«Թվեր 11–14. Ընտրեք հավատքը՝ վախի փոխարեն», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Թվեր 11–14. Ընտրեք հավատքը՝ վախի փոխարեն», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Թվեր 11–14, 20–24, 27․ Դաս 56
Թվեր 11–14
Ընտրեք հավատքը՝ վախի փոխարեն
Երբեմն կարող է դժվար լինել առաջ շարժվել հավատքով, այլ ոչ թե վախով: Իսրայելի որդիները բախվեցին այդ դժվարությանը։ Անապատում նրանց ճամփորդությունից հետո Տերը առաջնորդեց իսրայելացիներին դեպի ավետյաց երկրի սահմանը: Տերը պատվիրեց Մովսեսին 12 մարդ ուղարկել այդ երկիր և հանձնարարել նրանց լուրեր բերել երկրի և նրա բնակիչների մասին։ Այդ մարդկանց մեծ մասը վախեցավ ավետյաց երկիրը նվաճելու հեռանկարից, սակայն Քաղեբն ու Հեսուն հավատացին, որ Տերը կօգնի իրենց: Այս դասը կօգնի ուսանողներին դիտարկել իրենց դժվարությունները ավելի մեծ հավատքով առ Հիսուս Քրիստոս:
Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին մտածել այն խոչընդոտների կամ դժվարությունների մասին, որոնց իրենք ներկայումս բախվում են։ Նրանք կարող են խորհել, թե ինչպես են իրենք դիմագրավում այդ դժվարությունները՝ վախո՞վ, թե՞ հավատքով առ Տերը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Դիտարկեք դժվարությունները հավատքով
Գրատախտակի հակառակ կողմերում երկու վերնագիր գրեք՝ Հավատք և Վախ։ Առանձին-առանձին ցուցադրեք հետևյալ փորձառությունները կամ այլ համապատասխան օրինակներ։ Առաջարկեք ուսանողներին խորհել, թե ինչպես են իրենք դիտարկում օրինակներից յուրաքանչյուրը՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքո՞վ, թե՞ վախով:
Կարևոր ստուգարք կամ դպրոցական նախագիծ
Ապաշխարություն
Ապագա
Ավետարանով կիսվելը
-
Ինչպե՞ս կարող ենք հասկանալ, թե ինչպես ենք մենք դիտարկում իրավիճակը՝ առ Հիսուս Քրիստոս հավատո՞վ, թե՞ վախով:
-
Ի՞նչ տարբերություն կա, թե ինչպես ենք դիտարկում իրավիճակը՝ հավատո՞վ, թե՞ վախով:
-
Ինչո՞ւ կարող է երբեմն դժվար լինել նման իրավիճակները դիտարկել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով:
Այսօրվա ուսումնասիրության ժամանակ շարունակեք խորհել այս հարցերի շուրջ: Հրավիրեք Սուրբ Հոգուն ձեր ուսման գործընթաց, երբ խորհում եք, թե ինչպես կարող եք դիտարկել ձեր դժվարություններն ավելի մեծ հավատքով առ Հիսուս Քրիստոս:
Հետախույզների բերած լուրերը Քանանի մասին
Անապատում Իսրայելի որդիների ճամփորդությունից հետո Տերը նրանց բերեց ավետյաց երկրի սահմանի մոտ: Դա Քանանի երկիրն էր։ Տերն ասաց նրանց, որ իրենք պետք է նվաճեն երկիրը: Տերը Մովսեսին հրահանգեց տասներկու ցեղերից յուրաքանչյուրից ընտրել մի անդամ։ Այդ մարդկանց պատվիրվեց հետազոտել երկիրը և լուրեր բերել այն մասին, թե ինչ գտան։ Երկիրը 40 օր ուսումնասիրելուց հետո 12 տղամարդիկ վերադարձան իրենց բերած լուրերով, ինչպես նաև այդ երկրի պտուղներով (տես Թվեր 13․1–25)։
Դասարանը բաժանեք երեք խմբի: Յուրաքանչյուր խմբի առաջարկեք կարդալ հետևյալ պատմություններից մեկը: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք ներկայացնում են այն մարդկանց, ում մասին կարդում են: Նրանք կարող են պատրաստել հաջորդող հարցերի պատասխանները: Այնուհետև յուրաքանչյուր խումբ կարող է կիսվել իր պատասխաններով կամ կարող եք մեկ կամ երկու ուսանողի առաջարկել դուրս գալ դասարանի առաջ և օգտագործել այդ հարցերը՝ յուրաքանչյուր խմբի հետ հարցազրույց անցկացնելու համար:
1. Թվեր 13․26–29, 31–33․ 10 հետախույզների բերած լուրերը երկրի և ժողովրդի մասին
-
Ինչպե՞ս կբնութագրեք Քանանի երկիրը և ձեր տեսած մարդկանց:
-
Ի՞նչ զգացումներ ունեցաք այդ մարդկանց տեսնելիս։ Ինչո՞ւ։
2. Թվեր 14․1–4․ Իսրայելացիների արձագանքը 10 հետախույզների բերած լուրերին
-
Ի՞նչ զգացումներ ունեցաք, երբ լսեցիք 10 հետախույզների բերած լուրերը։ Ինչո՞ւ։
-
Ի՞նչ կառաջարկեիք, որ ժողովուրդն աներ, այլ ոչ թե հետևեր Մովսեսին դեպի խոստումի երկիր։ Ինչո՞ւ։
3. Թվեր 13.30, Թվեր 14.6–9․ Հեսուի և Քաղեբի բերած լուրերը երկրի և ժողովրդի մասին
-
Ինչպե՞ս կբնութագրեք Քանանի երկիրը և ձեր տեսած մարդկանց:
-
Մյուս հետախույզները համոզված են, որ Իսրայելը չի կարող հաղթել Քանանի ժողովրդին։ Ինչո՞ւ եք դուք համոզված, որ Իսրայելը կարող է հաղթել նրանց։
Հարցերին պատասխանելուց հետո յուրաքանչյուր խմբի շնորհակալություն հայտնեք մասնակցության համար:
Վերանայեք Թվեր 13․30, 14․8–9 հատվածները՝ փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս Քաղեբի և Հեսուի հավատքն առ Տերը:
-
Ի՞նչ դասեր քաղեցիք Քալեբից և Հեսուից:
Տարբեր պատասխաններից, որ ուսանողները կարող են տալ, օգնեք նրանց բացահայտել այն ճշմարտությունը, որ Տիրոջը վստահելը կարող է օգնել մեզ դիտարկել մեր դժվարությունները հավատքով, այլ ոչ թե վախով։
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում գործել հավատքով առ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը, երբ մենք բախվում ենք դժվարությունների:
Հավատք՝ վախի փոխարեն
Յոթանասունից երեց Քևին Ռ․ Դանքնը բացատրել է մի բան, որը մենք կարող ենք սովորել Իսրայելի որդիների փորձառությունից Թվեր 13–14 գլուխներում։
Ինչպես և Իսրայելի որդիները, մենք բախվում ենք ահռելի խոչընդոտների: … Մեզ համար վատ չի լինի ճանաչել այդ խոչընդոտները։ Բայց կարևոր է, որ մենք հավատքով դիմագրավենք նրանց: …
… Յուրաքանչյուր դժվարություն և յուրաքանչյուր խոչընդոտ, որին մենք բախվում ենք, հնարավորություն է ընտրելու՝ ապավինել Տիրոջը, ինչպես դա արեցին Հեսուն և Քաղեբը։ «Չապստամբեք … , չվախենաք» (Թվեր 14.9) լավ խորհուրդ էր Իսրայելի որդիների համար, և այսօր ևս այն լավ խորհուրդ է մեզանից յուրաքանչյուրի համար: («Rebel Not, Neither Fear», Liahona, ապրիլ 2022, 47)
-
Ի՞նչ փորձառություններ են Իսրայելի որդիները նախկինում ունեցել Տիրոջ հետ: Այս փորձառությունները հիշելն ինչպե՞ս կարող էր մեծացնել նրանց հավատքը Նրա հանդեպ:
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են որոշ մարդիկ մոռանում այն, ինչ գիտեն Տիրոջ մասին, երբ բախվում են դժվարությունների։
Չնայած Տիրոջ կողմից կատարված բազմաթիվ հրաշքների և Քաղեբի ու Հեսուի վկայությանը, իսրայելացիները շարունակում էին տրտնջալ: Որպես արդյունք՝ Տերը հայտարարեց, որ նրանց տրտնջալու և կասկածելու պատճառով չափահաս իսրայելացիների մեծամասնությանը թույլ չի տրվի մտնել ավետյաց երկիր (տես Թվեր 14.26–39):
Կարդացեք Թվեր 14․24, 30 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչպես օրհնեց Քաղեբին և Հեսուին, որովհետև նրանք հավատացին Իրեն:
Որպեսզի օգնեք ուսանողներին հավատքով դիմակայել իրենց դժվարություններին, կարող եք գրատախտակին ցուցադրել հետևյալ աղյուսակը: Առաջարկեք նրանց արտագրել հետևյալ աղյուսակը իրենց ուսումնասիրության օրագրերում։
Դժվարություն․
|
Վախի վրա հիմնված արտահայտություն |
Հավատքի վրա հիմնված արտահայտություն |
|---|---|
Վախի վրա հիմնված արտահայտություն | Հավատքի վրա հիմնված արտահայտություն |
Առաջարկեք ուսանողներին կիսվել մի քանի ժամանակակից դժվարություններով, որոնց իրենք կարող են բախվել, և ասել, թե ինչպես կարող են արձագանքել դրանց վախով կամ հավատքով:
Դուք կարող եք բերել հետևյալ օրինակը․
Դժվարություն՝ ելույթ ունենալ հանրության առաջ
Վախի վրա հիմնված արտահայտություն «Ես չեմ կարող խոսել մարդկանց առաջ, քանի որ միշտ հուզմունքից խառնում եմ բառերը»:
Հավատքի վրա հիմնված արտահայտություն «Հանրության առաջ ելույթ ունենալը դժվար է ինձ համար, բայց ես հավատում եմ, որ Տերը կարող է ինձ քաջություն և ուժ տալ դա անելու համար»:
Ուսանողները կարող են օգտագործել դասի սկզբում ներկայացված իրավիճակները։
Հետևյալ վարժության համար ուսանողներին թղթեր տրամադրեք։
Խորհեք այն դժվարությունների մասին, որոնց դուք բախվում եք կամ կարող եք բախվել ձեր կյանքում: Գրեք դժվարությունը ձեր աղյուսակում վախի վրա հիմնված արտահայտության հետ միասին, որը դուք կարող եք մտածել կամ որը կարող եք հիմք ընդունել այդ դժվարության վերաբերյալ:
Մտածեք այն մասին, թե ինչ է Սուրբ Հոգին ուսուցանել ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին սուրբ գրություններից, մարգարեների խոսքերից և ձեր սեփական հոգևոր փորձառություններից: Մտածեք, թե ինչպես այս գիտելիքը կարող է օգնել ձեզ դիմակայել դժվարություններին՝ Տիրոջ հանդեպ հավատքով։ Այնուհետև ձեր օրագրում գրեք հավատքի վրա հիմնված արտահայտությունը: Կարող եք նաև հավատքի վրա հիմնված արտահայտությունը գրել թղթի վրա, որը կարող եք տանել տուն և տեղադրել այնպիսի տեղում, որտեղ այն հաճախ կտեսնեք: Կամ լուսանկարեք և պահեք արտահայտությունը ձեր հեռախոսում: Կարող եք նույնիսկ նկարը տեղադրել որպես ձեր հեռախոսի էկրանի պաստառ:
Մի քանի պատրաստակամ ուսանողի կարող եք առաջարկել կիսվել իրենց մտքերով և զգացմունքներով Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Նրանք կարող են կիսվել, թե ինչպես է Տերը օգնում իրենց հավատքով դիմակայել դժվարություններին: Վկայեք, որ Տերը կօրհնի մեզ, եթե մենք հավատքով դիմակայենք դժվարություններին: