«Զատիկ. Հույս և խաղաղություն Փրկչի և Նրա Քավության միջոցով», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Զատիկ. Հույս և խաղաղություն Փրկչի և Նրա Քավության միջոցով», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Զատիկ
Զատիկ
Հույս և խաղաղություն Փրկչի և Նրա Քավության միջոցով
Փրկիչ Հիսուս Քրիստոսը հույս և խաղաղություն բերեց այնպիսի ուղիներով, որ ուրիշները, հավանաբար, անհնար էին համարում։ Նա բժշկեց կույրերին, հիվանդներին և կաղերին։ Նա կենդանացրեց մահացածներին։ Ի վերջո, Իր տառապանքի, մահվան և Հարության միջոցով Նա հաղթահարեց մեղքն ու մահը ողջ մարդկության համար։ Մենք տոնում և հիշում ենք Փրկչին Զատիկին։ Այս դասը կօգնի ուսանողներին խորհել խաղաղության և հույսի մասին, որոնք առաջարկում է իրենց Հիսուս Քրիստոսը։
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կատարել դասի վերջում նշված չորս համարակալված վարժություններից մեկը։ Օրինակ՝ ուսումնասիրեք «Կենդանի Քրիստոսը» փաստաթուղթը՝ փնտրելով արտահայտություններ, որոնք վկայում են Փրկչի առաջարկած խաղաղության և հույսի մասին։ Խրախուսեք նրանց պատրաստված գալ՝ իրենց արտահայտություններով կիսվելու համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հույսի և խաղաղության կորուստ կամ ձեռքբերում
Գրատախտակին նկարեք հետևյալ գծապատկերը:
Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ ապրել են Իսրայելում և Փրկչի կյանքի ականատեսն են եղել։ Տվեք հետևյալ հարցը.
-
Փրկչի կյանքի ո՞ր փորձառությունները կարող էին ձեզ ավելի շատ հույս տալ։
Երբ ուսանողները կիսվեն մի քանի օրինակով, կարող եք բարձրացնել խաչի վրա Հիսուս Քրիստոսի նկարը, օրինակ՝ «The Crucifixion», և բացատրել, որ սա կարող էր լինել այն պահը, երբ Նրա աշակերտներից մի քանիսը կարող էին հուսը կորցնելու գայթակղություն ունենալ։ (Փրկիչը մահացավ, և նախկինում ոչ ոք երբևէ հարություն չէր առել։)
Այնուհետև ցուցադրեք Փրկչի Հարության նկարը, օրինակ՝ «Christ and Mary at the Tomb» և հարցրեք, թե ինչպես է այս իրադարձությունն ազդել իրենց հույսի վրա։
-
Ո՞ր պատճառներով մարդիկ կարող են հույսը կորցնելու գայթակղություն ունենալ այսօր։
-
Ո՞ր պատճառներով մարդիկ կարող են Փրկչի միջոցով հույս ձեռք բերել այսօր։
Կարող եք ուսանողների պատասխանները գրել գրատախտակին՝ համապատասխան սլաքների կողքին։ Բացատրեք, որ մենք կարող ենք նմանատիպ վարժություն կատարել՝ հույս բառը փոխարինելով խաղաղություն բառով։
Մի պահ մտածեք, թե ինչպես է Փրկիչը օգնում ձեզ հույս և խաղաղություն զգալ ձեր կյանքում։ Մտածեք նաև այն պատճառների մասին, թե ինչու կարող եք հույսն ու խաղաղությունը կորցնելու զգացողություն ունենալ։ Մտածեք, թե ինչու կարող եք հույսի և խաղաղության ավելի շատ կարիք ունենալ ձեր կյանքում։
Այս դասի ընթացքում խնդրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը կօգնի ձեզ խորհել Հիսուս Քրիստոսի կողմից ձեզ և ողջ մարդկությանը տված խաղաղության և հույսի մասին։
Հույս և խաղաղություն մեր կյանքում
Զատիկին մենք տոնում ենք Հիսուս Քրիստոսի Հարությունը՝ մեզ համար Նրա քավիչ զոհաբերության ավարտը։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը կարդալիս փնտրեք այն հույսը, որը Փրկիչը կարող է բերել մեր կյանք։
Մեր մեղքերի և թուլությունների համար տառապելուց, խաչի վրա մահանալուց և հարություն առնելուց հետո Փրկիչը վերաշարադրեց մարդկության պատմությունը։ Նրա շնորհիվ մենք պարտավոր չենք միայնակ հաղթահարել մեր թուլությունները, մեղքերը և վախերը։ Նրա շնորհիվ մահը վերջը չէ։ Հարություն կառնեն բոլոր նրանք, ովքեր երբևէ ապրել են։ Նրա շնորհիվ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ մենք նշում ենք Զատիկը։ Եվ Զատիկը խաղաղության և հույսի մասին է։ …
… Այս Զատիկի տոնին եկեք երկրպագենք և գովաբանենք Նրան այն խաղաղության, հույսի, լույսի և ճշմարտության համար, որը Նա բերում է մեզ։ («The Peace and Hope of Easter», տեսանյութ, ChurchofJesusChrist.org)
-
Ինչպե՞ս կամփոփեք նախագահ Նելսոնի ուսուցանածը։
Ուսանողները կարող են կիսվել տարբեր գաղափարներով: Շնորհակալություն հայտնեք նրանց պատասխանների համար: Սկզբունքներից մեկը, որը մենք կարող ենք սովորել, այն է, որ Փրկչի տառապանքի, մահվան և Հարության միջոցով մենք կարող ենք խաղաղություն և հույս ունենալ մեր կյանքում։
-
Ըստ նախագահ Նելսոնի՝ Փրկիչը ինչպե՞ս կարող է մեզ հույս և խաղաղություն տալ։
-
Ինչո՞ւ եք կարծում, որ Փրկչի տառապանքի, մահվան և Հարության մասին իմանալն օգնում է մեզ հույս և խաղաղություն փնտրել Նրա միջոցով։
Փրկչի վկայությունները
Հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող ենք խաղաղություն և հույս ունենալ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Գրատախտակին գրեք հետևյալ հրահանգները և սուրբ գրությունների հղումները: Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել Փրկչի մասին վկայող այս կամ այլ հատվածներից մի քանիսը։ Կամ կարող եք յուրաքանչյուր սուրբ գրություն հանձնարարել տարբեր ուսանողների։ Ապա ուսանողները կարող են դասարանի հետ կիսվել իրենց բացահայտածով այն մասին, թե ինչպես է Փրկիչը հույս և խաղաղություն բերում մեր կյանք։
Կարդացեք Հին Կտակարանի հետևյալ սուրբ գրություններից մի քանիսը՝ փնտրելով արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչ կարող է Փրկիչը անել մեզ համար։ Խորհեք, թե ինչպես է Նա հույս և խաղաղություն բերում մեր կյանք։
Հոբ 19․25–26
Սաղմոսներ 16․8–11
Սաղմոսներ 30․2–5
Սաղմոսներ 33․18–22
Եսայի 1.18
Եսայի 12․2
Եսայի 25․8–9
Եսայի 40.28–31
Երեմիա 17․7–8
Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտած այն արտահայտություններով, որոնք կարևոր են իրենց համար։ Կարող եք խնդրել նրանց գրել այդ արտահայտությունները գրատախտակին՝ «Հույսի ձեռք բերում» սլաքի կողքին։ Հարցրեք նրանց, թե ինչու են այդ արտահայտությունները կարևոր։ Կարող եք նաև խրախուսել ուսանողներին նշել այլ մարդկանց կողմից կիսված արտահայտությունները։
Մտածեք Փրկչի առաջարկած հույսի և խաղաղության մասին
Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել Փրկչի միջոցով եկող հույսի և խաղաղության մասին, առաջարկեք նրանց դասարանով կատարել հետևյալ վարժություններից մեկը կամ երկուսը։ Կարող եք ընտրել այն տարբերակները, որոնք, ըստ ձեզ, առավել օգտակար կլինեն ուսանողների համար։ Կամ կարող եք ամփոփել ընտրածը և ուսանողներին հնարավորություն տալ ամբողջ դասարանով ընտրել, թե որ վարժություններն են ցանկանում կատարել: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին ներկայացնել իրենց անձնական գաղափարները և փորձել դրանք կյանքի կոչել։
-
Ուսումնասիրեք «Կենդանի Քրիստոսը» հայտարարությունը, որը գրվել է Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի կողմից՝ փնտրելով արտահայտություններ, որոնք վկայում են Փրկչի առաջարկած խաղաղության և հույսի մասին։ Ուսանողները կարող են կիսվել իրենց գտածով և բացատրել, թե ինչու է այն կարևոր իրենց համար:
-
Ընտրեք օրհներգեր կամ այլ երգեր, որոնք ուսուցանում են Փրկչի առաջարկած խաղաղության և հույսի մասին։ Երգեք դրանցից մեկը։ Ապա կիսվեք այդ օրհներգի այն արտահայտություններով, որոնք կարևոր են ձեզ համար։ Օրինակ՝ «Where Can I Turn for Peace», Հիմներ, հ․129, «My Redeemer Lives», Հիմներ, հ․ 135, «I Feel My Savior’s Love», Children’s Songbook, 74։
-
Կարդացեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը կամ դիտեք «The Peace and Hope of Easter, President Russell M. Nelson Palm Sunday Invitation» տեսանյութը՝ 3:50–5:11։ Կիսվեք, թե ինչպես է եկեղեցի այցելելը կամ գերագույն համաժողովը լսելն օգնում մեզ խորհել Փրկչի առաջարկած խաղաղության և հույսի մասին։
Այս Զատիկին ես խրախուսում եմ ձեզ կենտրոնանալ Փրկչի վրա։ Եթե երկրպագության վայր եք փնտրում, խնդրում եմ միանալ մեզ։ Սուրբ Զատկի կիրակի օրը [կամ դրան մոտ] օրերին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համաշխարհային գերագույն համաժողովը լի կլինի քրիստոսակենտրոն ուղերձներով և երաժշտությամբ։ Մենք կհավաքվենք [անհատապես և] առցանց՝ մեր Քավիչին երկրպագելու համար։ Խնդրում եմ միանալ մեզ։ Հրավիրեք ձեր ընկերներին։
Հիսուս Քրիստոսն ապրում է։ Որպես մեր հարություն առած և քավիչ Փրկիչ, Նա պատրաստ է օգնել մեզ աճել մեր կյանքի դրամատիկ, անսպասելի իրադարձություններից հետո։ Այս Զատկի տոնին եկեք երկրպագենք և գովաբանենք Նրան այն խաղաղության, հույսի, լույսի և ճշմարտության համար, որը Նա բերում է մեզ։ («The Peace and Hope of Easter, President Russell M. Nelson Palm Sunday Invitation», տեսանյութ, ChurchofJesusChrist.org)
-
Կիսվեք այն փորձառություններով, երբ դուք կամ ձեր ծանոթը հույս և խաղաղություն եք զգացել Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով։
Երբ ուսանողները կատարեն այս վարժություններից մեկը կամ երկուսը, կարող եք կիսվել հետևյալ տեսանյութերից մեկով՝ օգնելու նրանց զգալ Փրկչի առաջարկած խաղաղությունն ու հույսը.
«Խաղաղության Իշխան» (2:32)
«Որովհետև Հիսուս Քրիստոսն ապրում է» (2:28)
Եզրափակում
Ուշադրությունը կրկին հրավիրեք գրատախտակին նկարված գծանկարի վրա: Բացատրեք, որ չնայած մենք բոլորս կարող ենք ժամանակ առ ժամանակ հույսը կորցնելու գայթակղություն ունենալ, կարող ենք որոշել հույս և խաղաղություն փնտրել Փրկչի միջոցով։
Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք, թե ձեր կյանքում ինչու եք ունենում Փրկչի հույսի և խաղաղության կարիքը։ Ապա գրեք մի քանի բան, որոնք կցանկանայիք անել՝ կենտրոնանալու Փրկչի, Նրա հույսի և խաղաղության վրա։ Դրանք կարող են ներառել «Կենդանի Քրիստոսը» հայտարարությունից այսօր ուսումնասիրած սուրբ գրությունները կամ արտահայտությունները մտապահելը։
Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու Փրկչի, ինչպես նաև Նրա առաջարկած հույսի ու խաղաղության մասին իրենց մտքերով և վկայությամբ։