«Եզրաս․ Նախապատրաստվեք այցելել Տիրոջ տուն», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Եզրաս․ Նախապատրաստվեք այցելել Տիրոջ տուն», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եզրաս 1, 3–7, Նեեմիա 2, 4–6, 8. Դաս 92
Եզրաս
Նախապատրաստվեք այցելել Տիրոջ տուն
Կյանքի կարևոր իրադարձություններին մեր պատրաստվածության աստիճանը կարող է մեծապես ազդել մեր ունեցած փորձառությունների վրա: Աստծո տաճարը վերակառուցելու և այդ տաճարում երկրպագելու համար տարիներ շարունակ ֆիզիկապես և հոգևոր առումով նախապատրաստվելուց հետո շատ իսրայելացիներ մեծ ուրախություն ապրեցին: Մեր Երկնային Հայրը և Փրկիչը նաև օրհնել են մեզ ուրախություն զգալու հնարավորություններով՝ երկրպագելով Տիրոջ տանը: Այդ օրհնությանը նախապատրաստվելու մեր ջանքերը կարող են ազդեցություն ունենալ մեր փորձառության վրա: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ նախապատրաստվելու երկրպագել Տիրոջը Իր տաճարում:
Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին կազմել կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերի ցանկ, որ իրենք կարող են անել՝ տաճարում Տիրոջը երկրպագելուն պատրաստվելու համար: Այնուհետև նրանք կարող են մտածել, թե ինչպես կարող է իրենց պատրաստվածությունն ազդել իրենց տաճարային փորձառության վրա:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Անհամբեր սպասելով տաճարին
Կարող եք սկսել դասը՝ ուսանողներին առաջարկելով գրատախտակին գրել այն ապագա իրադարձությունները, որոնց իրենք անհամբեր սպասում են: Օրինակներ կարող են լինել՝ ուսումնական հաստատությունն ավարտելը, ամուսնությունը կամ կարիերան: Այնուհետև ուսանողները կարող են ընտրել մեկ իրադարձություն գրատախտակից և զուգընկերոջ հետ կիսվել մեկ կամ երկու քայլով, որ մարդը կարող է անել՝ այդ իրադարձությանը նախապատրաստվելու համար:
Կարող եք ցուցադրել Սոլթ Լեյքի տաճարի հետևյալ պատկերը, երբ այն գրեթե պատրաստ էր նվիրագործման՝ 1890-ականներին:
Կարդացեք նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի (1807–98) հետևյալ խոսքերը՝ տեսնելով, թե ինչին էր նա նախապատրաստվում և անհամբեր սպասում երկար տարիներ:
[Սոլթ Լեյքի տաճարի նվիրագործման ժամանակ] նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը կանգնեց՝ դիմելով Սրբերին: «Ես անհամբեր սպասել եմ այս օրվան իմ կյանքի վերջին հիսուն տարիների ընթացքում»,- ասաց նա: (Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days հատոր 2, No Unhallowed Hand, 1846–1893 [2020], 663–64)
-
Ի՞նչ գիտեք տաճարների մասին, որի պատճառով, հավանաբար, Վիլֆորդ Վուդրուֆն անհամբեր սպասում էր Սոլթ Լեյքի տաճարի ավարտին:
Եթե ուսանողները չնշեն Աստծո հետ մեր հարաբերությունները՝ նախորդ հարցին պատասխանելիս, կարող եք օգնել նրանց տեսնել այդ կապը՝ տալով հետևյալ հարցը. «Ի՞նչ կապ եք տեսնում տաճար այցելելու և Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունների միջև»:
Առաջարկեք ուսանողներին գրել հետևյալ հարցերի վերաբերյալ իրենց մտքերը սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրում։ Կարող եք բացատրել, որ մեր ներկայիս զգացմունքների և փորձառությունների մասին խորհելուն ժամանակ տրամադրելը կարող է օգնել մեզ նախապատրաստվել Սուրբ Հոգուց սովորելուն:
-
Ինչպիսի՞ն են իմ զգացմունքները, մինչ ես սպասում եմ ապագայում տաճար այցելելուն:
-
Ի՞նչ եմ ես անում, որպեսզի նախապատրաստվեմ երկրպագելու Տիրոջը Նրա տանը:
Ուրախություն տաճարային ծառայության մեջ
Ք․ա․ մոտավորապես 605 թվականին բաբելոնացիները գրավեցին Երուսաղեմը և սկսեցին Բաբելոն արտաքսել գերեվարված հրեաներին։ Ք.ա. 587 թվականին նրանք ավերեցին տաճարը, և արտաքսումներն ավելի սաստկացան։ Մոտ 50 տարի անց Պարսկաստանը գրավեց Բաբելոնը՝ Կյուրոս թագավորի հրամանատարությամբ։
Եթե ձեր ուսանողները հիշում են իրենց տարածքում տաճար կառուցելու հայտարարության մասին, կարող եք հիշեցնել նրանց այդ փորձառության մասին՝ հետևյալ հատվածները կարդալիս: Կամ կարող եք առաջարկել ուսանողներին փորձել պատկերացնել, թե ինչ կզգան իրենք, եթե իրենց տարածքում հայտարարվի տաճարի կառուցման մասին:
Կարդացեք Եզրաս 1․1–3 հատվածները՝ փնտրելով, թե Աստված ինչ պատվիրեց Կյուրոս թագավորին անել։
-
Ձեր կարծիքով, ինչպիսի՞ մտքեր և զգացումներ կարող էին ունենալ հրեաները: Ինչո՞ւ։
Ի վերջո, մոտ 50․000 հրեա վերադարձավ Երուսաղեմ՝ Զորաբաբելի ղեկավարությամբ տաճարը վերակառուցելու համար (տես Եզրաս 2․1–2, 64–65)։ Ինչպես մարգարեացված էր՝ (տես Եսայի 44․28, Երեմիա 29․10) տաճարը վերակառուցվեց ավերվելուց 70 տարի անց։
Կարդացեք Եզրաս 6․15–16, 22 հատվածները և նշեք, թե ինչ զգացին հրեաները, երբ տաճարը վերջապես նվիրագործվեց երկար տարիների քրտնաջան աշխատանքից և հոգևոր նախապատրաստությունից հետո:
Եզրասի ժողովրդի պատմությունը ուսումնասիրելիս առաջարկեք ուսանողներին տեսնել այս ճշմարտության ապացույցը. Եթե մենք նախապատրաստվենք՝ երկրպագելու Տիրոջը տաճարում, Նա կօրհնի մեզ ուրախությամբ։ Կարող եք այս ճշմարտությունը գրել գրատախտակին։
Օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող է դրսևորվել այս ճշմարտությունը դեռահասի կյանքում: Դա անելու եղանակներից մեկը դասարանին առաջարկելն է հակիրճ նկարագրել երկու դեռահասների. մեկին, որը պարզապես այցելում է տաճար, և մյուսին, որը նախապատրաստվում է երկրպագելու Տիրոջը տաճարում:
Նախքան հետևյալ հարցը տալը, կարող եք առաջարկել ուսանողներին խորհել տաճար այցելելու կամ այցելության համար նախապատրաստվելու այն փորձառությունների մասին, որոնք իրենք ունեցել են։
-
Տիրոջը տաճարում երկրպագելն ինչպե՞ս կարող է մեզ ուրախություն պատճառել:
Ուսանողներին օրինակ տրամադրելու համար, թե ինչպես կարող է Տիրոջը տաճարում երկրպագելը ուրախություն պարգևել, դիտեք Յոթանասունից երեց Քևին Ռ. Դանքընի փորձառությունը «Hearts, Love, and the Temple» տեսանյութում՝ 21:46-24:05, որը հասանելի է byui.edu/devotionals կայքում։
Տեսանյութից հետո կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչպես կարող են ամրապնդվել մեր հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ՝ տաճարային երկրպագության միջոցով:
Նախապատրաստվեք այցելել տաճար
Հետևյալ հայտարարությունը կարող է օգնել ուսանողներին հրեաների կողմից Երուսաղեմում տաճար կառուցելու մասին սովորելուց անցնել իրենց նախապատրաստությանը՝ տաճարում երկրպագելու համար. Ուսանողները կարող են գրել այս խոսքերը կամ դրանց հղումը տեղադրել իրենց սուրբ գրություններում՝ Եզրաս 6.15–16 հատվածների կողքին։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
Որոշ առումներով, տաճար կառուցելն ավելի հեշտ է, քան տաճարին պատրաստ ժողովուրդ ստեղծելը: («Ամփոփիչ ելույթ», Լիահոնա, նոյ. 2019, 122–23)
Առաջարկեք ուսանողներին կիսվել պատճառներով, թե ինչու կարող է ավելի հեշտ լինել տաճար կառուցելը, քան տաճարում Տիրոջը երկրպագելու համար նախապատրաստվելը:
Մենք կարող ենք սովորել տաճարում Տիրոջը երկրպագելուն նախապատրաստվելու մասին՝ ուսումնասիրելով Երուսաղեմի տաճարը վերակառուցելու հրեաների փորձառությունը:
Ուղեկցող աշխատաթերթը կարող է օգնել ուսանողներին ավելի մեծ կապ տեսնել Եզրասի գրքի պատմությունների և իրենց կյանքի միջև՝ համեմատելով տաճարը կառուցելու հրեաների ջանքերը Տիրոջը Նրա տաճարներում երկրպագելու մեր նախապատրաստության հետ:
Ուսանողները կարող են կատարել աշխատաթերթի առաջադրանքները փոքր խմբերով: Դա անելու համար խմբի յուրաքանչյուր անդամ կարող է կատարել աշխատաթերթի մեկ կամ երկու բաժին: Ապա ուսանողները կարող են իրենց սովորածով կիսվել զուգընկերոջ հետ:
Որպես այլընտրանք, կարող եք կտրտել աշխատաթերթիկը՝ բաժանելով այն հատվածների, և տեղադրել դրանք ամբողջ դասարանում: Ուսանողների խմբերը կարող են շրջել դասարանում և կատարել թերթիկի յուրաքանչյուր բաժնի առաջադրանքը՝ իրենց ուսումնասիրության օրագրերում պատասխանելով հարցերին:
Երբ ուսանողները կատարեն աշխատաթերթի առաջադրանքները, ժամանակ տվեք նրանց քննարկելու իրենց համար կարևոր մտքերը:
Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը. Գրատախտակի վրա կազմեք երեք սյունակ՝ «1», «2» և «3»: Առաջարկեք ուսանողներին գրել իրենց անունը այն հարցի համարն ունեցող սյունակում, որին նրանք պատրաստ են պատասխանել: Մի քանի պատրաստակամ ուսանողի առաջարկեք դասարանի հետ կիսվել իրենց մտքերով:
-
Ձեր կարծիքով, Տիրոջ տուն այցելելուն նախապատրաստվելն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ուրախություն զգալ, երբ մենք այցելենք տաճար:
-
Ինչպե՞ս է Տերը օրհնել ձեզ ուրախությամբ, երբ դուք այցելել եք տաճար:
-
Ի՞նչ գիտեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որը կարող է մոտիվացնել ձեզ նախապատրաստվել այցելելու Նրանց սուրբ տունը։
Կարող եք կիսվել ձեր վկայությամբ այն ուրախության մասին, որը մենք ստանում ենք Տիրոջից, երբ պատրաստում ենք մեզ երկրպագելու Նրան տաճարում: