Հակոբոս 2
«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»
Արդյոք կա՞ տարբերություն այն մարդու միջև, ով ասում է, որ հավատում է Հիսուս Քրիստոսին և այն մարդու միջև, ով գործադրում է Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքը: Հակոբոսը առաջարկեց, որ ճշմարիտ հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ արտահայտվում է ոչ թե մտքերով կամ բառերով, այլ գործերով: Այս դասը ձեզ թույլ կտա քննել, թե դուք ինչպես կարող եք լիարժեք գործադրել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ արդար գործերի միջոցով:
Օգնեք ուսանողներին ակտիվորեն մասնակցել դասին Ուսուցանելուն նախապատրաստվելիս կենտրոնացեք այն բանի վրա, թե ուսանողներն ինչ են անելու: Հորդորեք ուսանողներին ջանք գործադրել՝ սուրբ գրություններից և միմյանցից սովորելու համար: Եթե այդպես վարվեն, սուրբ գրություններից սովորելու նրանց վստահությունը կաճի: Ուսանողները նաև ավելի պատրաստակամ կլինեն կիրառելու իրենց սովորածը:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել որևէ հարազատի մասին, որն ամուր հավատք ունի Հիսուս Քրիստոսի հանդեպ: Հնարավորության դեպքում ուսանողներին առաջարկեք այդ մարդուն նմանատիպ հարցեր տալ. «Ինչպե՞ս է ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ազդում ձեր գործողությունների և վարքագծի վրա: Ի՞նչն եք այլ կերպ անում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի շնորհիվ»: Խնդրեք ուսանողներին պատրաստ լինել՝ կիսվելու իրենց սովորածով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Օրհնություններ ստանալը նման է կրակ վառելուն
Գրատախտակին կրակ նկարեք:
Արդյոք դուք ցանականո՞ւմ եք օրհնություն կամ պատասխան ստանալ, երբ աղոթում եք Երկնային Հորը: Օգտակար կլինի այդ օրհնությունները փնտրելու գործընթացը համեմատել ջերմություն ստանալու նպատակով կրակ վառելու հետ:
-
Ի՞նչ քայլեր կձեռնարկեք կրակ վառելու համար:
-
Որքանո՞վ է կարևոր լուցկի վառելու գործողությունը:
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդի հետևյալ հայտարարությունը և սովորեք, թե օրհնություններ ստանալը որքանով է նման կրակ վառելուն: Կարող եք նաև դիտել «Օրհնություններով լի» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 1:02-3:27:
Երկնային օրհնությունները նմանեցնենք փայտի մի մեծ կույտի։ … Փայտե այդ կույտը պարունակում է հսկայական քանակությամբ վառելիք, որն օրեր շարունակ ունակ է լույս և ջերմություն արտադրել: …
Որպեսզի այդ փայտե կույտը էներգիա արտադրի, լուցկու հատիկով պետք է վառել այդ փոքր տաշեղները։ Այդ տաշեղներն արագ կվառվեն և կստիպեն փայտի ավելի մեծ կտորներին վառվել։ …
Լուցկին ու տաշեղները վառելը փոքր գործողություններ են, որոնք թույլ տվեցին, որ փայտի հնարավոր էներգիան արտադրվի։ Մինչև լուցկին չվառվի, ոչինչ տեղի չի ունենա, անկախ փայտե կույտի չափսից։ …
Նմանապես, օրհնություններից շատերը, որոնք Աստված ցանկանում է մեզ տալ, պահանջում է գործողություն մեր կողմից, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի վրա: Պահանջված գործողությունը միշտ շատ փոքր է, եթե համեմատենք այն օրհնությունների հետ, որոնք մենք, ի վերջո, ստանում ենք։
