2020–2024
Որ նրանք ճանաչեն Քեզ
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


10:49

Որ նրանք ճանաչեն Քեզ

(Հովհաննես 17.3):

Իմ անկեղծ ցանկությունն է, որ դուք ճանաչեք Հիսուսին Նրա բազմաթիվ անուններով և դառնաք Նրա նման։

Մի քանի տարի առաջ իմ կյանքում շրջադարձային մի փորձառություն տեղի ունեցավ Արիզոնայի մեր տեղական ծխում՝ հաղորդության ժողովի ժամանակ: Քանի որ հաղորդության աղոթքում նշվում է մեր հոժարակամությունը՝ «[մեզ] վրա վերցնել անունը [Հիսուս Քրիստոսի]»,1 Սուրբ Հոգին հիշեցրեց ինձ, որ Հիսուսը շատ անուններ ունի: Այնուհետև այս հարցը ծագեց իմ սրտում. «Հիսուսի ո՞ր անունները պետք է վերցնեմ ինձ վրա այս շաբաթ»:

Մտքովս անցան երեք անուններ և ես դրանք գրի առա։ Այդ երեք անուններից յուրաքանչյուրը պարունակում էր Քրիստոսանման հատկանիշներ, որոնք ես ցանկանում էի լիարժեք զարգացնել: Հաջորդ շաբաթվա ընթացքում ես կենտրոնացա այդ երեք անունների վրա և փորձեցի հասկանալ դրանց համապատասխան հատկանիշներն ու բնութագրերը: Այդ ժամանակից ի վեր ես շարունակել եմ ուղղել ինձ այդ հարցը՝ որպես իմ անձնական երկրպագության մաս. «Հիսուսի ո՞ր անունները պետք է վերցնեմ ինձ վրա այս շաբաթ»։ Այդ հարցին պատասխանելու և Քրիստոսանման հատկանիշները զարգացնելու ձգտումը օրհնել է իմ կյանքը:

Իր բարեխոսական հայտնի աղոթքում Հիսուսն արտահայտեց այս կարևոր ճշմարտությունը. «Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին»:2 Այսօր ես կցանկանայի ձեզ հետ կիսվել այն օրհնություններով և զորությամբ, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսին Նրա բազմաթիվ անուններով ճանաչելուց:

Մարդուն ճանաչելու պարզ եղանակներից մեկը՝ նրա անունն իմանալն է: Ասում են՝ «մարդու համար սեփական անունն ամենաքաղցր և ամենակարևոր հնչյունն է ցանկացած լեզվով»։3 Երբևէ ունեցե՞լ եք նման փորձառություն, որ ինչ-որ մեկին սխալ անունով դիմեք կամ անունը մոռանաք։ Ես և կինս՝ Ալեքսիսը, մի անգամ մեր երեխաներից մեկին «Լոլա» կոչեցինք։ Ցավոք, ինչպես գուցե կռահեցիք, Լոլան մեր շունն է: Լավ, թե՝ վատ, երբ մոռանում ես ինչ-որ մեկի անունը, նշանակում է, որ գուցե լավ չես ճանաչում նրան:

Հիսուսը ճանաչում և դիմում էր մարդկանց անուններով: Հին Իսրայելին Տերն ասել է. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով. դու իմն ես»։4 Զատկի առավոտյան հարություն առած Քրիստոսի մասին Մարիամի վկայությունն ամրապնդվեց, երբ Հիսուսը տվեց նրա անունը:5 Նմանապես, Աստված դիմեց Ջոզեֆ Սմիթին անունով՝ ի պատասխան նրա հավատքի աղոթքի։6

Որոշ դեպքերում Հիսուսն Իր աշակերտներին տվել է նոր անուններ, որոնք բացահայտում էին նրանց էությունը, ունակությունը և ներուժը: Եհովան Հակոբին տվեց Իսրայել նոր անունը, որը նշանակում է «Աստծո հետ հաղթող» կամ «Թող Աստված գերակայի»։7 Հիսուսը Հակոբոսին և Հովհաննեսին տվեց Բաներեգես անունը, որը նշանակում էր «Որոտման որդիներ»։8 Սիմոնի մեջ տեսնելով ապագա առաջնորդին՝ Հիսուսը նրան տվեց Կեփաս կամ Պետրոս անունը, որը նշանակում է «վեմ»։9

Ինչպես Հիսուսը յուրաքանչյուրիս մեր անունով է ճանաչում, այնպես էլ Հիսուսին ավելի լավ ճանաչելու եղանակներից մեկը Նրա բազմաթիվ անունները սովորելն է: Ինչպես Իսրայելի և Պետրոսի անունները, Հիսուսի անուններից շատերը տիտղոսներ են, որոնք օգնում են մեզ հասկանալ Նրա առաքելությունը, նպատակը, բնավորությունը և հատկանիշները: Իմանալով Հիսուսի բազմաթիվ անունները, մենք ավելի լավ կհասկանանք Նրա աստվածային առաքելությունը և Նրա անձնուրաց բնավորությունը: Նրա բազմաթիվ անունների իմացությունը նաև ոգեշնչում է մեզ ավելի նմանվել Նրան՝ զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ, որոնք ուրախություն և նպատակ են հաղորդում մեր կյանքին:

Մի քանի տարի առաջ նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսումնասիրեց Թեմատիկ ուղեցույցում նշված Հիսուս Քրիստոսին վերաբերող բոլոր սուրբգրային հատվածները։10 Այնուհետև նա հրավիրեց չափահաս երիտասարդներին ուսումնասիրել այդ նույն սուրբգրային հատվածները։ Հիսուսի բազմաթիվ անունների վերաբերյալ նախագահ Նելսոնն ասել է. «Ուսումնասիրեք ամեն բան Հիսուս Քրիստոսի մասին և աղոթքով փորձեք հասկանալ, թե Նրա տարբեր տիտղոսներից և անուններից յուրաքանչյուրն ինչ է նշանակում անհատապես ձեզ համար»:11

Հետևելով նախագահ Նելսոնի հորդորին՝ ես սկսեցի մշակել Հիսուսի բազմաթիվ անունների իմ սեփական ցուցակը: Իմ ցուցակում այժմ կա ավելի քան 300 անուն, և ես վստահ եմ, որ շատերն էլ դեռ չեմ հավաքագրել։

Թեև Հիսուսի մի քանի անունները վերապահված են միայն Նրան,12 ես կցանկանայի կիսվել հինգ անուններով և տիտղոսներով, որոնք կիրառելի են յուրաքանչյուրիս համար: Ես հրավիրում եմ ձեզ կազմել ձեր սեփական ցուցակը, երբ դուք սկսում եք ճանաչել Հիսուսին Իր բազմաթիվ անունների շնորհիվ: Այդպես վարվելով, դուք կտեսնեք, որ կան այլ անուններ՝ իրենց համապատասխան Քրիստոսանման հատկանիշներով, որոնք դուք կցանկանաք վերցնել ձեզ վրա՝ որպես Հիսուսի ուխտյալ աշակերտ:13

Առաջինը՝ Հիսուսը Բարի հովիվն է։14 Որպես այդպիսին, Հիսուսը գիտի Իր ոչխարներին,15 «իր ոչխարներն իրանց անունովը կանչում է»,16 և, որպես Աստծո Գառ, Նա Իր կյանքը տվեց Իր ոչխարների համար։17 Նմանապես, Հիսուսը ցանկանում է, որ մենք լավ հովիվներ լինենք, հատկապես մեր ընտանիքներում և որպես սպասավորող եղբայրներ ու քույրեր։ Հիսուսի հանդեպ մեր սերը ցույց տալու եղանակներից մեկը Նրա ոչխարներին արածեցնելն է։18 Եթե կան կորած-մոլորված ոչխարներ, բարի հովիվները գնում են անապատ՝ նրանց գտնելու համար, այնուհետև մնում նրանց մոտ, մինչև նրանք ապահով վերադառնան։19 Որպես բարի հովիվներ, և եթե թույլ են տալիս տեղական պայմանները, մենք պետք է ձգտենք ավելի շատ ժամանակ հատկացնել՝ սպասավորելով մարդկանց իրենց տներում: Մեր սպասավորության ժամանակ տեքստային հաղորդագրությունները և տեխնոլոգիաները պետք է օգտագործվեն անձնական շփումը բարելավելու, այլ ոչ թե փոխարինելու համար:20

Երկրորդ, Հիսուսը Գալիք բարիքների քահանայապետն է։21 Իմանալով, որ Իր խաչելությանը մի քանի ժամ է մնացել, Հիսուսն ասել է. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք: Աշխարհքում նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին»:22 Այսօր, երբ մեր աշխարհը հիմնականում բևեռացված է և բաժանված մասերի, կարիքը մեծ է, որ մենք քարոզենք ու հաղորդենք դրականություն, լավատեսություն և հույս: Չնայած մեր անցյալի բոլոր մարտահրավերներին, հավատքը միշտ ուղղված է դեպի ապագան՝23 հույսով լցված, ինչը թույլ է տալիս մեզ կատարել ուրախ լինելու Հիսուսի հրավերը:24 Ավետարանով ուրախ ապրելու շնորհիվ մենք դառնում ենք գալիք բարիքների աշակերտները։

Հիսուսի ևս մեկ տիտղոսն է՝ Նա Նույնն է երեկ, այսօր և հավիտյան։25 Հետևողականությունը Քրիստոսանման հատկանիշ է։ Հիսուսը միշտ կատարել է Իր Հոր կամքը,26 և Նրա բազուկը մշտապես մեկնված է մեզ փրկելու, օգնելու և բժշկելու համար:27 Եթե մենք ավելի հետևողական լինենք ավետարանով ապրելու հարցում, մենք ավելի շատ կնմանվենք Հիսուսին:28 Թեև աշխարհը մեծ տարուբերումներ կունենա հայտնիության իր ճոճանակում, երբ մարդիկ այս ու այն կողմ են նետվում ու քշվում վարդապետության ամեն մի քամուց,29 ավետարանով հետևողականորեն ապրելով, մենք հաստատուն և անխախտ կմնանք կյանքի փոթորիկների ժամանակ։30 Մենք կարող ենք նաև հետևողականություն դրսևորել՝ ընդունելով նախագահ Նելսոնի հրավերը՝ «ժամանակ տրամադրել Տիրոջը»:31 Հոգևոր մեծ ուժ է գալիս փոքր և հասարակ բաներից,32 ինչպես օրինակ, «սուրբ սովորություններից ու առօրյա արդար անելիքներից»՝ 33 ամենօրյա աղոթքի, ապաշխարության, սուրբ գրությունների ուսումնասիրության և մարդկանց ծառայելու միջոցով:

Չորրորդ, Հիսուսը Իսրայելի Սուրբն է։34 Հիսուսի կյանքը սրբության օրինակ էր։ Հետևելով Հիսուսին, մենք կարող ենք դառնալ Իսրայելի սրբեր։ 35 Մեր սրբությունն ավելանում է, երբ կանոնավոր այցելում ենք տաճար, որտեղ յուրաքանչյուր մուտքի վերևում փորագրված է «Սրբություն Տիրոջը»: Ամեն անգամ տաճարում երկրպագելուց հետո մենք հեռանում ենք՝ մեր տները սրբավայրեր դարձնելու ավելի մեծ զորությամբ օժտված:36 Նրանց, ովքեր ներկայումս սուրբ տաճար մտնելու երաշխավորագիր չունեն, ես հորդորում եմ, որ հանդիպեն իրենց եպիսկոպոսի հետ և պատրաստվեն մտնել կամ վերադառնալ այդ սուրբ վայրը: Տաճարում անցկացրած ժամանակը կավելացնի սրբությունը ձեր կյանքում։

Հիսուսի վերջին անուններից մեկն է՝ Հավատարիմ և Ճշմարիտ։37 Ինչպես Հիսուսն է միշտ հավատարիմ և ճշմարիտ եղել, Նրա անկեղծ ցանկությունն է, որ մենք էլ դրսևորենք այդ հատկանիշները մեր կյանքում: Երբ մեր հավատքը թուլանում է, մենք կարող ենք աղաղակել առ Հիսուսը՝ «Տե՛ր, փրկիր ինձ», ճիշտ ինչպես Պետրոսը, երբ նա սկսեց սուզվել Գալիլեայի փոթորկոտ ծովում:38 Այդ օրը Հիսուսը ձեռքը մեկնեց՝ փրկելու խեղդվող աշակերտին։ Նա նույնը արել է ինձ համար, և կանի՝ ձեզ համար: Երբեք մի՛ հրաժարվեք Հիսուսից։ Նա երբեք չի հրաժարվի ձեզանից:

Երբ մենք հավատարիմ և ճշմարիտ ենք, հետևում ենք Հիսուսի հրավերին՝ «կացէք ինձանում», որը կարող է նաև նշանակել «մնացեք ինձ հետ»:39 Երբ մենք բախվում ենք հարցերի, երբ մեզ ծաղրում են մեր հավատքի համար, երբ մեծ ու ընդարձակ շենքերից մարդիկ դեպի մեզ են ուղղում իրենց արհամարհանքի մատները, մենք հավատարիմ ենք մնում և ճշմարիտ: Այդ պահերին մենք հիշում ենք Հիսուսի խնդրանքը. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի՛ կասկածեք, մի՛ վախեցեք»։40 Երբ մենք դա անում ենք, Նա մեզ տալիս է անհրաժեշտ հավատքը, հույսը և ուժը՝ Նրա հետ հավիտյան մնալու համար։41

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, Հիսուսը ցանկանում է, որ մենք ճանաչենք Իրեն, որովհետև Նրա անունն է միակը երկնքի տակ, որով մենք կարող ենք փրկվել:42 Հիսուսն է Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը. ոչ ոք չի կարող վերադառնալ Հոր մոտ, եթե ոչ Նրա միջոցով:43 Հիսուսը միա՜կ ճանապարհն է: Այդ պատճառով է Հիսուսը կանչում. «Ինձ մո՛տ եկ»,44 «Ինձ հետևիր»,45 «Քայլիր ինձ հետ»,46 և «Սովորիր ինձանից»։47

Իմ ամբողջ սրտով ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա ապրում է, որ Նա սիրում է ձեզ և որ Նա ճանաչում է ձեզ անունով: Նա Աստծո Որդին է,48 Հոր Միածինը։49 Նա մեր Վեմն է, մեր Ամրոցը, մեր Վահանը, մեր Ապաստանը և մեր Ազատարարը:50 Նա է Լույսը, որը շողում է խավարում:51 Նա մեր Փրկիչն է52 ու մեր Քավիչը։53 Նա է Հարությունը և Կյանքը։54 Իմ անկեղծ ցանկությունն է, որ դուք ճանաչեք Հիսուսին Նրա բազմաթիվ անուններով և դառնաք Նրա նման՝ ձեր կյանքում դրսևորելով Նրա աստվածային հատկանիշները։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Վարդապետություն և Ուխտեր 20.77:

  2. Հովհաննես 17․3, շեշտադրումն ավելացված է: Այս աղոթքի վերաբերյալ Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյն ուսուցանել է. «Այս տեքստը վերցված է այս աշխարհում երբևէ արտասանված ամենափառահեղ աղոթքներից մեկից՝ իմ կարծիքով ամենամեծ աղոթքից, չբացառելով նաև Տերունական աղոթքը: Սա Քրիստոսի աղոթքն էր, որն արտասանվեց անմիջապես Գեթսեմանիի պարտեզ մտնելուց առաջ՝ դավաճանվելու գիշերը: … Ես Աստվածաշնչում ավելի կարևոր գլուխ չգիտեմ» (in Conference Report, Oct. 1967, 5)։

  3. Dale Carnegie, How to Win Friends and Influence People, rev. ed. (1981), 83.

  4. Եսայիա 43․1, շեղագիրն ավելացված է։

  5. Տես Հովհաննես 20․16։

  6. Տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17:

  7. Bible Dictionary, “Israel.”

  8. Մարկոս 3․17։

  9. Տես Ղուկաս 6․14, Հովհաննես 1․42։

  10. Տես Russell M. Nelson, “I Studied More Than 2,200 Scriptures about the Savior in Six Weeks: Here Is a Little of What I Learned,” Inspiration (blog), Feb. 28, 2017, ChurchofJesusChrist.org: Following this experience, President Nelson exclaimed, “I am a different man!” («Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Լիահոնա, մայիս 2017, 39)։

  11. Ռասսել Մ. Նելսոն, «Մարգարեներ, առաջնորդություն և աստվածային օրենքներ» (Համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, 8 հունվարի 2017 թ․) broadcasts.ChurchofJesusChrist.org:

  12. Օրինակ՝ Հիսուսը Մեսիան է, Քրիստոսը, Մեծ Եհովան, Մեռելներից առաջնեկը և Աստծո Միածին Որդին։

  13. Ի հավելումն Նախագահ Նելսոնի՝ Թեմատիկ ուղեցույցից Հիսուսի վերաբերյալ սուրբ գրություններն ուսումնասիրելու հրավերին, դուք կարող եք նաև ուսումնասիրել Հիսուսի բազմաթիվ անունները՝ բացելով Աստվածաշնչի բառարանը՝ «Քրիստոս, անունները»: You may also wish to study Elder Jeffrey R. Holland’s book Witness for His Names (2019) and a devotional talk by Elder Ronald A. Rasband titled “Name above All Names” (Brigham Young University–Hawaii devotional, Oct. 20, 2020), speeches.byuh.edu.

  14. Տես Հովհաննես 10․11։

  15. Տես Հովհաննես 10․14։

  16. Հովհաննես 10․3:

  17. Տես Հովհաննես 10․11-15, 1 Նեփի 11․31-33։

  18. Տես Հովհաննես 21․15-17։

  19. I particularly like the Joseph Smith Translation of Luke 15:4, which reads, “What man of you, having an hundred sheep, if he lose one of them, doth not leave the ninety and nine and go into the wilderness after that which is lost, until he find it?” (in Luke 15:4, footnote a, emphasis added).

  20. Ինչպես նկատել է երեց Դեյվիդ Ա. Բեդնարը. «Բոլորը կարծում են, որ հաղորդագրություն ուղարկելը բավական է [սպասավորելու համար]: Կան դեպքեր, երբ անհրաժեշտ է լինել տանը և դուք պետք է նայեք մարդկանց աչքերին, որովհետև դուք պետք է տպավորություններ և ոգեշնչում ստանաք տանը, ինչն այլ կերպ չեք ստանա» (“An Evening with Elder David A. Bednar” [broadcast for religious educators], Feb. 7, 2020], broadcasts.ChurchofJesusChrist.org)։

  21. Տես Եբրայեցիս 9.11:

  22. Հովհաննես 16.33:

  23. See Jeffrey R. Holland, “‘Remember Lot’s Wife’: Faith Is for the Future” (Brigham Young University devotional, Jan. 13, 2009), 2, speeches.byu.edu. «Հավատքը միշտ ուղղված է դեպի ապագան։ Հավատքը միշտ կապված է օրհնությունների, ճշմարտությունների և իրադարձությունների հետ, որոնք դեռ պետք է ի հայտ գան մեր կյանքում»։

  24. Տես Մատթեոս 9․2, Մարկոս 6․50, Հովհաննես 16․33, 3 Նեփի 1:13, Վարդապետություն և Ուխտեր 61․36։

  25. Տես Եբրայեցիս 13․8, տես նաև Bible Dictionary, “Christ, names of”:

  26. Տես Հովհաննես 8․29։

  27. Տես Ալմա 5․33, 19․36, 3 Նեփի 9․14։

  28. Տես, օրինակ, Դեյվիդ Ա. Բեդնար, «Ավելի ջանասեր և մտահոգ տան համար», Լիահոնա, նոյ․ 2009, 20․ «Հետևողականությունը հիմնական սկզբունքն է, երբ մենք մեծ աշխատանքի հիմք ենք դնում մեր անձնական կյանքում: … Մենք պետք է լինենք ավելի հետևողական»։

  29. Տես Եփեսացիս 4․14:

  30. Տես Մոսիա 5.15:

  31. Ռասսել Մ. Նելսոն, «Ժամանակ տրամադրեք Տիրոջը», Լիահոնա, նոյ․ 2021, 120։

  32. Տես Ալմա 37․6։

  33. Սա մի արտահայտություն է, որը նախագահ Դալլին Հ. Օուքսը մի քանի անգամ կրկնել է իր ծառայության ընթացքում: See, for example, “YSA Face to Face with Elder Oaks and Elder Ballard” (broadcast for young single adults, Nov. 19, 2017), ChurchofJesusChrist.org.

  34. Տես 2 Նեփի 9․18-19, 41։

  35. Վերջերս կայացած չափահաս երիտասարդների համաշխարհային հոգևոր երեկոյի ժամանակ քույր Վենդի Նելսոնը մի հարց տվեց, որն, ըստ նրա, կարող էր փոխել կյանքեր, մեծացնել վստահությունը, նվազեցնել անհանգստությունը, խթանել, առաջացնել երախտագիտություն, նվազեցնել տագնապը, օգնել գայթակղությանը դիմակայելիս և պարգևել ուրախություն, մխիթարություն, սեր և խաղաղություն: Այդ հարցն էր․ «Ի՞նչ պիտի անի սուրբ չափահաս երիտասարդը»: Այնուհետև նա խրախուսեց ամեն օր որևէ իրավիճակի համար կիրառել այս հարցը՝ երեք հաջորդական օրերի ընթացքում: See “One Question That Can Change Your Life” (worldwide devotional for young adults, May 15, 2022), broadcasts.ChurchofJesusChrist.org.

  36. Տես Վարդապետություն և Ուխտեր 109․12-13, 22։

  37. Տես Հայտնություն 19․11։

  38. Մատթեոս 14․30։

  39. Հովհաննես 15․4: The Greek word for abide is μείνατε (meinate or menó), which means to stay or remain.

  40. Վարդապետություն և Ուխտեր 6.36:

  41. Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը մի անգամ ասել է, որ իսպաներենով անգլերեն «abide in me» արտահայտությունը թարգմանվում է որպես «permaneced en mi»: Նա հավելել է. «Իմաստը հետևյալն է՝ «մնա, բայց մնա հավիտյան»: … Եկեք ընդմիշտ՝ հանուն ձեզ և հանուն բոլոր սերունդների, ովքեր պետք է հետևեն ձեզ, և մենք կօգնենք միմյանց ուժեղ լինել մինչև վերջ» (“Abide in Me,” Liahona, May 2004, 32)։

  42. Տես 2 Նեփի 31․21:

  43. Տես Հովհաննես 14․6։

  44. Մատթեոս 11.28, 3 Նեփի 9․14, 22։

  45. Մատթեոս 16․24, Ղուկաս 18․22, Հովհաննես 21․19, տես նաև 2 Նեփի 31․10։

  46. Հայտնություն 3․4, Մովսես 6․34։

  47. Մատթեոս 11․29, Վարդապետություն և Ուխտեր 19․23։

  48. Տես 3 Նեփի 9․15։

  49. Տես Հովհաննես 1.14, Ալմա 5․48։

  50. Տես Բ Թագավորաց 22․2-3։

  51. Տես Վարդապետություն և Ուխտեր 6․21:

  52. Տես Ղուկաս 2.11։

  53. Տես Վարդապետություն և Ուխտեր 18.11-13:

  54. Տես Հովհաննես 11․25։