Լիահոնա
Ուխտի ուրախալի արահետը
Փետրվար 2026 Լիահոնա


«Ուխտի ուրախալի արահետը», Լիահոնա, փետրվար 2026։

Ամենամսյա Լիահոնա ամսագրի ուղերձ, փետրվար 2026

Ուխտի ուրախալի արահետը

Հոր և Որդու ներկայությամբ միասին կապված ընտանիքի անդամների հրաշքն ու վեհությունն անսահման հիացմունք և ուրախություն են պարգևում իմ հոգուն և լցնում ինձ երախտագիտությամբ։

Երեց Պատրիկ Քիրոնը և նրա կինը՝ Ջենիֆերը

Երեց Պատրիկ Քիրոնը և նրա կինը՝ Ջենիֆերը

Երբ Իսրայել և Էլիզաբեթ Հեվեն Բարլոուները 1848 թվականին լքեցին Նավու քաղաքը (Իլինոյս) և գնացին Սոլթ Լեյքի հովիտ, նրանք թողեցին իրենց նորածին տղային, որը թաղված էր Նավուի փոքրիկ գերեզմանատանը։ Փոքրիկ Ջեյմս Նաթանիել Բարլոուն՝ նրանց առաջնեկը, մահացել էր ծնվելուց կարճ ժամանակ անց՝ 1841 թ․ մայիսին։

Սոլթ Լեյքի հովիտ մեկնելով՝ Իսրայելն ու Էլիզաբեթը, հավանաբար, երբեք չէին ակնկալում, որ կրկին կտեսնեն իրենց որդու գերեզմանը։ Սակայն, երբ մի քանի տարի անց Իսրայելը կանչվեց ծառայելու միսիա Անգլիայում, նա անցավ Նավուով, երբ ճամփորդում էր դեպի արևելք։ Էլիզաբեթի խնդրանքով նա կանգ առավ՝ որդու գերեզմանը գտնելու և նրա աճյունը քաղաքից արևելք գտնվող գլխավոր գերեզմանատուն տեղափոխելու համար։

Մեկ օր անարդյունք որոնումներից հետո Իսրայելը օգնություն խնդրեց տեղի գերեզմանապահից։ Հաջորդ օրը նրանք գտան գերեզմանը, որը գտնվում էր Ջեյմսի զարմուհի Մերիի գերեզմանի կողքին։ Դժբախտաբար, դագաղները փտած և կոտրված էին։ Կնոջն ուղղված նամակում Իսրայելը գրել է. «Հետևաբար, ես շրջվեցի և որոշեցի, որ նրանց այնտեղ կթողնեմ որոշ ժամանակ»։

Նա գերեզմանից դեռ շատ չէր հեռացել, երբ ձայն լսեց։ Հիշելով այդ փորձառությունը՝ նա գրել է. «Դա բարձրաձայն չէր, բայց այնքան հստակ էր իմ մտքում, որ չէի կարող հերքել. «Հայրի՛կ, մի՛ թող ինձ այստեղ»»։ Իսրայելը վերադարձավ գերեզման՝ որոշելով, որ վերջիվերջո կտեղափոխի իր փոքրիկ որդուն։ «Ես զգացի շատ յուրահատուկ հանգստություն և հոգու խաղաղություն, որը նախկինում չէի զգում։ … Այսքանը կասեմ. ես երբեք այսքան գիտակից չեմ եղել իմ կյանքում կատարած որևէ պարտականության ժամանակ»։

1853 թ․ սեպտեմբերի 2-ին Իսրայել Բարլոուն և գերեզմանապահը Ջեյմսի և Մերիի մարմինները տեղափոխեցին Նավուի գլխավոր գերեզմանատուն՝ նշելով «գերեզմանների վերին և ստորին մասը քարերով»։

Իսրայելը Էլիզաբեթին ասաց՝ գերեզմանի մոտ «ես ցանկություն զգացի նվիրաբերելու ինձ և այն ամենը, ինչ կարող էի կոչել իմը, Տիրոջը, որպեսզի արժանի համարվեմ բարձրացվելու [Ջեյմսի] հետ առաջին հարության առավոտը»։

Իսրայելի նվիրվածությունը Հիսուս Քրիստոսի ավետարանին, սրբազան ուխտերը պահելու հետ միասին, հնարավորություն է տալիս Քրիստոսին տալ հավերժական կյանք՝ բոլոր օրհնություններից մեծագույնը, նրան, նրա նախնիներին և նրա սերունդներին։

Նույնը վերաբերում է բոլորիս։

հաղորդության սկուտեղներ

Նկարը՝ Ջերի Գարնսի, կարող է պատճենվել միայն Եկեղեցու օգտագործման համար

Սուրբ խոստումներ

Մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, մեզանից յուրաքանչյուրին սիրում են առավել, քան մենք կարող ենք պատկերացնել։ Նրանց սերը ոչ մի տեղ այնքան ակնհայտ չէ, որքան մկրտության ժամանակ և Տիրոջ տանը մեզ առաջարկվող ուխտերի դիմաց խոստացված օրհնությունների մեջ։

«Ճշմարիտ կրոնի կարևոր գաղափարներից մեկը սուրբ ուխտն է»,- ուսուցանել է Ռասսել Մ. Նելսոնը (1924–2025)։ «Իրավաբանական լեզվով՝ ուխտը ընդհանուր առմամբ պայմանագիր է՝ կնքված երկու կամ ավելի կողմերի միջև: Բայց կրոնի առումով, ուխտը շատ ավելի մեծ նշանակություն ունի: Այն սուրբ խոստում է Աստծո հետ»:

Մեր տված և պահած յուրաքանչյուր սուրբ խոստում օրհնում է մեզ։ Երկնային Հայրը և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը ցանկանում են մեզ ավելի մոտեցնել Իրենց։ Նրանք ցանկանում են օգնել մեզ սովորել և աճել հավատքով ու հասկացողությամբ։ Նրանք ցանկանում են օժտել մեզ երկնային զորությամբ։ Նրանք ցանկանում են, որ մենք բժշկում և խաղաղություն գտնենք մի աշխարհում, որտեղ նման օրհնությունները թվում են անհասանելի։ Նրանք ցանկանում են, որ մենք ուրախություն գտնենք այս և գալիք կյանքում։ Այս կատարյալ սիրով մղված՝ Նրանք մեզ հնարավորություն են տալիս ուխտի մեջ մտնելու Նրանց հետ։ Մենք օրհնություն ունենք ամեն շաբաթ հաղորդության ժողովի ժամանակ վերահաստատելու այդ ուխտերը։

Մենք հաղորդությանը մասնակցում ենք երախտագիտության ոգով, քանի որ ունենք Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու ուրախալի օրհնությունը՝ հիշելով Նրան և Նրա սերը մեր հանդեպ, որը դրսևորվում է Նրա Քավության պարգևի միջոցով, որ Նա մեռավ տանջահար մեզ համար։ Հաղորդությունը նաև մեզ օրհնում է՝ ամեն շաբաթ հնարավորություն տալով ցույց տալու մեր պատրաստակամությունը՝ պահելու Նրա պատվիրանները, նորոգելու մեր ուխտերը և կապելու նոր ուխտ (տես Վարդապետություն և Ուխտեր 20․77, 79):

«Հաճախ ես լսում եմ այն արտահայտությունը, որ մենք հաղորդություն ենք ընդունում ՝ մկրտության ժամանակ կապած ուխտերը նորոգելու համար: Չնայած դա ճշմարիտ է, բայց շատ ավելին է, քան այդ»,- ասել է նախագահ Նելսոնը: «Ես նոր ուխտ կապեցի: Դուք նոր ուխտեր կապեցիք: … Արդ, ի պատասխան սրա, [Տերը] հայտարարում է, որ մենք միշտ կունենանք Նրա Հոգին մեզ հետ: Ինչպիսի՜ օրհնություն»:

Երբ ապաշխարում ենք և անարատ սրտով մասնակցում հաղորդությանը, մենք ստանում ենք Սուրբ Հոգին և «մաքրվում ենք մեղքից, կարծես կրկին մկրտված լինենք։ Սա է այն հույսն ու ողորմությունը, որը Հիսուսը առաջարկում է մեզանից յուրաքանչյուրին»։

Ի՜նչ ուրախություն է ապաշխարել և ներում ստանալ Քրիստոսի փրկագնող սիրո միջոցով։

Նավուի (Իլինոյս) տաճարը

Նավուի (Իլինոյս) տաճարի լուսանկարը, հեղինակ՝ Ջենիֆեր Ռոուզ Մեդի

Նրա ուրախության տունը

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ դառնալուց հետո, նախագահ Նելսոնը հաճախ էր խոսում ուխտի արահետի մասին, սկսած Եկեղեցու նախագահի պաշտոնում իր առաջին հրապարակային ուղերձից։ Մենք այդ արահետի վրա ենք կանգնում «ապաշխարությ[ա]ն և ջրով մկրտությ[ա]ն» միջոցով (2 Նեփի 31․17), և նա հետագայում ասաց․ «Ապա, տաճարում ավելի լիարժեք ենք կանգնել այդ ճանապարհի վրա»։

Ճիշտ այնպես, ինչպես հաղորդությունից ճաշակելը մեզ հիշեցնում է մեր ուխտերի և դրանց hամապատասխան օրհնությունների մասին, այդպես էլ տաճարում փոխարինող աշխատանք կատարելն է հիշեցնում։ Երբ մենք կատարում ենք արարողություններ մահացածների համար, մենք հիշում ենք մեր տված սրբազան խոստումները և մեր ստացած խոստացված օրհնությունները։

Ուխտի արահետի շնորհիվ մենք դառնում ենք Աբրահամին, Իսահակին, Հակոբին և նրանց սերունդներին խոստացված բոլոր օրհնությունների ժառանգակիցները։ Չնայած այդ խոստացված օրհնություններին՝ Աբրահամը, Իսահակը և Հակոբը հեշտ կյանքով չէին ապրում, ինչպես նաև մենք։ Նրանց նման, մենք նույնպես բախվում ենք դժվարությունների, խրատի և կորստի, երբ «փորձվ[ում ենք] բոլոր բաներում» (Վարդապետություն և Ուխտեր 136․31, տես նաև 101․4–5): Բայց ինչպես մարգարեներն ու հին ժամանակների արդար Սրբերը, մենք գիտենք, թե ում կարող ենք ապավինել (տես 2 Նեփի 4․19):

Մահկանացու կյանքը մեր գոյության ընդամենը մի ակնթարթ է, բայց այդ պահը՝ երբեմն շատ դժվար, հավերժական նշանակություն ունի։ Այո՛, մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք սովորենք և աճենք։ Եվ այո, այդ աճը երբեմն ներառում է հիասթափություն և տառապանք։ Բայց Նա ցանկանում է, որ մեր կյանքը լինի գեղեցիկ և հույսով լի։ Այդ նպատակով և մեր դեպի Նրան վերադառնալու ճանապարհը հեշտացնելու համար Նա տվել է Փրկիչ, որը «երաշխավորն» է Իր Հոր հետ մեր ուխտերի։ Հիսուս Քրիստոսի քավության միջոցով Հայրը կատարում է տաճարում Իր զավակներին տված խոստումները։

