Գործք Առաքելոց 17․1-14
Քննեք սուրբ գրությունները
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է այդքան կարևոր ուսումնասիրել սուրբ գրությունները: Պողոսի և նրա ընկերակիցների երկրորդ ճամփորդության փորձառությունները ցուցադրում են այն ազդեցությունը, որը Աստծո խոսքը կարող է ունենալ մեզ վրա: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի մեծ ցանկություն ունենալ՝ ստանալու սուրբ գրությունների առօրյա ուսումնասիրության օրհնությունները:
Խրախուսեք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը: Սուրբ գրությունների ամենօրյա անհատական ուսումնասիրությունը կարող է ուսուցիչների և ուսանողների համար հնարավորություն դառնալ՝ սովորելու ավետարանը, զարգացնելու վկայությունը և լսելու Տիրոջ ձայնը: Հնարավորություններ փնտրեք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը դասարանում խրախուսելու համար: Ուսանողներին իրենց սովորածով կիսվելու հնարավորություն տալով՝ դուք կարող եք մղել ուրիշներին նույնպես մասնակցել սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությանը:
Ուսանողի նախապատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստ լինել կիսվելու սուրբ գրությունների առօրյա ուսումնասիրության ժամանակ գտած որևէ իմաստալի մտքով:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Գաղափարներ սուրբ գրությունների ուսումնասիրությունից
Ուսանողներին առաջարկեք խորհել իրենց վերջին ուսումնասիրության մասին և կիսվել նշանակալից գաղափարներով: Կարող եք օգտագործել հետևյալ հարցերը այս քննարկման շրջանակներում: Oգտակար կլինի դասի սկզբում ուսանողներին հիշեցնել, թե նրանք ինչ նպատակ էին դրել սեմինարիայի համար: Դասի վերջում նրանք հնարավորություն կունենան գնահատել իրենց նպատակը:
-
Որո՞նք են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին այն գաղափարները, որոնք դուք ձեռք եք բերել սուրբ գրությունների վերջին ուսումնասիրության արդյունքում:
-
Որո՞նք են վերջերս ուսումնասիրված այն հատվածները և պատմությունները, որոնք նշանակալից են ձեզ համար: Ինչո՞ւ:
-
Ի՞նչ կպատասխանեիք, եթե ձեր ընկերը հարցներ, թե դուք ինչու եք կարևորում սուրբ գրությունների հետևողական ուսումնասիրությունը:
Սուրբ գրությունների արժևորման օրինակներ
Պողոսի երկրորդ միսիոներական ճամփորդության ժամանակ տեղի ունեցած փորձառություններից մի քանիսը ցուցադրում են սուրբ գրությունների ուսումնասիրության արժեքավորությունը: Ձեզ օրագրում գրեք հետևյալ վերնագիրը. Ինչպես կարող է սուրբ գրությունների ուսումնասիրությունը օրհնել իմ կյանքը: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք գաղափարներ, որոնք համապատասխանում են այս վերնագրին:
Կարող եք նաև գրել այս վերնագիրը գրատախտակին և դասի ընթացքում ընդլայնել ցանկը:
Առկայության դեպքում օգտագործեք Աստվածաշնչի քարտեզները, հ. 13, « Պողոս առաքյալի միսիոներական ճամփորդությունները », որպեսզի գտնեք Սալոնիկը և այլ վայրերը, ուր Պողոսը եղել է իր երկրորդ միսիոներական ճամփորդության ընթացքում:
Կարդացեք Գործք Առաքելոց 17.1-4-ը և փնտրեք, թե Պողոսն ինչ է արել Սալոնիկի հրեաների շրջանում:
-
Ձեր կարծիքով, ի՞նչն է կարևոր Պողոսի ջանքերում:
-
Այս պատմությունն ի՞նչ է օգնում ձեզ հասկանալ սուրբ գրությունների արժեքի մասին:
Պողոսի ուղերձը Սալոնիկի հրեաներին հիշեցնում է մեզ, որ սուրբ գրությունները վկայում են Հիսուս Քրիստոսի և Նրա աստվածային առաքելության մասին (տես Հովհաննես 5.39): Ավելացրեք հետևյալ ճշմարտությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի ցուցակին:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է հետևյալը Փրկիչի ծնունդի հանգամանքների մասին: Կարող եք դիտել «Սուրբ գրությունների օրհնությունը» տեսանյութը 10:49-11:21-ը կամ կարդացեք հետևյալ հայտարարությունը:
Ի վերջո, բոլոր սուրբ գրությունների կենտրոնական նպատակն է լցնել մեր հոգիները հավատքով Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ հավատք, որ Նրանք գոյություն ունեն, հավատք մեր անմահության և հավերժական կյանքի Հոր ծրագրի հանդեպ, հավատք Հիսուս Քրիստոսի Քավության և Հարության հանդեպ, որը կենդանացնում է երջանկության այս ծրագիրը, հավատք՝ դարձնելու Հիսուս Քրիստոսի ավետարանը մեր կյանքի ուղին և հավատք՝ ճանաչելու «միայն ճշմարիտ Աստված. և նորան, ում Նա ուղարկեց Հիսուսին Քրիստոսին» ( Հովհաննես 17.3):
(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Սուրբ գրությունների օրհնությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 34)
-
Երեց Քրիստոֆերսոնի կողմից նշված օրհնություններից որո՞նք եք ստացել սուրբ գրություններ ուսումնասիրելիս:
-
Սուրբ գրությունների ո՞ր հատվածներն են ամրապնդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը: Այդ հատվածներում ուսուցանված ճշմարտությունները ինչպե՞ս են ամրապնդել ձեր հավատքը:
Մինչ բազմաթիվ կանայք և տղամարդիկ Սալոնիկում հավատացին և դարձի եկան Պողոսի ուսմունքների շնորհիվ, մնացածը մի ամբոխ կազմեցին և փորձեցին ձերբակալել Պողոսին և Շիղային (տես Գործք Առաքելոց 17.4-5): Պողոսն ու Շիղան կարողացան փախչել ամբոխից և գնալ կողքի Բերիա քաղաքը, որտեղ նրանք շարունակեցին քարոզել:
Կարդացեք Գործք Առաքելոց 17.10-12-ը՝ փնտրելով, թե Պողոսն ու Շիղան ինչպես ընդունվեցին Բերիայի ժողովրդի կողմից: Նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք կարևոր եք համարում ձեզ համար:
-
Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունն ինչպե՞ս օգնեց այդ մարդկանց:
Այս պատմությունում բացահայտած ճշմարտություններից մեկն այն է, որ սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունը կարող է օգնել մեզ ճանաչել ճշմարտությունը և հավատալ դրան: Ավելացրեք հետևյալ ճշմարտությունը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի ցուցակին:
Որպեսզի ուսանողներին օգնեք ավելի լավ հասկանալ այս ճշմարտությունը, կարող եք նրանց հարցնել.
-
Որո՞նք են այն օրինակները, երբ դուք կարող եք կիրառել այս ճշմարտությունը ձեր կյանքում:
Եթե ուսանողները օգնության կարիք ունենան, կարող եք օգտագործել հետևյալ սցենարները.
Մտածեք, թե սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունն ինչպես կարող է օգնել ձեզ հետևյալ իրավիճակներում.
-
Դպրոցի ուսուցիչներից մեկը բացատրում է մի գաղափար, որը հակասում է ձեր համոզմունքներին:
-
Ձեր ընկերներից մի քանիսը հորդորում են ձեզ անել մի բան, որը հակասում է ձեր չափանիշներին՝ ասելով. «Մեկ անգամը վնաս չէ»:
-
Գերագույն համաժողովի ժամանակ մի առաքյալ ուսուցանում է մի բան, որը հակասում է աշխարհի ներկա միտումներին:
Սուրբ գրությունների ուսումնասիրության այլ օրհնություններ
Գործք Առաքելոց 17-ում բացահայտված ճշմարտությունները ցուցադրում են միայն մի քանի օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ սուրբ գրությունները ուսումնասիրելիս:
Մի քանի րոպե ուսումնասիրեք սուրբ գրությունների հետևյալ հատվածներից մի քանիսը կամ բոլորը և փնտրեք այլ օրհնություններ, որոնք մենք կարող ենք ստանալ Աստծուց՝ Նրա խոսքերը և սուրբ գրություններում ներկայացված Նրա մարգարեների խոսքերը ուսումնասիրելիս: Ավելացրեք ձեր գաղափարները օրագրում ստեղծված ցանկին:
Կարող եք ուսանողներին խմբերի բաժանել և խմբերից յուրաքանչյուրին մեկական հատված հանձնարարել: Ուսանողներին առաջարկեք ավելացնել իրենց գաղափարները գրատախտակին ներկայացված ցանկին:
-
Ձեր ցուցակում ի՞նչն է առավել նշանակալից ձեզ համար:
-
Ձեր ցանկում նշված օրհնություններից որո՞նք կցանկանայիք ստանալ հենց հիմա: Ինչո՞ւ:
-
Ի՞նչ կարող եք անել, որպեսզի սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունը դարձնեք ավելի արժեքավոր և սրբազան փորձառություն:
-
Ի՞նչ օրհնություններ եք ստացել՝ սուրբ գրություններում ներկայացված Աստծո խոսքերը ուսումնասիրելիս:
Կարող եք կիսվել սուրբ գրությունների կանոնավոր ուսումնասիրությունից ստացած օրհնությունների վերաբերյալ անձնական փորձառությամբ և վկայությամբ:
Ծրագիր կազմեք
Սեմինարիայի շրջանակներում ձեզ առաջարկվել է սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությանն առնչվող նպատակ ստեղծել: Մի պահ գնահատեք ձեր առաջընթացը այս նպատակին հասնելու գործում և կատարեք համապատասխան շտկումներ՝ ավելի արդյունավետ առաջ շարժվելու համար:
Օգտագործեք հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել իրենց առաջնընթացը:
-
Ո՞րն էր սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր ստեղծած նպատակը:
-
Այդ նպատակն ինչպե՞ս է օգնում ձեզ ունենալ սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության առավել իմաստալից փորձառություն:
-
Ի՞նչ շտկումներ պետք է կատարեք։
Ուսանողներին հորդորեք շարունակել առաջընթաց ցուցադրել սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ: Կարող եք տարվա ընթացքում հիշեցնել իրենց այդ նպատակի մասին և գովել նրանց առաջընթացի համար:
Բացատրական և պատմական տեղեկություններ
Ուրիշ ի՞նչ օրհնություններ կարող եք ստանալ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունից
Մորմոնի Գիրքը ամեն օր կարդալու մասին խոսելիս Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոստացել է հետևյալը.
Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, դուք ամեն օր ավելի լավ որոշումներ կկայացնեք: Ես խոստանում եմ, որ մինչ դուք խորհում եք ձեր ուսումնասիրած նյութի շուրջ, երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները և ուղղորդում՝ ձեր կյանքի համար: Ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր խորասուզվեք Մորմոնի Գրքի ընթերցանության մեջ, դուք կարող եք պաշտպանվել օրվա չարիքից, պոռնոգրաֆիայի անհաղթահարելի ժանտախտից և միտքն անզգայացնող կախվածություններից:
(Ռասսել Մ. Նելսոն․ «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 62–63)
Նախագահ Դալլին Հ․ Օուքսը համեմատել է սուրբ գրությունները Ուրիմի և Թումիմի հետ, որոնք մենք կարող ենք օգտագործել՝ Տիրոջից հայտնություն ստանալու համար.
Մենք չենք ուզում չափազանցնել այդ կետը, երբ ասում ենք, որ սուրբ գրքերը կարող են լինել Ուրիմ և Թումիմ` օգնելով մեզանից յուրաքանչյուրին ստանալ անձնական հայտնություն:
Քանի որ մենք հավատում ենք, որ սուրբ գրությունների ընթերցումը կարող է մեզ օգնել հայտնություն ստանալ, մենք ոգևորությամբ դրանք նորից ու նորից ենք կարդում: Դա անելով մենք հասկանում ենք, թե Երկնային Հայրն ինչ կցանկանար, որ մենք իմանայինք և անեինք մեր կյանքում: Ահա թե Վերջին Օրերի Սրբերն ինչու են հավատում սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությանը:
(Դալլին Հ․ Օուքս, «Սուրբ գրությունների ընթերցումը և հայտնությունը», Ensign, հունվար 1995, 8)
Օժանդակ ուսումնական վարժություններ
Թողեք աշխարհը
Որպեսզի ուսանողներին օգնեք հասկանալ սուրբ գրությունների ուսումնասիրության և կենդանի մարգարեների խոսքերի ստացման միջև եղած կապը, կարող եք կարդալ Գործք Առաքելոց 17.5-7 հատվածները և քննարկել հետևյալ հարցերը.
-
Ձեր կարծիքով, անհավատ հրեաներն ինչո՞ւ զգացին, որ Պողոսի՝ Փրկիչի մասին ուսմունքները «շփոթեցրեցին աշխարհը» ( Գործք Առաքելոց 17.6):
-
Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունն ինչպե՞ս կարող է պատրաստել մեր միտքն ու սիրտը կենդանի մարգարեների ուսումնքները ստանալու համար:
-
Որո՞նք են ամենամեծ տարբերությունները կենդանի մարգարեների միջոցով ներկայացված ուսումունքների և այսօրվա աշխարհի համոզմունքների ու մշակույթի միջև:
Գործք Առաքելոց 17․11 «Նրանք ընդունեցին խոսքը բոլոր հոժարությամբ»
Կարող եք քննարկել Գործք Առաքելոց 17.10-12-ը՝ կենտրոնանալով Բերիայի ժողովրդի կողմից ավետարանը ստանալու պատրաստակամության վրա:
Այս հատվածները ուսումնասիրելուց առաջ օգտակար կլինի խնդրել մի քանի կամավորների գործողությամբ ցուցադրել, թե ինչ է նշանակում պատրաստ լինել որոշակի խնդիրներ կատարելու, օրինակ՝ գնդակ բռնել, մրցավազքի մասնակցել, ճաշել, որևէ ծանր բան բարձրացնել կամ փոս փորել: Կարող եք մեկ կամ մի քանի ուսանողի առաջարկել ցուցադրել, թե ինչ է նշանակում, երբ մարդ պատրաստ է միայն գործողությամբ սովորել ավետարանը: Մնացած ուսանողները կարող են փորձել կռահել, թե ինչ է տեղի ունենում:
Այնուհետև ուսանողներին առաջարկեք թվարկել այն գործողությունները, հատկանիշները կամ վարքագծերը, որոնք ցուցադրում են, որ մարդը պատրաստ է սովորել ավետարանը: Ապա ուսանողներին առաջարկեք կարդալ Գործք Առաքելոց 17.10-12-ը՝ փնտրելով, թե ինչն օգնեց Բերիայի ժողովրդին հավատալ և ընդունել Պողոսի և Շիղայի ուսմունքները: