Գնահատեք ձեր գիտելիքները 10
Գաղատացիս-Բ Թեսաղոնիկեցիս
Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր անձնական աճը, որն ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:
Գնահատեք ուսանողների ներդրումները Յուրաքանչյուր սովորող կարող է ներդրում կատարել ուրիշների սովորելու գործընթացում: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ դասին մասնակցելիս նրանք դրական ազդեցություն են գործում մյուս ուսանողների վրա: Քաջալերեք ուսանողներին անկեղծորեն լսել, երբ իրենց հասակակիցները խոսում են, և արձագանքել միմյանց մեկնաբանություններին: Յուրաքանչյուր ուսանող եզակի հեռանկար է բերում դասարան, որը կարող է օրհնել մյուս ուսանողներին:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել այն նպատակների մասին, որոնք նրանք դրել են Գաղատացիս-Բ Թեսաղոնիկեցիս հատվածներն ուսումնասիրելիս: Խնդրեք նրանց պատրաստ լինել կիսվելու իրենց առաջընթացով և խոչընդոտներով, որոնց նրանք հանդիպել են այդ նպատակներին հասնելիս:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ձեր հոգևոր առաջընթացը
Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց նպատակները, Նոր Կտակարանի ուսմունքները բացատրելու իրենց կարողությունը, և թե ինչպես են փոխվում իրենց մոտեցումները, ցանկությունները և ավետարանով ապրելու կարողությունը: Գաղատացիս-Բ Թեսաղոնիկեցիս գլուխների ուսումնասիրությունը դասարանով, հնարավոր է, ընդգծել է ճշմարտություններ, որոնք տարբերվում են հետևյալ վարժություններում ներկայացված ճշմարտություններից: Այդ դեպքում վարժությունները կարող են հարմարեցվել և ընդգրկել այդ ճշմարտությունները:
Մտածեք որևէ ունակության, տաղանդի կամ հատկանիշի մասին, որը դուք զարգացնում եք, և որը կանոնավոր ջանքեր է պահանջում:
-
Ի՞նչն է ձեզ մղում անհրաժեշտ ժամանակ և ջանքեր տրամադրել այդ գործընթացին:
-
Այդ ընթացքում ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում, և դա ինչպե՞ս է օգնում ձեզ իմանալ, որ ձեր ջանքերը իզուր չեն:
Մեր մահկանացու կյանքում մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ ավելի նմանվել Փրկչին և պատրաստվել վերադառնալ Նրա և մեր Երկնային Հոր մոտ: Կարող է օգտակար լինել պարբերաբար գնահատել մեր առաջընթացը և համապատասխան շտկումներ կատարել:
Այս դասի նպատակն է ձեզ հնարավորություններ տալ՝ ձեր հոգևոր առաջընթացը գնահատելու համար: Դուք հնարավորություն կունենաք գնահատել, թե դուք ինչ եք մինչ այժմ սովորել Նոր Կտակարանից, և դրա արդյունքում որքանով եք մոտեցել ձեր նպատակներին:
Մի պահ մտածեք Նոր Կտակարանի ձեր վերջին ուսումնասիրության մասին և այն գործողությունների մասին, որոնք դուք կատարել եք դրա արդյունքում: Կարող եք կրկնել օրագրում ձեր գրածը կամ սուրբ գրություններում ձեր նշումները, որպեսզի բացահայտեք ձեր նպատակները և տպավորությունները:
Ուսանողները կարող են գրել իրենց մտքերը օրագրում: Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան, խրախուսեք նրանց կիսվել իրենց գրածով։ Հետևյալ հարցերը կարող են հուշել ուսանողներին, թե ինչով կիսվել:
-
Ի՞նչ եք սովորել Նոր Կտակարանից, որը ձեզ օգնել է ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:
-
Ի՞նչ առանձնահատուկ բան եք սովորել Նրա մասին Նոր Կտակարանից:
Եթե ուսանողները կիսվում են կարևոր ուսումնական փորձառություններով, որոնք տարբերվում են նշվածներից, օգնեք նրանց գնահատել իրենց սովորածը և այն, թե նրանք ինչպես են աճել այդ փորձառությունների շնորհիվ: Կամ, օգտագործեք հետևյալ վարժություններից մեկը կամ բոլորը:
Վարժություն Ա. Բացատրեք Մեծ Ուրացությունը և Վերականգնումը
Նայեք այս երկու նկարներին և մտածեք, թե ինչ է նշանակում վերականգնել որևէ բան:
-
Ինչո՞ւ է պետք որևէ բան վերականգնել:
-
Այս նկարներն ինչպե՞ս կարող են համեմատվել Մեծ Ուրացության և Վերականգնման հետ:
Մեծ Ուրացության և Վերականգնման միջև եղած կապը կրկնելու համար կատարեք հետևյալ վարժությունը:
Պատկերացրեք, որ միսիոներները ուսուցանում են ձեր ընկերներից մեկին ձեր տանը: Նրանք խնդրում են ձեզ ուսուցանել հաջորդ դասի մի մասը, որը վերաբերում է Մեծ Ուրացությանը և Վերականգնմանը: Դուք գիտեք, որ ձեր ընկերը ծանոթ է Աստվածաշնչին, այնպես որ դա լավ միտք է դասի ընթացքում օգտագործել Նոր Կտակարանի մի քանի հատված:
Օգտագործելով Գործք Առաքելոց 3,21 , Եփեսացիս 1.10 , Եփեսացիս 2.19–22 և Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3 (կամ այլ հատվածներ ձեր ընտրությամբ), գրեք, թե դուք ինչ կասեիք դասի ժամանակ, որպեսզի օգնեիք ձեր ընկերոջը հասկանալ, թե Փրկիչն ինչու է վերականգնել Իր ավետարանը երկրի վրա:
Ուսանողները կարող են կիսվել իրենց պատասխաններով զույգերով, փոքր խմբերով կամ դասարանով:
Վարժություն Բ. Մեծացրեք ձեր սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ և Նրան ծառայելու ձեր ցանկությունը
Եթե «Փիլիպպեցիներ 3» դասի ժամանակ ուսանողները որոշեն նամակ գրել իրենց ապագա անձերին, կարող եք օգտագործել հետևյալ վարժությունը, որպեսզի օգնեք նրանց գնահատել իրենց սերը Աստծո հանդեպ:
«Փիլիպպեցիներ 3» դասի ընթացքում դուք հնարավորություն եք ունեցել նամակ գրել ինքներդ ձեզ ապագայում, որտեղ դուք բացահայտել եք այն զոհաբերությունները, որոնք դուք կարող էիք կատարել՝ Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու և հավերժական կյանքին պատրաստվելու համար:
Եթե դուք օգտագործել եք այս հնարավորությունը, անդրադարձեք ձեր գրած նամակին: Համեմատեք ձեր ներկա զգացմունքները Հիսուս Քրիստոսի հանդեպ կամ Նրան ծառայելու ձեր ցանկությունը այն զգացմունքների և ցանկության հետ, որոնք դուք ունեցել եք նամակը գրելիս: Եթե դուք ցանկանում եք որևէ բան ավելացնել նամակին՝ ելնելով ձեր վերջին փորձառություններից, արեք դա:
Կամավորներին առաջարկեք կիսվել իրենց գաղափարներով կամ մտքերով իրենց նամակների վերաբերյալ: Հետևյալ հարցերը կարող են օգնել ուսանողներին խորհել և կիսվել իրենց մտքերով:
-
Ձեր նամակը կարդալիս դուք նկատեցի՞ք որևէ փոփոխություն Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր սիրո մեջ: Եթե այո, ապա ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը:
-
Վերջին փորձառություններից որո՞նք են մեծացրել ձեր սերը Աստծո հանդեպ և Նրան ծառայելու ձեր ցանկությունը:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեք՝ Աստծո հանդեպ ձեր սերը մեծացնելու համար:
Վարժություն Գ. Հագեք Աստծո ողջ սպառազինությունը
-
Ի՞նչ եք հիշում Աստծո սպառազինության մասին: Ի՞նչ եք հիշում յուրաքանչյուր մասի նշանակության մասին: Եթե օգնության կարիք ունեք, անդրադարձեք Եփեսացիս 6.14-18 հատվածներին՝ պատասխանները ստանալու համար:
Կարող եք նկարել այս պատկերը գրատախտակին և ուսանողներին առաջարկել մոտենալ ու նշել հոգևոր իմաստը սպառազինության յուրաքանչյուր մասի համար:
-
Ինչպե՞ս կամփոփեիք, թե ինչ է նշանակում «հագնել Աստծո ողջ սպառազիոնւթյունը»: ( Եփեսացիս 6.11):
Մարդուկ նկարեք ձեր օրագրում:
-
Ի՞նչ է ջանքեր եք գործադրում՝ Աստծո սպառազինությունը հագնելու համար:
Նկարեք այդ ջանքերը ներկայացնող սպառազինությունը:
-
Արդյո՞ք ձեր ջանքերը հանգեցրել են արդյունքների: Եթե այո, ապա ի՞նչ եք դուք զգացել: Եթե ոչ, ապա ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում ձեր ջանքերը շարունակելուց: