2025
Աստծո ծրագիրը հավերժական ընտանիքի համար
Դեկտեմբեր 2025 Լիահոնա


«Աստծո ծրագիրը հավերժական ընտանիքի համար», Լիահոնա, դեկտեմբեր 2025

Լիահոնա ամսագրի ուղերձ, դեկտեմբեր 2025

Աստծո ծրագիրը հավերժական ընտանիքի համար

Ընտանիքները, որոնք ընդունում են Աստծո ծրագիրը, սիրում են՝ ինչպես Փրկիչը սիրեց, և մեծարում են իրենց ուխտերը, մի օր կժառանգեն «հավերժական կյանքի օրհնություններն ու երջանկության լրիվությունը»։

Սան Պաոլոյի (Բրազիլիա) տաճարի լուսանկար

Իմ լիաժամկետ միսիայի ավարտին մոտ ես ուրախությամբ ստացա իմ անձնական օժտումը և կնքվեցի ծնողներիս հետ Սան Պաոլոյի (Բրազիլիա) տաճարում։

Իմ ծնողները՝ Ապարեսիդոն և Մերսեդեսը, տարբեր կրոնական հիմքեր ունեին, սակայն նրանց կյանքի փորձառությունները պատրաստեցին նրանց ընդունելու վերականգնված ավետարանը։

Իմ հայրը մեծացել էր լավ ընտանիքում, բայց ոչ կրոնասեր։ Այնուամենայնիվ, երիտասարդ տարիքում նա սկսեց հետաքրքրվել կրոնով։ Նա կարդում էր Աստվածաշունչը, հաճախում էր Աստվածաշնչի ուսումնասիրության դասերի և ուսումնասիրում էր Հիսուս Քրիստոսի կյանքը։ Ուսումնասիրությունները մեծ հետաքրքրություն առաջացրին նրա մեջ՝ թե՛ Փրկչի ավետարանի, թե՛ ընտանիքի հանդեպ՝ նրա մեջ մեծ ցանկություն առաջացնելով ամուսնանալ նման աշխարհայացք ունեցող մեկի հետ։

Ի տարբերություն հորս, մայրս մեծացել էր մի շատ աստվածավախ ընտանիքում։ Նրանք ընդունեցին ավետարանի սկզբունքները, հաճախում էին եկեղեցու ժողովներին և հավատարմորեն ապրում իրենց հավատքով։ Մեծանալով նման միջավայրում՝ մայրս դարձավ այնպիսի մարդ, որը երբեք բաց չէր թողնում եկեղեցու ժողովները։

Շուտով, երբ ծնողներս ամուսնացան և երեք եղբայրներս և ես լույս աշխարհ եկանք, նրանք գործադրեցին իրենց բոլոր ջանքերը՝ մեծացնելու մեզ ավետարանի սկզբունքների իրենց գիտելիքների լույսի ներքո։ Մի օր իմ մորաքույրը, որը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու պասիվ անդամ էր, ասաց հորս․ «Դու չորս տղա ունես, սիրելիս։ Եթե իրոք ցանկանում ես ընտանիք կառուցել, որի հիմքում կլինի Քրիստոսը և Աստված կլինի քո ընտանիքում, պետք է հաճախեք իմ Եկեղեցի»։

Հայրս լսեց նրան, բայց ոչինչ չձեռնարկեց, մինչև լիաժամկետ միսիոներները եկան մեր թաղամաս, ծեծեցին մեր տան դուռը և սկսեցին ուսուցանել մեզ։ Նա արագ հասկացավ, որ նրանք ներկայացնում էին այն եկեղեցին, որն իմ մորաքույրն էր խորհուրդ տվել։

Լույս և ճշմարտություն

Սկզբունքներից մեկը, որն ի սկզբանե հետաքրքրել էր ծնողներիս Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանում, այն կարևոր դերն է, որը Եկեղեցին տալիս է ընտանիքին և այն ուսմունքը, որ «փրկության և վեհացման աշխատանքի մեծ մասն իրականացվում է ընտանիքների միջոցով»։ Նախքան մկրտվելը՝ իմ ծնողներն այնքան տպավորված էին իրենց սովորածով, որ հրավիրեցին հարևաններին միանալ իրենց միսիոներական դասերին։

Երեց Սոարեսի ծնողների լուսանկարները

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի նշանակալից ուղերձներից մեկը, որն ի սկզբանե հետաքրքրեց ծնողներիս, այն կարևորությունն է, որ Եկեղեցին տալիս է ընտանիքներին։

Միսիոներների հետ հանդիպելու և մկրտությունից հետո ավետարանը ուսումնասիրելու ընթացքում ծնողներս սովորեցին ուղիներ՝ «մեծացնելու [իրենց] երեխաներին լույսի և ճշմարտության մեջ», նաև՝ ինչպես հոգևորապես «կարգի բերել [իրենց] սեփական տունը» (Վարդապետություն և Ուխտեր 93.40, 43):

Նրանք սովորեցին, որ «ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար», և որ «ընտանեկան կյանքում երջանկության հասնելու ամենամեծ հավանականությունն այն դեպքում է, երբ ընտանիքը հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքների վրա»։

Նրանք սովորեցին, որ «հաջողակ ամուսնություններն ու ընտանիքները հիմնվում են և պահպանվում հավատի, աղոթքի, ապաշխարության, ներողամտության, հարգանքի, սիրո, կարեկցանքի, աշխատանքի և առողջ ու ստեղծարար միջոցառումների սկզբունքներով»:

Նրանք նաև սովորեցին, որ ընտանիքները կարող են լինել հավերժական և, որ «միևնույն հարաբերությունները, որոնք այստեղ գոյություն ունեն մեր մեջ, այնտեղ ևս գոյություն կունենան մեր մեջ, միայն թե դրանք կզուգակցվեն հավերժական փառքով» (Վարդապետություն և Ուխտեր 130.2

Սովորեցին, որ «եկեղեցում յուրաքանչյուր ուսուցման վերջնանպատակն է, որ ծնողներն ու երեխաները երջանիկ լինեն տանը, կնքված հավերժական ամուսնությամբ և կապված լինեն իրենց սերունդներին»։

Այս գիտելիքները ցանկություն առաջացրին նրանց մեջ՝ կնքվելու որպես հավերժական ընտանիք։

Նայեք դեպի հավերժություն

Մկրտությունից հետո ծնողներս կիրառում էին այն, ինչ սովորել էին՝ աշխարհիկ կյանքից տեղափոխվելով դեպի ավետարանի արքայություն։ Նրանք աշխատում էին միավորել մեր ընտանիքը՝ ընտանեկան երեկոների և սուրբ գրությունների ուսումնասիրության, հավատարմությամբ եկեղեցի հաճախելու և ընտանեկան պատմության աշխատանքի միջոցով։ Միասնությանն ուղղված այդ ջանքերով նրանք հույս ունեին ստեղծել փրկության ծրագրի վրա հիմնված ընտանիք՝ հայացքը դեպի հավերժություն։

1965 թվականին, երբ ծնողներս մկրտվեցին, Սան Պաոլոյին (Բրազիլիա) ամենամոտ տաճարը գտնվում էր Մեսայում (Արիզոնա)՝ մոտ 6,000 մղոն (9,650 կմ) հեռավորության վրա։ Ճանապարհորդելը չափազանց թանկ էր մեր ընտանիքի համար, ուստի ծնողներս պետք է սպասեին 1978 թվականին Սան Պաոլոյի (Բարզիլիա) տաճարի նվիրագործմանը, որպեսզի ստանային իրենց տաճարային արարողություններն ու կնքվեին։ Այդ ժամանակ ես միսիա էի ծառայում Ռիո դե Ժանեյրոյում։

1980 թվականի փետրվարին՝ իմ միսիայի ավարտից մոտ երկու ամիս առաջ, միսիայի նախագահը թույլ տվեց ինձ և իմ զուգընկերոջը Ռիո դե Ժանեյրոյի ցցի անդամների հետ ճանապարհորդել դեպի Սան Պաոլո, որպեսզի ես կարողանայի ստանալ իմ օժտումը և կնքվեի ծնողներիս հետ։ Ծնողներիս նման ես տարիներով սպասել էի, որպեսզի ձեռք բերեի տաճարային արարողությունների և ուխտերի խոստացված օրհնությունները։

Այդ փորձառությունը փոխեց իմ ապագայի տեսլականը և տվեց նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի խոսքերի ճշմարտացիության առաջին նշանը․ «Տաճարում անցկացրած ժամանակը կօգնի ձեզ ունենալ սելեստիալ մտածելակերպ և պատկերացում կազմել այն մասին, թե ով եք դուք իրականում, ով կարող եք դառնալ և ինչպիսի կյանք կարող եք ունենալ հավերժության մեջ»։

Տաճարում անցկացրած այդ կարճ ընթացքը խոր ազդեցություն թողեց իմ միսիոներական ծառայության մնացած ժամանակի վրա։ Այդ նոր տեսլականով՝ տաճարի և ընտանիքների համար Աստծո ծրագրի մասին վկայելը փոխեց իմ կյանքը։

Երբ ես և կինս՝ Ռոսանան, ամուսնացանք իմ միսիայի ավարտից երկու տարի անց, կնքվեցինք տաճարում՝ մեր սեփական հավերժական ընտանիքը ստեղծելու հույսով։ Դրա համար մենք աշխատեցինք միասին՝ ստեղծելու ընտանեկան ավանդություններ, որոնք նման էին մեր ծնողների սովորեցրածին՝ բոլորը կենտրոնացված Փրկչի, նրա ուսմունքների և նրա ժամանակակից մարգարեների վրա։

Այսօր մեր երեխաները մեծացնում են իրենց երեխաներին նույն ավետարանի ուրախության սկզբունքներով։ Մեզ համար ընտանիքն ամեն ինչ է, քանի որ մենք հասկանում ենք, որ այն Աստծո ծրագրի կիզակետում է։

Որպես բարձրագույն իշխանություն, ես հնարավորություն եմ ունեցել տաճարում կնքելու իմ երեք երեխաներին իրենց ամուսինների հետ։ Գեղեցիկ փորձառություն էր տեսնել, թե ինչպես են նրանք ծնկի իջնում տաճարի զոհասեղանի մոտ։ Ես տեսնում էի, թե ինչպես են իմ հետնորդները օրհնվում նույն ավետարանի սկզբունքներով, որոնք ծնողներս սովորեցրել էին ինձ, և որոնք ես և Ռոսանան սովորեցրել էինք նրանց։ Ես տեսնում էի, թե ինչպես են այդ օրհնությունները շարունակվում ապագա սերունդներում։ Այս փորձառությունն ինձ հիշեցրեց, թե ում միջոցով է այդ ամենը հնարավոր դառնում։

Սուրբ Ծննդյան տարբեր դրվագներ դարակների վրա

Հիշեցում Սուրբ Ծնունդի մասին

Ընտանիքն ամենակարևոր դերն ունի Աստծո երջանկության ծրագրում, սակայն առանց Փրկիչ Հիսուս Քրիստոսի այդ ծրագիրը անհնար կլիներ։ Իր Քավության, արարողությունների և ուխտերի շնորհիվ, որը կազմում է Նրա ավետարանի մի մասը, վեհացման խոստումը հնարավոր է դառնում։

Նախագահ Նելսոնը հայտարարել է․ «Վեհացումն ընտանեկան հարց է։ Միայն Հիսուս Քրիստոսի ավետարանի փրկարար արարողությունների միջոցով կարող են ընտանիքները վեհացվել։ Վերջաբանը, որին մենք ձգտում ենք, այն է, որ մենք դառնանք երջանիկ ընտանիք՝ օժտված, կնքված և պատրաստ՝ Աստծո ներկայությունում հավերժական կյանքի համար»:

Երբ այցելում եմ վայրեր, որտեղ անցյալում երբեք չեմ եղել, փորձում եմ գտնել Քրիստոսի ծննդյան մի փոքր դրվագ, որը ինձ և Ռոսանային հիշեցնում է Փրկչի մասին։ Ես բավականին մեծ հավաքածու եմ ձեռք բերել։

Այդ համեստ Սուրբ Ծննդյան տեսարաններին նայելով՝ ես և կինս մի անգամ խորհում էինք․ «Ի՞նչն է ամենակարևորը մեր կյանքում»։ Պատասխանն, ակնհայտորեն, Փրկիչն է, նրա ավետարանը և մեր ընտանիքը։ Մի քանի տարի առաջ՝ Սուրբ Ծննդյան տոներին, մենք դրեցինք Քրիստոսի ծննդյան արձանիկները մեր տան երկու մեծ դարակների վրա և տոներից հետո չհեռացրինք դրանք, որպեսզի հիշեցնեն մեզ մեր հանդեպ Երկնային Հոր սիրո մասին, և որ Փրկչի միջոցով է, որ հավերժական ընտանիքների խոստումը հնարավոր է դառնում։ Այդ ընտանեկան ավանդույթն օգնում է մեզ մեր սրտերում պահել Սուրբ Ծննդյան ոգին ամբողջ տարվա ընթացքում։

Ամեն օր այդ արձանիկները մեզ քնքշորեն հիշեցնում են մեր կյանքում Փրկչի առանցքային դերի մասին։ Նրանք հիշեցնում են մեզ, որ խաղաղությունն այս կյանքում (Ղուկաս 2.14) և հավերժական երջանկությունը՝ հաջորդ կյանքում կախված են Փրկչից և նրա հետ կապած մեր ուխտերը պատվելուց։ Այդ դրվագները հիշեցնում են մեզ, «որ նա եկավ աշխարհ, այսինքն՝ Հիսուսը, աշխարհի համար խաչվելու, աշխարհի մեղքերը կրելու, աշխարհը սրբագործելու, և այն անիրավությունից մաքրելու համար»,

«Որ նրա միջոցով կարողանան փրկվել բոլորը, ում Հայրը դրել է նրա զորության ներքո և նրանով արարել է» (Վարդապետություն և Ուխտեր 76.41-42):

Ինչպես մենք սովորել ենք այս ճշմարտությունները մեր ծնողներից, ես և Ռոսանան ջանք ենք գործադրել փոխանցելու դրանք մեր երեխաներին։ Հիմա մեր երեխաներն են ուսուցանում այս նույն սկզբունքները իրենց երեխաներին։ Այն սերմերը, որոնք սերմանվել էին իմ ծնողների սրտերում 60 տարի առաջ Բրազիլիայի մեր տանը, բողբոջել և պտուղ են տվել, «որն ամենաթանկարժեքն է, որը քաղցր է այն ամենից ինչ քաղցր է, և որը ճերմակ է այն ամենից, այո, և մաքուր է այն ամենից ինչ մաքուր է» (Ալմա 32.42

Ես վկայում եմ, որ նրանք, ովքեր ընդունում են Աստծո ծրագիրն ընտանիքների համար, սիրում են՝ ինչպես Փրկիչը սիրեց և մեծարում են իրենց ուխտերը, մի օր կժառանգեն «հավերժական կյանքի օրհնություններն ու երջանկության լրիվությունը» իրենց սիրելիների հետ և Հոր և Որդու հետ։