«Հուշում՝ կարտոֆիլային չիպսի վերաբերյալ», Ընկեր, հունվ. 2024, 14-15:
Հուշում՝ կարտոֆիլային չիպսի վերաբերյալ
Մայան հստակ զգացում ուներ՝ ստուգելու բաղադրիչները։
Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։
Մայան շերտերով կտրտեց ելակները և ավելացրեց մրգային աղցանի ամանի մեջ։ Միրգը նրա սիրելի ուտելիքն էր։ Նա սիրում էր բոլոր վառ գույները: Եվ նա երբեք ստիպված չի եղել անհանգստանալ դրանք ուտելիս։
Մայան սննդային ալերգիա ուներ։ Նա պետք է զգույշ լիներ, քանի որ եթե սխալ սնունդ ընդուներ, կարող էր լուրջ հիվանդանալ: Փոքր հասակում նա պատահաբար կովի կաթ էր խմել, ինչի հետևանքով դժվար էր շնչում։ Նա ստպված եղավ հիվանդանոց գնալ։ Նա չէր ցանկանում, որ դա կրկնվեր։
Նրա համար երբեմն դժվար էր, քանի որ ստիպված ուտել այնպիսի բաներ, որոնք տարբերվում էին իր ընկերների ու ընտանիքի ուտելիքից: Բայց նա գիտեր, որ դա անհրաժեշտ էր ապահով լինելու համար։
Մայան տարավ մրգային աղցանը և դրեց սեղանին։ «Աղցանը պատրաստ է»։
Հայրիկը բարձրացրեց հայացքն այն ամանից, որը խառնում էր։ «Հիանալի է։ Մեր հյուրերը շուտով այստեղ կլինեն»։
Մայան լսեց դռան թակոցը և վազեց բացելու։ Ջոնսոնների ընտանիքը և միսիոներները ժպիտով կանգնած էին դռան շեմին: Ջոնսոնները ընտանիքի ընկերներն էին: Մայան ուրախացավ, երբ նորից տեսավ նրանց։ Նա լայն բացեց դուռը, որպեսզի բոլորը ներս մտնեն:
Մինչ նրանք սպասում էին ընթրիքին, միսիոներներից մեկը Մայային մի աճպարարական հնարք ցույց տվեց: Մայան չէր կարողանում հասկանալ, թե նա ինչպես էր հանում մետաղադրամն իր ականջից:
Շուտով ընթրելու ժամանակն էր։ Եղբայր Ջոնսոնն ասաց աղոթքը։ Հետո բոլորը հերթով մոտենում, ուտելիք էին դնում իրենց ափսեների մեջ։
Երբ հերթը հասավ Մայային, նա մի մեծ գդալ մրգային աղցան վերցրեց։ Նա մի քանի մթերքների կողքով անցավ, որոնք կաթ էին պարունակում։
Հետո նա վերցրեց չիպսերի մեծ տուփը և մի քանի հատ դատարկեց իր ափսեի մեջ։ Դրանք նման էին չիպսերի այն տեսակին, որոնք նա երբեմն կերել էր: Դրանցից մեկը նա տարավ իր բերանը։
Բայց երբ սկսեց ծամել, մի ուժեղ զգացում ունեցավ։ Նրա մտքում մի ձայն ասաց՝ Ստուգիր բաղադրիչները։
Մայան դադարեց ծամել։ Նա աչքի անցկացրեց տուփի վրա գրված բաղադրիչների ցանկը։ Չիպսերը կաթ էին պարունակում։
Մայան վերցրեց անձեռոցիկը և հնարավորինս արագ թքեց չիպսը։ Նրա աչքերն արցունքոտվեցին։ Նա կուլ չէր տվել այն: Բայց մի՞թե դեռ կարող էր վատ բան պատահել։
«Մայրիկ, հայրիկ»,- բացականչելով՝ Մայան շտապեց ծնողների մոտ։ «Ես կաթով չիպս տարա բերանս»։
«Ոչինչ»,- ասաց մայրիկը: «Հիմա դեղ կբերեմ»: Մայան կուլ տվեց մայրիկի տված հաբը և խորը շունչ քաշեց: Հայրիկը գրկեց Մայային, մինչ նրանք սպասում էին, որ դեղամիջոցը գործի:
Մի քանի րոպե անց մայրիկն ասաց. «Ինչպե՞ս ես քեզ զգում»:
Մայան դեռ վախեցած էր։ Բայց նրա մարմնի վրա վատ նշաններ չկային։ «Կարծում եմ, որ լավ եմ։ Բայց կարո՞ղ եմ օրհնություն խնդրել»։
«Իհարկե»,- ասաց հայրիկը: «Եկեք խնդրենք միսիոներներին, որ օգնեն»:
Մայան նստեց աթոռին, իսկ հայրիկը և միսիոներները ձեռքերը դրեցին նրա գլխին: Նրանք օրհնեցին նրան, որ ապահով լինի: Մայան հանգստացավ։ Նրա բոլոր վատ զգացողություններն անցան:
«Ինչպե՞ս գլխի ընկար, որ ստուգես բաղադրիչները տուփի վրա»,- հարցրեց մայրիկը։
«Ես նախազգուշացում ստացա Սուրբ Հոգուց»:
Հայրը ամուր գրկեց նրան։ «Ապրես, որ լսեցիր»։
Մայան գլխով արեց։ Նա գիտեր, որ Երկնային Հայրը սիրում և հոգ է տանում իր մասին:
Նկարները՝ Քրիզան Սերաֆինի