Իր սիրո և քավող զոհաբերության միջոցով մեր Փրկիչը հաղթահարել և բժշկել է այն ամենը, ինչին մենք կբախվենք կյանքում։ Եվ Նրա սուրբ տան՝ Նրա ուրախության տան շնորհիվ, ամեն ինչ լավ կլինի՝ չնայած դժվարություններին։ Ուխտերի պահպանման ամոքիչ միջոցը վերացնում է տխրությունը, ցավը, վիշտը և հիասթափությունը։ Մենք չպետք է անհանգստանանք կամ վախենանք։ Փոխարենը, մենք կարող ենք ուրախանալ, որ մեր փրկագնման գինը վճարվել է (տես Ա Կորնթացիներին 6․20), և հավերժական կյանքին տանող ուխտի արահետը տրվել է։

Ուխտի արահետն իսկապես փրկագնող սիրո ուղի է։ Երբ մենք պատվում ենք տաճարում կապած ուխտերը, մենք ստանում ենք ավելի մեծ զորության, ավելի մեծ սիրո, ավելի մեծ ողորմածության, ավելի մեծ հասկացողության և ավելի մեծ հույսի օրհնություններ։ Տաճարային կնքումների՝ ընտանիքի անդամների հավերժական սիրով կապվածության հրաշքն ու վեհությունն անսահման հիացմունք և ուրախություն են պարգևում իմ հոգուն և լցնում ինձ երախտագիտությամբ։

«Ամեն անգամ, երբ ձեր կյանքում որևէ ցնցում է տեղի ունենում, հոգևոր առումով ամենաանվտանգ ապրելու վայրը գտնվում է ձեր տաճարային ուխտերի սահմանների ներսում»,- ուսուցանել է նախագահ Նելսոնը։ Ես գիտեմ այդ խոսքերի ճշմարտացիությունը իմ քաղցր, իսկ երբեմն դառը, մահկանացու փորձից։

երեխային գրկած զույգի նկար

Ջեյմս Նաթանիել Բարլոուն՝ Իսրայել և Էլիզաբեթ Բարլոուների առաջնեկը, մահացավ ծնվելուց կարճ ժամանակ անց՝ 1841 թ․ մայիսին: Տարիներ անց նա փոխարինող արարողությամբ կնքվեց իր ծնողների հետ Լոգանի (Յուտա) տաճարում:

Նկարը` Ալեն Գարնսի

Հավաքեք նրանց տուն

Իսրայել Բարլոուն իր փոքրիկ որդուն վերջին հրաժեշտը տալուց հետո գրեց կնոջը. «Հեռանալու, կյանքում երբեք [Ջեյմսի] գերեզմանին չվերադառնալու մտքերը քամեցին իմ մեջ կրած սիրո վերջին մասնիկը, մինչև այն կոտրվեց արցունքների տեսքով նրա գերեզմանի վրա»։

Ես պատկերացնում եմ, որ 1889 թ․ դեկտեմբերի 4-ին ավելի շատ արցունքներ՝ այս անգամ ուրախության արցունքներ, թափվեցին։ Այդ օրը փոքրիկ Ջեյմս Նաթանիել Բարլոուն կնքվեց իր ծնողների հետ Լոգանի (Յուտա) տաճարում: Այդ ժամանակ Իսրայելն արդեն մահացել էր, ուստի այլ անձինք էին նրա և Ջեյմսի փոխարեն։

Ես և քույր Քիրոնը առանձնահատուկ ցավ և մեծ կարեկցանք ենք զգում Իսրայելի և Էլիզաբեթի հանդեպ։ Մեր առաջնեկը՝ Շոն անունով մի տղա, մահացավ սրտի վիրահատության ժամանակ, երբ ընդամենը երեք շաբաթական էր։ Դա մեզ համար ցնցող կորուստ էր։ Այդ ժամանակ մենք մտածում էինք, թե արդյո՞ք կհաղթահարենք դա։ Մեծ ցավով մենք նրան թաղեցինք Անգլիայում՝ փոքր գերեզմանում։ Տասնհինգ տարի անց մեր ընտանիքին խնդրեցին տեղափոխվել Միացյալ Թագավորությունում գտնվող մեր տնից՝ Եկեղեցում լրիվ դրույքով ծառայելու համար, և մենք ստիպված էինք թողնել այդ փոքրիկ գերեզմանը։

Մենք մեր երեխային չկորցրեցինք դեպի արևմուտք ճամփորդության ժամանակ և չտառապեցինք Բարլոուների տարած չարչարանքներով, որոնք մեր հասկացողությունից վեր են, բայց մենք սկսում ենք պատկերացնել, թե ինչի միջով նրանք անցան։ Մեր փոքրիկ տղայի գերեզմանը շատ հեռու է, սակայն Բարլոուների նման, մենք անսասան հավատում ենք Հիսուս Քրիստոսի Հարությանը և մեր ընտանիքի հավերժական բնույթին՝ սուրբ կնքման ուխտի միջոցով։

Մենք բոլորս ունենք նախնիներ և այլ մահացած սիրելիներ, որոնք մեզ ասում են. «Մի՛ թող ինձ այստեղ»։ Տաճարային ուխտերի շնորհիվ ոչ ոք չի լքվի։ Մեր կոչն է սիրել, ծառայել և օգնել նրանց տուն բերել։

Մեր Երկնային Հայրը սիրում է մեզ՝ ձեզ և ինձ։ Նա մեզ տաճարներ է տվել, որպեսզի «ինչ որ կապե[ն]ք երկրի վրա, կապվի երկնքում» (Վարդապետություն և Ուխտեր 128․8, տես նաև Մատթեոս 18․18): Նա ուղարկեց Իր Որդուն ջարդելու մահվան կապանքները՝ հարթելով ճանապարհը հավիտենական կապերի և հավերժական ընտանեկան վերամիավորման համար։

Ահա թե ինչու մենք ունենք արարողություններ։ Ահա թե ինչու ենք մենք ուխտեր կապում։ Ահա թե ինչու ենք մենք տաճարներ կառուցում։ Ահա թե ինչու մենք նվիրվում ենք Աստծո գործին և փառքին (տես Մովսես 1․39): Եվ այդ պատճառով մենք ուրախության արցունքներ ենք թափում՝ գիտակցելով, որ մեզ և մեր սիրելիներին հավերժական վերամիավորում է սպասվում Հոր և Որդու ներկայությամբ։

Թող մենք ուրախություն և խաղաղություն գտնենք, երբ պահում ենք մեր ուխտերը և միանում Տիրոջը Նրա փառահեղ փրկարար գործում։

Հղումներ

  1. Տես Ora H. Barlow, The Israel Barlow Story and Mormon Mores (1968), 306–8; spelling and punctuation modernized; տես նաև Brent A. Barlow, “Daddy, Do Not Leave Me Here,” Ensign, July 2009, 34–36։

  2. Ռասսել Մ. Նելսոն, «Ուխտեր», Լիահոնա, նոյ․ 2011, 86:

  3. Տես «Ես մնում եմ զարմացած», Հիմներ և Մանկական երգեր, համար 22։

  4. Ռասսել Մ. Նելսոն, Դեյլ Գ. Ռենլանդի «Անսասան նվիրվածություն առ Հիսուս Քրիստոս» ելույթում, Լիահոնա, նոյ․ 2019, 25, հղում 18։

  5. Jesus Christ Asked Us to Take the Sacrament,” Liahona, March 2021, 7.

  6. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Միասին առաջ ընթանալով», Լիահոնա, ապրիլ 2018, 7:

  7. Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», Լիահոնա, հոկ. 2022, 6։

  8. Այդ խոստացված օրհնությունների ցանկի համար տես Ռասսել Մ. Նելսոն, «Ուխտեր», Լիահոնա, նոյ․ 2011, 87։

  9. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», 10։

  10. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Հավիտենական ուխտը», 7։

  11. Ռասսել Մ․ Նելսոն, «Տաճարը և ձեր հոգևոր հիմքը», Լիահոնա, նոյ․ 2021, 96։

  12. Israel Barlow, in Ora H. Barlow, The Israel Barlow Story, 308; spelling and punctuation modernized.

  13. Sealing date provided by the Church History Library.