(Դեյլ Գ. Ռենլանդ, «Օրհնություններով լի», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2019թ․, 70)
-
Ի՞նչ գաղափարներ եք ձեռք բերում Երեց Ռենլանդի համեմատությունից:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում գործել «Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի հիման վրա»:
Առաջարկեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ և պատասխանել դրանց սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց օրագրերում:
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Ինչպե՞ս է արտահայտվում ձեզ հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ի՞նչ գործողությունների եք դիմում այդ հավատքի շնորհիվ:
-
Ի՞նչ պատասխաններ և այլ օրհնություններ եք ստացել Աստծուց՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը գործադրելու արդյունքում: Ձեր կարծիքով, ի՞նչ հավելյալ ուղիներով է Տերը ցանկանում, որ դուք հավատքով գործեք: Ինչո՞ւ։
Աղոթեք Երկնային Հորը, որ նա ձեզ ուղղորդի ուսումնասիրության ժամանակ այս հարցերին պատասխաններ փնտրելու գործում:
Հավատք առ Հիսուս Քրիստոս
Հակոբոսն օգտագործեց մեկ այլ համեմատություն, որպեսզի մեզ ուսուցանի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու կարևորությունը:
Կարդացեք Հակոբոս 2.14-16 հատվածները և փորձեք պատկերացնել, թե դուք ինչ կմտածեիք, եթե վկա լինեիք այս իրադարձությանը: (Հատված հատված 15 -ում օգտագործվող «մերկ» բառը նշանակում է աղքատ հագնված):
Երկու ուսանողների առաջարկեք գալ և կանգնել դասարանի առջև։ Ուսանողներից մեկին խնդրեք գործել որպես մուրացկան, իսկ մյուսին՝ որպես մի մարդ, որը կարող է օգնել այդ մուրացկանին: Հրավիրեք երրորդ ուսանողին բարձրաձայն կարդալ Հակոբոս 2.15-16 հատվածները, մինչ այն երկու ուսանողները ներկայացնում են այդ հատվածներում նկարագրված իրավիճակը:
-
Ի՞նչ եք սովորում Հակոբոսի համեմատությունից:
Կարդացեք Հակոբոս 2.17-18, 26 հատվածները (տես նաև Հակոբոս 1.22 հատվածը) և փնտրեք մի ճշմարտություն, որը Հակաբոսը ցուցադրեց համեմատության ընթացքում:
-
Ինչպե՞ս կամփոփեք Հակոբոսի ուսուցանածը:
Հակոբոսի ուսուցանած ճշմարտությունն այն է, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ իսկական հավատքն արդար գործեր է պահանջում:
-
Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք գործի դնենք մեր հավատքը:
Օգտակար կլինի նշել, որ Հակոբոսի նամակի կրկնվող ուսմունքներից մեկն այն է, որ մենք պետք է հոգ տանենք աղքատների, հիվանդների և կարիքավորների համար (տես Հակոբոս 1.27 , 2.1–9 , 5.14–15): Այսպիսի գործերը ցուցադրում են մարդու հավատքն առ Հիսուս Քրիստոս:
-
Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա բարության մասին հիշելով՝ ինչպես կարող ենք ոգեշնչվել և գործել մեր համոզմունքների համաձայն:
Հավատքով գործելու օրինակներ
Գուցե ոգեշնչող լինի մտածել այն մարդկանց մասին, որոնք գործում են Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի համաձայն: Կարդացեք Հակոբոս 2.21-25 հատվածները և բացահայտեք այդպիսի օրինակներ Հին Կտակարանում:
Ապա կարող եք ուղղել նմանատիպ հարցեր.
-
Ինչպե՞ս էին կոչում Աբրահամին իր գործերի շնորհիվ (տես Հակոբոս 2.23): Ձեր կարծիքով, նրա արդար գործերն ինչո՞ւ հանգեցրին այդ կոչմանը:
-
Ձեր կարծիքով, մեր գործերն ինչպե՞ս կարող են ամրապնդել և կատարելագործել մեր հավատքը (տես Հակոբոս 2.22):
Օգտակար կլինի բացատրել, որ Ռախաբը գործադրեց իր հավատքը՝ վտանգի ենթարկելով իր կյանքը և փրկելով Աստծո ծառաներին (տես Հեսու 2.1, 3 , 6.17, 23, 25 , Եբրայեցիս 11.31):
Առաջարկեք ուսանողներին գրել հետևյալ հարցերի պատասխանները թերթիկների վրա: Ուսանողները կարող են օգտվել իրենց նախապատրաստման վարժությունից:
-
Ձեր կյանքից կամ սուրբ գրություններից կարող եք նաև հիշել, թե ով է Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքը գործադրելու օրինակ ցուցադրում: Ի՞նչ եք սովորում այս օրինակից:
-
Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է արդար գործերի օրինակ ծառայում: Մեր արդար գործերը ինչպե՞ս կարող են օգնել մեզ ավելի նմանվել Նրան:
Երբ ուսանողները գրեն իրենց պատասխանները, խնդրեք նրանց ծալել թերթիկները և յուրաքանչյուրը պահել մեկ ձեռքում: Այնուհետև ուսանողները կարող են քայլել դասարանով և ընտրել մեկին, ում հետ նրանք կկիսվեն: Ուսանողները կարող են ընտրել մյուս ուսանողի ձախ կամ աջ թերթիկը և լսել նրա պատասխանները: Ուսանողները կարող են այս վարժությունը կրկնել ուրիշ ուսանողների հետ:
Բացեք օրհնությունները հավատքով ոգեշնչված գործերով
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը դիմել է մեզ հետևյալ ուղերձով.
Որևէ բան լավ անելու համար ջանքեր են պահանջվում։ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ դառնալու համար նույնպես ջանքեր են պահանջվում։ Ձեր հավատքը մեծացնելու և Նրան վստահելու համար ջանքեր են պահանջվում: …
Ի՞նչ կանեիք, եթե ավելի շատ հավատք ունենայիք։ Մտածեք այդ մասին: Գրեք այդ մասին: Ապա՝ ստացեք ավելի շատ հավատք՝ անելով որևէ արարք, որը ավելի շատ հավատք է պահանջում:
(Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021 թ․, 103)
Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.
-
Ի՞նչ կանեիք, եթե ավելի շատ հավատք ունենայիք:
-
Ինչ քայլեր կձեռնարկեիք՝ ձեր տպավորությունների համաձայն գործելու համար:
Սկսեք գործել ձեր տպավորությունների համաձայն: Օրինակ՝ կախված գործողության ձեր ընտրությունից, կարող եք հաղորդագրություն ուղարկել, աղոթք կարդալ, ձեր օրացույցում նշում անել կամ ծրագրել, թե ինչ եք անելու հաջորդ անգամ:
Հարցրեք՝ արդյոք, որոշ ուսանողների հարմար է իրենց ծրագրերով կիսվել ուրիշների հետ: Գաղափարներով կիսվելով՝ կարող եք ոգեշնչել մյուս ուսանողներին:
Կարող եք կիսվել վկայությամբ կամ անձնական փորձառությամբ այն մասին, թե Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը ինչու պետք է ուղղորդի մեր գործողությունները:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Արդյո՞ք Հակոբոսի՝ հավատքի և գործերի մասին ուսմունքները հակասում են Պողոսի ուսմունքներին
Հակոբոս 2.14 -ի համատեքստում Հակոբոսը գործեր բառն այլ կերպ է օգտագործել, քան Պողոս առաքյալը: Երբ Պողոսն օգտագործեց գործեր բառը, նա նկատի ուներ Մովսեսի օրենքի հետ առնչվող գործերը (տես Հռովմայեցիս 3.27–31 և Գաղատացիս 2.15–16): Երբ Հակոբոսն օգտագործեց գործեր բառը, նա նկատի ուներ բարեպաշտության կամ արդարակեցության գործերը:
Հավատքն առանց գործերի մեռած է, բայց ինչ կասեք առանց հավատքի գործերի մասին
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․
Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա ու միշտ առաջնորդում է դեպի արդար գործողություն: Միայն գործը չի հանդիսանում հավատք Փրկիչի հանդեպ, սակայն ճշմարիտ սկզբունքներին համաձայն գործելը հավատքի կենտրոնական բաղադրիչն է:
(Դեյվիդ Ա․ Բեդնար, «Խնդրեք հավատքով», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 95)
Օժանդակ ուսումնական վարժություններ
Հակոբոս 1.22 : «Բայց խոսքը անող եղեք, և ոչ միայն լսողներ»
Կարող եք ցուցադրել «Խոսքի անողներ» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում, որը ներկայացնում է Հակոբոս 1.19-27 հատվածները: Ուսանողներին առաջարկեք գտնել ուսմունքներ, որոնք նրանց կօգնեն հասկանալ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու կարևորությունը:
Հակոբոս 2․9 : «Բայց եթէ աչառութիւն էք անում, մեղք էք անում»
Այս սկզբունքը կարող է ուսուցանվել որպես օրինակ, թե մենք ինչպես կարող ենք ցուցադրել մեր հավատքը մեր գործերի միջոցով: Պատահականորեն ընտրեք ուսանողներից մեկին և նրան հյուրասիրեք ինչ-որ բանով: Դասարանին ասեք, որ դուք այդ ուսանողին հյուրասիրել եք ինչ-ո կամայական պատճառով (օրինակ՝ գույնը, որը նա կրում էր): Հարցրեք ուսանողներին. «Ինչպիսի՞ զգացումներ ունեցաք, երբ ես հյուրասիրեցի այդ ուսանողին»: Ինչո՞ւ ենք մենք երբեմն կողմնապահություն դրսևորում ոմանց հանդեպ»: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Հակոբոս 2.1-4 հատվածները: Դասարանին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչի մասին զգուշացրեց Սրբերին: Նրանք ի՞նչ տեսան: Ինչպե՞ս կարող ենք խուսափել կողմնապահ վերաբերմունքից:
Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Հակոբոս 2․8 հատվածը` ուշադրություն դարձնելով, թե Հակոբոսն ինչ հիշեցրեց Սրբերին անել, որը կվերացներ կողմնապահությունը: Ուսանողներին խնդրեք հիշել որևէ ծանոթի, որն օրինակ է ծառայում, թե ինչպես պետք է սիրել մարդկանց՝ անկախ հանգամանքներից: Խնդրեք նրանց կիսվել, թե ում են նրանք հիշել և ինչու: Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է անկողմնապահ սիրո օրինակ ծառայում: Ուսանողներին խնդրեք մտածել, թե նրանք ինչպես կարող են ավելի լավ հետևել Փրկչի օրինակին՝ ուիրշների հանդեպ իրենց վերաբերմունքի շնորհիվ:
Հակոբոս 2.19-20 : Աստծուն հավատալը միայն Նրա գոյությունն ընդունել չէ
Կարող եք ուսուցանել այս վարժությունը երեց Ռենլանդի հայտարարությունից կամ դրան հաջորդող տեսանյութից և հարցերից հետո: Ուսանողներն ինչպե՞ս կարող են ավելի լավ հասկանալ հավատքի և գործերի միջև եղած կապը: Առաջարկեք նրանց կարդալ Հակոբոս 2.19-20 հատվածները՝ փնտրելով օրինակներ, թե մարդիկ ինչպես կարող են հավատալ Աստծուն՝ առանց Նրա հանդեպ հավատք ունենալու: Ի՞նչ հասկացան ուսանողները: Նրանք ինչպե՞ս կնկարագրեն Աստծուն հավատալու և Նրա հանդեպ հավատք ունենալու միջև եղած տարբերությունը: