Մատթեոս 21․1-11, Հովհաննես 12.27-36
Փրկիչի հաղթական մուտքը
Փրկիչի հաղթական մուտք գործեց Երուսաղեմ, որի ընթացքում մարդիկ փառաբանում և երկրպագում էին Նրան՝ բացականչելով «Ովսա՜ննա» (տես Մատթեոս 2.9): Այնուհետև Հիսուսն ուսուցանեց մարդկանց նրանց փրկելու Իր առաքելության մասին: Այս դասն ընդգրկում է Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքի վերջին շաբաթվա ակնարկը, որը կարող է ձեզ օգնել ավելի մեծ հարգանք ու ակնածանք տածել Հիսուս Քրիստոսի և մեզ փրկելու Նրա առաքելության հանդեպ:
Օգտագործեք Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը: Հավանաբար ուսանողները հնարավորություն են ունեցել ուսումնասիրել և քննարկել դասի սուրբ գրությունների հատվածները և առնչվող Եկ, հետևիր ինձ նյութերը՝ տան պայմաններում սեմինարիայում դրանք քննարկելուց առաջ: Հարմարեցրեք դասը այս բովանդակության հետ կապված ուսանողների փորձառությունների համաձայն: Հնարավորություններ փնտրեք սեմինարիայում օգտագործել այն փորձառությունները, որոնք ուսանողներն ունեցել են տանը պատրաստվելիս:
Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք նախօրոք պատրաստվել և պատմել, թե երբ են որևէ մեկի օգնության կարիքը զգացել՝ դժվար իրավիճակից դուրս գալու համար: Այդպիսի իրավիճակի օրինակ տեսնելու համար նրանք կարող են դիտել «Այնտեղ ուր հանդիպում են արդարությունը, սերը և ողորմությունը» տեսանյութը 0:00-5:01-ը: Այս տեսանյութը ցուցադրում է Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի 2015 թ. ապրիլի գերագույն համաժողովին ներկայացված ելույթը, որը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Փրկության անհրաժեշտությունը
Ուսանողներին առաջարկեք խորհել դասին իրենց պատրաստության շուրջ: Նրանք կարող են կիսվել անձնական պատմությունով այն մասին, թե երբ են որևէ մեկի օգնության կարիքն ունեցել կամ կարող են պատմել իրենց ծանոթներից մեկի մասին:
Հիշեք մի դեպք, երբ դուք դժվարին կացության մեջ էիք և կարիք ունեիք, որ որևէ մեկը օգնի կամ փրկի ձեզ:
-
Ինչո՞ւ էիք այդ օգնության կամ փրկության կարիքը զգում:
-
Ի՞նչ կարող էր պատահել, եթե չստանայիք այդ օգնությունը:
-
Այդ փորձառությունն ինչպե՞ս ազդեց այդ մարդու հանդեպ ձեր զգացմունքների վրա:
Մենք բոլորս էլ Հիսուս Քրիստոսի փրկագնող զորության կարիքն ունենք: Մենք բոլորս էլ սխալներ ենք գործում, որոնք մենք ի վիճակի չենք շտկել, կորուստներ ենք ունենում, որոնք մենք ի վիճակի չենք վերականգնել, ապրում ենք ցավեր, հալածանքներ, դժբախտություններ, հիասթափություններ և կրում ենք բեռներ, որոնց մենք ի վիճակի չենք միայնակ հաղթահարել: Խորհեք, թե դուք ինչու ունեք Հիսուս Քրիստոսի կարիքը: Ձեր օրագրում գրեք, թե որ հարցում ունեք Հիսուս Քրիստոսի փրկագնող զորության կարիքը:
Այս դասի ժամանակ փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը, որպեսզի ավելի շատ բան սովորեք այն մասին, թե Փրկիչ Հիսուս Քրիստոսն ինչու կարող է փրկել մեզ մեր սխալներից, կորուստներից, ցավերից և անլուծելի խնդիրներից:
Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը
Կարող եք ցուցադրել Փրկիչի հաղթական մուտքի պատկերը:
Վերջին անգամ Երուսաղեմ մտնելուց առաջ Հիսուսը Իր աշակերտներին խնդրեց Իրեն մի էշ և մի ավանակ բերել: Աշակերտները էշի և ավանակի վրա գցեցին իրենց հագուստները և Փրկիչը նստեց ավանակի վրա ( Մատթեոս 21.1-7,Հովհաննես 12.14-15):
Կարդացեք Մատթեոս 21.8-11-ը և Հովհաննես 12.12-13-ը, ՝ փնտրելով, թե մարդիկ ինչպես արձագանքեցին, երբ Հիսուս Քրիստոսը Երուսաղեմ մտավ: Կարդալիս պատկերացրեք, որ դուք էլ եք այնտեղ:
Բազում մարդիկ բացականչում էին «Ովսա՜ննա», ինչը եբրայերեն նշանակում է «խնդրում ենք փրկիր մեզ» և օգտագործվում է գովքի և աղաչանքի ժամանակ (Սուրբ գրքերի ուղեցույց, «Ովսաննա», scriptures.ChurchofJesusChrist.org):
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնքին (1915-1985) բացատրել է մարդկանց արձագանքի իմաստը Փրկիչի՝ Երուսաղեմ մտնելու վերաբերյալ.
Միայն թագավորներն ու նվաճողներն էին նման արտասովոր հարգանքի արժանանում։ Գովեստի կոչերի և ազատման ու փրկության աղերսների ներքո մենք տեսնում ենք, թե ինչպես են աշակերտները Տիրոջ ուղին ծածկում արմավենու ճյուղերով՝ ի նշան հաղթանակի ու հաջողության։ Այս դրամատիկ տեսարանը նախապատկեր է հանդիսանում այդ դեռևս գալիք ժողովի համար, երբ «մի շատ ժողովուրդ» … կկանգնի «աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ», աղաղակելով բարձր ձայնով․ «Փրկութիւնը մեր Աստուծուն, որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին» ( Հայտնություն 7․9–10):
(Նոր Կտակարանի վարդապետական մեկնաբանությունը, [1965], 1.578):
-
Ի՞նչ կասեիք, կանեիք կամ կզգայիք, եթե դուք ներկա լինեիք Փրկիչի հաղթական մուտքին Երուսաղեմ: Ինչո՞ւ:
-
Ե՞րբ եք ցանկացել «Ովսա՜ննա» բացականչել (գովաբանել և երախտագիտություն հայտնել) Հիսուս Քրիստոսին:
-
Այս պահին ինչի՞ համար «Ովսա՜ննա» կբացականչեիք Փրկիչին: Իսկ ապագայո՞ւմ:
Եթե հարմար է, ուսանողների հետ քննարկեք, թե նրանք երբ են մասնակցել «Ովսա՜ննա» բացականչելու արարողությանը: Օրինակ՝ դա կարող էր լինել տաճարի նվիրագործման ժամանակ:
Երբ Հիսուսը մուտք գործեց Երուսաղեմ ավանակ հեծած, շատ մարդիկ դա ընկալեցին որպես հրապարակավ հայտարարություն, որ Նա ոչ միայն խոստացված Մեսիան էր, այլ նաև Իսրայելի խոստացված թագավորը: Շատերը ընկալեցին դա որպես սուրբ գրություններում ներկայացված մարգարեությունների կատարում, որոնցից մեկը գրանցված է Զաքարիա 9.9 հատվածում:
Շատերը սպասում էին, որ Մեսիան պետք է լիներ մեծ ռազմական ղեկավար, ով կփրկեր նրանց Հռոմի լուծից: Նրանք սխալ էին ընկալում Փրկիչի փրկագնող առաքելությունը:
-
Ըստ Երկնային Հոր՝ Հիսուս Քրիստոսն ինչի՞ց պետք է փրկեր մեզ:
Փրկիչի նպատակը և առաքելությունը
Փրկիչի հաղթական մուտքից հետո «ոմանք Հելլենացիք», ովքեր եկել էին Երուսաղեմ Զատիկը նշելու համար, խնդրեցին հանդիպել Հիսուսի հետ ( Հովհաննես 12.20-21): Երբ Հիսուսն իմացավ նրանց ցանկության մասին, մտածեց Իր մոտեցող տառապանքների, մահվան և Հարության մասին։ Նա բացատրեց, որ Երուսաղեմի այդ վերջին իրադարձությունները, այդ թվում՝ Իր մոտակա Խաչելությունը, երկիր գալու Իր ողջ նպատակն էին ( Հովհաննես 12.23-33):
Կարդացեք Հովհաննես 12.27-28, 32-33-ը և ուշադիր եղեք, թե Հիսուսն ինչ ասաց Իր նպատակի և առաքելության մասին: (Նկատի ունեցեք, որ երկնքից խոսող ձայնը Երկնային Հոր ձայնն է, որը վստահություն է արտահայտում, որ Հիսուս Քրիստոսը կկատարի Իր Քավությունը):
-
Հիսուս Քրիստոսն ի՞նչ է ուսուցանել Իր նպատակի և առաքելության մասին:
-
Երկնային Հոր վստահությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ ինչպե՞ս կարող է մեծացնել ձեր վստահությունը Փրկիչի՝ ձեզ փրկելու կարողության և ցանկության նկատմամբ:
Ամփոփելով Հովհաննես 12.27-28, 32-33-ում Փրկիչի ուսուցանածը՝ կարելի է ասել, որ Հիսուս Քրիստոսը կատարել է Իր Քավությունը՝ մեզ բոլորիս Իրեն մոտեցնելու համար:
Փրկիչը վկայել է այդ նույն ճշմարտության մասին 3 Նեփի 27.13-15 հատվածներում: Կարդացեք այս հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե դրանք ինչ են ավելացնում այս ճշմարտության ձեր ընկալմանը: Կարող եք խաչաձև հղում կատարել Հովհաննես 12.32 հատվածի հետ:
Փրկիչի վերջին շաբաթվա իրադարձությունների ակնարկ
Փրկիչի մահկանացու կյանքի վերջին շաբաթվա իրադարձություններից մի քանիսը կարևոր էին մեզ Իրեն մոտեցնելով փրկելու Իր առաքելության և նպատակի համար:
Հետևյալ տեղեկատվական պաստառը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ այդ իրադարձությունները:
Ուսանողներին տրամադրեք տեղեկատվական պաստառի մի օրինակ կամ ցուցադրեք այն: Կախված ուսանողների կարիքներից՝ օգտակար կլինի տեղեկատվական պաստառի հետ միասին կամ դրա փոխարեն օգտագործել այս դասի «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժնում զետեղված գաղափարներից:
Ուսումնասիրեք տեղեկատվական պաստառը: Կարդացեք սուրբ գրությունների որոշ հատվածներ՝ նկարագրված իրադարձությունների հետ ավելի լավ ծանոթանալու համար: Մտածեք, թե այդ իրադարձություններն ինչպես են նպաստել Հիսուս Քրիստոսի փրկագնող առաքելությանը և խորհեք, թե Նա ինչպես կարող է օգնել և փրկել ձեզ՝ այդ շաբաթվա ընթացքում Իր ուսուցանածի և արածի շնորհիվ:
Ձեր օրագրում գրեք այս իրադարձությունների վերաբերյալ ձեր հարցերը և նշեք այն իրադարձությունները, որոնց մասին դուք ցանկանում եք ավելի շատ բան իմանալ: Նշեք նաև, թե ինչու:
-
Ի՞նչ հարցեր ունեք այս իրադարձություններից ցանկացածի վերաբերյալ:
-
Ո՞րի մասին կցանկանայիք ավելին իմանալ: Ինչո՞ւ:
-
Ձեր կարծիքով, այս իրադարձությունների մասին ավելին իմանալով, ինչպե՞ս կարող եք ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի՝ մեզ փրկելու կարողությունն ու ցանկությունը:
Ուսանողներին խնդրեք կիսվել նախորդ հարցերի վերաբերյալ իրենց պատասխաններով: Գրեք նրանց մեկնաբանությունները և օգտագործեք դրանք ապագա դասերի ժամանակ:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Հանդիսավոր մուտքն ի՞նչ էր նշանակում հրեաների համար և ի՞նչ է նշանակում մեզ համար
Փրկիչի հաղթական մուտքը Երուսաղեմ Զատիկի տոնի ժամանակ Զաքարիա 9.9-10 հատվածներում ներկայացված մարգարէության անմիջական իրականացումն էր և հրապարակավ հայտարարություն էր, որ Հիսուսը խոստացած Մեսիան է և Իսրայելի թագավորը: Հին ժամանակներում էշը կամ ավանակը հրեական արքայական իշխանության խորհրդանիշ էր: Հին Իսրայելում միապետություն օրոք Սավուղ թագավորի գահակալությունից հետո հրեաները ամեն տարի վերագահակալության ծիսակատարություններ էին անցկացնում, որոնց ժամանակ թագավորը էշի վրա մտնում էր Երուսաղեմ: Նա մոտենում էր քաղաքին արևելքից և գալիս էր դեպի տաճար: Այդ ծիսակատարությունները նախանշում էին այն ժամանակը, երբ նույն ձևով Մեսիան կգար Իր ժողովրդի մոտ: Այսպիսով, այն պահին, երբ Երուսաղեմը լցված էր Զատիկ նշող հրեաներով, Հիսուսը մտավ քաղաք այնպիսի ձևով, որը ցուցադրում էր, որ Ինքը Մեսիան է՝ Իսրայելի թագավորը: Հեծնելով ավանակին՝ Հիսուսը ցույց տվեց, որ եկավ որպես խաղաղ և «խոնարհ» Փրկիչ, այլ ոչ թե ռազմաձիու վրա նստած մի նվաճող» (տես Զաքարիա 9.9-10):
Երկրորդ Գալստյան ժամանակ Հիսուսը երկիր կվերադառնա մեծ զորությամբ և փառքով: Այդ փառքը ցուցադրելու համար Նա կգա «սպիտակ ձի» հեծած (տես Հայտնություն 19.11-16): Նա նաև կգա թագավորելու որպես «թագավորների թագավոր և տերերի տեր» ( Հայտնություն 17.14 , տես նաև Հայտնություն 19.16):
Ի՞նչ է մեզ ուսուցանում հաղթական մուտքի ժամանակ արմավենու տերևների օգտագործումը
Երեց Ջերիթ Վ. Գոնգը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.
Արմավենու ճյուղերը Տիրոջով ցնծալու ավանդական սրբազան խորհրդանիշ են, ինչպես պատկերված է Հիսուսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ կտավում, երբ «ժողովուրդի բազմությունը …․ արմավենու ճյուղեր վերցրեց և նրան ընդառաջ ելավ» [ Հովհաննես 12.12–13 , տես նաև Մատթեոս 21.8–9 , Մարկոս 11.8–10 ]: Հայտնության գրքում «սպիտակ զգեստներ հագած ու արմավենու ճյուղեր ձեռքերին» մարդիկ փառաբանում էին Աստծուն ու Գառին [ Հայտնություն 7.9 ]: Կիրթլենդի տաճարի նվիրագործման աղոթքում «արդարության պարեգոտի» և «փառքի պսակի» հետ մեկտեղ նշվում են նաև արմավենու ճյուղերը [տես Վարդապետություն և Ուխտեր 109․76 ]:
(Ջերիթ Վ. Գոնգ, «Ովսա՜ննա և Ալելո՜ւիա – Կենդանի Քրիստոսը․ Վերականգնման և Զատիկի առանցքը », Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 53)
Օժանդակ ուսումնական վարժություններ
Easter.ComeuntoChrist.org-ի վարժություն
Ուսանողներին առաջարկեք օգտագործել սուրբ գրությունները և նյութերը Easter.ComeuntoChrist.org կայքից՝ իրենց հարցերին պատասխաններ գտնելու, Հիսուս Քրիստոսի մահկանացու կյանքի վերջին շաբաթվա իրադարձությունները ուսումնասիրելու և դրանց մասին ավելին իմանալու համար: Առաջարկեք նրանց նկարագրել, թե այդ իրադարձություններն ինչ են ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին, և դրանք ինչպես են նպաստել Նրա՝ մեզ փրկելու առաքելությանը:
Օգտակար կլինի նաև դիտել այդ իրադարձությունները նկարագրող հետևյալ տեսանյութերից մեկը կամ մի քանիսը:
«Այս նպատակով եմ ծնվել» (2:13-4:29-ը)
«Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ» (5:23)
«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը» (1:56-4:48-ը)
Ճանապարհորդություն Երուսաղեմով համացանցի միջոցով
Բրիգամ Յանգ Համալսարանը ստեղծել է մի հավելված, որը թույլ է տալիս մարդկանց համացանցի միջոցովճանապարհորդել Երուսաղեմով և տեսնել տեղական վայրերը այնպես, ինչպես դրանք կարող էին լինել Փրկիչի ժամանակներում: Կարող եք ուսանողներին թույլ տալ ներբեռնել հավելվածը և այս դասին օգտագործել այն տեղեկատվական պաստառի փոխարեն: Այս հավելվածը կարող է նաև օգտագործվել այլ դասերի ժամանակ, որպեսզի ուսանողները կարողանան պատկերացնել հին Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունները և ավելի լավ հասկանալ դրանք: Հավելվածը ներբեռնելու հրահանգների համար տես https://virtualscriptures.org/virtual-new-testament/:
Նկարներով վարժություն
Ցուցադրեք հետևյալ նկարները ոչ ժամանակագրական կարգով և խնդրեք ուսանողներին օգտվել սուրբ գրություններից և տեղեկատվական պաստառից՝ նկարները ժամանակագրական կարգով դասավորելու համար: Այնուհետև ուսանողներին առաջարկեք պատասխանել դասի վերջին երեք հարցերին: