«Մեր կյանքի ճշմարտությունը», Լիահոնա, օգոստոս 2025։
Ամենամսյա Լիահոնայի ուղերձ, օգոստոս 2025
Մեր կյանքի ճշմարտությունը
Մեր Երկնային Հայրը հայտնել է ճշմարտություններ մեր անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ, այդ թվում՝ թե ինչպես ստանալ բոլոր պարգևներից մեծագույնը։
1833 թ․ հունվարի 22-ին, Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաքում գտնվող Նյուել Ք. Վիթնիի խանութի վերևում գտնվող փոքրիկ, խիտ լցված սենյակում, Եկեղեցու երեցները հավաքվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ։ Նախորդ տարվա դեկտեմբերին Ջոզեֆը հայտնություն էր ստացել, որը նրան հրահանգում էր դպրոց հիմնել, որը հիմնականում կծառայեր եղբայրներին միսիայի պատրաստելու համար։
«Եվ ես ձեզ տալիս եմ պատվիրան,— Տերը հայտարարել էր, —որ դուք միմյանց պետք է ուսուցանեք արքայության վարդապետությունը։
Ուսուցանեք ջանասիրաբար, և իմ շնորհը կուղեկցի ձեզ, որպեսզի դուք ավելի կատարյալ ձևով հրահանգվեք ավետարանի տեսության, սկզբունքի, վարդապետության և օրենքի մեջ, բոլոր բաներում, որոնք վերաբերում են Աստծո արքայությանը, որոնք նպատակահարմար է, որ դուք հասկանաք. …
Որպեսզի դուք կարողանաք պատրաստ լինել բոլոր բաներում, երբ որ ես կրկին ուղարկեմ ձեզ՝ մեծարելու կոչումը, որին կանչել եմ ձեզ, և առաքելությունը, որով լիազորել եմ ձեզ» (Վարդապետություն և Ուխտեր 88․77–78, 80):
Այս «Մարգարեների դպրոցը», ինչպես այն կոչվում էր, հրաշալի հոգևոր փորձառություններ ապահովեց։ Եկեղեցու վաղ շրջանի շատ առաջնորդներ այնտեղ էին ուսուցանվել։ Այսօր աշխարհը բոլորովին այլ վայր է, բայց Տիրոջ տված առաջնորդությունը դեռևս աներևակայելիորեն կիրառելի է։ Մենք նույնպես պետք է փնտրենք ճշմարտություն և «գիտություն բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն» (Վարդապետություն և Ուխտեր 93․24)։
Ճշմարտության մեր որոնումները
Այս դարաշրջանում, որում ապրում ենք, մեզ ավելի շատ գիտելիքներ են հասանելի, քան երբևէ։ Անցյալում, եթե ուզում էիր ինչ-որ բան իմանալ, պետք է գնայիր գրադարան և փնտրեիր այն։ Այսօր համացանցը և էլեկտրոնային սարքերը գրեթե անվերջ տեղեկատվություն են հասանելի դարձնում, որը մենք կարող ենք գտնել անմիջապես։
Տերը գոհ է, երբ մենք իմաստուն կերպով օգտագործում ենք մեզ հասանելի ռեսուրսները, բայց Նա տվել է այս հավերժական խորհուրդը. «Ջանասիրաբար փնտրեք և իմաստության խոսքեր ուսուցանեք միմյանց. այո, իմաստության խոսքեր փնտրեք լավագույն գրքերից, ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (Վարդապետություն և Ուխտեր 88․118)։ Նա մեզ խրախուսում է ուսումնասիրել մեզ շրջապատող աշխարհը (տես Վարդապետություն և Ուխտեր 88․79, 93․53), բայց ճշմարտության մեր որոնման մեջ մենք պետք է նայենք Աստծուն, որը «ըմբռնում է բոլոր բաները, և բոլոր բաները նրա առջև են, … և նա բոլոր բաներից վեր է, … և բոլոր բաները նրանով են և նրանից» (Վարդապետություն և Ուխտեր 88․41):
Աստծո մեզ տված ճշմարտությունների շարքում մեր երկրային կյանքի համար ամենակարևորներից մեկն այն է, որ Նա մեր Երկնային Հայրն է։ Մենք Նրա հոգևոր որդիներն ու դուստրերն ենք: Նա ճանաչում և սիրում է մեզ կատարելապես։ Եվ որպես Նրա հոգևոր զավակներ՝ մենք ունենք աստվածային էություն և ճակատագիր: Այս հավերժական ճշմարտությունները հասկանալն ու ընդունելը մեզ տալիս է ինքնություն, արժեք և նպատակ, որը օրհնել և ուղղորդել է մեզ մեր նախաերկրային կյանքում և կշարունակի այդպես անել այժմ և հավիտյան։
Մենք Հոր հետ էինք սկզբում
Երբ մենք փնտրում ենք ճշմարտությունը բաների մասին «ինչպես որ կային», մենք բացահայտում ենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի այս խոսքերը. «Եվ արդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Ես սկզբում Հոր մոտ էի, և Անդրանիկն եմ», և «դուք նույնպես սկզբում Հոր մոտ էիք» (Վարդապետություն և Ուխտեր 93․21, 23):
Մեր երկրային կյանքից առաջ մենք մասնակցեցինք երկնքում մի խորհրդի, որտեղ մեր Երկնային Հայրը ներկայացրեց Իր երջանկության մեծ ծրագիրը։ Մարգարե Ջոզեֆ Սմիթը սովորեցրել է, որ Աստծո ծրագրի դրդապատճառն այն է, որ մեզ «շնորհի արտոնություն՝ առաջադիմելու իր նման [և] … բարձրանալու իր հետ»։ Նրա գործը և փառքն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39)։
Մենք գործադրեցինք մեր ազատ կամքը և ընտրեցինք հետևել Երկնային Հոր ծրագրին։ Մենք օրհնված ենք ծնվել այս կյանքում, որտեղ շարունակում ենք ունենալ կամքի ազատություն և կարող ենք ապրել մահկանացու կյանքը, սովորել և առաջադիմել դեպի հավերժական կյանք։
Մեր մահկանացու ճամփորդության ընթացքում մենք կհանդիպենք դժվարությունների և անհաջողությունների։ Բայց կարիք չկա, որ մենք միայնակ դիմակայենք կյանքի դժվարություններին։ Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Երկնային Հայրը՝ «տիեզերքի Մեծ Ծնողը[,] նայում է ողջ մարդկային ընտանիքին հայրական հոգատարությամբ և ծնողական ուշադրությամբ»:
Մեր Երկնային Հայրը՝ «Հայրը գթությունների և Աստված ամեն մխիթարության», կօրհնի մեզ, կբարձրացնի մեզ և կմխիթարի մեզ «մեր բոլոր նեղությունների մեջ որպեսզի մենք էլ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր ամեն տեսակ նեղության մեջ են, ա՛յն մխիթարությամբ, որով մենք մխիթարվում ենք Աստծուց» (Բ Կորնթացիներին 1․3–4)։ Որպես Իր ծրագրի էական մաս, Երկնային Հայրը մեզ համար ապահովել է Իր մոտ վերադառնալու ուղին։
Մեր Հոր մոտ գնալու ճանապարհը
Ճշմարտությունը «բաների մասին, ինչպես դրանք իրականում կան» (Հակոբ 4․13) հստակ է. մենք չենք կարող միայնակ հասնել մեր ողջ ներուժին՝ որպես մեր Երկնային Հոր զավակներ։ Հիսուս Քրիստոսը՝ Հոր Անդրանիկ Որդին հոգով, ուխտեց լինել մեր Փրկիչն ու Քավիչը։
Հիսուս Քրիստոսը՝ «Հոր Միած[ինը], շնորհով և ճշմարտությամբ լի, այսինքն՝ ճշմարտության Հոգին, որը եկավ ու բնակվեց մարմնում և բնակվեց մեր մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 93․11): Նա եկավ մեզ ցույց տալու այս կյանքում և հավերժության մեջ երջանկություն, իմաստ և ուրախություն գտնելու ճանապարհը։
«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։
Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի» (Հովհաննես 3.16–17):
Փրկչի երկրային փորձառությունը կարևոր է։ Նա «լիությունը չստացավ սկզբում, այլ ստացավ շնորհ՝ շնորհի տեղ» (Վարդապետություն և Ուխտեր 93․12): Նա մեծացավ մինչև «ստացավ Հոր փառքի լիությունը» և «ողջ զորությունը և՛ երկնքում, և՛ երկրի վրա, և Հոր փառքը նրա հետ էր, քանզի նա բնակվում էր նրանում» (Վարդապետություն և Ուխտեր 93․16–17): Փրկիչն ուսուցանել է․
«Ես տալիս եմ ձեզ այս խոսքերը, որ կարողանաք հասկանալ և իմանալ, թե ինչպես պիտի երկրպագեք, և իմանաք, թե ում եք երկրպագում, որ կարողանաք գալ Հոր մոտ, իմ անունով, և իր ժամանակին ստանաք նրա լիությունը:
Քանզի եթե դուք պահեք իմ պատվիրանները, դուք կստանաք նրա լիությունը, և կփառավորվեք ինձանով, ինչպես որ ես եմ փառավորվել Հորով. հետևաբար, ես ասում եմ ձեզ, որ դուք կստանաք շնորհ՝ շնորհի տեղ» (Վարդապետություն և Ուխտեր 93․19–20):
Գեթսեմանիի այգում և խաչի վրա Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, կրեց բոլոր վշտերը, «ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի» (Ալմա 7.11): Դա «ստիպեց [Նրան], … բոլորից մեծագույնին, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից» (Վարդապետություն և Ուխտեր 19.18)։ Միայն Հիսուս Քրիստոսի, Նրա Քավության և Հարության միջոցով են հնարավոր փրկությունն ու վեհացումը։
Փրկչի շնորհի և քավող զոհաբերության միջոցով մենք կարող ենք աճել մինչև լիություն ստանալը և մի օր կարող ենք կատարելության հասնել։ Եթե մենք հետևենք Փրկչի օրինակին և հնազանդվենք Նրա պատվիրաններին, Նա կառաջնորդի և կուղեկցի մեզ մեր Երկնային Հոր փառահեղ ներկայության վերադարձի ճանապարհին։
Քրիստոսը Երուսաղեմի ճանապարհին, Մայքլ Քոլման, չպատճենել
Դուք կընդունե՞ք Նրա պարգևը
Ճշմարտությունների շարքում այն «բաների մասին, ինչպես դրանք իրականում լինելու են» (Հակոբ 4․13), մենք սովորում ենք, որ մեր հավերժության փորձը կորոշվի Հիսուս Քրիստոսին հետևելու և Նրա առաջարկած պարգևները ստանալու մեր ընտրությամբ։ Սուրբ գրությունները սովորեցնում են, որ մենք «[կ]վայելե[նք] այն, ինչը [մենք] կամենում են[ք] ստանալ»։ Դժբախտաբար, ոմանք չեն «կամեն[ա] վայելել այն, ինչ կարող էին ստանալ» (Վարդապետություն և Ուխտեր 88․32):
Իմ միսիայի նախագահը՝ երեց Մերիոն Դ․ Հենքսը (1921–2011), որը ծառայել է որպես Բարձրագույն իշխանություն յոթանասունական, իր միսիոներներին սովորեցրել է, որ խնդրել այն, ինչ մենք պատրաստ ենք ստանալ և վայելել, այն միջոցն է, որով մենք կարող ենք գնահատել, թե որտեղ ենք գտնվում մեր հոգևոր ճամփորդության մեջ։ «Քանզի ի՞նչ օգուտ մարդուն, եթե նրան պարգև է տրվում, և նա չի ընդունում այդ պարգևը»: Երբ ընդունենք Փրկչի պարգևները՝ Նրան անկեղծորեն փնտրելով և հետևելով, մենք կուրախանանք հավերժական կյանքի հույսով և «այդ պարգևը տվող[ով]» (Վարդապետություն և Ուխտեր 88․33): Շատ սիրով տրված այս պարգևը «մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից» (Վարդապետություն և Ուխտեր 14.7):
Աստված մեր Երկնային Հայրն է։ Նա ճանաչում և սիրում է մեզ։ Երբ մենք դիմում ենք Նրան՝ ճշմարտության մեր որոնումներում, մենք կարող ենք կառչել բանականությունից, ստանալ իմաստություն, ընդունել ճշմարտությունը, սիրել առաքինությունը և կառչել Նրանից եկող լույսից (տես Վարդապետություն և Ուխտեր 88․40): Այնուհետև մենք առաջ ենք շարժվում մեր ողջ կյանքի ընթացքում, մինչև «օրը կգա, երբ [մենք] կըմբռնե[ն]ք նույնիսկ Աստծուն՝ կենդանացված լինելով նրանով և նրա կողմից (Վարդապետություն և Ուխտեր 88․49):
Դա կլինի ամենափառահեղ և ուրախ օրը։
© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Liahona Message, August 2025-ի թարգմանությունը։ Armenian. 19613 201