերևս համընդհանուր է։
Այդ ավանդույթը հավանաբար սկսվել է Մատթեոսի գրքի պատմությունից, որն արևելքից եկած իմաստուն մարդկանց մասին է, ովքեր եկան երկրպագելու Հիսուսին։ Երբ նրանք եկան, բերեցին թանկարժեք նվերներ։ Այսօր նվերներ տալու ավանդույթը Սուրբ Ծննդյան տոնակատարություններում ավելի մեծ մաս է կազմում, քան երբևէ:
Իմ Սուրբ Ծննդյան առաջին նվերի հիշողությունը կապված է մի հրաշալի խաղալիք-հրացանի հետ, որը կրակում էր թելին ամրացված խցանով մեխանիկական, լարվող բադին։ Սա իսկական երանություն էր չորս տարեկան երեխայի համար։ Բադը շրջանաձև օրօրվելով քայլում էր հատակին և նա իրականում ոչ մի պրծում չուներ, երբ ատրճանակով վեց մատնաչափ հեռավորությունից ոգևորված նշան էի բռնում: Բայց խաղալիքը շուտով կոտրվեց և ինչպես բոլոր նյութական բաների դեպքում, երջանկությունը, որ այն տվել էր, ժամանակավոր էր և շուտ մոռացվեց։
Այս երեկո ես առաջարկում եմ երեք նվեր, որոնք մեզանից յուրաքանչյուրը կարող է տալ այս Սուրբ Ծննդյան ժամանակաշրջանում և մեր կյանքի ընթացքում, որոնք չեն բերի ժամանակավոր երջանկություն, այլ կբերեն իսկական և հարատև ուրախություն։
Առաջինը՝ դա վկայության պարգևն է։ Դա այնպիսի մի անձնական պարգև է և երբ տրվում է անվճար, առանց խաբեության, այն բացահայտում է մեր հոգու ամենախոր արտահայտությունները։ Ոսկուց, կնդրուկից կամ զմուռսից ավելի թանկարժեք մեր վկայությունը՝ Հիսուս Քրիստոսի, որպես մեր անձնական Փրկչի և Քավիչի մասին, հենց այն ամենի առանցքն է, ինչը մենք նշում ենք Սուրբ Ծնունդին:
Երբ մեր վեց երեխաները երիտասարդ էին, Ջաքին և ես մի գիշեր որոշեցինք, որ ընտանեկան երեկոյի ժամանակ դաս անցկացնելու փոխարեն մենք պարզապես կիսվենք վկայություններով միմյանց հետ։ Երբ ես կիսվեցի իմ վկայությամբ, մեր սիրելի դուստրը՝ Չելսին, որը երևի 16 տարեկան էր այդ ժամանակ, զարմացած աչքերով ասաց․ «Հայրիկ, ես երբեք չէի լսել քո վկայությունը նախկինում»։ Ինչ-որ չափով ցնցվեցի և զարմացա նրա արձագանքից: Գիտեք, այդ ժամանակ ես ցցի նախագահ էի և գիտեի, որ Չելսին բազմիցս լսել էր իմ վկայությունը եկեղեցական միջավայրերում և տանը։ Բայց այդ պահին, նա և՛ լսեց, և՛ զգաց իմ վկայությունն այնպես, կարծես առաջին անգամ էր լսում։ Նա ինձ մի դաս սովորեցրեց, որը ես երբեք չմոռացա՝ վկայության պարգևը թանկ է և կա զորություն դրանով հաճախ կիսվելու մեջ։
Երկրորդը՝ դա ներման պարգևն է։ Իհարկե մենք բոլորս ինչ-որ մի ժամանակ վիրավորվել ենք անբարյացակամ խոսքերից կամ ուրիշների վերաբերմունքից։ Եվ անկեղծ ասած, մենք ևս ցավ ենք պատճառել ուրիշներին։ Հիսուս Քրիստոսն ասում է․ «Ես՝ Տերս, կներեմ, ում որ կներեմ, բայց ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց»: Այնուհետև Նա նույնիսկ մի քայլ առաջ է տանում և ասում, որ երբ մենք թերանում ենք ներել ուրիշներին մեր դեմ գործած նրանց մեղքերը, ապա մեր մեջ ավելի մեծ մեղք է մնում։
Երբ մենք ազատորեն և անկեղծ ներում ենք ուրիշներին, մենք ազատվում ենք դառնության, պատժի կամ վրեժխնդրության թույնից:
Ես մի թանկագին ընկեր ունեմ Հարավային Աֆրիկայում, որի անունը Սանդայլ Մակասի է։ Նրա թույլտվությամբ ես կիսվում եմ ներման մասին մի շատ անձնական պատմությամբ։ Երբ Սանդայլը ընդամենը երկու տարեկան էր, իսկ նրա հայրը՝ 28 տարեկան, վերջինս տանջամահ արվեց ու սպանվեց ոստիկանության կողմից ապարտեիդի դաժան ռեժիմի ժամանակ։ Հետագայում Սանդայլը իմացավ իր հոր ցնցող սպանության պատկերավոր մանրամասները։ Ես այժմ մեջբերում եմ նրա իսկ խոսքերը։
«Իմ պատանեկության վաղ տարիներին, ես դառնություն և ատելուություն էի զգում այն պատճառով, ինչ նրանք արել էին իմ հոր հետ։ Ինչպե՞ս կարող էին նրանք մեզանից խլել նրան։ Ես զրկվել էի հորից և դաստիարակից, իսկ մայրս զրկվել էր սիրող և հոգատար զուգընկերոջից։
Երբ ես իմացա, թե ինչ բռնի ձևով են նրանք խոշտանգել հորս, դա իմ սիրտն ու միտքը վառեց անսահման զայրույթով, ատելությամբ և թշնամանքով ոստիկանների հանդեպ և սպիտակամորթ մարդկանց հանդեպ:
Ես շարունակում էի տածել այդ զգացմունքները, մինչև գտա Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը։ Ավետարանն օգնեց ինձ հասկանալ, որ ես պետք է ներեի ոստիկանության սպաներին նրանց հանցագործությունների համար և որ իմ ուրախությունը և հոգևոր առաջընթացը կախված էր դրանից։
Սա ավելի հեշտ էր ասելը, քան անելը, բայց ես շարունակ աղոթում էի և ժամանակի ընթացքում Տերն օգնեց ինձ ներել իմ թշնամիներին։ … Ցավի փոխարեն ես զգացի հանգստություն, թշնամության ու ատելության փոխարեն ես ունեցա սեր, խավարի փոխարեն իմ սրտում և իմ մտքում ես ունեցա լույս և խաղաղություն»։
Շնորհակալություն, Սանդայլ, ներելու պարգևը գործադրելու քո օրինակի համար։
Երրորդը՝ Քրիստոսանման սիրո պարգևն է: Բոլոր հոգևոր պարգևներից չկա մեկը, որն ավելի մեծ լինի, քան գթությունը։ Հիսուսը բացեիբաց արտահայտում էր Իր սերը ուրիշների հանդեպ և Նա ուսուցանում էր մեզ սիրել միմյանց։
Երբ հետևում ենք Փրկչի օրինակին՝ արտահայտելով մեր սերն ուրիշների հանդեպ՝ խոսքով և գործով, նրանք կարող են զգալ Աստծո սերը մեր միջոցով։
Մի քանի տարի առաջ ես հանդիպեցի Վաշինգտոնում ապրող 23-ամյա մի երիտասարդի, ով դրա հիանալի օրինակն էր։ Միսիոներները նրան ուսուցանել էին երեք ամիս, և նա զարմանալի փոփոխություն էր զգացել իր արտաքինի և իր ապրելակերպի մեջ: Մի երեկո նա հեռախոսով խոսում էր միսիոներների հետ, և զրույցի ավարտին միսիոներներն ասացին «Սիրում ենք քեզ, Մայքլ»: Նա դրեց հեռախոսը և մտածեց ինքն իրեն․ «Օ՜հ։ Դա մի բան էր, որին ես սովոր չեմ: Ես էլ կարող եմ դա ուրիշներին ասել։ Նա որոշեց համարձակություն ունենալ իր մորն ասելու, որ սիրում է նրան։ Նա ապրում էր նահանգի մեկ այլ մասում մի քանի ժամ հեռավորության վրա: Երբ Մայքլը զանգահարեց և ասաց մորը․ «Ես սիրում եմ քեզ, մամ»,- մայրիկի անմիջական պատասխանն էր․ «Ի՞նչ է պատահել քեզ։ Գնացել էիր բժշկի և վատ լո՞ւր ես լսել։ Ինչ է՝ պատրաստվում ես վերադառնալ բա՞նտ»։ Այսպիսով, Մայքլը պատմեց նրան ավետարանը գտնելու մասին և թե ինչպես է այն փոխել իրեն և որ ինքը թողել է ծխելը և թմրանյութեր օգտագործելը և պլանավորում է մկրտվել։
Կարծում եմ, սա մի ապշեցուցիչ օրինակ է, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդիկ զգում են Աստծո սերը ուրիշների միջոցով։ Այն փափկացնում է սրտերը, իսկ հետո ցանկություն է առաջացնում կիսվել այդ սիրո պարգևով ուրիշների հետ։
Այսօր, այս երեկո մենք սկսեցինք՝ խոսելով թանկարժեք պարգևների մասին, նշելով ոսկին, կնդրուկը և զմուռսը: Ես ստուգեցի՝ դուք կարող եք նույնիսկ գնել այդ պարգևները Ամազոնից։ Բայց դուք երբեք չեք գտնի մյուս պարգևները, որոնց մասին մենք խոսեցինք, որևէ մի խանութում։ Դրանք անգին պարգևներ են, բայց դրանք կբերեն հարատև և իսկական ուրախություն ինչպես ստացողին, այնպես էլ տվողին։
Այսպիսով, երբ մտածում եք, թե ինչ եք նվիրելու այս Սուրբ Ծնունդին, ես ձեզ հրավիրում եմ․
-
Կիսվել ձեր վկայությամբ ընտանիքի անդամների և ձեր սիրելիների հետ։ Երբ կիսվեք այս թանկարժեք պարգևով, ձեր սեփական վկայությունը կզորանա։
-
Ներել մեկին, ով զգում եք, որ վիրավորել է կամ ցավ պատճառել ձեզ։ Այդ պարգևը տալու ժամանակ, դուք ևս կզգաք խաղաղություն և բժշկություն։
-
Օգնել ուրիշներին զգալ Աստծո սերը ձեր միջոցով։ Պատշաճ պահին ասեք նրանց, որ դուք սիրում եք նրանց։ Երբ դուք տեսնեք ուրիշներին, ինչպես Աստված է տեսնում նրանց, ձեր սերը նրանց հանդեպ կաճի և դուք նույնպես կզգաք Աստծո սերը ձեր կյանքում։
Ավարտելով խոսքս ես ցանկանում եմ ձեզանից յուրաքանչյուրին ուրախությամբ լեցուն Սուրբ Ծննդյան ժամանակաշրջան։ Ես իմ վկայությունն եմ բերում Հիսուս Քրիստոսի մասին: Նա ապրում է: Նա մեր Փրկիչն է, մեր Քավիչը: Նա մեր Բարեխոսն է և Ընկերը։ Ես պաշտում եմ Նրան։ Ես սիրում եմ Նրան: Նրա տված պարգևի շնորհիվ, որը գնվեց աներևակայելի գնով, յուրաքանչյուրս կարող ենք որակավորվել՝ ստանալու մեծագույն պարգևը, այսինքն՝ հավերժական կյանք մեր սիրառատ Երկնային Հոր ներկայության մեջ։
Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: