2010–2019 թթ․
Ճշմարիտ հովիվներ
Հոկտեմբեր 2013


17:35

Ճշմարիտ հովիվներ

Տնային ուսուցումը պատասխանում է բազում աղոթքների և հնարավորություն է տալիս տեսնել մարդկանց կյանքում տեղի ունեցող փոփոխությունները:

Այս երեկո Սոլթ Լեյք Սիթիի Համաժողովների Կենտրոնում, հեռու և մոտ վայրերում հավաքվել են նրանք, ովքեր կրում են Աստծո քահանայությունը: Ինչպես Պետրոս Առաքյալն է հայտարարել՝ դուք իրոք «թագավորական քահանայություն» եք, անգամ «ընտրյալ սերունդ»: Ինձ համար մեծ պատիվ է ձեզ հղել իմ խոսքը:

Մանուկ հասակում ամեն ամառ մեր ընտանիքով գնում էինք Սոլթ Լեյք Սիթից 72կմ. հարավ և մի փոքր արևելք գտնվող Պրովոյի կիրճ, որտեղ մի քանի շաբաթ անցկացնում էինք ընտանեկան տնակում: Տղաներով միշտ գնում էինք գետը ձուկ բռնելու կամ լողալու, և փորձում էինք հայրիկին ոգևորել ավելի արագ վարել մեքենան: Այդ օրերին հայրս վարում էր 1928 թվականի Օլդսմոբիլ: Երբ նա ժամում 56կմ. արագությունը գերազանցում էր, մայրս ասում էր. «Դանդաղեցրու, դանդաղեցրու»: Իսկ ես ասում էի. «Արագացրու հայրիկ, ավելի արագ»:

Հայրս վարում էր ժամում 56կմ. մինչև Պրովոյի կիրճ կամ մինչև հասնում էինք շրջադարձին, և մեր ընթացքը դանդաղում էր ոչխարների հոտի պատճառով: Մենք նայում էինք, ինչպես էին հարյուրավոր ոչխարներ անցնում մեր կողքով, և թվում էր, թե նրանք հովիվ չունեին, միայն մի քանի շներ էին կողքից հաչելով վազում: Հոտից բավական հեռու գալիս էր ձիու վրա նստած հովիվը՝ ձեռքին ոչ թե սանձ, այլ պարան: Նա երբեմն թամբի վրա կքված ննջում էր, քանի որ ձին գիտեր որ ուղղությամբ էր գնալու, իսկ հաչող շներն անում էին իրենց գործը:

Տարիներ առաջ Գերմանիայի Մյունխեն քաղաքում հակառակ պատկերի ականատեսը դարձա: Կիրակի առավոտ էր, և մենք գնում էինք միսիոներական համաժողովին: Միսիայի նախագահի մեքենայի պատուհանից դուրս նայելով տեսա հովիվը ցուպը ձեռքին առաջնորդում էր ոչխարներին: Ուր էլ որ հովիվը գնում էր, ոչխարները հետևում էին նրան: Եթե նա գնում էր ձախ, նրանք գնում էին ձախ, եթե գնում էր աջ, նրանք գնում էին աջ: Ես համեմատեցի ոչխարներին առաջնորդող այդ ճշմարիտ հովվին այն հովվի հետ, որը ձիով անտարբեր գնում էր ոչխարների ետևից:

Հիսուսն ասել է. «Ես եմ բարի Հովիվը, և ես իմ ոչխարրներին ճանաչում եմ»: Նա ճշմարիտ հովվի կատարյալ օրինակ է ծառայում մեզ համար:

Եղբայրներ, որպես Աստծո քահանայություն, մենք հովվի պատասխանատվություն ենք կրում: Տիրոջ իմաստությունը ուղեցույցներ է տվել, թե ինչպես կարող ենք հովիվներ լինել Եկեղեցու ընտանիքների համար, որտեղ կարող ենք ծառայել, ուսուցանել և վկայել: Նման կոչում է տնային ուսուցումը, և այս երեկո այդ մասին կուզենայի խոսել:

Եկեղեցու յուրաքանչյուր ծխի եպիսկոպոս վերահսկում է, որ տնային ուսուցիչներ նշանակված քահանայության կրողներն ամեն ամիս այցելեն անդամներին: Նրանք գնում են զույգերով: Հնարավորության դեպքում, Մելքիսեդեկյան Քահանայություն կրող չափահասին ընկերակցում է երիտասարդ տղա, որն Ահարոնյան Քահանայության քահանա է կամ ուսուցիչ: Երբ այցելում են իրենց պատասխանատվության ներքո գտնվող անդամին, Ահարոնյան քահանայություն կրողը պետք է իր մասնակցությունը բերի ուսուցման գործում: Նման առաջադրանքը կօգնի այդ երիտասարդներին պատրաստվել ոչ միայն միսիային, այլև իրենց ողջ կյանքում քահանայության ծառայությանը:

Տնային ուսուցման ծրագիրն արձագանքն է ժամանակակից հայտնության, որը պարտավորեցնում է քահանայությանը կարգված անդամներին՝ «ուսուցանել, մեկնաբանել, հորդորել, մկրտել … և այցելել յուրաքանչյուր անդամի տուն և հորդորել նրանց, որ աղոթեն բարձրաձայն և գաղտնի, և կատարեն ընտանեկան բոլոր պարտականությունները, … միշտ հսկել եկեղեցու վրա, լինել նրանց հետ և ամրապնդել նրանց. և հետևել, որ եկեղեցում չլինի անօրինություն, ոչ կոպտություն միմյանց հանդեպ, ոչ էլ ստախոսություն, ոչ բամբասանք, ոչ էլ չարախոսություն»:

Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը հորդորել է. «Տնային ուսուցումը մեր Հոր զավակներին ուսուցանելու և ոգեշնչելու, խորհուրդ և ուղղություն տալու մեր առավել հրատապ և հատուցող հնարավորություններից մեկն է: … [Դա] աստվածային ծառայություն է՝ աստվածային կոչում: Որպես տնային ուսուցիչներ՝ մեր պարտականությունն է … այդ ոգին տանել ամեն տուն և սիրտ: Սիրելով այդ աշխատանքը և լավագույնս կատարելով այն, Աստծո զավակների [վսեմ,] նվիրված [ուսուցիչը] կապրի անսահման խաղաղություն, ուրախություն և բավարարվածություն»:

Մորմոնի Գրքում մենք կարդում ենք, որ Ալման «կարգեց բոլոր իրենց քահանաներին, և բոլոր իրենց ուսուցիչներին. և ոչ ոք չէր կարգվում, մինչև նրանք չլինեին արդար մարդիկ:

Հետևաբար, նրանք հսկում էին իրենց ժողովրդի վրա և սնուցում էին նրանց արդարությանը պատկանող բաներով»:

Մեր տնային ուսուցման պարտականության մեջ մենք իմաստուն ենք, եթե տեղեկանում ենք յուրաքանչյուր ընտանիքի անդամների խնդիրներին և հասկանում դրանք, լինելով արդյունավետ՝ ուսուցման և անհրաժեշտ օգնություն տրամադրելու գործում:

Տնային ուսուցչի այցը թերևս ավելի հաջող կլինի, եթե նախապես պայմանավորվածություն ձեռք բերվի: Այս տեսակետը պարզաբանելու համար թույլ տվեք կիսվել տարիներ առաջ ինձ հետ տեղի ունեցած մի դեպքով: Այդ ժամանակ Միսիոներական Գործադիր Հանձնախմբի կազմում էին՝ Սպենսեր Վ. Քիմբալը, Գորդոն Բ. Հինքլին և Թոմաս Ս. Մոնսոնը: Մի երեկո Եղբայր և Քույր Հինքլիները ճաշկերույթ կազմակերպեցին իրենց տանը հանձնախմբի անդամների և նրանց կանանց համար: Նոր էինք ավարտել ճաշը, երբ դուռը թակեցին: Նախագահ Հինքլին բացեց դուռը, և դռան շեմին կանգնած էր իր տնային ուսուցիչներից մեկը: Տնային ուսուցիչն ասաց. «Գիտեմ, որ այցելության պայմանավորվածություն չունեմ, ընկերակիցս ինձ հետ չէ, սակայն զգացի, որ պետք է այցելեմ այս երեկո: Չգիտեի, որ հյուրեր ունեք»:

Նախագահ Հինքլին սիրալիր ներս հրավիրեց այդ տնային ուսուցչին, որ նստեր և ուսուցաներ մեզ՝ երեք Առաքյալներիս և մեր կանանց՝ որպես անդամ մեր պարտականության մասին: Մի փոքր վախվորած նա փորձում էր հնարավորինս լավ կատարել դա: Նախագահ Հինքլին շնորհակալություն հայտնեց նրան այցելելու համար, որից հետո այդ ուսուցիչն արագ հեռացավ:

Ուզում եմ բերել սխալ ձևով տնային ուսուցում անցկացնելու ևս մեկ օրինակ: Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին, ով տարիներ առաջ Առաջին Նախագահության խորհրդականն էր, պատմել է իր տնային ուսուցչի մասին, որը ձմեռային մի ցուրտ երեկո եկել էր Ռոմնիների տուն: Նա գլխարկը ձեռքին անհանգիստ ներս էր մտել, երբ իրեն հրավիրել էին, որ նստեր և իր ուղերձը հաղորդեր: Ոտքի վրա նա ասել էր. «Դե, ուզում եմ ասել, Եղբայր Ռոմնի, որ դրսում ցուրտ է, և ես մեքենայի շարժիչը միացրած եմ թողել, որ չսառչի: Ուղղակի եկել եմ, որպեսզի եպիսկոպոսին հայտնեմ, որ կատարել եմ իմ այցերը»:

Քահանայություն կրողների ժողովին Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը, պատմելով Նախագահ Ռոմնիի փորձառության մասին, ավելացրել է. «Եղբայրներ, մենք կարող ենք ավելի լավ, շատ ավելի լավ գործել»: Ես համամիտ եմ նրա հետ:

Տնային ուսուցումը պարզապես ամիսը մեկ մեխանիկական այց չէ: Մեր պարտականությունն է՝ ուսուցանել, ոգեշնչել, ուղղորդել, իսկ եթե այցելում ենք ոչ ակտիվ անդամներին, ապա ակտիվության վերադարձնել և, ի վերջո, վեհացում բերել Աստծո որդիներին և դուստրերին:

Մեզ այս գործում օգնելու համար, կուզենայի կիսվել մի իմաստուն խորհրդով, որն անշուշտ, վերաբերվում է տնային ուսուցիչներին: Աբրահամ Լինկոլն ասել է. «Եթե ուզում ես մարդուն ներգրավել քո գործում, նախ համոզիր նրան, որ դու իր անկեղծ ընկերն ես»: Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը հորդորել է. «Նախևառաջ, եղեք անկեղծ ընկեր այն մարդկանց և ընտանիքների համար, ում ուսուցանում եք: … Ընկերը ամիսը մեկ պարտավորված այցելությունից ավելին է անում: Ընկերն ավելի շատ մտածում է մարդկանց օգնելու, քան երախտիք ստանալու մասին: Ընկերը հոգ է տանում, սեր է [ցուցաբերում], լսում է և օգնության ձեռք է մեկնում»:

Տնային ուսուցումը պատասխանում է բազում աղոթքների և հնարավորություն է տալիս տեսնել մարդկանց կյանքում տեղի ունեցող փոփոխությունները:

Դրա վառ օրինակը կարող է լինել Դիք Համմերը, որը Ճգնաժամի տարիներին եկավ Յուտա՝ Քաղաքացիական պահպանման խմբի կազմում: Այնտեղ նա հանդիպեց և ամուսնացավ Վերջին Օրերի Սուրբ երիտասարդ կնոջ հետ: Նա բացեց Դիքի Սրճարանը Սենտ Ջորջում, Յուտա, որը դարձավ հանդիպումների հայտնի վայր:

Համմերների ընտանիքին նշանակված տնային ուսուցիչը Վիլլար Մայլն էր, իմ ընկերը: Քանի որ Դիք Համմերին լավ էի ճանաչում, և տպել էի նրա սրճարանի մենյուն, այցելելով Սենտ Ջորջ հարցրեցի Եղբայր Մայլնին. «Ինչպե՞ս է մեր ընկեր Դիք Համմերի առաջընթացը»:

Ընդհանուր առմամբ պատասխանն էր. «Առաջ է գնում, բայց դանդաղ»:

Ամեն ամիս Վիլլարդ Մայլնը և նրա ընկերակիցն այցելելով Համմերների տուն՝ ամեն անգամ ավետարանի մի ուղերձ էին ներկայացնում և Դիքի ու նրա ընտանիքի հետ կիսվում իրենց վկայություններով:

Տարիներ անցան, և մի օր Վիլլարդը զանգահարեց ինձ, հայտնելով լավ լուր: «Եղբայր Մոնսոն, սկսեց նա, - Դիք Համմերը դարձի է եկել և պատրաստվում է մկրտվել: Նա 90 տարեկան է, և մենք ընկերներ ենք եղել մեր ողջ կյանքի ընթացքում: Նրա որոշումը ջերմացնում է սիրտս: Ես երկար տարիներ եղել եմ նրա տնային ուսուցիչը»: Վիլլարդի ձայնը խզվում էր, երբ նա հաղորդում էր ինձ համար հաճելի լուրը:

Եղբայր Համմերն իսկապես մկրտվեց, և մեկ տարի անց այցելեց գեղեցիկ Սենտ Ջորջի Տաճարը, որտեղ էլ ստացավ իր օժտումն ու կնքման օրհնությունները:

Ես Վիլլարդին հարցրեցի. «Այսքան երկար ժամանակ լինելով նրա տնային ուսուցիչը, երբևէ եղե՞լ է, որ հուսահատվես»:

Նա պատասխանեց. «Ոչ, դա արժեր ամեն ջանք: Երբ տեսնում եմ, որքան մեծ ուրախություն է համակել Համմերների ընտանիքին, սիրտս լցվում է երախտագիտությամբ այն օրհնությունների համար, որ ավետարանը բերել է նրանց կյանք, և այն արտոնության համար, որ ես ինչ-որ կերպ նպաստեցի դրան: Ես երջանիկ մարդ եմ»:

Եղբայրներ, տարիների մեր արտոնությունն է լինելու՝ այցելել և ուսուցանել բազմաթիվ անհատների՝ և քիչ ակտիվ, և լիովին նվիրված անդամներին: Եթե մենք բարեխղճորեն վերաբերվենք մեր կոչմանը, բազում կյանքեր օրհնելու հնարավորություններ կունենանք: Եկեղեցու ակտիվությունից հեռացած անդամներին մեր այցելությունները կարող են դառնալ այն բանալին, որն, ի վերջո, կբացի նրանց վերադարձի դուռը:

Մտքում ունենալով այս գաղափարը՝ եկեք օգնենք նրանց, ում համար մենք պատասխանատու ենք, և բերենք նրանց Տիրոջ սեղանի մոտ, որ ճաշակեն Նրա խոսքը և վայելեն Նրա Հոգու ընկերակցությունը, և այլևս լինեն ոչ թե «օտար և պանդուխտ, այլ սուրբերի հետ քաղաքացիներ և Աստծո ընտանիքներ»:

Եթե ինչ-որ մեկը թերացել է իր տնային ուսուցման այցելություններում, կուզենայի ասել, որ այժմ է տնային ուսուցման պարտականությանը կրկին նվիրվելու ժամանակը: Այժմ որոշեք գործադրել անհրաժեշտ ամեն ջանք, ձեռք մեկնելու նրանց, ում համար դուք պատասխանատվություն եք կրում: Լինում են պահեր, երբ մի փոքր ավելի քաջալերանք է անհրաժեշտ օգնելու համար ձեր տնային ուսուցման զուգընկերոջը ձեզ միանալու ժամանակ գտնել, և լինելով հաստատակամ, դուք հաջողության կհասնեք:

Եղբայրներ, տնային ուսուցչի մեր ջանքերը շարունակական են: Աշխատանքը չի ավարտվի, մինչև որ Տերը և Վարդապետը չասի. «Բավական է»: Կան կյանքեր, որ պետք է լուսավորել: Կան սրտեր, որոնց պետք է դիպչել: Կան հոգիներ, որոնց պետք է ծառայել: Մենք ունենք սուրբ արտոնություն՝ լուսավորելու, դիպչելու և ծառայելու այն թանկագին հոգիներին, որոնց խնամքը վստահվել է մեզ: Մենք պետք է անենք դա հավատարմորեն և ուրախությամբ լի սրտով:

Վերջում ուզում եմ բերել մեկ օրինակ, որը կներկայացնի, թե ինչպիսի տնային ուսուցիչ պետք է մենք լինենք: Կա մեկ Ուսուցիչ, որի կյանքը ստվերում է թողնում մյուսներին: Նա ուսուցանեց կյանքի և մահվան, պարտականության և ճակատագրի մասին: Նա ապրեց, որ ծառայեր, ոչ թե՝ իրեն ծառայեին, որ տար, ոչ թե վերցներ, որ ոչ թե փրկեր Իր կյանքը, այլ զոհաբերեր այն մյուսների համար: Նա սերը առավել գեղեցիկ ներկայացրեց, քան տենչանքը, աղքատությունը՝ ավելի հարուստ, քան գանձը: Այդ Ուսուցչի մասին ասվում է, որ Նա ուսուցանեց իշխանությամբ, ոչ թե՝ ինչպես դպիրները: Նրա օրենքները փորագրվեցին ոչ թե քարի, այլ մարդկանց սրտերի վրա:

Ես խոսում եմ Վարդապետի, այսինքն՝Հիսուս Քրիստոսի, Աստծո Որդու, ողջ մարդկության Փրկչի և Քավչի մասին: Աստվածաշնչում Նրա մասին ասվում է՝ Նա «ման եկավ բարի անելով»: Ունենալով Նրան որպես մեր հուսալի առաջնորդ և օրինակ՝ մենք կունենանք Նրա աստվածային օգնությունը մեր տնային ուսուցման գործում: Կյանքեր կօրհնվեն, սրտեր կմխիթարվեն, հոգիներ կփրկվեն: Մենք կդառնանք ճշմարիտ հովիվներ: Որ դա այդպես լինի, ես աղոթում եմ Մեծ Հովվի՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Ա Պետրոս 2.9:

  2. Հովհաննես 10.14:

  3. Վարդապետություն և Ուխտեր 20.42, 47, 53–54

  4. David O. McKay, in Priesthood Home Teaching Handbook, rev. ed. (1967), ii, iii.

  5. Մոսիա 23.17–18:

  6. Quoted in Marion G. Romney, address given at a priesthood home teaching seminar, Aug. 9, 1963.

  7. Ezra Taft Benson, “To the Home Teachers of the Church,” Ensign, May 1987, 50.

  8. Abraham Lincoln, in David Decamp Thompson, Abraham Lincoln, the First American (1895), 226.

  9. Ezra Taft Benson, Ensign, May 1987, 50.

  10. Եփեսացիս 2.19:

  11. Sես Մատթեոս 7.28–29:

  12. Գործք 10.38: