2021
Հիսուս Քրիստոսը գիտի այն ցավը, որը մենք զգում ենք նախապաշարմունքի հետևանքով
Սեպտեմբեր/հոկտեմբեր 2021


Հիսուս Քրիստոսը գիտի այն ցավը, որը մենք զգում ենք նախապաշարմունքի հետևանքով

Հեղինակն ապրում է Հարավային Աֆրիկայի Գաուտենգ նահանգում:

Ես ձգտում եմ տեսնել մարդկանց այնպես, ինչպես Փրկիչը կտեսներ նրանց:

people gathered on the Rome Italy Temple grounds

Հռոմ Իտալիա տաճարի այցելությունների օրը անդամներն ու ընկերները շրջապատում են Քրիստուս արձանը, ինչպես դա երևում է այցելուների կենտրոնի պատուհանից:

Գրեթե 20 տարի այս կամ այն կերպ ես զգացել եմ նախապաշարմունքի և խտրականության հետևանքները:

Մոզամբիկի Եկեղեցուն միանալուց հետո ես տեղափոխվեցի Հարավային Աֆրիկա: Դա գեղեցիկ երկիր է, Աֆրիկայի ամենաբարեկեցիկ երկրներից մեկը: Դրա գեղեցկությունն ընդգծվում է իր ժողովրդի բազմազանությամբ և մշակույթի հարստությամբ:

Հարավային Աֆրիկան մի ազգ է, որը դեռ բուժվում է ցեղային խտրականությամբ արատավորված պատմությունից: Չնայած ռասայական խտրականությունը պաշտոնապես վերացվեց 1994 թ.-ին, կառավարության կողմից իրականացվող ռասիզմի այդ նախկին քաղաքականության սպիները դեռ մնում են:

Վերջին 18 տարիների ընթացքում, լինելով Հարավային Աֆրիկայում ապրող սևամորթ Մոզամբիկցի և Վերջին Օրերի Սուրբ կին, ես փորձում եմ կողմնորոշվել խտրականության և բացառման միջև, որը հաճախ է դրսևորվում որպես ոչ միտումնավոր խտրականություն: Ռասիզմը, դասակարգայնությունը, ցեղակրոնությունը, սեքսիզմը և այլատյացությունը խտրականության խնդիրների մի քանի օրինակներ են, որոնց հասարակությունը դեռևս բախվում է: Բնական մարդու ներսում կա մի բան, որը կարծես, ցանկանում է բաժանել հասարակությունը և ստիպել մեզ հավատալ, որ տարբեր լինելը վատ է:

Ինչ ենք մենք փորձում անել

Եկեղեցու անդամները կարո՞ղ են ենթակա լինել այսպիսի մտածելակերպի: Անշուշտ։ Մենք բոլորս պետք է հանենք բնական մարդուն մեր միջից, մինչ ողջ կյանքում ջանքեր ենք գործադրում սուրբ դառնալ Քրիստոսի Քավության միջոցով (տես Մոսիա 3.19):

Ամեն անգամ, երբ ես և իմ երեխաները զգում ենք մեկուսացած ու անտեսված, երբ մեզ դիտարկում են կարծրատիպերի կամ հետաքրքրասիրության տեսանկյունից, մենք տուն ենք գալիս և խոսում ենք այդ մասին: Մենք ասում ենք. «Ի՞նչ է պատահել: Եկեք վերլուծենք սա: Եկեք խոսենք այն մասին, թե մարդիկ ինչու են այսպես վարվում»: Դրա մասին խոսելը կանխում է վրդովմունքի զարգացումը մեր ներսում:

Ես փորձում եմ սովորեցնել իմ երեխաներին, որ մեր մեծությունը որոշվում է նրանով, թե մենք ինչպես ենք վերաբերվում հասարակության կողմից անտեսված ու մեկուսացված մարդկանց (տես Մատթեոս 25.40): Դա կարող է ենթադրել, որ պետք է ուրիշներին հասնելու ուղիներ փնտրենք, որպեսզի չմերժենք նրանց:

Ես փորձում եմ նմանվել Հիսուսին

Որքան էլ ցավալի լինեն որոշ փորձառություններ, այն դասերը, որ մենք սովորում ենք, իմ երեխաներին ավելի լավ մարդիկ են դարձնում: Ինձ նույնպես: Մեր հիասթափություններն օգնեցին մեզ կարեկցանք և համակրանք զարգացնել ուրիշների հանդեպ:

Նախապաշարմունքի հետ կապված փորձառությունները ինձ ընտրելու հնարավորություն են տալիս: Արդյո՞ք ես չարանալու եմ ու վրեժխնդիր եմ լինելու, թե՞ այդ մարդուն ոչ միայն մեկ, այլ երկրորդ, երրորդ և չորրորդ հնարավորություն եմ տալու: Արդյո՞ք ես հասարակությանը կվերաբերվեմ որպես սարսափելի մի վայրի, թե՞ այնպիսի հզոր ազդեցություն կունենամ, որ փոփոխություններ կառաջացնեմ ուրիշների մեջ:

Փրկիչը նույնպես բախվեց նախապաշարմունքի այն պատճառով, թե ով էր Նա, ինչին էր հավատում և որտեղից էր (տես Հովհաննես 1.46): Այնուամենայնիվ, Նա չպատասխանեց բռնությամբ, զայրույթով, դառնությամբ և ատելությամբ: Ի հակադրություն այս ամենի, Նա ուսուցանեց և գործեց սիրով ու ճշմարտությամբ: Նա սովորեցրեց, որ զորությունն ու ազդեցությունը պահպանվում են «համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ, հեզությամբ և անկեղծ սիրով» (տես Վարդապետություն և Ուխտեր 121.41): Նա սովորեցրեց, որ երբ վիրավորվում ենք, պետք է գնանք մեր եղբոր մոտ և միասին խոսենք այդ մասին (տես Մատթեոս 18.15): Նա մեզ սովորեցրեց աղոթել մեզ հալածողների համար (տես Մատթեոս 5.38–48): Եվ երբ Նրան անարդար դատեցին ու գամեցին խաչին, որ մահանա, Նա մեզ սովորեցրեց ներել (տես Ղուկաս 23.34):

Ի վերջո, Նրա սերն է, որ կփոխի մեզ և աշխարհը (տես 2 Նեփի 26.24):

Եվ ես կշարունակեմ փորձել

Ես կատարյալ մարդ չեմ: Միշտ չէ, որ ես ներում եմ անմիջապես այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը վիրավորում է ինձ: Դա ժամանակ է պահանջում, պահանջում է բժշկում, և անհրաժեշտ է, որ Սուրբ Հոգին աշխատի ինձ հետ: Երբեմն ես նախընտրում եմ վիրավորվել, և ես անմիջապես չեմ ընդունում Նրա հուշումները: Բայց եթե ես բաց եմ Նրա առջև, Հոգին համբերատար աշխատում է ինձ հետ, մինչև ես կարողանամ հասկանալ, թե Երկնային Հայրն ինչ է ցանկանում, որ ես անեմ այդ իրավիճակում:

Ես իսկապես ձգտում եմ տեսնել մարդկանց այնպես, ինչպես Փրկիչը կտեսներ նրանց: Դա անելու համար մենք պետք է պատրաստ լինենք ընդունել, որ մենք չունենք բոլոր պատասխանները: Երբ մենք պատրաստ ենք ասել. «Ես կատարյալ չեմ, ես շատ բան ունեմ սովորելու: Ի՞նչ կարող եմ սովորել՝ ուրիշների տեսանկյունից նայելով իրավիճակին», - այդ ժամանակ մենք իսկապես ունակ ենք լսելու: Այդ ժամանակ մենք իսկապես ունակ ենք հասկանալու:

Այս մահկանացու ճամփորդության միջով անցնելիս դա օգնում է հիշել, որ ես այստեղ եմ մի նպատակով, որ կյանքի փորձությունները ժամանակավոր են՝ մահկանացության անհրաժեշտ մաս, և որ ես միայնակ չեմ: Այդ ամենի միջոցով ես փորձում եմ նմանվել Հիսուսին: Փորձելը ակտիվ գործընթաց է, և երբ մենք ձախողվում ենք, կարող ենք կրկին փորձել: