2024
Աղոթք Ալեխանդրոյի համար
Նոյեմբեր 2024


«Աղոթք Ալեխանդրոյի համար», Ընկեր, նոյեմբեր 2024, 32-33։

Աղոթք Ալեխանդրոյի համար

«Հիսուսը գիտի՞, թե ինչ է զգում քաղցկեղով հիվանդը»,- հարցրեց Ջերարդոն։

Այս պատմությունը տեղի է ունեցել էլ Սալվադորում։

Ջերարդոն անվաչմուշկներով սլացավ դեպի իրենց տան դիմացի աստիճանները։ Մայրիկի մեքենան ճանապարհին էր։ Դա նշանակում էր, որ նա և իր ավագ եղբայրը՝ Ալեխանդրոն, վերադարձել էին բժշկի մոտից։ Ջերարդոն հանեց անվաչմուշկները և վազեց ներս։

«Ջերարդո՞»,- կանչեց մայրիկը։ «Մենք այստեղ ենք»։

Ջերարդոն քայլեց դեպի ընտանեկան սենյակ։ Ալեխանդրոն պառկած էր բազմոցին։ Մայրը նստել էր նրա կողքին։ Նա անհանգիստ էր երևում։

Ջերարդոն նույնպես անհանգստացած էր։ Անցած շաբաթ նրանք պարզել էին, որ Ալեխանդրոն քաղցկեղ ունի։ Նա շատ հիվանդ էր։

Բայց Ալեխանդրոն նստեց ու ժպտաց, երբ Ջերարդոն ներս մտավ։ «Բարև։ Քո օրը լա՞վ անցավ»։

«Այո, բայց ինչպե՞ս անցավ բժշկի հետ հանդիպումը»,- հարցրեց Ջերարդոն։

«Նա ասում է, որ ես պետք է վիրահատվեմ»,- ասաց Ալեխանդրոն։

Մայրը գլխով արեց։ «Բայց նրան օգնող լավագույն բժիշկները մանկական հիվանդանոցում են։ Քանի որ Ալեխանդրոն 14 տարեկան է, նա չափազանց մեծ է այնտեղ խնամք ստանալու համար։ Ուրիշ տեղ պիտի գտնենք»։

Ջերարդոյի ստամոքսը սեղմվեց։ Եթե նրանք չկարողանային օգնություն ստանալ Ալեխանդրոյի համար, ի՞նչ տեղի կունենար։ Ալեխանդրոյի քաղցկեղն ավելի՞ կվատանար։

Ջերարդոն իր սենյակ գնաց։ Նա պետք է մտածեր։

Երեխաների միությունում Ջերարդոն իմացավ, որ Երկնային Հայրը միշտ լսում է իրեն։ Ջերարդոն գիտեր, որ միշտ կարող է Նրանից օգնություն խնդրել։

Ուստի նա ծնկի եկավ անկողնու մոտ և ծալեց ձեռքերը։ «Սիրելի Երկնային Հայր, խնդրում եմ, օգնիր Ալեխանդրոյին»,- աղոթեց նա։ «Խնդրում եմ, օգնիր մեզ գտնել այն բժիշկներին, որոնք կարող են վիրահատությունը կատարել»։

Տղան ընթրում է

Շուտով մայրը կանչեց նրան ընթրելու։ Նա պուպուսաներ էր պատրաստել՝ Ջերարդոյի սիրելին։ Նա կծեց պանրով և լոբով լցոնված հաստ, խորոված տորտիլայից։ Բայց նա դեռ անհանգստացած էր իր եղբոր համար։

Ալեխանդրոն իր պուպուսայից միայն մի քանի անգամ կծեց։ Նա հոնքերը կիտել էր և շատ դանդաղ էր շարժվում։

Մայրիկը ևս նկատեց դա։ «Գուցե Եկեղեցու տեսանյութ դիտենք»,- հարցրեց նա։ Նրանց դուր էր գալիս Հիսուս Քրիստոսի մասին տեսանյութ դիտելը, երբ նրանք տխրում էին։

«Լավ»։ Ջերարդոն հավաքեց ափսեները, մինչ մայրը պատրաստեց տեսանյութը։ Հետո բոլորը նստեցին դիտելու։

Տեսանյութում Հիսուս Քրիստոսը այգում ծառի մոտ աղոթում է։ Ջերարդոն գիտեր այս պատմությունը։ Դա այն պահն էր, երբ Հիսուսը տառապեց՝ նախքան խաչի վրա մահանալը։

Երբ տեսանյութն ավարտվեց, Ջերարդոն իրեն հանգիստ ու խաղաղ էր զգում։ Բայց նա մի հարց ուներ ։ «Ինչո՞ւ Հիսուսը ստիպված եղավ այդքան ցավ կրել»,- հարցրեց նա։

Մայրը ամուր գրկեց նրան ու Ալեխանդրոյին։ «Հիսուսը որոշեց զգալ ցավը, քանի որ սիրում է մեզ։ Նա զգաց այն բոլոր ցավերը, որոնց միջով մենք անցնում ենք»։

Ջերարդոն նայեց Ալեխանդրոյին։ «Հիսուսը գիտի՞, թե ինչ է զգում քաղցկեղով հիվանդը»։

«Այո, Նա գիտի»,- ասաց մայրիկը։ «Նա գիտի, թե որքան դժվար է դա։ Եվ քանի որ Նա գիտի, թե ինչ զգացողություն է դա, Նա գիտի, թե ինչպես օգնել մեզ»։

Ջերարդոն ջերմություն զգաց ներսից, ասես փաթաթված էր մեծ վերմակի մեջ։ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեն և սիրում են իր ընտանիքին։ Նրանք գիտեն, թե ինչպես օգնել Ալեխանդրոյին։

Հաջորդ օրը, երբ Ջերարդոն դպրոցից տուն եկավ, տեսավ, որ մայրը պայուսակն է հավաքում։

«Լավ լուր ունեմ»,- ասաց նա։ «Ես խոսել եմ մանկական հիվանդանոցի բժշկի հետ։ Նրանք պատրաստ են օգնել Ալեխանդրոյին։ Վաղը նա վիրահատվելու է»։

Ջերարդոն ամուր գրկեց մայրիկին։ «Երկնային Հայրն օգնում է մեզ։ Կարո՞ղ ենք աղոթել և շնորհակալություն հայտնել Նրան»։

«Հրաշալի գաղափար է»,- ասաց մայրիկը։ «Արի գնանք Ալեխանդրոյի մոտ»։

Ընտանիքն աղոթում է

Երբ նրանք միասին աղոթում էին, Ջերարդոն խաղաղության զգացողություն ունեցավ։ Երկնային Հայրը լսել էր իր աղոթքը։ Այժմ Ալեխանդրոն կանցներ անհրաժեշտ վիրահատությունը։ Ջերարդոն գիտեր, որ Հիսուս Քրիստոսը հասկանում է, թե ինչի միջով են իրենք անցնում։ Եվ Նա միշտ կօգներ նրանց փորձությունների միջով անցնելիս։

PDF

Նկարազարդումները՝ Ռիկարդո Գերերոյի