«Դաս 75․ Վարդապետություն և Ուխտեր 63.1–23․ Տիրոջ oրենքը մաքրաբարոյության մասին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 63․1–23», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 75. Վարդապետություն և Ուխտեր 60–63
Վարդապետություն և Ուխտեր 63․1–23
Տիրոջ oրենքը մաքրաբարոյության մասին
1831 թվականի ամռանը Մարգարե Ջոզեֆ Սմիթը վերադարձավ Միսսուրիից և իմացավ, որ Կիրթլենդի Սրբերից ոմանք լուրջ մեղքեր են գործել՝ ներառյալ մաքրաբարոյության օրենքի խախտումը: Վարդապետություն և Ուխտեր 63 բաժնում արձանագրված հայտնության մեջ Տերը զգուշացնում է Սրբերին իրենց մեղքերի լրջության մասին: Այս դասը կարող է օգնել ուսանողներին զգալ մաքրաբարոյության մասին Տիրոջ օրենքին անձնական հնազանդության կարևորությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Առաքինության կարևորությունը
Դասը սկսելու համար կարող եք Փրկչին պատկերող նկար ցուցադրել: Առաջարկեք ուսանողներին գրատախտակին գրել իրենց պատասխանը հետևյալ հարցերից առաջինին։ Մի քանի ուսանողի առաջարկեք բացատրել, թե իրենք ինչ են գրել, և խնդրեք կիսվել, թե ինչպես կպատասխանեն երկրորդ հարցին:
-
Ո՞ր բառերը կամ արտահայտություններն են նկարագրում այն հատկանիշները, որոնք Փրկիչը ցանկանում է, որ մենք ունենանք:
Գրատախտակին ավելացրեք առաքինի բառը, եթե այն դեռ գրված չէ այնտեղ: Բացատրեք, որ առաքինի լինելը ներառում է՝ բարոյական ազնվությունը, սեռական առումով մաքուր լինելը և հոգևոր զորություն և ուժ ունենալը (տես Սուրբ Գրությունների ուղեցույց, «Առաքինություն», scriptures.ChurchofJesusChrist.org)։
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ է առաքինի լինելը կարևոր հատկանիշ մեզ համար:
-
Ինչո՞ւ է առաքինի լինելու Փրկչի պատվիրանը հարձակման ենթարկվում մեր օրերում:
Առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե որքան կարևոր է իրենց համար լինել առաքինի և սեռական առումով մաքուր: Նրանք կարող են նաև մտածել իրենց ունեցած հարցերի կամ այն խոչընդոտների մասին, որոնց իրենք անձամբ բախվում են՝ կապված այս պատվիրանի հետ: Խրախուսեք ուսանողներին ուշադրություն դարձնել հոգևոր հուշումներին, որոնք կարող են օգնել իրենց ավելի մեծ ցանկություն զգալ ապրելու մաքուր և առաքինի կյանքով:
Փրկիչը դատապարտում է սեռական մեղքը
Հետևյալ համատեքստային տեղեկությունները կարող են օգնել ուսանողներին պատրաստվել ուսումնասիրելու Վարդապետություն և Ուխտեր 63 բաժինը։
Վարդապետություն և Ուխտեր 63 բաժնում արձանագրված հայտնությունում Փրկիչն անդրադառնում է որոշ Սրբերի մեղսավոր վարքին Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաքում: Նա նախազգուշացնում է այս մեղքերի լրջության մասին (տես Վարդապետություն և Ուխտեր 63.1–6) և կիսվում է սեռական մաքրությունը պահելու կարևորության վերաբերյալ ճշմարտություններով։
Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 63․13–16 հատվածները՝ ուշադրություն դարձնելով Տիրոջ հրավերներին և նախազգուշացումներին։
Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ այս հատվածների հիմնական բառերի կամ արտահայտությունների իմաստը: Օրինակ՝ հնարավոր է օգտակար լինի բացատրել, որ «շնություն» նշանակում է սեռական հարաբերություններ ամուսնացած անձի և նրա կողակցից բացի այլ մեկի միջև։ «Ցանկասիրություն» դրսևորել որևէ մեկի հանդեպ նշանակում է նայել մարդուն այնպես, որ սեռական զգացմունքներ առաջանան։ Սա ներառում է պոռնոգրաֆիկ նյութերի դիտումը։ «Մաքրաբարոյության օրենքն ասում է, որ Աստված հավանություն է տալիս սեռական հարաբերություններին միայն ամուսնացած տղամարդու և կնոջ միջև» (Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց [2022], 23)։
-
Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ այն մասին, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ սեռական մեղքերը մեզ վրա:
-
Ի՞նչ եք սովորում Փրկչի մասին՝ այս հատվածների Նրա խոսքերից։
Ճշմարտություններից մեկը, որ տեղին կլինի ընդգծել այս քննարկման ընթացքում, այն է, որ Փրկիչը դատապարտում է ցանկասիրությունը և սեռական մեղքի բոլոր այլ ձևերը։
Խորացրեք մաքրաբարոյության օրենքի մասին հասկացողությունը
Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Փրկչի՝ սեռական առումով մաքուր լինելու պատվիրանը հաճախ կոչվում է մաքրաբարոյության օրենք: Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը այս օրենքին հնազանդվելու կարևորության մասին:
Դասարանին առաջարկեք կիսվել որոշ հարցերով, որոնք դեռահասները կարող են ունենալ մաքրաբարոյության մասին Տիրոջ օրենքի վերաբերյալ: Ուսանողների համար կարող է ավելի հարմարավետ լինել անանուն հարցեր տալը՝ իրենց հարցերը գրի առնելու միջոցով: Ընտրեք մի քանի համապատասխան հարց և գրեք դրանք գրատախտակին:
Որպեսզի պատրաստվեք պատասխանել մաքրաբարոյության մասին Տիրոջ օրենքի վերաբերյալ ձեր կամ ուրիշների հարցերին, ուսումնասիրեք Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց (2022) գրքի հետևյալ բաժինները. «Քայլեք Աստծո լույսի մեջ» (էջ 16–21) և «Ձեր մարմինը սուրբ է» (էջ 22–29):
Ուսանողները կարող են աշխատել դասընկերոջ հետ կամ փոքր խմբերով՝ գտնելու իրենց ընտրած հարցերի պատասխանները, որոնց վրա ցանկանում են կենտրոնանալ: Բացի Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույց (2022) գրքի բաժիններն ուսումնասիրելուց՝ ուսանողներին կարող եք առաջարկել նաև փնտրել ավետարանական այլ նյութեր:
Որոշ օժանդակ նյութեր, որոնցով դուք կարող եք կիսվել ուսանողների հետ, կարող եք գտնել դասի վերջում գտնվող «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում:
Բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք ուսանողներին քննարկել, թե ինչ են բացահայտել իրենց ուսումնասիրության ընթացքում: Մի քանի ուսանողի առաջարկեք կիսվել իրենց մտքերով: Ստորև ներկայացված հարցը կօգնի ուղղորդել այդ քննարկումը։
-
Ի՞նչ գտաք, որը խորացրեց ձեր հասկացողությունն այն մասին, թե ինչու է մեզ պատվիրված ապրել մաքրաբարոյության օրենքով:
Օրհնություններ մաքրաբարոյության օրենքին հնազանդվելու համար
Մաքրաբարոյության օրենքը խախտելու լրջության մասին Սրբերին նախազգուշացնելուց հետո Փրկիչը խրախուսեց նրանց պահել Իր պատվիրանները, և Նա օրհնություններ խոստացավ հնազանդության համար:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 63․19–20, 23 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Տերը:
-
Ի՞նչ օրհնություններ է խոստանում Փրկիչը նրանց, ովքեր պահում են Իր պատվիրանները:
-
Այս օրհնությունների մասին հիշելն ինչպե՞ս կարող է մղել մեզ ապրել առաքինի կյանքով:
Կարող են լինել ուսանողներ, որոնք մեղքեր են գործել՝ կապված մաքրաբարոյության օրենքի հետ: Հիշեցրեք դասարանին, որ երբ մենք անկեղծորեն ձգտում ենք ապաշխարել մեր մեղքերից, Փրկիչը հնարավոր է դարձնում ամբողջական ներումը և բժշկումը: Կարող եք ընդգծել Վարդապետություն և Ուխտեր 58.42–43 հատվածները՝ օգնելու համար մեկին, ով անհանգստացած է, որ ինքն արդեն սխալներ է գործել։
Հիշեք ձեր սովորածը
Ուսանողներին ժամանակ տվեք մտածելու, թե ինչ սովորեցին ու զգացին այսօրվա ուսումնասիրության ընթացքում: Դա անելու համար կարող եք առաջարկել նրանց գրել հետևյալ հարցերից մեկի կամ մի քանիսի պատասխաններն իրենց օրագրերում։
-
Ի՞նչ տպավորություններ կամ զգացումներ ունեցաք այս հատվածներն ուսումնասիրելիս:
-
Ի՞նչ սովորեցիք մաքրաբարո լինելու կարևորության և այն մասին, թե այդ ընտրությունն ինչ ազդեցություն կարող է ունենալ ձեր կյանքի վրա:
-
Ի՞նչ եք ոգեշնչված անել կամ ի՞նչը փոխել:
Ավարտեք դասը՝ հիշեցնելով ուսանողներին Փրկչի խոստման մասին՝ օրհնել բոլոր նրանց, ովքեր հավատարմորեն ձգտում են հնազանդվել մաքրաբարոյության մասին Տիրոջ օրենքին: