«Դաս 88․ Վարդապետություն և Ուխտեր 76․71–112․ «Անվեհեր՝ Հիսուսի մասին վկայության մեջ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 76․71–112», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 88․ Վարդապետություն և Ուխտեր 76
Վարդապետություն և Ուխտեր 76․71–112
«Անվեհեր՝ Հիսուսի մասին վկայության մեջ»
Բազմաթիվ տեսիլքներ տեսնելուց հետո, այդ թվում՝ Հոր և Որդու փառքի տեսիլքները, Լյուցիֆերի անկումը և սելեստիալ արքայությունը, Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսան նրանց, ովքեր կժառանգեն թերեստրիալ և թելեստիալ արքայությունները: Թերեստրիալ արքայության մեջ գտնվողների առանձնահատուկ հատկանիշն այն էր, որ նրանք անվեհեր չէին Հիսուսի մասին իրենց վկայության մեջ: Այս դասը կօգնի ուսանողներին դառնալ ավելի անվեհեր՝ Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայության մեջ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վկայություն Հիսուս Քրիստոսի մասին
Կարող եք գրատախտակին գրել Հիսուս Քրիստոսի մասին վկայություն խոսքերը: Հարցրեք ուսանողներին, թե իրենց կարծիքով ինչ է նշանակում ունենալ Փրկչի մասին վկայություն: Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ վկայությունը մի բան է, որը մենք գիտենք, որ ճշմարիտ է՝ մեր սրտերում և մտքում, և որը տրված է մեզ Սուրբ Հոգու վկայությամբ (տես Վարդապետություն և Ուխտեր 8․2)։ Այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Տվեք հարցեր, որոնք հանգեցնում են ինքնաճանաչման․ Դա անելու վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Սովորողների համար ստեղծել պայմաններ և հնարավորություններ Սուրբ Հոգով ուսուցում ստանալու համար» վերնագրով դասընթացը, որը հասանելի է Ուսուցչի կատարելագործման հմտություններ․ Ուսուցանեք Հոգով ուսուցողական նյութում։ Կարող եք կիրառել հմտությունը՝ ստեղծելով ուսանողների ինքնագնահատում վարդապետության, ճշմարտության կամ սկզբունքի վերաբերյալ:
-
Ինչպե՞ս կարող է Փրկչի մասին վկայությունը ազդել ձեզ վրա՝ այս կյանքում և ողջ հավերժության մեջ:
Առաջարկեք ուսանողներին մտածել Հիսուս Քրիստոսի վերաբերյալ իրենց վկայությունների մասին, այդ թվում՝ թե ինչպես են իրենց վկայություններն ազդել իրենց գործողությունների վրա: Կարող եք նաև առաջարկել նրանց մտածել իրենց վկայությունների վերաբերյալ իրենց ունեցած ցանկությունների մասին:
Խրախուսեք ուսանողներին ուսումնասիրելիս փնտրել ուսմունքներ, որոնք կարող են օգնել նրանց հասկանալ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ունենալու և իրենց իմացածի համաձայն ապրելու կարևորությունը:
Փառքի արքայությունների տեսիլքը
Առաջարկեք ուսանողներին ամփոփել այն, ինչ նրանք մինչ այժմ ուսումնասիրել են Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում նկարագրված տեսիլքի մասին: Այնուհետև բացատրեք հետևյալը.
Դուք երևի հիշում եք, որ Վարդապետություն և Ուխտեր 76 բաժինը պարունակում է մի մեծ տեսիլքի նկարագրություն, որ Տերը տվեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին: Իրենց տեսիլքի ընթացքում Ջոզեֆը և Սիդնին իմացան այն մարդկանց հատկանիշները, որոնք Հարությունից հետո բնակվելու են փառքի տարբեր արքայություններում:
Օգտակար կլինի բացատրել, որ ուսանողներն այս դասի ընթացքում չեն ուսումնասիրելու փառքի արքայությունները նկարագրող բոլոր հատվածները։ Սելեստիալ փառքը նկարագրված է հատվածներ 50–70, 92–96, թերեստրիալ փառքը՝ հատվածներ 71–80, իսկ թելեստիալ փառքը՝ հատվածներ 81–90, 98–112։ Առաջարկեք ուսանողներին նշել կամ պիտակավորել այս հատվածները իրենց սուրբ գրություններում, որպեսզի կարողանան ինքնուրույն ուսումնասիրել դրանք ավելի մանրամասն:
Կարդացեք հետևյալ սուրբ գրությունները՝ փնտրելով տարբերություններ փառքի արքայություններից յուրաքանչյուրի բնակիչների վկայություններում.
-
Վարդապետություն և Ուխտեր 76․51–52 (սելեստիալ)
-
Վարդապետություն և Ուխտեր 76․75, 79 (թերեստրիալ)
-
Վարդապետություն և Ուխտեր 76․82, 101–103 (թելեստիալ)
Երբ ուսանողները ավարտեն ուսումնասիրությունը, առաջարկեք նրանց քննարկել հետևյալ հարցերը դասարանով կամ փոքր խմբերով:
-
Ի՞նչ տարբերություններ նկատեցիք այս խմբերի վկայությունների միջև:
-
Ի՞նչ կարող է սա ուսուցանել ձեզ վկայության այն տեսակի մասին, որն անհրաժեշտ է սելեստիալ արքայությունը ժառանգելու համար:
Օգնեք ուսանողներին բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք անվեհեր ենք Հիսուս Քրիստոսի մասին վկայության մեջ, մենք կարող ենք ստանալ Աստծո սելեստիալ արքայությունը:
Անվեհեր՝ Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության մեջ
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել անվեհեր՝ Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության մեջ:
Նախորդ հարցի քննարկման ընթացքում կարող եք առաջարկել ուսանողներին ուսումնասիրել 2 Նեփի 31․20–21 հատվածները և փնտրել ուսմունքներ, որոնք կարող են ավելացնել իրենց հասկացողությունը: Ստորև ներկայացվող խոսքերը նույնպես կարող են օգտակար լինել։
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Քվենթին Լ. Քուքն օգնել է մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում անվեհեր լինել՝ Հիսուսի մասին վկայության մեջ.
Վարդապետություն և Ուխտերի 76-րդ բաժինը պարզաբանում է, որ «Հիսուսի մասին վկայության մեջ անվեհեր լինելը» [Վարդապետություն և Ուխտեր 76․79] պարզ, հիմնական ստուգարքն է՝ որոշելու նրանց, ովքեր կժառանգեն սելեստիալ արքայության օրհնությունները, և նրանց, ովքեր կժառանգեն ավելի ցածր՝ թերեստրիալ արքայության օրհնությունները: Անվեհեր լինելու համար մենք պետք է կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի զորության և Նրա քավիչ զոհաբերության վրա, որը հաղթահարում է մահին և մեր ապաշխարության միջոցով մեղքից մաքրում է մեզ, ինչպես նաև պետք է հետևենք Քրիստոսի վարդապետությանը [տես 2 Նեփի 31․17–21]: Մենք նաև Փրկչի կյանքի լույսի, գիտելիքի և ուսմունքների կարիքն ունենք, որ առաջնորդի մեզ ուխտի արահետում, ներառյալ՝ տաճարի սրբազան արարողությունները: Մենք պետք է անսասան լինենք Քրիստոսում, սնվենք Նրա խոսքով և համբերենք մինչև վերջ [2 Նեփի 31․20–21]: (Քվենթին Լ. Քուք, «Անվեհեր՝ Հիսուսի մասին վկայության մեջ», Լիահոնա, նոյեմբերի 2016, 43)
-
Ձեզ կամ ուրիշների համար ի՞նչը կարող է դժվարացնել անվեհեր մնալ Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության մեջ:
-
Ի՞նչն է ձեզ օգնում ձգտել անվեհեր լինել՝ Փրկչի մասին ձեր վկայության մեջ:
Նախորդ հարցի քննարկման ընթացքում կարող եք առաջարկել ուսանողներին գտնել և կիսվել սուրբ գրություններով, որոնք մղում են իրենց լինել անվեհեր՝ Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայության մեջ: Կարող եք առաջարկել, որ սկսեն Հելաման 5.12 հատվածից։
Ծրագիր կազմեք
Մի պահ խորհեք, թե ինչ կարող եք անել Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայության մեջ ավելի անվեհեր լինելու համար: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ավարտեք հետևյալ երեք նախադասությունները:
-
Այսօր ես կարող եմ անվեհեր լինել Հիսուսի մասին իմ վկայության մեջ՝ անելով հետևյալը․ …
-
Հաջորդ մի քանի ամիսների ընթացքում ես կարող եմ անվեհեր լինել Հիսուսի մասին իմ վկայության մեջ՝ անելով հետևյալը․ …
-
Ես կարող եմ օգնել ուրիշներին անվեհեր մնալ Հիսուսի մասին իրենց վկայություններում՝ անելով հետևյալը․ …
Մի քանի կամավոր ուսանողների կարող եք առաջարկել կիսվել իրենց ավարտած նախադասություններից մեկով կամ մի քանիսով։ Եզրափակելով՝ առաջարկեք որևէ մեկին կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իր վկայությամբ կամ կիսվեք Նրա մասին ձեր վկայությամբ: