«Քնելու ցանկությունը սուրբ գրությունների ժամին», Ընկեր, հունվ․ 2024, 30-31:
Քնելու ցանկությունը սուրբ գրությունների ժամին
Թեև դեռ վաղ էր, Էլվիրան գիտեր, որ սուրբ գրությունները կարդալու համար արժեր շուտ վեր կենալ։
Այս պատմությունը տեղի է ունեցել Նորվեգիայում։
Էլվիրան վեր կացավ հայրիկի ձայնից։ «Սուրբ գրությունների ժամն է», - ասաց հայրիկը։
Նա նստեց անկողնում և տրորեց քնկոտ աչքերը: Դրսում դեռ մութ էր: Եվ բավականին ցուրտ էր։ Էլվիրան չէր ուզում դուրս գալ իր տաքուկ անկողնուց։
Մայրիկն ասել էր, որ սուրբ գրությունները կարդալով նրանք կարող էին ավելի լավ ճանաչել Հիսուսին: Բայց ամեն առավոտ սուրբ գրություններ կարդալը դժվար էր:
Էլվիրան դանդաղ բարձրացավ աստիճաններով և նստեց բազմոցին՝ իր ավագ քույր Սիգրիդի կողքին։ Նա գրկեց բարձը և փաթաթվեց իր փափկամազ ու տաք ծածկոցով: Նրա եղբայրները մյուս սենյակում էին և պատրաստվում էին իրենց առցանց սեմինարիայի դասին:
Զնգաց հայրիկի հեռախոսը։ Նա պատասխանեց զանգին, և էկրանին հայտնվեցին ընտանիքի անդամները: Լիվ մորաքույրը հագնված էր ու պատրաստ՝ աշխատանքի գնալու։ Մորաքրոջ աղջիկը՝ Դորթեան, Էլվիրայի նման դեռ գիշերազգեստով էր։
Էլվիրան տեսակապի միջոցով ձեռքով արեց նրանց ու հորանջեց։ Սուրբ գրությունների ժամը նրանք միշտ անցկացնում էին մորաքույր Լիվի և Դորթեայի հետ: Նրանք ապրում էին Նորվեգիայի մեկ այլ մասում, և չորս ժամ էր պահանջվում այնտեղ հասնելու համար: Նրանց բոլորի համար ավելի հեշտ էր կարդալ սուրբ գրությունները, քանի որ նպատակ ունեին ամեն օր զանգահարել միմյանց: Եվ Էլվիրան սիրում էր տեսնել իր քրոջը։
Մի քանի րոպե անց մայրիկը նույնպես միացավ տեսազանգին։ «Ողջույն, աղջիկներ», - ասաց նա։ Աշխատանքի բերումով նա ճամփորդում էր այդ շաբաթ, բայց միացավ զանգին՝ ընտանեկան սուրբ գրությունների ժամին:
Ասվեց աղոթքը։ Ապա Էլվիրան բացեց իր սուրբ գրությունները։ Նրանք միասին կարդում էին Մորմոնի Գիրքը: Ամեն մեկն իր հերթին կարդում էր իր բաժին հատվածները։
Էլվիրան լսում էր, երբ մյուսները կարդում էին, բայց դժվարությամբ էր արթուն մնում։ Սիգրիդը նորից քնել էր բազմոցի վրա։ Էլվիրան հրեց նրան։ Ապա հատվածում ինչ-որ բան գրավեց նրա ուշադրությունը։
«Եվ ես տեսա երկաթյա մի ձող, և այն ձգվում էր գետի ափի երկայնքով և առաջնորդում դեպի այն ծառը, որի մոտ ես կանգնած էի», - կարդաց Դորեթան։*
«Ես գիտեմ այս պատմությունը»,- ասաց Էլվիրան։ «Դա Լեքիի երազն է»: Նա տեսել էր սուրբգրային տեսանյութն այդ մասին։ Այնտեղ կար մի գեղեցիկ ծառ՝ սպիտակ պտուղներով, և մարդիկ բռնվում էին ձողից, որի օգնությամբ հասնում էին ծառին:
«Հիշո՞ւմ ես, թե ինչ էր նշանակում ձողը», - հարցրեց մայրիկը:
«Սուրբ գրություննե՞րը»:
«Ճիշտ է»,- ասաց հայրիկը։ «Նեփին ավելի ուշ ուսուցանում է, որ ձողը՝ Աստծո խոսքն է: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող ենք բռնվել ձողից՝ Լեքիի երազի մարդկանց նման»։
«Մենք հենց հիմա բռնվում ենք ձողից»: Էլվիրան վեր բարձրացրեց իր Մորմոնի Գիրքը: «Սուրբ գրությունների ժամ անցկացնելով»։
Մայրը գլխով արեց: «Երբ մենք կարդում ենք սուրբ գրությունները, մոտենում Հիսուս Քրիստոսին: Ինչպես այն մարդիկ, որոնք ձողից բռնվելով մոտենում էին կենաց ծառին»։
Մինչ նրանք շարունակեցին կարդալ, Էլվիրան պատկերացրեց, թե ինչպես է բռնում ձողը և քայլում դեպի գեղեցիկ ծառը: Նա այլևս քնելու ցանկություն չուներ։
Շուտով գնալու ժամանակը եկավ: Լիվ մորաքույրն ու մայրիկը պետք է գնային աշխատանքի: Էլվիրան, Սիգրիդը և Դորթեան պետք է պատրաստվեին դպրոցին:
«Ցտեսություն բոլորին»: Էլվիրան ձեռքով արեց տեսակապով միացած իր ընտանիքի անդամներին։ «Սիրում եմ ձեզ»:
Երբ Էլվիրան աստիճաններով ներքև էր սլանում՝ պատրաստվելու դպրոցին, նա ներքուստ ջերմություն էր զգում: Եվ դա իր փափկամազ ծածկոցի շնորհիվ չէր։ Նա գիտեր, որ ջերմ զգացողությունը Սուրբ Հոգուց էր, որն ասում էր իրեն, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Դա օրը սկսելու հրաշալի եղանակ էր։
Նկարը` Հեկտոր Բորլասկայի