«Ծնունդ 12, 17. Աբրահամյան ուխտը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Աբրահամ 12, 17. Աբրահամյան ուխտը», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ծնունդ 12–17, Աբրահամ 1–2․ Դաս 23
Ծնունդ 12, 17
Աբրահամյան ուխտը
Տերն ու Աբրահամը ուխտ կապեցին, որն այժմ հայտնի է որպես Աբրահամյան ուխտ: Երբ մենք այսօր Աստծո հետ ուխտեր ենք կապում և պահում, կարող ենք Նրանից ստանալ նույն օրհնությունները, ինչ ստացել է Աբրահամը: Այս դասը կօգնի ուսանողներին բացատրել Աբրահամյան ուխտը և ինչպես է այն առնչվում իրենց հետ:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք որոնել «Աբրահամյան ուխտը» Gospel Library հավելվածում կամ Սուրբ գրքերի ուղեցույցում, կամ «Աբրահամյան ուխտը» Աստվածաշնչի բառարանում և կիսվել իրենց գտածով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Աբրահամյան ուխտը
Ուսանողներին առաջարկեք պատկերացնել, որ հաղորդության ժողովի ժամանակ իրենց խնդրել են ելույթ ունենալ Աբրահամյան ուխտի մասին: Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել, թե որքանով են իրենք պատրաստ անել դա, առաջարկեք նրանց գրել և պատասխանել հետևյալ հարցերին իրենց օրագրերում:
-
Ի՞նչ է Աբրահամյան ուխտը:
-
Ինչպե՞ս կարող եմ ստանալ Աբրահամյան ուխտը:
-
Ի՞նչ նշանակություն ունի ինձ համար Աբրահամյան ուխտը։
Վստահեցրեք ուսանողներին, որ սարսափելի չէ, եթե իրենք շատ բան չգիտեն Աբրահամյան ուխտի մասին: Հայտնեք նրանց, որ դասի ընթացքում կարող են ավելացնել իրենց պատասխանները: Խրախուսեք նրանց Սուրբ Հոգուց խնդրել ճշմարտացիության վերաբերյալ իրենց սովորածի հաստատումը:
Նշում. Այս դասը կենտրոնանում է այն բանի վրա, թե որոնք են Աբրահամյան ուխտի օրհնությունները, և ինչու են դրանք կարևոր մեզ համար: Դաս 24. «Աբրահամ 2.9–11»․ կենտրոնացած է Աբրահամյան ուխտի մեր պարտականությունների վրա:
Ի՞նչ է Աբրահամյան ուխտը:
Հիշեք, որ Աբրահամը ցանկանում էր «հայրերի օրհնությունները» և լինել «արդարության հետևորդը» (Աբրահամ 1.2): Տերը խոստացավ դնել Իր անունն Աբրահամի վրա և նրան քահանայություն տալ (տես Աբրահամ 1.18):
Կարող եք գրատախտակին գծել հետևյալ աղյուսակը: Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել առաջին սյունակի հատվածները և գրատախտակին՝ համապատասխան հատվածների կողքին գրել իրենց գտած օրհնությունները: Նրանք դասի ընթացքում կուսումնասիրեն երկրորդ սյունակի հատվածները:
|
Աբրահամին խոստացված Տիրոջ օրհնությունները |
Ինձ խոստացված Տիրոջ օրհնությունները |
|
Ծնունդ 12․2, 17․1–2, 4–6 Ծնունդ 12․3, 17․7 Ծնունդ 12․7, 17․8 |
Վարդապետություն և Ուխտեր 132․19–22, 30–31 |
Կարդացեք Ծնունդ 12.2–3, 7, 17․1–8, Աբրահամ 2.11 հատվածները՝ փնտրելով այն օրհնությունները, որոնք Աստված շնորհել է Աբրահամին:
Երբ ուսանողները կարդում են սուրբ գրությունները, կարող եք շրջել սենյակով: Ավելի հավանական է, որ ուսանողներից մի քանիսը հարցեր կտան, երբ ուսուցիչը կմոտենա իրենց, ուստի շրջեք դասարանով ուսանողների կարդալու ժամանակ։ Նրանց համար հեշտ կլինի ձեզանից օգնություն խնդրելը: Երբ ուսանողներն ավարտեն, առաջարկեք նրանց կիսվել իրենց գտածով։
-
Ի՞նչ գտաք:
-
Այդ խոստումներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Աստծո մասին:
Ուսանողները կարող են գտնել ստորև բերված որոշ օրհնությունները.
-
Ծնունդ 12․2, 17․1–2, 4–6՝ բազում ազգերի հայր, անչափ բազմացած, խիստ շատ աճ[ած] (եբրայերենում Աբրամ անունը նշանակում է «բարձրյալ հայր», իսկ Աբրահամ անունը նշանակում է «շատերի հայր»):
-
Ծնունդ 12․3, 17․7՝ երկրի բոլոր ընտանիքները պիտի օրհնվեն նրա սերնդի միջոցով. Աստծո ուխտը շարունակվելու է Աբրահամի հետնորդների հետ
-
Ծնունդ 12․7, 17․8՝ Քանանի երկիր
-
Աբրահամ 2.11՝ քահանայություն
Ուսանողները կարող են նաև բացահայտել «թագավորներ դուրս կգան» արտահայտությունը (Ծնունդ 17.6): Խոսքն այն թագավորների մասին է, որոնք կառավարելու են թե Իսրայելը, թե Հուդան. սակայն ավելի կարևոր է հասկանալ, որ այն վերաբերում է Հիսուս Քրիստոսին (տես Մատթեոս 1.1, Հայտնություն 19.16):
Կարող եք նշել, որ Աստծո կնքած ուխտն Աբրահամի հետ հայտնի է որպես Աբրահամյան ուխտ: Բացատրեք, որ Աստված իր մեծագույն օրհնություններն է տալիս Իր զավակներին: Աստված Աբրահամի հետ կապած այս ուխտը մի քանի անգամ վերահաստատեց նրա կյանքի ընթացքում (տես Ծնունդ 13.14–17, 15.5, 18, 22.15–18, Աբրահամ 2.8–12, 3.14):
Ինչպե՞ս կարող եմ ստանալ Աբրահամյան ուխտը:
Կիսվեք Նախագահ Նելսոնի հետևյալ խոսքերով, որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե Աբրահամյան ուխտն ինչպես է առնչվում իրենց հետ (տես նաև Գաղատացիներին 3.27–29, Աբրահամ 2.10):
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է ստանալ այս նույն օրհնությունները, որոնք Աստված խոստացել է Աբրահամին.
Երբ մենք ընդունում ենք ավետարանը և մկրտվում ենք, մեզ վրա ենք վերցնում Հիսուս Քրիստոսի սուրբ անունը: Մկրտությունն այն դուռն է, որով անցնելիս մենք դառնում ենք բոլոր այն խոստումների ժառանգորդը, որոնք Տերը հնում տվել էր Աբրահամին, Իսահակին, Հակոբին և նրանց սերունդներին։
«Նոր և հավիտենական ուխտը» (Վարդապետություն և Ուխտեր 132․6) և Աբրահամյան ուխտն ըստ էության նույնն են. երկու եղանակ՝ արտահայտելու այն ուխտը, որն Աստված կապեց մահկանացու տղամարդկանց և կանանց հետ տարբեր ժամանակներում: …
… [Դ]ուք և ես մկրտության ժամանակ անհատապես կանգնել ենք ուխտի ճանապարհին։ Ապա, տաճարում ավելի լիարժեք ենք կանգնել այդ ճանապարհի վրա։ Աբրահամյան ուխտի օրհնությունները տրվում են սուրբ տաճարներում։ Այդ օրհնությունները մեզ թույլ են տալիս հարություն առնելուց հետո «ժառանգել գահեր, արքայություններ, իշխանություններ, զորություններ, տիրապետություններ, բոլոր բարձրությունները և խորությունները, դեպի մեր «վեհացումը և փառքը բոլոր բաներում» [Վարդապետություն և Ուխտեր 132․19]»։ («Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկտ. 2022, 4, 6)
-
Ինչպե՞ս կամփոփեիք այն, ինչ մենք կարող ենք սովորել Նախագահ Նելսոնից Աբրահամյան օրհնությունների մասին:
Օգնեք ուսանողներին նշել հետևյալ ճշմարտությունը. երբ մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ և պահում դրանք, դառնում ենք Աբրահամին տրված օրհնությունների ժառանգորդները:
Ի՞նչ նշանակություն ունի ինձ համար Աբրահամյան ուխտը։
Ուսանողներին առաջարկեք ուսումնասիրել երկրորդ սյունակի հատվածները և իրենց օրագրերում գրել, թե ինչպես են Աբրահամին խոստացված օրհնությունները խոստացվել նաև իրենց: Ուսանողների համար օգտակար կլինի ուսումնասիրել այս հատվածները զույգերով կամ փոքր խմբերով:
Ուսանողները կարող են գտնել ստորև բերված որոշ օրհնությունները.
-
Վարդապետություն և Ուխտեր 132.19–22, 30–31՝ հավերժական ընտանիքներ («սերունդների շարունակություն» և «կյանքի շարունակություն»)
-
Աբրահամ 2.9–11՝ ավետարանը հասանելի է երկրի վրա ապրող բոլոր ընտանիքներին. փրկություն և վեհացում
-
Վարդապետություն և Ուխտեր 88.18–20 («դա» վերաբերում է երկրին)՝ ժառանգություն սելեստիալ արքայությունում (տես նաև Եբրայեցիներին 11.8, 13–16)
-
Վարդապետություն և Ուխտեր 84.33–38՝ քահանայության օրհնությունները, ներառյալ այն ամենը, ինչ Հայրն ունի
-
Ինչո՞ւ են այս խոստացված օրհնությունները կարևոր ձեզ համար:
-
Այս օրհնություններն ի՞նչ են ձեզ ուսուցանում ձեր հանդեպ Աստծո զգացմունքների մասին:
Աբրահամյան ուխտը Երկնային Հոր ծրագրի համատեքստում տեսնելու համար կարող եք հարցնել ուսանողներին, թե ինչն է թույլ տալիս մեզ ստանալ իրենց նշած օրհնությունները: Կարող եք ուսանողներին առաջարկել խորհել կամ կիսվել իրենց մտքերով: Կարող եք նաև կիսվել Նախագահ Նելսոնի հետևյալ խոսքերով.
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բազմիցս նշել է, թե ինչն է մեզ հնարավորություն տալիս ստանալ Աբրահամյան ուխտի օրհնությունները.
Փրկչի քավող զոհաբերությունը հնարավորություն տվեց Հորը կատարել Իր զավակներին տված խոստումները: … Աբրահամյան ուխտի կատարումն իրագործելի է դառնում մեր Փրկչի՝ Տեր Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Հիսուս Քրիստոսն Աբրահամյան ուխտի կենտրոնն է։ («Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկտ. 2022, 7)։
Բացատրեք Աբրահամյան ուխտը
Ուսանողներին առաջարկեք ավելացնել իրենց պատասխանները դասի սկզբից գրված պատասխաններին.
-
Ի՞նչ է Աբրահամյան ուխտը:
-
Ինչպե՞ս կարող եմ ստանալ Աբրահամյան ուխտը:
-
Ի՞նչ նշանակություն ունի ինձ համար Աբրահամյան ուխտը։
Ուսանողների ընկալումն ամրացնելու համար կարող եք առաջարկել նրանց բաժանվել զույգերի և միմյանց բացատրել Աբրահամյան ուխտը: Խրախուսեք նրանց փորձել, թե արդյոք իրենք կարող են տալ հակիրճ, բայց ամբողջական պատասխաններ: Բացատրելով այս ուխտը հնարավորինս քիչ քանակությամբ բառերով՝ ուսանողները կարող են ավելի հստակ հասկանալ այն:
Վկայեք այն օրհնությունների և խոստումների մասին, որոնք Աստված առաջարկում է մեզ Աբրահամյան ուխտի միջոցով: