Դաս 12․ Ուսուցչի նյութ. Ինչպես պահպանել և զարգացնել ամուսնական հարաբերությունները, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ (2022)
Դաս 12․ Ուսուցչի նյութ, Հավերժական ընտանիքը. Ուսուցչի նյութ
Դաս 12․ Ուսուցչի նյութ
Ինչպես պահպանել և զարգացնել ամուսնական հարաբերությունները
Տերը ցանկանում է օգնել մեզ՝ ստեղծելու ուրախ, հավերժական ամուսնություններ: Օգտագործելով մարգարեական խորհուրդները և Հիսուս Քրիստոսի ուսմունքներն ու օրինակը՝ ուսանողները կբացահայտեն եղանակներ, որոնցով կարող են պահպանել և զարգացնել իրենց ներկա կամ ապագա ամուսնությունը: Ուսանողներին կհանձնարարվի նաև որոշել, թե ինչ եղանակներով կարող են հավատարմությամբ «հարել» իրենց կողակցին:
Ուսուցման առաջարկներ
Մենք կարող ենք պահպանել և զարգացնել մեր ամուսնությունը՝ ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով
Բարելավել մեր ուսուցումն ու ուսումնասիրությունը
Ակնկալեք, որ ուսանողները կկատարեն իրենց դերը՝ որպես սովորողներ: «Նպատակի զգացում գոյություն ունի այն դասարանում, որտեղ ուսուցիչները ակնկալում են, որ ուսանողները կկատարեն իրենց դերը և աջակցում են նրանց այդ անելիս, և այնտեղ, որտեղ ուսանողներին վստահում են օժանդակել նշանակալից եղանակներով:» (Ավետարանի Ուսուցում և Ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների Ուսուցիչների և Ղեկավարների համար [2012], 15):
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հայտարարությունը նախապատրաստական նյութի բաժին 1-ում: Ապա հրավիրեք մի քանի ուսանողի կիսվել իրենց ճանաչած զույգերի օրինակներով, ովքեր երջանիկ ամուսիններ են:
Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և յուրաքանչյուր խմբի համար նշանակեք առաջնորդ: Յուրաքանչյուր խմբին տվեք հետևյալ թերթիկի պատճենը, միասին կարդացեք հրահանգները, այնուհետև ուսանողներին բավարար ժամանակ տվեք՝ վարժությունն ավարտելու համար: (Եթե ժամանակ կա, կարող եք նույնիսկ վարժության ընթացքում խմբերին հրավիրել, որ ստեղծեն իրենց բլոգի գրառումը կամ տեսանյութը և պատրաստ լինեն կիսվելու դասարանի հետ):
Երջանիկ և հավերժական ամուսնությունը պահպանելու և զարգացնելու հիմնական սկզբունքները
Հավերժական ընտանիք. Ուսուցչի ձեռնարկ. Դաս 12
Պատկերացրեք, որ ձեր խումբը պատրաստվում է գրառում կատարել բլոգում կամ ստեղծել տեսանյութ, որը կոչվում է «Երջանիկ և հավերժական ամուսնության պահպանման և զարգացման հիմնական սկզբունքները»: Ձեր բլոգային գրառումը և տեսանյութը պետք է կազմված լինեն նախապատրաստական նյութի բաժիններ 1-ից և 2-ից կամ սուրբ գրություններից: Քանի որ չեք կարող լուսաբանել ձեր բլոգի գրառման կամ տեսանյութի յուրաքանչյուր կարևոր կետ, որոշեք, թե որոնք են հետևյալ սկզբունքը լրացնելու հինգ ամենակարևոր ուղիները. Ամուսինները կարող են պահպանել և զարգացնել երջանիկ և հավերժական ամուսնություն …
Օրինակ․
Ամուսինները կարող են պահպանել և զարգացնել երջանիկ և հավերժական ամուսնություն՝ հետևելով Փրկիչի սիրո և արդար զոհաբերության օրինակին (տես Եփեսացիս 5.25, 28–31):
Հետևյալ հարցերի օգնությամբ կարող եք որոշել, թե որ սկզբունքն ընդգրկել.
-
Այս սկզբունքն ինչո՞ւ պետք է ներառվի մեր բլոգի գրառման կամ տեսանյութի մեջ: Այս սկզբունքով ապրելն ինչպե՞ս է նպաստում երջանիկ և հարատև ամուսնությանը:
-
Արդյո՞ք երջանիկ ամուսնական զույգերը, որոնց հետ մենք զրուցեցինք դասին նախապատրաստվելիս, նշեցին այս սկզբունքը: Այդ դեպքում ինչի՞ մասին են խոսել:
© 2022 by Intellectual Reserve, Inc. All rights reserved․
Երջանիկ և հավերժական ամուսնությունը պահպանելու և զարգացնելու հիմնական սկզբունքները
Երբ խմբերը բավարար ժամանակ ունենան հինգ սկզբունքները բացահայտելու և գրանցելու համար, խնդրեք նրանց գրատախտակին գրել իրենց լավագույն երեք սկզբունքները (կամ դրանցով կիսվել իրենց բլոգի գրառումներում և տեսանյութերում): Սկզբունքները պարզելուց հետո հրավիրեք ուսանողներին կիսվել այն ամենով, ինչ սովորել են այս փորձառությունից: Երբ նրանք կիսվում են, տվեք նմանատիպ հարցեր, որոնք կօգնեն ուսանողներին արդյունավետ, արդար գործողություններ կատարել:
-
Երբևէ տեսե՞լ եք այս սկզբունքը գործողության մեջ: Ի՞նչ եք նկատել։
-
Փրկիչի կյանքն ու օրինակը ինչպե՞ս կարող են խորացնել այս սկզբունքի վերաբերյալ ձեր հասկացողությունը։
-
Եթե միայնակ եք, ինչպե՞ս կարող եք կիրառել այս սկզբունքը, որը կօգնի ձեզ պատրաստվել երջանիկ ամուսնության:
-
Եթե ամուսնացած եք, այս սկզբունքի կիրառումը ձեր ամուսնության մեջ ինչպե՞ս կարող է հանգեցնել ավելի մեծ երջանկության:
Իմաստալի քննարկման համար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք ուսանողներին գրանցել որևէ հատուկ քայլ, որը նրանք կձեռնարկեն, որպեսզի պատրաստվեն երջանիկ ամուսնության կամ ավելի լավ պահպանեն և զարգացնեն իրենց ամուսնությունը:
Ամուսինները պետք է «հարեն» միմյանց
Հնարավորության դեպքում ցուցադրեք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ տեսանյութը, որտեղ նա պատմում է ինքնաթիռում ունեցած մի փորձառության մասին, երբ հետևում էր մի ամուսնական զույգի (ցուցադրում՝ 0:24-1:50 ժամանակային կոդից): Տեսանյութը վերցված է «Nurturing Marriage» վերնագրով ելույթից (Liahona, May 2006, 36):
Եթե տեսագրությունը կամ ձայնագրությունը մատչելի չէ, միասին կարդացեք հետևյալ հայտարարությունը.
Միասին կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ փորձառության մասին.
Երբ մենք՝ եղբայրներս, ճամփորդում ենք ամբողջ աշխարհում, երբեմն տեսնում ենք մտահոգիչ տեսարաններ: Վերջերս թռիչքի ժամանակ ես նստած էի մի ամուսնական զույգի հետևի նստարանին: Կինն ակնհայտորեն սիրում էր իր ամուսնուն: Երբ նա շոյեց նրա պարանոցի հետևի մասը, ես տեսա նրա ամուսնական մատանին: Նա հարմար ձևով մոտ նստեց ամուսնուն և գլուխը դրեց նրա ուսին՝ փնտրելով վերջինիս ընկերակցությունը:
Ի հակադրություն դրա՝ ամուսինը լիովին անտեսում էր նրա ներկայությունը: Նա բացառապես կենտրոնացած էր էլեկտրոնային խաղասարքի վրա: Ամբողջ թռիչքի ընթացքում նրա ուշադրությունը կենտրոնացած էր այդ սարքի վրա: Նա ոչ մի անգամ չնայեց կնոջը, չխոսեց նրա հետ կամ փոխադարձ ջերմություն չցուցաբերեց, որի կարոտն այդքան ուներ կինը:
Նրա անուշադրությունը ստիպեց ինձ բղավել. «Բաց արա աչքերդ, մա՛րդ: Մի՞թե չես տեսնում: Ուշադրությո՛ւն դարձրու: Քո կինը սիրո՛ւմ է քեզ Նա քո կարի՛քն ունի»:
Ես ավելին չգիտեմ նրանց մասին: Այդ ժամանակից ի վեր ես նրանց չեմ տեսել: Հավանաբար, ես անհարկի անհանգստացա: Եվ, ամենայն հավանականությամբ, եթե այս մարդն իմանար իրենց համար իմ մտահոգության մասին, գուցե խղճար ինձ, որ ես չգիտեի, թե ինչպես օգտագործել այդ հրաշալի խաղալիքը: (“Nurturing Marriage,” 36)
-
Այս իրավիճակում ի՞նչ անհանգստացնող բան կար այդ ամուսնու վարքագծում:
-
Ի՞նչը կարող է խանգարել ամուսիններին՝ կապվել միմյանց հետ և պահպանել ու զարգացնել իրենց ամուսնությունը:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42․22 հատվածը: Ընդգծեք, որ ամուսինները պետք է սիրեն միմյանց ամբողջ սրտով և «հարեն» միայն միմյանց: Ուսանողներին հրավիրեք պատասխանել հետևյալ հարցերից մեկին կամ մի քանիսին, որոնք կօգնեն նրանց խորացնել իրենց հասկացողությունը այս սկզբունքի վերաբերյալ:
-
Ի՞նչ է նշանակում՝ «հարեք» ձեր կողակցին և «ուրիշ ոչ մեկի»: (Վարդապետություն և Ուխտեր 42․22։) (Կարող եք կրկնել նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի խոսքերը նախապատրաստական նյութի բաժին 3-ում:) Ինչո՞ւ է կողակցին «հարելը» սիրո հզոր արտահայտություն հանդիսանում:
-
Ի՞նչ տարբեր մարտահրավերների կարող է ենթարկվել հավատարմությունը (կողակցի հանդեպ հավատարմությունը) ամուսնության մեջ: Ամուսիններն ինչպե՞ս կարող են պաշտպանվել ամուսնական դավաճանության ցանկացած ձևից: (Հանձնարարեք ուսանողներին վերանայել երեց Ուիթնի Քլեյթոնի և նախագահ Նելսոնի հայտարարությունները նախապատրաստական նյութի բաժին 3-ում:)
-
Ինչպե՞ս կարող է ամուսնական զույգը հավասարակշռել և հնարավորություն ստեղծել իրենց անձնական հետաքրքրությունների համար՝ միաժամանակ պատշաճ կերպով փայփայելով և լիակատար նվիրվածություն պահպանելով իրենց ամուսնությանը:
Ժամանակ տվեք ուսանողներին՝ գրանցելու իրենց պատասխանները հետևյալ հարցին, որի շուրջ նրանց խնդրել էիք խորհել նախապատրաստական նյութի բաժին 3-ում:
-
Ի՞նչ ճշգրտումներ պետք է կատարեք այժմ, որպեսզի ավելի լավ պատրաստ լինեք «հարելու» ձեր ապագա կողակցին կամ լիովին «հարելու» ձեր կողակցին, եթե ամուսնացած եք:
Եզրափակեք դասը՝ վկայելով, որ Տերը ցանկանում է և կարող է օգնել մեզ ստեղծել ուրախ, հավերժական ամուսնություններ, երբ մենք գործադրում ենք մեր լավագույն ջանքերը:
Հաջորդ անգամ
Հրավիրեք ուսանողներին աղոթքով ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը, որը սեռական մտերմության քաղցր և սուրբ պարգևի մասին է: Խրախուսեք ուսանողներին պատրաստ գալ դասարան՝ անկեղծ ու հարգալից խոսելու այդ պարգևի և այն պաշտպանելու եղանակների մասին: