Բ Կորնթացիս 1.4
«Աստուածանից մխիթարվում ենք»
Մենք բոլորս ունենում ենք ցավեր, վիշտ, անհաջողություններ, խոչընդոտներ, անհանգստություն և հիվանդություններ: Երբ Կորնթոսի բնակիչները դժվարության մեջ էին, Պողոսը գրեց Եկեղեցու այնտեղ բնակվող անդամներին, որպեսզի նրանք աջակցեն ու խորհուրդ տան մարդկանց: Նա վկայեց այն մխիթարության և խաղաղության մասին, որը մատչելի է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի շնորհիվ (տես Բ Կորնթացիս 1․3-4): Այս դասը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե Աստված ինչպես է սփոփում Իր զավակներին, և դուք ինչպես կարող եք Նրա սփոփանքով կիսվել ուրիշների հետ:
Օգտագործեք առարկաներ և նկարներ Ավետարանի որոշ գաղափարներ կարող են դժվար հասկանալի լինել: Առարկայական դասերը արդյունավետ եղանակ են, քանի որ օգնում են ուսանողներին հասկանալ հոգևոր սկզբունքները:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե իրենք ինչպես են մխիթարություն ստանում, երբ իրենց կյանքում ինչ-որ բան սխալ է ընթանում: Հնարավորության դեպքում խրախուսեք նրանց նկար կամ առարկա բերել, որը սփոփանքի աղբյուր է հանդիսանում նրանց համար:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ի՞նչն է ձեզ մխիթարություն պարգևում
Եթե ուսանողները նախապատրաստվել են դասին, առաջարկեք նրանց դասարանին ցույց տալ իրենց բերած առարկան և բացատրել, թե այն ինչպես է մխիթարում իրենց:
-
Դժվար պահերին ինչի՞ն կամ ո՞ւմ եք դիմում մխիթարության համար:
-
Ի՞նչն է կամ ո՞վ է ձեզ ամենից շատ մխիթարում: Ինչո՞ւ։
Թվարկեք ներկա կամ ապագա իրավիճակները, որոնցում դուք կարող եք օգնության կամ սփոփանքի կարիք ունենալ:
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Ինչո՞ւ եք դուք վստահ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են մխիթարել ձեզ Սուրբ Հոգու պարգևի միջոցով:
-
Ինչպե՞ս եք ձեզ զգում, երբ ճանաչում եք և ստանում այն մխիթարությունը, որը Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը առաջարկում են Սուրբ Հոգու միջոցով:
-
Ինչպե՞ս կարող եք այդ մխիթարությունը կիսել ուրիշների հետ:
Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք նախորդ հարցերի պատասխանները:
Պողոսը ցանկանում էր սփոփել Կորնթացի սրբերին իրենց փորձություններում
Մակեդոնիա այցելելիս Պողոսը նամակ ստացավ Տիտուս անունով աշակերտից այն մասին, որ նրա նախորդ նամակը լավ ընդունվեց Կորնթացի սրբերի կողմից (տես Բ Կորնթացիս 2.13 , 7.5): Պողոսը նաև իմացավ այդ սրբերի հարատև մարտահրավերների մասին ու նրանց ևս մեկ նամակ գրեց (Բ Կորնթացիս)՝ առաջարկելով մխիթարություն և լուծում նրանց խնդիրներին:
-
Ի՞նչ եք հիշում Կորնթոսի և այնտեղ բնակվող սրբերի դժվարությունների մասին:
Եթե ուսանողները դժվարանան պատասխանել, հիշեցրեք նրանց, որ Կորնթոսը մեծ, հարուստ քաղաք էր, որը հայտնի էր կռապաշտությամբ և անբարոյականությամբ: Տեղացի սրբերը ձգտում էին միասնական մնալ, ընդունել Աստծո իմաստության առավելությունը կեղծ ուսմունքների նկատմամբ և պահել մաքրաբարոյության օրենքը:
Կարդացեք Բ Կորնթացիս 1.1-4 հատվածները՝ ուշադրություն դարձնելով այն բանին, թե Պողոսն ինչպես է սկսում Կորնթացի սրբերին ուղղված իր երկրորդ նամակը:
Կարող եք ուսանողներին խնդրել բացահայտել այն անունները, որոնք Պողոսը օգտագործել է Երկնային Հոր մասին խոսելիս և այնուհետև գրել այդ անունները գրատախտակին:
-
Ի՞նչը գրավեց ձեր ուշադրությունը, երբ կարդացիք, թե Պողոսն ինչպես ներկայացրեց Երկնային Հորը Սրբերին:
-
Պողոսը ի՞նչ անուններ կամ տիտղոսներ օգտագործեց Երկնային Հոր մասին խոսելիս, որոնք գրավեցին ձեր ուշադրությունը:
-
Այդ անուններն ու տիտղոսներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Երկնային Հոր մասին:
-
Ի՞նչ ճշմարտություն է Պողոսն ուսուցանել հատված 4 -ում:
Մխիթարություն ստացեք Երկնային Հորից և օգնեք ուրիշներին ստանալ այն
Հավանաբար հատված 4 -ում դուք բացահայտել եք հետևյալ ճշմարտությունը. Երբ փորձությունների ժամանակ մենք ստանում ենք Երկնային Հոր մխիթարությունը, մենք ավելի լավ կարող ենք օգնել ուրիշներին նույնպես ստանալ այն:
Մինչ ուսանողները բացահայտում են Բ Կորնթացիս 1.4 հատվածում ներկայացված ճշմարտությունը, առաջարկեք նրանց համեմատել այն Մոսիա 18.8-10 հատվածների հետ և նմանություններ գտնել:
Կարող եք կիսվել Երեց Գարի Ի. Ստիվենսոնի մեջբերումով, որը կարող եք գտնել դասի վերջում գտնվող «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում և պատասխանել հետևյալին:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնում են» ( հատված 4):
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է դա ակնկալվում Հիսուս Քրիստոսի աշակերտներից:
-
Երբ եք դուք կամ ձեր ծանոթը օգնություն և մխիթարություն ստացել Երկնային Հորից փորձության ժամանակ:
-
Ի՞նչ սովորեցիք այդ փորձառությունից:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ կարող եք անել, որպեսզի Աստծուց ավելի շատ մխիթարություն ստանաք, երբ դուք դրա կարիքն ունեք:
Եթե ուսանողների պատասխանները շատ անձնական չեն, խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձառություններով: Ուսանողների համար կարող է օգտակար լինել լսել, թե Երկնային Հայրը ինչպես է սփոփում մեզ: Կարող եք անձնական վկայություն կամ փորձառություն ավելացնել:
Կարդացեք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի (1895–1985) հետևյալ հայտարարությունը.
Աստված տեսնում է մեզ, և նա հսկում է մեզ: Բայց հիմնականում մեկ այլ անձնավորության միջոցով է Նա բավարարում մեր կարիքները: Ուստի, կարևոր է, որ մենք ծառայենք միմյանց արքայությունում:
(Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Սպենսեր Վ․ Քիմբալ [2006], 82)
Առկայության դեպքում դիտեք «Աստված մեզ կբարձրացնի» տեսանյութը (4:58) ChurchofJesusChrist.org կայքում: Այն պատմում է Բրիտանի անունով մի երիտասարդ կնոջ մասին, որը իր առողջական վիճակի վրա կենտրոնանալու փոխարեն մխիթարություն է գտել ուրիշներին ծառայելու և Տիրոջը վստահելու մեջ:
-
Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ինչո՞ւ է հաճախ օգտագործում մեզ, որպեսզի մենք օգնենք փորձություններով անցնող մարդկանց զգալ Նրա սերը և մխիթարությունը:
Հիշեք որևէ մեկին, ով այժմ դժվարության մեջ է: Աղոթքով մտածեք, թե դուք ինչպես կարող եք օգնել նրան զգալ Երկնային Հոր մխիթարությունը և արեք հետևյալը.
Ա. Մտածեք, թե ինչ եք սովորել Բ Կորնթացիս 1.1-4-ում, որը կարող է օգտակար լինել այդ մարդուն:
Բ. Կարդացեք հետևյալ հատվածներից երկուսը կամ մի քանիսը, որոնք պարունակում են Պողոսի՝ Կորնթացիներին ուղղված լրացուցիչ ուսմունքները փորձությունների մասին: Գտեք մի արտահայտություն կամ հատված, որը, ձեր կարծիքով, իմաստալի կլինի այդ մարդու համար:
-
Բ Կորնթացիս 1․8-11
-
Բ Կորնթացիս 4․6-10
-
Բ Կորնթացիս 4.14-18
Գ. Արեք մի բան, որպեսզի օգնեք այդ մարդուն զգալ Երկնային Հոր մխիթարությունը: Կարող եք աղոթել նրա համար, ինչպես Կորնթացի սրբերը աղոթեցին Պողոսի համար (տես Բ Կորնթացիս 1.11): Կարող եք նաև խրախուսող նամակ գրել այդ մարդուն, ինչպես Պողոսն արեց, չնայած ձեր ուղերձը կարող է լինել ոչ թե նամակի, այլ տեքստի, էլեկտրոնային նամակի կամ հաղորդագրության տեսքով: (Կարող եք ներառել այն, ինչ սովորել եք այս դասի ժամանակ Բ Կորնթացիս 1.4 հատվածից, ինչպես նաև ձեր անձնական փորձառությունները):
Դ. Կազմեք լրացուցիչ ծրագրեր՝ այդ մարդուն օգնելու համար: Երկնային Հայրը կարող է հուշել ձեզ լրացուցիչ գործողություններ կատարել, օրինակ՝ այցելել այդ մարդուն կամ ծառայել նրան որևէ ձևով: Այդ ծրագրերը գրեք այնպիսի մի տեղում, որ հիշեք դրանց մասին, օրինակ՝ օրացույցում, սմարթֆոնում կամ երևացող տեղում փակցված թղթի վրա:
Ուսանողներին բավարար ժամանակ տալուց հետո առաջարկեք նրանց կիսվել իրենց ծրագրած գործողություններից մեկով: Չնայած ուսանողները կարող են պատմել այդ մարդու փորձության կամ հանգամանքների մասին, հիշեցրեք նրանց, որ նրանք չպետք է նշեն, թե ով է այդ մարդը կամ չպետք է կիսվեն այնպիսի մանրամասներով, որ մնացած ուսանողները կռահեն, թե ով է նա:
Վկայեք այս դասի ընթացքում ուսուցանվող սկզբունքների մասին և ուսանողներին հորդորեք կատարել այդ մարդուն մխիթարելու իրենց ծրագրերը:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Բ Կորնթացիս 1․4 Տերն ինչո՞ւ է ակնկալում, որ մենք օգնենք և մխիթարենք կարիքի մեջ գտնվող մարդկանց
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Ստիվենսոնը ուսուցանել է.
Մկրտության ջրերից դուրս գալու պահից ի վեր մենք հանձնառություն ունենք այս աշխատանքի համար: Մենք սիրով օգնության ենք հասնում մարդկանց, քանի որ մեր Փրկիչն է պատվիրել այդպես վարվել: … Երբ մեր հարևանները նյութական կամ հոգևոր փորձանքի մեջ են, մենք օգնության ենք շտապում: Մենք կրում ենք մեկս մյուսի բեռները, որ դրանք թեթև լինեն: Մենք սգում ենք նրանց հետ, ովքեր սգում են։ Մենք մխիթարում են նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն: Տերը սիրով ակնկալում է դա մեզանից։ Եվ կգա օրը, երբ մենք պատասխանատու կհամարվենք Նրա հոտը սպասասավորելու պարտականության համար:
(Գարի Ի. Ստիվենսոն, «Հոգիներին հովվություն անել», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 111)
Բ Կորնթացիս 4.17 Պողոսն ի՞նչ նկատի ուներ, երբ մեր մահկանացու մարտահրավերները «թեթեւ նեղութիւն» կոչեց
Յոթանասունի Նախագահությունից երեց Փոլ Վ. Ջոնսոնը ուսուցանել է.
Խնդիրների մեջ գրեթե անհնարին է տեսնել, որ եկող օրհնությունները մեծապես գերազանցում են ցավին, վիրավորանքին կամ վշտին, որը մենք կարող ենք ունենալ այդ ժամանակ: Պողոս Առաքյալը ուսուցանել է, «Որովհետև մեր այժմեան թեթեւ նեղութիւնը, ամենագերազանց յաւիտենական փառքի մեծութիւն է գործում մեզ համար» [ Բ Կորնթացիս 4.17 ]: Հետաքրքիր է, որ Պողոսը օգտագործում է «թեթեւ նեղութիուն» արտահայտությունը: Սա գալիս է մի մարդուց, որին ծեծել էին, քարկոծել էին, որը նավաբեկության էր ենթարկվել, բանտարկվել և տարել էր շատ այլ փորձություններ: Ես կասկածում եմ, թե մեզանից շատերը մեր փորձությունները համարեն «թեթեւ նեղութիուն»: Այնուամենայնիվ, համեմատած օրհնությունների և աճի հետ, որ մենք ի վերջո ստանում ենք և այս կյանքում, և հավերժության մեջ, մեր նեղությունները իրոք թեթև են: …
Երբեմն մենք ցանկանում ենք աճ ունենալ առանց դժվարությունների և ուժ ձեռք բերել առանց որևէ պայքարի: Բայց աճը չի կարող գալ հեշտ ճանապարհ ընտրելով: Մենք պարզ կերպով հասկանում ենք, որ մարզիկը, որը ընդդիմանում է խստապահանջ մարզմանը, երբեք չի դառնա համաշխարհային մակարդակի մարզիկ: Մենք պետք է զգույշ լինենք, որ հեռու չվանենք այն բաները, որոնք մեզ օգնում են ձեռք բերել աստվածային բնություն:
(Փոլ Վ. Ջոնսոն, «Առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 79-80)
Օժանդակ ուսումնական վարժություններ
Բ Կորնթացիս 1․3 «Ամեն մխիթարութեան Աստուածը»
Ուսանողներին առաջարկեք գտնել այլ պատմություններ սուրբ գրություններում կամ Եկեղեցու պատմության մեջ, որոնք ցուցադրում են, որ Երկնային Հայրը կարող է մխիթարել: Օրինակ՝ ուսանողները կարող են ամփոփել Մորմոնի Գրքի պատմությունը այն մասին, թե Տերն ինչպես է թեթևացրել Ալմայի ժողովրդի բեռները, երբ նրանք լամանացիների գերության մեջ էին (տես Մոսիա 24), կամ նրանք կարող են քննարկել, թե Տերը ինչպես մխիթարեց Ջոզեֆ Սմիթին Լիբերթիի բանտում ( Վարդապետություն և Ուխտեր 121): Ուսանողներին ժամանակ տվեք կիսվելուց առաջ փնտրել սուրբ գրությունները և այլ նյութեր:
Մխիթարություն Հիսուս Քրիստոսի միջոցով
Ուսանողներին հարցրեք, թե նրանք ինչու են կարծում, որ Երկնային Հայրը հաճախ օգտագործում է իրենց՝ ուրիշներին մխիթարելու համար, և խնդրեք նրանց կարդալ Բ Կորնթացիս 1.5-7-ը և այնտեղ գտնել Երկնային Հոր կողմից տրամադրված այլ աղբյուրը՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Ուսանողներին հարցրեք, թե ինչու են նրանք զգում, որ Հիսուս Քրիստոսը մխիթարության զորեղ աղբյուր է փորձությունների ժամանակ: Ուսանողներին առաջարկեք համեմատել այս հատվածները Ալմա 7.11-13 հատվածների հետ: