«Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին՝ Նրան միանալով Իր աշխատանքում», Լիահոնա, հունիս 2025։
Լիահոնայի ամենամսյա ուղերձ, հունիս 2025
Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին՝ Նրան միանալով Իր աշխատանքում
Մենք մասնակցում ենք Փրկչի աշխատանքին, երբ կենտրոնանում ենք Նրա նպատակների վրա, պահում Նրա պատվիրանները և սիրում ենք միմյանց:
Դրվագ կտավից՝ Քրիստոսը և հարուստ երիտասարդ իշխանը, Հեյնրիխ Հոֆման
Երբ մկրտվում ենք, մենք սկսում ենք Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու գործընթացը: Այս գործընթացի մի մասը նշանակում է, որ մենք միանում ենք Փրկչին Նրա աշխատանքում: Նախագահ Դալլին Հ. Օուքսը՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդականը, գրել է. «Քրիստոսի անունը մեզ վրա վերցնելու ամենակարևոր իմաստներից մեկը Փրկչի և Նրա արքայության աշխատանքը մեզ վրա վերցնելու պատրաստակամությունն ու պարտավորությունն է»:
Փրկչի գործն է՝ «իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39): Անմահությունը անվերապահ պարգև է, որը Հիսուս Քրիստոսն արդեն երաշխավորել է Իր Հարության միջոցով: Հավիտենական կյանքը, սակայն, նույնը չէ, ինչ անմահությունը: Հավերժական կյանքը մեծագույն պարգևն է, որ Աստված կարող է տալ մարդկությանը (տես Վարդապետություն և Ուխտեր 14.7): Դա հավիտյան ապրելն է Նրա ներկայության մեջ՝ որպես ընտանիքներ: Որպեսզի մենք հավերժական կյանք ստանանք, պետք է դառնանք Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտները: Սա նշանակում է, որ մենք ստանում ենք վերականգնված ավետարանը՝ հավատալով Փրկչին և Նրա Քավությանը, ապաշխարելով, մկրտվելով, Սուրբ Հոգու պարգևը ստանալով, տաճարային ուխտեր կապելով և պահելով, նաև մինչև վերջ համբերելով: Մինչև վերջ համբերելը ներառում է Փրկչին միանալը Նրա աշխատանքում:
Ջերմեռանդ ներգրավված լինել
Մենք մասնակցում ենք Փրկչի աշխատանքին, երբ օգնում ենք Աստծո զավակներին դառնալ նաև Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտները: Սա ներառում է Նրա ավետարանով կիսվելը, և դրանով իսկ ցրված Իսրայելը հավաքելը՝ Փրկչի Եկեղեցում պարտականություններ կատարելով և Նրա նման դառնալու ձգտումով: Մեր «հաջողությունը [Նրա աշխատանքում] կախված չէ նրանից, թե ուրիշներն ինչպես են պատասխանում [մեզ], [մեր] առաջարկներին կամ [մեր] անկեղծ բարի գործերին»: Նախագահ Նելսոնը հաստատել է․ «Ամեն անգամ, երբ դուք անում եք ինչ-որ բան, որն օգնում է վարագույրի երկու կողմերում գտնվող որևէ մեկին քայլ կատարել՝ Աստծո հետ ուխտեր կապելու և մկրտություն ու տաճարային արարողություններ ստանալու ուղղությամբ, դուք օգնում եք Իսրայելի հավաքմանը։
Փրկչի աշխատանքը մեր աշխատանքը դարձնելու համար մենք կենտրոնանում ենք Նրա նպատակների վրա, պահում Նրա պատվիրանները և սիրում ենք միմյանց: Մինչ մենք կատարում ենք Նրա գործը Իր ձևով (տես Վարդապետություն և Ուխտեր 51․2), որոշ բաներ մնում են, որ մենք ինքնուրույն հասկանանք: Փրկիչն ասաց Սրբերին, որոնք հավաքվել էին Ջեկսոն գավառում (Միսսուրի)․
«Քանզի ահա, լավ չէ, որ ես պատվիրեմ բոլոր բաներում. քանզի ով հարկադրվում է բոլոր բաների մեջ, նա ծույլ է և իմաստուն ծառա չէ. ուստի նա վարձք չի ստանում:
Ճշմարիտ ասում եմ. Մարդիկ պետք է ջերմեռանդ ներգրավված լինեն բարի գործի մեջ, և շատ բաներ անեն իրենց իսկ ազատ կամքով, և շատ արդարություն գործեն.
Քանզի զորություն կա նրանց մեջ, որով նրանք գործակալն են իրենց կամքի: Եվ որքան որ մարդիկ բարիք գործեն, նրանք ոչ մի դեպքում չեն կորցնի իրենց վարձքը» (Վարդապետություն և Ուխտեր 58․26-28)։
Երբ մենք հետևում ենք Փրկչին, միանում Նրան Իր աշխատանքում և օգնում ուրիշներին դառնալ Նրա հավատարիմ աշակերտները, մենք ուսուցանում ենք այն, ինչ Նա կսովորեցներ: Քանի որ մենք իրավասու չենք ուսուցանելու որևէ այլ բան (տես Վարդապետություն և Ուխտեր 52․9, 36), մենք անշեղորեն կենտրոնանում ենք Նրա վարդապետության վրա (տես Վարդապետություն և Ուխտեր 68․25)։ Բացի այդ, մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում նրանց, ովքեր աղքատ են, կարիքավոր և խոցելի (տես Վարդապետություն և Ուխտեր 52․40)։ Այս շեշտադրումները պարզ դարձան, երբ Փրկիչը Նազարեթի ժողովարանում մեջբերեց Եսայու գրքից.
«Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու,
Տիրոջն ընդունելի տարին քարոզելու» (Ղուկաս 4.18-19, տես նաև Եսայի 61.1-2):
Տիրոջ ընդունելի տարին վերաբերում է այն ժամանակին, երբ Աստծո ուխտի բոլոր օրհնությունները կհավաքվեն Նրա ժողովրդի վրա: Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին՝ հրավիրելով ուրիշներին ստանալ Աստծո հետ ուխտեր կապելու և պահելու օրհնությունները և հոգալով նրանց համար, ովքեր աղքատ են կամ այլ կերպ կարիքի մեջ են:
Հիսուս Քրիստոսին Իր աշխատանքում միանալը ոգևորիչ է, քանի որ Նրա գործերը, ծրագրերը և նպատակները «չեն կարող խափանվել, ոչ էլ կարող են ոչնչանալ» (Վարդապետություն և Ուխտեր 3․1)։ Նրանց համար, ովքեր հուսահատված են, Տերը խորհուրդ է տվել. «Ուստի, մի ձանձրացեք բարին գործելուց, քանզի դուք դնում եք հիմքը մի մեծ գործի: Փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է» (Վարդապետություն և Ուխտեր 64.33): Մենք թույլ ենք տալիս, որ Տերը անհանգստանա բերքի համար, իսկ մենք պարզապես կատարում ենք մեր բաժինը:
Սիրտը և պատրաստակամ միտքը
Մեր բաժինը կատարելն ավելի պարզ է, քան մենք կարող ենք պատկերացնել, քանի որ մենք չպետք է արտասովոր տաղանդներ կամ կարողություններ ներդնենք Տիրոջ աշխատանքում: Նրա պահանջը պարզապես նվիրվածությունն ու պատրաստակամությունն է։ Տերն ասաց Սրբերին Կիրթլենդում (Օհայո). «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը» (Վարդապետություն և Ուխտեր 64.34): Աստված կարող է կամեցողին դարձնել ունակ, բայց չի կարող կամ չի դարձնի ունակին կամեցող: Այլ կերպ ասած, եթե մենք պարտավորված ենք և կամենում ենք, Նա կարող է օգտագործել մեզ: Բայց անկախ նրանից, թե որքան տաղանդավոր ենք մենք, Նա չի օգտագործի մեզ, եթե մենք հավատարիմ չլինենք Նրա աշխատանքին և պատրաստ չլինենք օգնել Նրան:
Սամուել և Աննա-Մարիա Կոիվիստոները դրսևորեցին և՛ նվիրվածություն, և՛ պատրաստակամություն: Իրենց ամուսնությունից անմիջապես հետո Կոիվիստոները Ֆինլանդիայի Յիվասկիլայից տեղափոխվեցին Գյոտեբորգ (Շվեդիա)՝ կարիերայի հնարավորություններ փնտրելու համար։ Ժամանելուց հետո եղբայր Կոիվիստոն հրավիրվեց այցելելու նախագահ Լեյֆ Գ. Մաթսոնին՝ Գյոտեբորգ Շվեդիա ցցի նախագահության խորհրդականին: Քանի որ Սամուելը շվեդերեն չէր խոսում, հարցազրույցն անցկացվեց անգլերենով։
Կարճ այցից հետո նախագահ Մաթսոնը խնդրեց Սամուելին ծառայել որպես ծխի միսիոներական ղեկավար Ուտբի ծխում: Սամուելը մատնանշեց ակնհայտը. «Բայց ես շվեդերեն չեմ խոսում»:
Նախագահ Մաթսոնը գլուխը խոնարհեց իր գրասեղանի վրա և ընդգծված հարցրեց. «Ես հարցրի՝ արդյո՞ք դուք կարող եք շվեդերեն խոսել, թե՞ պատրաստ եք ծառայել Տիրոջը»:
Սամուելը պատասխանեց. «Դուք հարցրիք՝ արդյո՞ք ես պատրաստ եմ ծառայել Տիրոջը: Այո, պատրաստ եմ»։
Սամուելը ընդունեց կոչումը։ Աննա-Մարիան նույնպես ընդունեց կոչումները։ Երկուսն էլ հավատարմորեն ծառայեցին և միաժամանակ սովորեցին գեղեցիկ շվեդերեն խոսել:
Տիրոջը ծառայելու պարտավորվածությունն ու պատրաստակամությունը բնութագրում են Սամուելի և Աննա-Մարիայի կյանքը: Նրանք սովորական հերոսներ են Եկեղեցում: Նրանք հավատարմորեն ծառայել են ամեն անգամ, երբ իրենց խնդրել են: Նրանք ինձ սովորեցրել են, որ երբ մենք ծառայում ենք, օգտագործում ենք մեր ունեցած տաղանդները (տես Վարդապետություն և Ուխտեր 60.13), և Տերն այնուհետև օգնում է մեզ իրականացնել Իր նպատակները:
Երբ մենք պատրաստ ենք ծառայելու, մենք ձգտում ենք չբողոքել և չտրտնջալ, քանի որ չենք ցանկանում որևէ կերպ արատավորել մեր ծառայությունը։ Բողոքը կարող է տատանվող պարտավորության նշան լինել, կամ, որ Փրկչի հանդեպ մեր սերն այնպիսին չէ, ինչպիսին պետք է լիներ: Չվերահսկված դժգոհությունը կարող է վերածվել Տիրոջ դեմ բացահայտ ապստամբության: Այս առաջընթացը երևում է Էզրա Բութի՝ Օհայոյի Եկեղեցու վաղ նորադարձի կյանքում, որը միսիոներ էր կանչվել Միսսուրիում:
Երբ Էզրան հեռանում էր Օհայոյից 1831թ. հունիսին, նա վրդովված էր, որ որոշ միսիոներներ կարողացան ճամփորդել սայլով, մինչ ինքը ստիպված էր քայլել ամառվա շոգին և քարոզել ճանապարհին: Նա տրտնջում էր։ Երբ ժամանեց Միսսուրի, նա իրեն հուսահատված էր զգում: Միսսուրին այն չէր, ինչ նա սպասում էր: Փոխարենը՝ նա նայեց շուրջը և նշեց, որ «հեռանկարը որոշ չափով մռայլ է»։
Էզրան ավելի ցինիկ, հեգնական և քննադատական էր դառնում։ Միսսուրիից հեռանալով, փոխանակ քարոզելու, ինչպես որ իրեն խնդրել էին, նա շատ արագ վերադարձավ Օհայո: Նրա սկզբնական դժգոհությունը վերածվեց երկմտանքի, և նա վերջապես կորցրեց վստահությունը իր նախկին հոգևոր փորձառությունների հանդեպ: Շուտով Էզրան հեռացավ Եկեղեցուց, և «ի վերջո «լքեց քրիստոնեությունն ու դարձավ ագնոստիկ»»։
Նույնը կարող է պատահել մեզ հետ, եթե ուշադիր չլինենք։ Եթե մենք չպահպանենք հավերժական հեռանկարը, հիշեցնելով ինքներս մեզ, թե իրականում ում գործն է սա, մենք կարող ենք բողոքել, տատանվել և, ի վերջո, կորցնել մեր ունեցած հավատը:
Ես աղոթում եմ, որ մենք կարողանանք ընտրել հետևել Հիսուս Քրիստոսին՝ միանալով Նրան Իր աշխատանքում: Եթե այդպես վարվենք, մեզ կտրվեն «ամենամեծ ու պատվական խոստումները» (Բ Պետրոս 1․4)։ Այդ օրհնությունները ներառում են՝ մեղքի ներումը (տես Վարդապետություն և Ուխտեր 60․7, 61․2, 34, 62․3, 64․3), փրկությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 6․13, 56․2) և վեհացումը (տես Վարդապետություն և Ուխտեր 58․3–11, 59․23)։ Իսկապես, մեզ խոստացված է ամենամեծ պարգևը, որը Աստված կարող է տալ՝ հավերժական կյանքը:
© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Liahona Message, June 2025-ի թարգմանությունը։ Armenian. 19610 201