Լիահոնա
Մաքուր ջուր, պայծառ հույս
Փետրվար 2026 Լիահոնա


Մաքուր ջուր, պայծառ հույս

Մոնտենեգրոյի հյուսիսում գտնվող, 10 տնից բաղկացած գնչու-եգիպտական Տրլիցա լեռնային բնակավայրի յոթանասուն մարդկանց համար կյանքը դժվար էր, հատկապես ձմռանը: Նրանց հին տների դռները լավ չէին փակվում, փտած կամ վնասված էին, պատուհանները ջերմամեկուսիչ չէին, իսկ հատակները՝ հողե կամ բետոնե։ Բնակավայրը մատակարարող երկու համայնքային ջրամբարներից մեկը այլևս օգտագործելի չէր, իսկ մյուսը քլորացված չէր, ինչի պատճառով մարդիկ ստիպված էին եռացնել ջուրը՝ խմելու և եփելու համար։ Ջրամատակարարումը պարբերաբար դադարում էր, երբ որոշ ընտանիքներ չափից շատ էին օգտագործում ջուրը։

Հասկանալով կարիքի հրատապությունը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին համագործակցեց տեղական ինքնակառավարման մարմինների և գերմանական «Help» մարդասիրական կազմակերպության հետ՝ այդ տևական խնդրին լուծում տալու համար։ Բոլոր այդ տասը տների համար Եկեղեցին նվիրաբերեց ջերմամեկուսիչ դռներ ու պատուհաններ, հատակի ծածկույթ և խոհանոցային լվացարաններ ու պահարաններ։ Ամենակարևորը, Եկեղեցին ֆինանսավորեց տասը անհատական ջրի բաքերի տեղադրումը, որոնցից յուրաքանչյուրը հագեցած էր քլորացման համակարգով՝ ապահովելով, որ յուրաքանչյուր տուն մաքուր և անվտանգ ջրի հասանելիություն ունենա։

Այս նախագիծը ոչ միայն բարելավեց ենթակառուցվածքները, այլև ավելին արեց։ Այն ընտանիքներին հնարավորություն տվեց իրենց ռեսուրսների սեփականատերը լինել։ Առաջին անգամ յուրաքանչյուր տուն պատասխանատու էր իր սեփական ջրամատակարարման կառավարման համար։ Արդյունքն ակնհայտ էր։ Մարդիկ ունեցան հպարտության և պատասխանատվության մի նոր զգացում։ Բնակիչներից մեկը՝ Լերլյա Կայտաֆաջը, ասաց. «Այժմ մենք չենք մրսում, և ամեն ինչ լավ է»։ Նա հպարտությամբ բացատրեց, թե ինչպես է այժմ վճարում էլեկտրաէներգիայի ամսավճարը՝ ինչն ինքնապահովման փոքր, բայց հզոր խորհրդանիշ է։

Տրլիցայի կերպարանափոխությունը վկայում է, որ Եկեղեցին հավատարիմ է Փրկչի կոչին՝ «Սիրի՛ր քո ընկերոջը» (Մատթեոս 22․39): Ֆիզիկական և հոգևոր կարիքները հոգալով՝ Եկեղեցին օգնում է անհատներին և համայնքներին հաղթահարել աղքատությունն ու դժվարությունները։

Այս նախաձեռնությունը նաև համահունչ է Միավորված Ազգերի Կազմակերպության՝ կայուն զարգացման 6-րդ նպատակին՝ մաքուր ջուր և սանիտարական պայմաններ, ինչպես նաև մարտի 22-ին ամբողջ աշխարհում նշվող մաքուր ջրի միջազգային օրվան։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ մաքուր ջրի հասանելիությունը ուղղակի անհրաժեշտություն չէ, այն մարդու իրավունք է և արժանապատվության, առողջության և հնարավորությունների հիմք։

Մաքուր ջրի օրհնությունների մասին խորհելիս եկեք հիշենք, որ ծառայության փոքր գործերը կարող են տարածվել՝ փոխելով կյանքեր և համայնքներ։ Անկախ նրանից՝ դա կլինի մարդասիրական հիմնադրամին նվիրաբերում, ձեր թաղամասում կամավորական աշխատանք, թե պարզապես բարի խոսք, մեզանից յուրաքանչյուրը կարող է Տիրոջ գործի մասնակիցը լինել։

Ուզո՞ւմ եք փոխել մի բան։ Շրջեք ձեր թաղամասում կամ համայնքում՝ օգնելու եղանակներ փնտրեք, կամ այցելեք JustServe.org կայքը՝ ձեր մոտակայքում ծառայության հնարավորություններ գտնելու համար։ Մաքուր ջուրը կյանքեր է փոխում, դուք էլ կարող եք նույնը անել։