2020–2024
Խոսքի ուժը
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


10:16

Խոսքի ուժը

Վաղեմի և ժամանակակից մարգարեների խոսքերում ուժ կա հենց այն պատճառով, որ նրանց խոսքերը Տիրոջ խոսքերն են:

Մորմոնի Գրքում մենք կարդում ենք սիրված սուրբգրային այն հատվածը, որը մարգարե Ալմայի կայացրած կենսական որոշման մասին է: Նախքան այդ ծանոթ խոսքերին անդրադառնալը՝ կխնդրեմ միասին դիտարկենք, թե ինչ դժվար հանգամանքներում է կայացվել այդ որոշումը։

Մարդկանց մի խումբ, որոնք իրենց կոչում էին զորամացիներ, առանձնացել էին նեփիացիներից1 և հավաքվել էին լամանացիների հարևանությամբ գտնվող երկրի սահմանների մոտ:2 Նեփիացիները վերջերս հաղթել էին լամանացիներին աննախադեպ ճակատամարտում, որի ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ էին սպանվել,3 և նրանք «շատ էին վախենում, որ զորամացիները հաղորդակցության մեջ կմտնեին լամանացիների հետ, և որ դա մեծ կորստի միջոց կլիներ»:4 Պատերազմական մտահոգություններից բացի՝ Ալման իմացել էր, որ զորամացիները, որոնց «Աստծո խոսքը քարոզված էր եղել»,5 շրջվում էին դեպի կռապաշտություն և «խեղաթյուրում էին Տիրոջ ճանապարհները»։6 Այս ամենը ծանրացել էր Ալմայի վրա և «մեծ վշտի պատճառ էր» դարձել:7

Հայտնվելով այս բարդ ու դժվարին իրավիճակում՝ Ալման խորհում էր, թե ինչ պետք է անի: Նրա որոշման մեջ մենք կարդում ենք խոսքեր, որոնք պահպանվել են մեզ ոգեշնչելու և խրատելու համար, երբ մենք կողմնորոշվում ենք մեր օրերի խրթին ու դժվարին իրավիճակներում։8

«Եվ արդ, քանի որ խոսքի քարոզելն ուներ մեծ միտում՝ առաջնորդել ժողովրդին անելու այն, ինչն արդար էր, այո, այն ունենում էր ավելի զորավոր ազդեցություն մարդկանց մտքերի վրա, քան սուրը, կամ որևէ այլ բան, որ պատահել էր նրանց. հետևաբար, Ալման մտածեց, որ հարկ էր, որ նրանք փորձեին Աստծո խոսքի ուժը»։9

Բազմաթիվ հնարավոր լուծումների թվում Ալմայի հավատքը դրդեց նրանց ապավինել խոսքի զորությանը: Պատահական չէ, որ սուրբ գրություններում հանդիպող ամենահզոր քարոզներից մի քանիսը քարոզվել են անմիջապես այդ որոշումից հետո: Ալմայի 32-րդ և 33-րդ գլուխներում մենք կարդում ենք նրա վարպետաց ճառը առ Տեր Հիսուս Քրիստոս հավատքի մասին, իսկ 34-րդ գլխում՝ Ամուղեկի հիմնական ուսմունքներն են Հիսուս Քրիստոսի քավության վերաբերյալ:

Խոսքի ուժի դրսևորումներ

Իսկապես, սուրբ գրությունների էջերից մենք կարդում ենք հրաշալի օրհնությունների մասին, որոնք հեղվել են նրանց վրա, ովքեր իրենց կյանքում փորձել են Աստծո խոսքի ուժը։10 Եկեք միասին խորհենք երեք օրինակների շուրջ, կենտրոնանալով Մորմոնի Գրքի վրա. գիրք, որի մասին նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Այն մեր գոյատևման ուղեցույցն է վերջին օրերի համար»։11

Առաջինը՝ հիշեցնելով իր ժողովրդին, թե Տերն ինչպես Տերն ազատեց իրենց հայրերին, Ալման ուսուցանել է. «Ահա, նա փոխեց նրանց սրտերը. այո, նա զարթնեցրեց նրանց խորը քնից, և նրանք զարթնեցին առ Աստված: Ահա, նրանք խավարի մեջ էին. սակայն նրանց հոգիները լուսավորվեցին հավիտենական խոսքի լույսով»։12 Գուցե դուք զգացում ունեք, կարծես խավարի մեջ եք: Ձեր հոգին ձգտո՞ւմ է լուսավորության։ Եթե այդպես է, խնդրում եմ, փորձե՛ք Աստծո խոսքի ուժը։

Երկրորդ՝ խորհելով լամանացիների՝ դեպի Տերը դարձի գալու մասին, ինչին ականատես լինելով որպես միսիոներ, Ամմոնն ասաց. «Ահա, մեր եղբայրներից քանի՜-քանի հազարների նա արձակեց դժոխքի ցավերից. և նրանք բերվել են՝ երգելու քավիչ սերը, և դա՝ նրա խոսքի զորության պատճառով, որը մեր մեջ է»։13 Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր մեջ շատերը կան, որոնք փափագում են մեր սիրելիներին բերել՝ երգելու քավիչ սիրո երգը: Մեր բոլոր ձգտումներում եկեք հիշենք, որ փորձենք Աստծո խոսքի ուժը, որը մեր մեջ է:

Երրորդ՝ Հելամանի գրքում մենք կարդում ենք․ «Այո, մենք տեսնում ենք, որ ով որ կամենա, կարող է կառչած մնալ Աստծո խոսքին, որը կենդանի է և հզոր, որը կտոր-կտոր է անում դևի ողջ խորամանկությունը և ծուղակները և խաբեությունները, և առաջնորդում է Քրիստոսի մարդուն մի անձուկ ու նեղ ուղիով՝ այն հավիտենական թշվառության անդունդի վրայով … և նրանց հոգիները … հասցնում է Աստծո աջ կողմը՝ երկնքի արքայություն»։14 Արդյոք ձգտո՞ւմ եք հաղթահարել սատանայի ողջ խորամանկությունը, ծուղակներն ու խաբեությունները, որոնք շատ տարածված են մեր օրերի փիլիսոփայություններում։ Ցանկանու՞մ եք ցրել տեղեկատվության գերառատության պատճառով առաջացած շփոթության ամպերը, որպեսզի ավելի դիպուկ կենտրոնանաք ուխտի ուղու վրա: Խնդրում եմ, փորձե՛ք Աստծո խոսքի ուժը։

Որպես մեկը, ով փոխվել է խոսքի զորության շնորհիվ, ես անձամբ վկայում եմ այս ճշմարտության մասին, որը շատ գեղեցիկ է ուսուցանվել մեր սիրելի մարգարեի՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից. «Ինձ համար Մորմոնի Գրքի զորությունն առավել ակնհայտ է զորեղ փոփոխության փաստով, որը տեղի է ունենում նրանց կյանքում, ովքեր այն կարդում են «մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս»: Շատ նորադարձներ հրաժարվում են բաներից, որոնք ժամանակին թանկ են եղել իրենց համար, որպեսզի պահեն այս գրքի ցուցումները: … Դա կլինի ձեր ամենից արդյունավետ գործիքը Հիսուս Քրիստոսի մոտ հոգիներ բերելու գործում»:15

Ուժի աղբյուրը

Այս և այլ օրինակներում մենք տեսնում ենք Աստծո խոսքի ուժը Նրա զավակների կյանքում: Կարող ենք հարցնել՝ ո՞րն է այդ ուժի կամ զորության աղբյուրը։

Այս հարցը դիտարկելիս անհրաժեշտ է հիշել, որ սուրբ գրություններում օգտագործվող «խոսք» բառն ունի առնվազն երկու իմաստ։ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը վերջերս ուսուցանել է, որ «Հիսուս Քրիստոսի անուններից մեկը «Բան» է», և որ «սուրբ գրություններում արձանագրված Փրկչի ուսմունքները նույնպես «խոսք» են»:16

Մարգարե Նեփին պարզաբանել է, թե որն է կապը այս երկու իմաստների միջև, գրելով. «Լսեք այս խոսքերը և հավատացեք Քրիստոսին. և եթե դուք չեք հավատում այս խոսքերին, հավատացեք Քրիստոսին: Եվ եթե դուք հավատաք Քրիստոսին, դուք կհավատաք այս խոսքերին, քանզի դրանք Քրիստոսի խոսքերն են, և նա է դրանք տվել ինձ»։17 Այսպիսով, մենք սովորում ենք, որ վաղեմի և ժամանակակից մարգարեների խոսքերում զորություն կա հենց այն պատճառով, որ նրանց խոսքերը Տիրոջ խոսքերն են:18 Իմ սիրելի ընկերնե՛ր, այս հավերժական ճշմարտությունն ընդունելը կարևոր է մեր հոգևոր գոյատևման համար այս վերջին օրերում19, երբ, ինչպես մարգարեությունն է ասում, կա «սով … երկրի վրա. ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու»։20

Ի վերջո, Աստծո խոսքի ուժը Տեր Հիսուս Քրիստոսն է։21 Երբ մենք սա լիարժեք ըմբռնենք, կարող ենք հավերժական կարևոր կապ տեսնել Նրա մարգարեների և հենց Քավչի դերերի միջև: Նրա հանդեպ մեր սերը, Նրան ավելի մոտենալու և Նրա սիրո մեջ մնալու մեր ցանկությունը22 կմղի մեզ փորձել խոսքի ուժը մեր կյանքում, և՛ ուժը, որը բխում է Նրանից՝ որպես մեր անձնական Փրկիչ և Քավիչ,23 և՛ ուժը, որը բխում է Նրանից «Տիրոջ ընտրյալ անոթների» խոսքերի միջոցով։24 Մենք կսկսենք հասկանալ, որ ինչքան էլ օգտակար լինեն Փրկչի և Նրա մարգարեների խոսքերի մեր ուսումնասիրության մյուս աղբյուրները, դրանք չպետք է փոխարինեն սկզբնաղբյուրին: Մենք պետք է խորապես ու հաճախ օգտվենք25 անմիջապես այդ աղբյուրից։26

Ես իմ սերն եմ փոխանցում ձեզանից յուրաքանչյուրին՝ իմ եղբայրնե՛ր և իմ քույրե՛ր։ Այդ սիրով ես աղաչում եմ ձեզ, որ ձեր կյանքի յուրաքանչյուր օր ունենաք Աստծո խոսքի ուժը, հատկապես Մորմոնի Գրքի միջոցով: Այդպես վարվելով դուք կզգաք նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի մարգարեական խոստումը. «Երբ դուք ամեն օր աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, դուք ավելի լավ որոշումներ կկայացնեք ամեն օր։ Ես խոստանում եմ, որ մինչ դուք խորհում եք ձեր ուսումնասիրած նյութի շուրջ, երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր սեփական հարցերի պատասխանները և ուղղորդում՝ ձեր անձնական կյանքի համար: Ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր խորասուզվեք Մորմոնի Գրքի ընթերցանության մեջ, դուք կարող եք պաշտպանվել օրվա չարիքից»:27

Ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը տվել է մեզ խոսքը, որովհետև Նա կատարելապես սիրում է մեզ և ցանկանում է, որ մեզանից յուրաքանչյուրը վերադառնա տուն՝ հավերժ Իր հետ ապրելու: Ես վկայում եմ այն մասին, որ «Բանը մարմին դարձավ»,28 նույնիսկ Հիսուս Քրիստոսը, վկայում եմ նաև մեզ փրկելու և փրկագնելու Նրա զորության մասին: Ես գիտեմ, որ Նրա զորությունը փոխանցվում է Նրա մարգարեների խոսքերի միջոցով, ինչպես վաղեմի մարգարեների, այնպես էլ մերօրյա:

Իմ սրտի աղոթքն է, որ մենք կարողանանք ունենալ իմաստություն և հեզություն՝ ամուր բռնելու29 Աստծո խոսքը և մնալու ուխտի ուղու վրա, որը տանում է դեպի վեհացում և հավերժական կյանք:30 Թող որ մենք շարունակաբար զգանք այն հզոր փոփոխությունը, որը հասանելի է մեզանից յուրաքանչյուրին Խոսքի ուժի միջոցով:31 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Ալմա 30․59։

  2. Տես Ալմա 31․3։

  3. Տես Ալմա 28․2։

  4. Ալմա 31․4: Նկատենք, որ Ալման և նրա ժողովուրդը նախկինում նման փորձառություն ունեցել են, երբ ամղիկիացիները և լամանացիները «հաղորդակցության» մեջ են մտել, և դա հանգեցրել է մեծ վշտի ու կորստի (տես Ալմա 2․21-38, 3․1-3

  5. Ալմա 31․8:

  6. Ալմա 31․1:

  7. Ալմա 31․2:

  8. Տես Մորմոն 8․34-35:

  9. Ալմա 31․5, շեշտադրումն ավելացված է։

  10. Տես, օրինակ՝ 1 Նեփի 15․24, Ալմա 32․41-43, 36․26, 37․8, 44-45։

  11. Ռասսել Մ․ Նելսոն, «Ապագային հանդիպեք հավատքով», Լիահոնա, նոյ․ 2020, 75:

  12. Ալմա 5․7, շեշտադրումն ավելացված է։

  13. Ալմա 26․13, շեշտադրումն ավելացված է։

  14. Հելաման 3.29-30, շեշտադրումն ավելացված է։

  15. Ռասսել Մ. Նելսոն․ «Մորմոնի Գիրքը. Հրաշագործ հրաշք», (address given at the seminar for new mission leaders, June 23, 2016), quoting in part Մորոնի 10․4։

  16. Դեյվիդ Ա. Բեդնար, «Բայց մենք ուշադրություն չդարձրեցինք նրանց վրա», Լիահոնա, մայիս 2022, 16։

  17. 2 Նեփի 33․10, շեշտադրումն ավելացված է:

  18. Տես Վարդապետություն և Ուխտեր 1․38։

  19. Տես Վարդապետություն և Ուխտեր 1.14-18:

  20. Ամովս 8․11։

  21. Տես Ալմա 34․6։

  22. Տես Հովհաննես 15․10։

  23. Տես Մարկոս 5.25-34:

  24. Մորոնի 7.31:

  25. «Պատրաստվելու ավելի լավ եղանակ կա, քանի որ մեծ հավատքը կարճ պահպանման ժամկետ ունի: Մենք կարող ենք շարունակել ուսումնասիրել Քրիստոսի խոսքերը սուրբ գրություններում և կենդանի մարգարեների ուսմունքներում: Սա այն է, ինչ ես կանեմ: Ես կվերադառնամ Մորմոնի Գրքին և խորապես ու հաճախ կօգտվեմ» (Henry B. Eyring, “Spiritual Preparedness: Start Early and Be Steady,” Liahona, Nov. 2005, 39)։

  26. «Ինձ համար սուրբ գրությունների ընթերցումը կրթաթոշակ ստանալու ձգտում չէ: Ավելի շուտ, դա սիրո կապ է Տիրոջ և նրա մարգարեների խոսքի հետ: …

    Ես այնքան էլ չեմ զբաղվում երկար մեկնաբանությունների հատորները կարդալով, որոնք նախատեսված են սուրբ գրությունների պարունակությունը մանրամասնելու համար: Ավելի շուտ, ես նախընտրում եմ գործ ունենալ աղբյուրի հետ՝ ճաշակելով ճշմարտության հիմքի անաղարտ ջրերը՝ Աստծո խոսքն այնպես, ինչպես նա տվել է այն և ինչպես այն արձանագրված է այն գրքերում, որոնք մենք ընդունում ենք որպես սուրբ գրություն: … Սուրբ գրությունները կարդալու միջոցով մենք կարող ենք ձեռք բերել Հոգու հավաստիացումը, որ այն, ինչ մենք կարդում ենք, եկել է Աստծուց՝ իր զավակների լուսավորության, օրհնության և ուրախության համար» (Gordon B. Hinckley, “Feasting upon the Scriptures,” Tambuli, June 1986, 2, 4)։

  27. Ռասսել Մ. Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Լիահոնա, նոյ․ 2017, 62-63։

  28. Հովհաննես 1.14:

  29. Տես 1 Նեփի 8․30:

  30. «Ուխտի ճանապարհը միակ ճանապարհն է, որը տանում է դեպի վեհացում և հավերժական կյանք» (Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022, 98)։

  31. Տես Ալմա 5.11-13։