2025
Աստված ով չէ
Օգոստոս 2025


Ամենամսյա Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի ուղերձ, օգոստոս 2025

Աստված ով չէ

5 ճշմարտություն մեր Երկնային Հոր մասին

Մենք շատ բան կարող ենք սովորել այն մասին, թե ով է Աստված, երբ հասկանանք, թե Նա ով չէ։

ներկ և վրձին

Նկարը՝ Կամիլա Գրեյի

Վերականգնման ամենամեծ օրհնություններից մեկն այն է, որ Աստված կրկին հայտնել է Իրեն և Իր բնավորությունը՝ որպես սիրող Երկնային Հայր։ Բայց երբեմն մենք այնպիսի մտքեր կամ պատկերացումներ ունենք Աստծո մասին, որոնք պարզապես ճշմարիտ չեն։ Երբ դա տեղի է ունենում, մենք շատ բան կարող ենք սովորել այն մասին, թե ով է Աստված՝ հասկանալով, թե Նա ով չէ։

Աստված շատ հեռու գահին նստած ինչ-որ անծանոթ անձ չէ։

Նա մեր Հայրն է, ավելի հրաշալի, քան նույնիսկ լավագույն երկրային հայրը, որը կարող եք պատկերացնել։ Չնայած մենք չենք կարող հիշել մեր նախաերկրային կյանքը Նրա հետ, Նա մեզ ճանաչում է անհատապես և կատարելապես։ Նա ունի մսից ու ոսկորից կատարյալ մարմին, և մենք Նրա պատկերով ենք։

Եթե դժվարանում եք պատկերացնել, թե ինչպիսին է Աստված, կա մի կատարյալ օրինակ՝ Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ Հիսուսն ասել է․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ ճանաչած կլինեիք» (Հովհաննես 14․6–7): Այլ կերպ ասած, եթե մենք ուզում ենք իմանալ, թե ինչպիսին է Երկնային Հայրը, կարող ենք իմանալ, թե ինչպիսին է Հիսուս Քրիստոսը։ Նրանք կատարելապես միավորված են նպատակի շուրջ։

Աստված ինչ-որ անձ չէ, որը ձեզ համար չափազանց զբաղված է։

Իրականում, օգնելը, որ դուք հավիտենական կյանք ունենաք՝ Նրա գործն է և Նրա փառքը։ Դուք Նրա թիվ 1 ուշադրության կենտրոնում եք։ Նա ժամանակով սահմանափակված չէ, ինչպես մենք։ Դիմեք Նրան աղոթքով ցանկացած պահի։ Ապա լսեք, թե ինչպես է Նա պատասխանում բազմաթիվ ձևերով։

Աստված ինչ-որ անձ չէ, որը ստիպում է ձեզ հետևել Իրեն։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ․ Ռենլանդը մի անգամ ուսուցանել է․ «Մեր Երկնային Հոր նպատակը ծնողավարման հարցում այն չէ, որ Իր զավակներն անեն այն, ինչը ճիշտ է, այլ որ Իր զավակներն ընտրեն անել այն, ինչը ճիշտ է և, ի վերջո, դառնան Իր նման»։ Նա կհրավիրի ձեզ, կխորհրդակցի ձեզ հետ և կսովորեցնի ճշմարտությունը, բայց չի զրկի ձեզ ազատ կամքից՝ ստիպելով հետևել Իրեն։

Աստված ինչ-որ անձ չէ, որը փորձում է բռնել ձեզ ինչ-որ սխալ բան անելիս, որպեսզի կարողանա պատժել ձեզ։

Փոխարենը, ինչպես ասաց Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Պատրիկ Քիրոնը. «Աստված անընդհատ հետևում է ձեզ», ինչը նշանակում է, որ Նա երբեք չի դադարի Իր փորձերը՝ օգնելու ձեզ վերադառնալ Իր մոտ։ Նա գիտի, որ մենք բոլորս բնականաբար դժվարությունների կհանդիպենք, երբ սխալներ թույլ տանք։ Այսպիսով, Նա մեզ համար միջոց է տրամադրում մաքրվելու մեղքից և ուժ գտնելու Իր Որդու Քավության միջոցով։

Աստված ինչ-որ անձ չէ, որը սպասում է, որ դուք «բավարար» կամ «կատարյալ» լինեք, որ Նա ձեզ սիրի։

Նրա սերը ձեր հանդեպ անսահման է: Նա սիրում է ձեզ հենց հիմա, որքան էլ անկատար լինեք։ Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը զորեղ պարզաբանում է տալիս այս ճշմարտության վերաբերյալ․ «Եկեք այնպիսին, ինչպիսին կաք», - սիրող Հայրն ասում է մեզանից յուրաքանչյուրին, բայց ավելացնում է. «Մի պատրաստվեք մնալ այնպիսին, ինչպիսին կաք»: Մենք ժպտում ենք և հիշում, որ Աստված վճռական է, որ մեզ դարձնի ավելին, քան մենք պատկերացնում ենք, որ կարող ենք լինել»: Կատարյալ սիրով և խրախուսանքով Երկնային Հայրը փորձում է օգնել ձեզ դառնալ Իր նման և ստանալ այն ամենը, ինչ Նա ունի՝ քայլ առ քայլ։

Աստված ով է

Երկնային Հորը ճանաչելու լավագույն միջոցը Նրա հետ շարունակական փորձառություններ ունենալն է։ Ինչպե՞ս։ Սովորեք Նրա և Նրա Որդու մասին սուրբ գրություններից և ապրող մարգարեների խոսքերից։ Աղոթեք Նրան: Պահեք Նրա պատվիրանները: Անցկացրեք հանգիստ, անձնական ժամանակ՝ երկրպագելով Նրան եկեղեցում, տաճարում և այլ սուրբ վայրերում։ Նրա հետ ուխտեր կապեք և պահեք դրանք: Նա կօգնի ձեզ իմանալ, թե ով է Նա և ինչ է զգում ձեր հանդեպ։